Արվեստի նշանագիտական սահմանները / Զավեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Երևանի ՎՄՎ-Պրինտ հրատարակչությամբ լույս է տեսել Սլավի-Ավիկ Հարությունյանի՝ ռուսերենից հայերեն թարգմանված «Արվեստի նշանագիտական սահմանները» տեսական ուսումնասիրությունը (թարգմանությունը և առաջաբանը՝ բան. գիտ. թեկնածու, դոցենտ Ալա Խառատյանի): Այս ուշագրավ աշխատությունը ռուսերեն լույս է տեսել Մոսկվայում` լայն արձագանք գտնելով կինոյի և գրականության տեսության ճանաչված մասնագետների շրջանում: Գիրքը հասցեագրված է փիլիսոփայության, մշակութաբանության, արվեստաբանության և գրականության, ինչպես նաև հումանիտար այլ գիտությունների հետազոտողներին:
Չափազանց հարուստ է գրախոսվող գրքի տեղեկատվական և գիտական հարցադրումների և լուծումների դաշտը: Նրանում շեշտը դրվում է ոչ միայն ուսումնասիրվող առարկայի ներկա վիճակի, այլև գիտական խնդրի հեռանկարային զարգացումների ու միտումների վրա: Գրքի բովանդակությունը բաժանված է երեք գլուխների` «Ժանրը և նրա սահմանների խնդիրը արվեստում», «Նշանագիտական սահմանները և շրջանակները» և «Տեքստը մշակույթի մեջ»: Այս գլուխներից յուրաքանչյուրը ունի նաև ենթագլուխներ, որոնք ամբողջացնում են դիտարկվող խնդիրների համակարգը: Ներկայացվող գիրքը հարուստ է նաև իր գիտական ապարատով: Հեղինակը ուսումնասիրել է հարյուրավոր աղբյուրներ, բայց մեթոդական կողմնորոշումների հարցում նրա համար առաջնային դեր են ունեցել գրականագիտության և արվեստի տեսության մեջ հայտնի այնպիսի դեմքեր, որպիսիք են` Յուրի Լուրմանը, Միխայիլ Բախտինը, Ումբերտո Էկոն: Գրքի հեղինակը նշանագիտության սահմանների խնդիրը տարածել է կինոարվեստի վրա: Մի գիտություն, որ դեռ համեմատական իմաստով երիտասարդ է, բայց հսկայական քայլերով առաջ է գնացել: Այս գործում իր մասնակցությունն է բերել նաև մեր հայրենակիցը: Գրախոսության մեջ սեմիոտիկայի հարցերին չեմ անդրադառնա: Խոստովանում եմ, որ իմ իմացությունները այս ասպարեզում բավարար չեն, իսկ գրականության տեսության օրենքները չի կարելի և հնարավոր չէ տարածել նշանագիտության վրա: Գրախոսության մեջ անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ ժանրամտածողության խնդիրներին, որոնց մասին ուշագրավ դիտարկումներ է արել մենագրության հեղինակը: Ժանրը հին պատմություն ունի, այն սկսվել է Արիստոտելի «Պոետիկայից» և եկել հասել է մինչև մեր օրերը: Ժանրի ձևավորման ու զարգացման ընթացքը հաշտ ու միապաղաղ չի եղել: Այն ենթարկվել է տարուբերումների, լղոզումների և բազմաթիվ տարընթերցումների: Ժանրը, ըստ Բախտինի, գրականության և արվեստի քարացած հիշողություն է: Հնարավոր չէ պատկերացնել մի գրական կամ արվեստի ստեղծագործություն, որ դուրս լինի այդ հիշողությամբ հաստատված ժանրային կաղապարից: Այն մեզ հայտնի է Արիստոտելի «Պոետիկայից», ինչպես նաև Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանները» գործերից, որոնցում առաջին անգամ տարբերակվել են սեռ և տեսակ (ժանր) հասկացությունները: Արիստոտելը իր «Պոետիկայում» գրական բնույթի բոլոր ստեղծագործությունները բաժանում է երեք ժանրերի` էպոս, տրագեդիա, ինչպես նաև կոմեդիա: Խոսում է նաև կիթառիստիկայի մասին` հաշվի առնելով նրանում առկա չափական և ռիթմական դրսևորումները: Հետագայում այս խնդիրներին անդրադարձել են նաև հայ կլասիցիստները` հենվելով Նիկոլա Բուալոյի «Քերթողական արվեստի» չափորոշիչների վրա, որոնցում