ՓԱԿ ԴՌՆԵՐ / Կլարա ԹԵՐԶՅԱՆ

Նվիրվում է անվանի նկարիչ
Ռուբեն Մանուկյանին

Արևիկը սովորականի պես ավլում էր աստիճանավանդակը, երբ աչքն ընկավ հարևանի փակ դռանը` վրան փակցված էր հեռախոսային կապի գովազդը: Անմիջապես պոկեց, որ չիմացվի՝ տանտերերն այստեղ չեն ապրում: Դռանը նայեց կարոտով: Սովորական դուռ` սրճագույն, վրան երկրաչափական գծեր, բայց դռան ետևում արվեստի ի՜նչ կտավներ կան: Տանտերերը` Վահագնն ու Փիրուզը, Լոս Անջելեսում են, և դուռը փակ կմնա մինչև…
Վահագնը նկարիչ է` և՛ Երևանում հաջողություն ունի, և՛ այնտեղ: Ամուսինները երկու տարին մեկ գալիս են և մի քանի ամիս ապրում իրենց երևանյան բնակարանում: Այդ ժամանակ տան դուռը գրեթե չի փակվում. ազգականներ, մտերիմ ընկերներ, ծանոթներ` գալիս են, հա գալիս: Արևիկին գրեթե հերթ չի հասնում, որ սրտի ուզածի չափ նրանց հետ զրուցի, լուսապատկերներով ծանոթանա Վահագնի նոր նկարներին: Այս անգամ, կտավները դիտելիս Վահագնին ասաց.
– Դու որ Հայաստան չգաս, երևի այնտեղ այսպես չես նկարի:
– Ի՜նչ խոսք, ոտքս պիտի դիպչի մայր հողին, նա է ինձ ուժ տվողը:
– Ու թեև արդեն հայուհիներ չես նկարում` հերոսուհիներդ անդրօվկիանոսյան կանանց դեմքեր են, բայց այնպիսի լույս են ճառագում, որ մերն է, հայինը` ուրիշ ոչ մի տեղ այսպիսի լույս ու արև չես գտնի:
Փիրուզը ժպտում է, նա շուտ է մերվել ամերիկյան ապրելակերպին, ուզում է ասել` ամեն տեղ էլ նույն արևն է, բայց կանգ է առնում.
– Իրոք, մեր արևն ուրիշ է, նմանը ոչ մի տեղ չկա:
Վահագնը ցույց է տալիս իր նոր կտավներից մեկը. անծայրածիր ջրերի վրա մի նավակ է, մեջը` տղամարդ ու կին: Ասես ամբողջ աշխարհում միայն իրենք են` շուրջն անդորր է, ժպիտ: Ու նրանց մտքով չի անցնում, թե ինչ վտանգ է թաքնված այդ խաղաղ ջրերում:
– Վահագն,- ասաց Արևիկը,- դու ոչ թե ծով, այլ օվկիանոս ես նկարել` տղամարդն ու կինն օվկիանոսի մեջ են:
– Գուցե դրանից է, որ ապրում եմ Լոս Անջելեոսում:
– Որ հարցնես` կտավում ծովի ու օվկիանոսի տարբերությունն ի՞նչ է` կդժվարանամ ստույգ պատասխանել, բայց զգում եմ, որ այն պատկերել ես անծայրածիր, և՛ իր պարգևած երջանկությամբ, և՛ թաքցրած ողբերգությամբ: Այս մարդկանց երջանկության չափը չկա` վայելիր ու մի՛ մտածիր հետոյի մասին, բայց օվկիանոսում փոքրիկ նավակին ամեն ինչ կարող է սպառնալ: Նախանձում եմ նրանց, որ վայելում են օվկիանոսի զորությունը, ուժը, ջրերի գունախաղը:
Փիրուզը ժպտաց.
