ԺԵՆՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

Ժենյա ՔալանթարյանՀԳՄ վարչությունը
շնորհավորում է գրականագետ
ԺԵՆՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամյակի առթիվ

«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին

ԻՐԱՎ ԳՐԱԿԱՆԱԳԵՏԸ
Այս հատկանիշն եմ առանձնացնում Ժենյա Քալանթարյանի բազմահմուտ կերպարի գիտամանկավարժական գործունեության ընդհանրությունից, քանզի այստեղ առավել բացահայտ եմ նշմարում նրա տաղանդի միշտ դեպի վեր ձգտող բացառությունը: Հիրավի բացառություն, ոչ միայն մասնագիտական ձևույթի ֆիզիկական նվիրումով, այլև մտավոր ներգոյի հայտնության առասպելով: Այս իմաստով արդի գրական շարժման բարդ անցումների գիտական ու գեղագիտական համարժեքների իմացաբանությունը դժվար է համատեղել առանց Ժենյա Քալանթարյանի համակարգող տեսությունների:
Քալանթարյանի հետազոտական մեթոդը ներհյուսված է գրականության պատմաբանի ու տեսաբանի հմուտ փորձառությամբ, ուր վիճակագրական գրականագիտության բարդ հանգույցների տեսական լուսաբանությունն ուղեկցվում է կուլտուր-պատմական ու պատմաֆունկցիոնալ մեթոդների համադրական վերլուծությամբ: Այս իմաստով, Քալանթարյանի գրականագիտությունը գրականության փիլիսոփայության ակադեմիական հիմունքի բացահայտումն է:
Արժե նշել Քալանթարյանի աշխարհայացքի և գեղագիտական ըմբռնումների դիմակայությունը ժամանակների անցողիկ միտումների հանդեպ: Հատկապես գնահատելի է նրա ոճի դասական պահվածքը ի հեճուկս արվեստի ու գրականության «նորոգության» հավակնող նորանկախ հանրապետության տեսաբանների նիհիլիստական աղավաղումների:
Կա էթիկայի մի սահման, որտեղ փայլում է Ժենյա Քալանթարյանի քաղաքացիական կերպարի հմայքը: Խոհամիտ ու արժանապատիվ՝ նա երբևէ չշահարկեց անձնական կապերի սուբյեկտիվ գործոնը և ազնվական պահվածքով կերպավորեց մտավորականի բարոյական նկարագիրը: Այսպիսին է նա. Ժենյա Քալանթարյանը, իրավ գրականագետը:

Սերգեյ ՍԱՐԻՆՅԱՆ

Ժենյա Քալանթարյանն իմ սիրելի դասախոսներից է, հիշում եմ նրա բանիմաց, հավասարակշիռ ձայնը, խոհուն քայլվածքը լսարանում, և «Հայ քննադատական մտքի պատմություն» առարկան դարձավ ցանկալի ու ձգող: Տարիների ընթացքում ես բազմիցս համոզվել եմ, որ Քալանթարյան գրականագետը խորաթափանց ջանքով մեզ է ներկայանում ոչ միայն հայոց գրականության ու գրականագիտության ինքնատիպ ու տաղանդավոր վերլուծականներով, այլև համաշխարհային գրականության ու գրականագիտության մեծերի մեկնություններով ու նրանց հետ մերոնց բաղդատումով: Մեծ հետաքրքրությամբ ենք կարդում ժամանակակից գրականագիտության նոր մեթոդների փորձով Ժենյա Քալանթարյանի դիտարկումները ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների վերաբերյալ:
Նա նույն օբյեկտիվ հայացքով է նայում դասականների ու ժամանակակիցների ստեղծագործություններին, և նրա լրջմիտ գնահատականները երկար ժամանակի մեջ լինելու զորություն ունեն: Նա անչափ պարզ, ջինջ մարդ է, վեհանձն տիկին, և մեկ-մեկ մտածում ես՝ մեր մեծերի լավագույն գրվածքներից եթե մի էություն ձևավորեն, նրա անունը Ժենյա Քալանթարյան կլինի:
Շնորհավոր պանծալի հոբելյանդ, տիկին Ժենյա:

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԳՐԱԿԱՆԱԳԵՏԸ ԵՎ ԴԱՍԱԽՈՍԸ

Այսպիսին է մեր հարգարժան հոբելյարը` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանը, որի մասին շատ բան ունեմ ասելու, որքան էլ որ սեղմ են գրական դիմանկարի թերթային ժանրի սահմանները: Ուստի սկսեմ նրա ստեղծած ուշագրավ մենագրություններից, որպիսիք են` «Ուրվագծեր արդի հայ գրականության», «Եղիշե Չարենց» (ուսումնասիրությունները), «Գրական հորիզոններ», «Անդրադարձներ»: Սրանց գումարվում են նաև նրա ստեղծած դասագրքերը, մեծ թիվ կազմող գրախոսություններն ու քննադատական հոդվածները, Լևոն Շանթին, Արսեն Տերտերյանին, Պարույր Սևակին, Հրանտ Մաթևոսյանին նվիրված գործերը: Չեմ կարող շրջանցել նաև նրա գիտա-վարչական գործունեությունը` գրականության տեսության ամբիոնի վարիչ, գիտական աստիճաններ շնորհող հանձնաժողովի նախագահ, ասպիրանտների գիտական թեմաների ղեկավար: Զարմանալ կարելի է, թե ինչպես է նա կարողացել այս ամենին գումարել իր անթերի դասախոսական աշխատանքները` արժանանալով գործընկերների և ուսանողների անթաքույց համակրանքին: Ինձ չափազանց հետաքրքրել է «Անդրադարձներ» գրքի մեջ ներկայացվող «Բանաստեղծության փիլիսոփայական ակունքները» հատվածը: Նուրբ ու բացառիկ կարողություն է պետք հայտնաբերելու այն խորքային կապերը, որ գոյություն ունեն Նիցշե և Իսահակյան, Նիցշե և Թումանյան գրական-փիլիսոփայական ընդհանրացումներում: Այս իրողությունը կարող էր հայտնաբերել լայն կարողությունների տեր գիտնականը, որպիսին Ժենյա Քալանթարյանն է, մեր տաղանդավոր հայրենակիցը, բնավորությամբ համեստ ու համակրելի մեր գործընկերուհին:

Զավեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԿՅԱՆՔ
Միշտ զուսպ, միշտ հավաք, միշտ օրինակելի…
Այսպիսին է Ժենյա Քալանթարյանը բոլորի ընկալմամբ, այսպիսին են նրան հիշում բոլոր ժամանակների ուսանողները, գործընկերներն ու գրչակիցները:
Արդեն շուրջ կես դար է՝ Քալանթարյանը դասավանդում է հայ բանասիրության ֆակուլտետում և ամենասիրված դասախոսներից է, օրինավոր ու զուսպ մի անձնավորություն, որի ամեն մի խոսքը կշռված է, անառարկելի ու հավատ ներշնչող: Հիշում եմ այն տարիները, երբ մենք ուսանող էինք. Քալանթարյանն ընդամենը քառասունը չբոլորած երիտասարդ կին էր, բայց մեզ համար արդեն՝ պատկառազդու դասախոս, գիտական լուրջ վաստակ ունեցող մանկավարժ: Հիշում եմ՝ նրա վարած դասընթացներից մեկը նվիրված էր ժամանակակից պոեզիային. նա մեզ համար բացեց Վահագն Դավթյանի, Համո Սահյանի, 60-70-ականների մեր բանաստեղծության ինքնատիպ աշխարհը բոլորովին նոր լույսի տակ, նոր ընկալմամբ ու մեկնաբանությամբ:
Քալանթարյանը համալսարանականի այն տեսակն է, ում կոչումը ոչ միայն մանկավարժությունն է, այլև գիտնականի դժվարին, բայց բեղմնավոր ու երջանիկ ուղին: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը բավական լայն է՝ հայ քննադատության պատմություն, քննադատության տեսություն և գործնական քննադատություն, հայ դասական և նորագույն գրականություն, ընթացիկ գրական պրոցեսի խնդիրներ և այլն: Քալանթարյանը հեղինակ է բազմաթիվ մենագրությունների և հոդվածների, նա մշտապես արձագանքում է գրական նոր երևույթներին, գնահատում գրականության ասպարեզում հայտնված նոր դեմքերին, արժևորում ցանկացած նոր դրսևորում մեր ընթացիկ գրականության մեջ:
Շուրջ մեկ տասնամյակ Քալանթարյանը ղեկավարել է գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնը, որը, ձևավորվելով նոր հիմքերի վրա, ստեղծում էր նաև նոր ավանդույթներ, ուսանողների հետ աշխատանքի և դասավանդման նոր մշակույթ: Այդ մշակույթի ձևավորման գործում Քալանթարյանը մեծ դեր կատարեց իր անբասիր հեղինակությամբ, անընկճելի անաչառությամբ ու գիտական չափանիշների պահպանմանն ուղղված ջանքերով:
Եվ մենք՝ նրա կրտսեր գործընկերները, մեզ միշտ պաշտպանված ու վստահ ենք զգում նրա կողքին. մենք գիտենք, որ կա մեկը, ում կարող ենք դիմել ամենատարբեր խնդիրներով, ում ներկայությունը մեզ զգաստացնում է և պարտավորեցնում: Շնորհավորելով մեր սիրելի դասախոսի և ավագ գործընկերոջ ծննդյան 75-ամյակը՝ հույս ենք հայտնում, որ դեռ երկար ենք վայելելու մարդու և գիտնականի նրա տեսակը:

Աշխեն ՋՐԲԱՇՅԱՆ

Հիշում եմ «անկախության սերնդի» էպատաժային նորամուտը գրական ասպարեզ 90-ականներին, այն, մեղմ ասած, չողջունվեց ավագ սերնդի գրողների ու գրաքննադատների մեծամասնության կողմից: Ժենյա Քալանթարյանը քչերից էր, ով բարյացակամ վերաբերվեց նորեկներին, ով աշխատեց «ջոկել թացը չորից», ավելին` ոմանց նույնիսկ հրավիրեց համալսարան` իր ուսանողների հետ հանդիպման, նաև` նրանց ստեղծագործությունները վերլուծող հոդվածներ հեղինակեց: Այսպիսի նրբանկատ, հանդուրժող, հավասարակշիռ, տեսանող ու գիտակ գրականագետի ներկայությունը մեր գրականության մթնոլորտում անչափ գնահատելի է, անփոխարինելի: Սրտանց շնորհավորում եմ տիկին Ժենյա Քալանթարյանին` նրա հոբելյանական տարեդարձի կապակցությամբ, ամենաշռայլ ու անկեղծ բարեմաղթանքներով:

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

Կյանքում ամենադժվարն ու պարտավորեցնողը սիրելի մարդու, դասախոսի ու վաստակաշատ գրականագետի հոբելյանի առթիվ անկանխամտածված գնահատական հնչեցնելն է, մանավանդ նախկին ուսանողի կողմից, մանավանդ երբ փորձում ես մի պահ վերանալ դասախոս-ուսանող դասական հանդիպադրումից և խոսել քո ժամանակակցի մասին՝ կյանքի երևույթներն ու աշխարհիս դրվածքը գրականության մաղով անցկացրածի:
ԵՊՀ բանասիրականում Ժենյա Քալանթարյանն իր կյանքի գործի՝ իր մասնագիտության նվիրյալի, բարեհոգի ու խորիմաց գրականագետ-մանկավարժի համարում է ունեցել և տարիների հետ ավելի ևս ինքնահաստատվել է իր այս կոչման մեջ: Ոչ միայն իբրև գիտնական-դասախոս, այլև մեր այս բազմադիպված կյանքում իբրև ակնածալի գործընկեր ու խորհրդատու, սիրելի տիկին Ժենյան մշտապես եղել և մնում է մեր նորագույն և ընթացիկ փուլի գրականության մարդկանց ամենասպասելի զրուցակիցը, հայ դասական գրականության ու նորահայտ երևույթների, գրական նոր սերնդի հաճախ ամենաառաջին ու անաչառ գնահատողը: Բավական բեղուն և ընդգրկուն է տիկին Քալանթարյանի գրականագիտական հետաքրքրությունների շրջանակը. գրաքննադատության տեսության ու պատմության հարցերից մինչև հայ գրականագիտության պատմություն, հայ դասական, խորհրդային գրականությունից մինչև ժամանակակից գրականության խնդիրները, ընդսմին՝ թե՛ գրական պրոցեսի համընդհանուր միտումների, թե՛ նրա առանձին մասնակիցների ու կոնկրետ ստեղծագործությունների առումներով: Տիկին Քալանթարյանի գրականագիտական բարձրաճաշակ խոսքն ու վաստակաշատ մանկավարժի քննախույզ ու ամենաթափանց հայացքը նախանձելի արդյունավետությամբ իր անուրանալի նպաստն է բերել ու շարունակում է բերել մեր նորօրյա գրականագիտության ինքնահաստատման, գրականագետների ու գրական քննադատների նոր սերնդի կրթության կազմակերպման ու որպես գիտնական նրանց կայացման դժվարագույն ու պատասխանատու գործին:
Բազմավաստակ գրականագետի, մանկավարժի ու քաղաքացու, հայրենիքի կայացմանն իրենց հայրենանպաստ ծառայությունը բերող որդիների մոր այս նվիրական հոբելյանի առթիվ, իբրև նախկին ուսանողի սրտի խոսք, կուզեի իմ բարեմաղթանքները շռայլել սիրելի Ժենյա Քալանթարյանին իր մտավորական, մարդկային ու գործընկերային արժանիքներին ի նշանավորում, ցանկանալով նրան անսպառ եռանդուժ, աննկուն աշխատունակություն՝ ի նպաստ հայ գրականության ճոխ ու բազմաշերտ անդաստանի իմաստասիրման, մաղթելով նրան հասարակական ու ընտանեկան երջանկություն, սեր, հարգանք ու գնահատված լինելու բերկրանք:
Սիրելի տիկին Քալանթարյան, Դուք ամեն ինչ ունեք այս կյանքում Ձեզ երջանիկ ու գնահատված զգալու համար, քանի որ Դուք, ազնվազարմ հայուհու Ձեր առինքնող կերպարով ու բարյացակամությամբ, անձնվիրաբար ու անմնացորդ, Ձեր հոգու լույսը, մտքի կորովն ու մարդկային ջերմությունը շռայլորեն բաշխել ու բաշխում եք Հայ գրի հավատավորներին, մեզ բոլորիս, Ձեզ ճանաչողներին ու Ձեզանով հպարտացողներին: Եվ թող ուրեմն ամենայն բարին լինի Ձեր, Ձեր ընտանիքի և Ձեր մերձավորների համար…

Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.