խոսք է գնում եռամիասնության (ժամանակ, տարածություն, գործողություն) մասին: Այս առումով նշանակալից երևույթ է Էդ. Հյուրմուզյանի «Առձեռն բանաստեղծութիւն» գործը, որ լույս է տեսել 1867 թ. Վենետիկում: Այս ամենը նկատի ունենալով՝ մեր տեսաբանը իրավացիորեն նկատում է, որ գիտության մեջ շատերն են խոսել ժանրերի ոչ բավարար մշակվածության մասին` մեջբերելով ճանաչված տեսաբան Վ. Տուրկինի խոսքը. «Եթե ուզում եք տեսության մեջ ձեր խոսքը ասել, զբաղվեք ժանրով»: Ս. Հարությունյանը իր ուսումնասիրության մեջ առաջին հերթին կանգ է առնում կինոժանրերի վրա` շեշտելով այն միտքը, որ կինոն արվեստի բոլոր տեսակներից ամենազանգվածայինն է, որն էլ նպաստել է հայտնի ժանրերի առաջացմանը: Նա միաժամանակ նկատում է, որ ժամանակակից ճշմարիտ կինոդիտողին շատ ավելի հետաքրքրում է կինոնկարում դրսևորված ազգային ֆենոմենը: Հնդկական ֆիլմերի պարագայում մի ծայրահեղություն կա` ազգային երաժշտությամբ ու պարերով չափից դուրս հագեցվածություն, որի պատճառով եվրոպացի կինոդիտողին դրանք ձանձրալի են թվում: Իսկ ահա Չապլինի ֆիլմերը լայն արձագանք են գտնում ամենուրեք: Հարությունյանի ուսումնասիրության մեջ մեծ տեղ է գրավում կինոարվեստի ժանրերի քննությունը` շեշտը դնելով դրանց տարատեսակների վրա, ինչպիսիք են, ասենք, փաստագրական, անիմացիոն, խաղարկային ֆիլմերը: Լուրջ ուշադրություն է դարձնում նաև գրական ժանրերին, որոնք կարևոր դերակատարություն են ունեցել կինոժանրերի ձևավորման գործում: Այս մասին փայլուն աշխատանք է գրել Միխայիլ Բախտինը (ԹՏտՐՏրօ սՌՑպՐՈՑցՐօ Ռ ֆրՑպՑՌՍՌ, ԾՏրՍՉՈ, 1975):
Այս ուսումնասիրության մեջ էպիկական ժամանակի և տարածության մասին խոսելիս անդրադառնում է նաև Հին Հունաստանի սոֆիստական վեպերին: Սրանցում սյուժետային դեպքերի զարգացումների ընթացքում մեծ տեղ էր տրվում անսպասելիությանը, հանկարծականությանը: Այդ վեպերի հեղինակներն են Գելիոդորը, Ախիլլա Տատիան, Անտոնիա Դիոգենեսը և ուրիշներ:
Մեր ժամանակներում գրականության տեսաբանները նկատել են, որ ժանրային դասակարգումը շատ դեպքերում ընդհանուր հիմք չունի, այդ պատճառով էլ միևնույն գրական ստեղծագործությունը հայտնվում է ժանրային տարբեր անվանումների տակ: Այդ իրողությունը կանխելու համար Արևմուտքում և Ռուսաստանում գրվում են բազմաթիվ աշխատանքներ, որոնց օրինակներից մեկն էլ Ս. Հարությունյանի բավական հաջողված ուսումնասիրությունն է: Կարծում եմ, որ Հայաստանում այդ արձագանքներից մեկն էլ Աշխեն Ջրբաշյանի «Գրական սեռեր և ժանրեր» նույնքան հաջողված գործն է, որ լույս է տեսել 2015 թվականին Երևանում: Լուրջ ուշադրություն պիտի դարձնել մեր ժամանակակից գրականության ժանրային ձևերին, որոնք առանձին դեպքերում վերագրովի են և չեն համապատասխանում ժանրի խորքային պահանջներին: Նկատի ունենալով Ս. Հարությունյանի` ժանրի մասին նրա համակողմանի քննությունը` խորհուրդ կտայի, որ նա իր հետագա աշխատանքներում անդրադառնա ժամանակակից հայ կինոյի և գրականության նվաճումներին ևս:
Հ.Գ. Սլավի-Ավիկ Հարությունյանը փիլիսոփայական գիտությունների դոկտոր է: Ծնվել է 1965 թ. Արցախի Չլդրան գյուղում, աշխատում է Ռուսաստանի մշակութաբանության ինստիտուտում: Նա նաև բանաստեղծ է, որի գործերը թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն: Ապրում է Մոսկվայում: «Ռուսֆիլմ» կինոընկերության գլխավոր պրոդյուսերն է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.