– Արևիկ, մի քիչ էլ որ տպավորություններդ պատմես` մի լավ պատմվածք կստացվի:
– Ինչո՞ւ չէ, ես ուզում եմ պատմել այս մարդկանց նավակի ու օվկիանոսի մասին:
– Բայց ոչ տխուր վերջաբանով,- ասաց Վահագնը,- ուզում եմ, որ նրանք այդպես երջանիկ էլ մնան:
– Ճիշտ է, ես էլ եմ ուզում, բայց կյանքը երկու երես ունի` երբ ճակատագիրը քեզնից խռովում է` հիշես, ինչ-որ ժամանակ ունեցել ես քո նավակը, որ լողացել է օվկիանոսի ջրերում…
Փիրուզն ասաց.
– Եթե մարդն այդպես չմտածի` կյանքի ոլորաններին չի դիմանա:
Վահագնը ցույց է տալիս իր «Տարվա եղանակները»՝ բոլորը կնոջ կերպարով:
– Վահագն,- ասաց Արևիկը,- ինչ լավ է, որ տարիները պահել են քո երիտասարդական հոգին` նույն կնամեծարն ես. կանանց մի ամբողջ պատկերասրահ ես նկարել, ու բոլորը պարուրված են երկրային ու երկնային հույզերով:
– Կինը գեղեցկության խորհրդանիշ է: Տգեղ կին չկա: Ես կնոջ կերպարին շատ եմ անդրադառնում: Իսկ նկարի շրջապատը պատկերում եմ ավելի վերացական, և դա հնարավորություն է տալիս, որ կերպարը դառնա երազային, հետաքրքիր:
– Եվ որքա՜ն Աստվածամայր ես նկարել, և որքա՜ն ինքնատիպ են նրանք` կրակե զգեստով, ամպերի մեջ` համակ կյանք ու քնքշանք: Կարո՞ղ էիր 1988-ից առաջ Աստվածամայր նկարել:
– Ես անցյալ դարի 60-ականների սերնդից եմ, որին արգելում էին հոգևոր թեմաներով նկարել: Երկրաշարժից հետո մեջս ցանկություն առաջացավ նկարել Աստվածամորը: Կտավը «Վերածնունդ» անվանեցի, հավատալով, որ Աստվածամայրը մեզ նորից ոտքի կկանգնեցնի, մենք կապրենք, կզորանանք: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ անդրադառնում Մեծամոր կերպարին` ներքին պահանջ ունեմ:
Վահագնն էլի նկարներ էր ուզում ցույց տալ, բայց հյուրեր եկան: Արևիկը չուզեց նրանց խանգարել, գնաց՝ մտքում ասելով. «Ոչինչ, դեռ լիքը ժամանակ կա, կհասցնեմ հետները զրուցել, նոր նկարներին ծանոթանալ»: Արևիկենց տան պատի ետևից լսվում էին ուրախ ձայներ` հյուրերն ըստ երևույթին Վահագնի նկարիչ ընկերներն էին, հիշում էին միասին անցկացրած երիտասարդությունը: Արևիկն էլ ակամա ընկավ հուշերի գիրկը: Ինը հարկանի շենքը շահագործման էին հանձնել առանց վերելակի` խոստանալով, որ երեք ամսում կտեղադրեն: Բնակիչներն ամեն ինչին համաձայն էին, ուզում էին օր առաջ իրենց տունն ունենալ: Ու սկսվեց շինարարական եռուզեռը. բնակարանի պատերը քանդում էին` մի սենյականոցը դարձնում երկու, երկուսը` երեք, փոխում էին հատակի մանրատախտակը, լուսամուտները, լոգարանի պատերը նորից երեսապատում: Բոլորի տան դռները բաց էին, շարունակ միմյանց այցելում էին՝ տեսնելու, թե ով ինչ է փոխել, ու առանց մտածելու իրենց բնակարանը նորից նոր ձևում էին: Պատահում էր, որ զղջում էին, բայց ուշ էր` արդեն քանդել էին: Եվ շինարարական տենդը ընթանում էր առանց վերելակի: Աստված գիտի, օրական քանի անգամ էին վերուվար անում, ու ոչ ոք առողջությունից չէր գանգատվում: Բայց հենց վերելակը տեղադրեցին` բնակիչներն ասես հիշեցին, որ սիրտ կա, լյարդ, երիկամ… Ամեն ցավ վերագրեցին ոտքով այդքան հարկ բարձրանալուն:
– Սրտից գանգատվում եք, որովհետև հիմա վերելակ կա,- ասում էր հինգերորդ հարկի հույն բնակիչը, որը ծանրամարտիկ էր: Նա ոչ մի անգամ վերելակից չօգտվեց:
Վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո սկսեցին բնակարանամուտ նշել` առատ սեղաններ, մաղթանքներ, շնորհավորանքներ: Արևիկին զարմացնում էր երկու մաղթանք, որ միշտ ասվում էր. «Բարով-խերով ձեր երեխաներին պսակեք» ու՝ «Ձեր վերջը լավ լինի»: Երեխաները դեռ փոքր էին` ծիծաղելի էր նրանց ամուսնության մասին խոսելը, իսկ ինչ վերաբերում էր «Ձեր վերջը լավ լինի»-ին, մի տեսակ վիրավորական էր. դեռ ջահելությունը չվայելած՝ մաղթում են ծերություն: Եվ հետո միայն հասկացավ, թե դրանք ինչ իմաստուն մաղթանքներ էին:
Այն ժամանակ Վահագնը երիտասարդ էր, տարիներ անց ամուսնացավ Փիրուզի հետ: Նա գեղեցիկ էր, ժպտերես` հարևաններով սիրեցին նորահարսին: Փիրուզը մասնագիտությամբ բժշկուհի է` արվեստագետի հոգով օժտված: Ինչպե՜ս է հասկանում ամուսնու ստեղծագործությունները, խրախուսում, որոշ մտահղացումներ իրենն են: Փիրուզն այնպիսի ձեռագործներ է անում, ասես նկարներ լինեն: Մի օր Արևիկը հարցրեց.
– Փիրուզ, Վահագնի ներկերի հոտից չե՞ս նեղվում:
– Վայ, ի՜նչ եք ասում` այդ հոտը շատ եմ սիրում. Վահագնի ամեն նոր նկար ասես երեխայի ծնունդ լինի, տունը լցնում է ուրախությամբ:
Հետո Արևիկը հիշեց 88-ի թեժ օրերը. իր և Վահագնի ընտանիքները Ազատության հրապարակից գրեթե տուն չէին գալիս` ի՜նչ նվիրում էր, ո՜նց էին դիմանում ամեն տեսակ զրկանքներին` մոմի լույսի տակ գրել-կարդալուն: Վահագնը կրտսեր աղջկա հետ պարապում էր, սովորեցնում, որ նկարիչը նախ և առաջ պետք է տիրապետի գծին, կարողանա մատիտով պատկեր գծել. ջրամանը, կուժը դնում էր դեմը և հետևում, որ ճիշտ նկարի: Ու հասավ իր նպատակին` աղջիկը հաջողությամբ ավարտեց Գեղարվեստի ինստիտուտը: Եվ հանկարծ ընտանիքով որոշեցին ապրել Ամերիկայում` ելան-գնացին:
– Մոմի լույսը չտարավ նրանց Ամերիկա, այլ խոր հիասթափությունը,- եզրակացրեց Արևիկը:
Նրան հուշերից սթափեցրեց աղջիկը, որ տուն մտնելով ասաց.
– Մա՛մ, ինչո՞ւ ես նստել մթության մեջ, լույս չկա՞:
– Կա, այսպես հարմար է ետ ու առաջ տալ տարիները:
– Այսօր գնացե՞լ ես Փիրուզենց տուն:
– Գնացել եմ:
– Ուզում էիր Վահագնի նոր գործերին ծանոթանալ, հաջողվե՞ց…
– Այո՛, բայց հյուրեր եկան` ընդհատվեց:
– Ոչինչ, վաղը միասին կգնանք, ես էլ եմ ուզում նրանց բարի գալուստ ասել:
Բայց հաջորդ օրը Վահագնենց տուն վարպետներ եկան ու սկսեցին քանդել հին լուսամուտները, որ ձգվում էին պատից պատ: Տանտերերը որոշել էին նորաձև լուսամուտներ տեղադրել, ու շինարարական եռուզեռն սկսվեց` գաջ, ցեմենտ, ներկ… Բնակարանը իններորդ հարկում էր, սենյակի դեմի պատը կեսից ավելի քանդեցին` այնքան վախենալու էր: Բարեբախտաբար այդ օրերին անձրև չեկավ` ջուրը ներս կթափվեր: Փիրուզի ու Վահագնի շքեղ տեսքն ո՞ւր կորավ` տանջված էին, նիհարած: Վահագնը հաճախ էր փողոց դուրս գալիս անցորդներին զգուշացնելու՝ պատուհանների տակով չանցնեն, որ գլխներին քար չընկնի, Փիրուզն ավելը ձեռքից ցած չէր դնում` մաքրում էր շինարարական աղբը, վարպետների համար ճաշ եփում, լվանում-թափում: Մի խոսքով` տանջանքների տանջանքն էին քաշում: Բայց երբ վարպետները տեղադրեցին սրճագույն շրջանակով պատուհանները, պատերը ներկեցին` բնակարանը մի ուրիշ փայլ ստացավ: Տանտերերը կանգ չառան` որոշեցին լոգասենյակը նորոգել: Եվ այսպես, ամբողջ ժամանակ զբաղված էին շինարարությամբ, վարպետներով, հյուրեր ընդունելով: Միայն վերադառնալու նախավերջին օրն Արևիկին հաջողվեց նրանց մոտ մի քիչ երկար մնալ: Տունը մաքրությունից փայլում էր, ամեն ինչ` վարագույները, սփռոցը, ապակեղենը, պատի նկարներն այնքան ճաշակով էին, գեղեցիկ, որ առաջին հայացքից էլ կարող էիր ասել` արվեստագետների տուն է: Հաջորդ օրն առավոտ վաղ Վահագնն ու Փիրուզը վերադարձան Լոս Անջելես, ու Արևիկը, ափսոսանքով նայելով նրանց փակ դռանը, մտքում ասաց.
– Եվ ո՞ւմ համար էիք այսքան տանջվում, որ առանց վայելելու թողնեք գնա՞ք: Մեկ էլ ե՞րբ եք գալու` մյուս կամ էն մյուս տարի… Ձեր շքեղ բնակարանը թողեցիք, որ օվկիանոսի այն կողմում վարձով ապրեք: Իսկ գիտե՞ք, որ այստեղ ձեր զավակ-նկարները կարոտում են` տխուր շարված են գետնին, դեմքով դեպի պատը ու ձեզ են սպասում:
Հանկարծ Արևիկին թվաց, թե դուռը կամացուկ բացվեց, ու ինքը հուշիկ քայլերով ներս մտավ: Նկարները, ոտնաձայնը լսելուն պես, դեպի Արևիկը շրջվեցին: Նա հերթով սենյակի կենտրոն բերեց բոլոր նկարներն ու նրանց հետ զրույցի բռնվեց:
– «Հատված ծառեր». Վահագնը ձեզ նկարեց 90-ականների սկզբներին` ցուրտ ձմեռներ, ապրում էինք անկրակ, անլույս, քաղցած: Ու մարդիկ սկսեցին ծառերը ճղակոտոր անել` դուք այս ցավալի տեսքն ունեիք:
– Այո՛, դաժան ձմեռներ էին, բայց ունեին նաև իրենց ռոմանտիկան` Վահագնը մեզ պատկերել է բարակիրան աղջիկների տեսքով ու հավատացել, որ մենք նորից կհառնենք:
– Խեղճ կռնատ աղջիկներ…
– Բայց մենք այս տեսքով էլ նման ենք պարող աղջիկների` յուրաքանչյուրիս հոգում առաջվա տեսքն ունենալու երազանքը կա:
– Ձեր գլխավերևում տեսնում եմ մի ցոլացող ճառագայթ, արևի շիթ, որ հույս է ներշնչում` այս վիճակից դուրս կգաք:
– Եվ, իրոք, դուրս եկանք:
– Ողջույն,- ասաց հարևան նկարը,- ես «Նավակ-ճոճանակներն եմ»:
– Օ՜, որքան եմ ձեզ սիրում,- ասաց Արևիկը:- Դուք Վահագնի վաղ շրջանի գործերից եք, մի տեսակ բանալի նրա հետագա գործերը հասկանալու համար: Շնչում եք համակ ազատությամբ, ճախրանք եք, գեղեցկություն, սեր…
– Այո՛, և՛ նկարչի համար, և՛ մեզ համար ամենագլխավորն ազատությունն է:
– Ծաղիկնե՛ ր, դուք զարմանալի խոսուն եք,- ասաց Արևիկը մյուս կտավին,-Վահագնը ձեզ ևս պատկերել է աղջիկների տեսքով, յուրաքանչյուրիդ կրծքում մի տաք թրթիռ կա, որ դիտողին համակում է սիրո անուրջով:
– Մենք մի ուրիշ աշխարհ ենք` ունենք ձայն, բուրմունք: Միշտ սիրո խորհրդանիշ ենք, միշտ գեղեցիկ ու թարմ:
– Ահա, հերթը հասավ և ձեզ,- ասաց Արևիկը «Տարվա եղանակներ» շարքին:- Այստեղ էլ է երևում, թե Վահագնի հոգում որքան սեր, քնքշանք կա կնոջ հանդեպ:
– Ես «Գարունն եմ», Վահագնն ինձ պատկերել է երկնագույն աղջկա տեսքով, ինձ շրջապատող ծաղիկներն էլ են գծված թափանցիկ գույներով: Իմ հեզ, հարսին բնորոշ երկչոտ հայացքում խորունկ իմաստ կա` ես մտահոգված եմ ապագայով` չէ՞ որ ինձնով է սկիզբ դրվում բնության, կյանքի զարթոնքին:
– Գիտե՞ս, քո աչքերը նման են նկարի հեղինակի աչքերին:
– Նկարիչները մտածված, թե՞ իրենցից անկախ, այլաբանորեն արտացոլում են իրենց ներքին ու արտաքին աշխարհը, կերպարը: Ու դրանից ասելիքն ավելի հավաստի է դառնում:
Արևիկը շարունակեց իր զրույցը «Աշուն» կտավի հետ: Վահագնը որքա՜ն աշուններ է նկարել` մեկը մյուսին նման չէ, ու բոլորը դարձյալ կնոջ կերպարով են:
– Աշունը նկարիչների տարվա սիրված եղանակն է: Վահագնը միշտ ձգտում է բնության կերպարանավորման` Աշունը միշտ կին է` պատկերված է կարմիր, դեղին, վառվռուն… Սա խորհրդանշական մոտեցում է, ես պիտի միշտ խորհրդավոր, իշխող լինեմ, չընկալվեմ որպես սոսկ աշնանային տրամադրություն:
Հայտնի չէ, թե այս երկխոսությունը դեռ ինչքան կերկարեր, երբ լսվեց Արևիկի հարևանի ձայնը.
– Տիկին Արևիկ, ինչո՞ւ եք այդպես` ավելը ձեռքիդ, կանգնել Վահագնենց դռան առաջ: Բա՞ն է պատահել…
– Ոչինչ չի պատահել, պարզապես դռան վրայից պոկեցի հեռախոսային կապի գովազդը, որ չիմացվի տանտերերի բացակայությունը:
– Դուք հիշեցրիք «Ալի Բաբան ու քառասուն ավազակները» հեքիաթի հերոսին. նա փողոցի բոլոր տների դռների վրա խաչ նկարեց, որ ավազակները չգտնեն իրենց նշած դուռը:
Արևիկը գիտեր, որ հարևանը շահել է «Գրին քարտ» և շուտով ընտանիքի հետ մեկնելու է Ամերիկա, մշտական բնակության: Ու տխրեց, որ աստիճանավանդակում մի դուռ ևս պինդ փակվելու է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.