Կրկնակի արժեքների պատգամաբերը՝ Սեյրանուհի Գեղամյան /Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

«Չի կարող պատահել»,- վերնագրում է Սեյրանուհի Գեղամյանը մի ինքնակենսագրական պատում, ուր ներկայացնում է իր աշխատանքային ուղու երկար ճանապարհի մի մասնիկը: Բայց, պարզվում է, որ «կարող է պատահել» և շատ «լավ է պատահում», երբ մարդը հայտնվում է կյանքում զուտ իր համար պահված տեղում ու ճիշտ ժամանակին, ինչպես հենց ինքը՝ Սեյրանուհի Գեղամյանը:
Ահա նա՝ մտավորական հայուհին՝ թեքված գզրոցներում պահված, խունացած տետրակների, փաստաթղթերի, նկարների, տարատեսակ գրությունների վրա, կամ նստած տարատեսակ, խոսուն կենսագրություններ ունեցող հայորդիների առջև՝ իր հուզաթավ ու լուսավոր հայացքով, ասես, ուզելով ներս անցնել պեղելու համար նրանց հոգու խորքերը:
Ճեպազրույց, դիմանկար, հարցազրույց, փաստագրություն… Ահա նրա հոգեխուզական գործիքները, որոնցից յուրաքանչյուրը իր կատարելության մեջ է: Գործիքների կատարելությունը քիչ է: Իր գործին հմտորեն տիրապետող գրող-լրագրողի համար հայրենասեր ու հայրենաշունչ, կիրթ ու գրագետ լինելը ևս քիչ է, երբ քո դիմաց անվանի հայեր են, շնորհաշատ, զարմանալի, անսովոր, ինքնատիպ, «քիչ մը խենթ» հայեր: Ուստի, մնում է սեփական հոգու ջերմության լուսարձակի տակ բացել առանձին անհատների ներաշխարհային հանքաշերտերը: Հենց այդպես է վարվել մտավորական հայուհին, որով և կարողացել է շահել դիմացինի վստահությունը՝ նրանց հոգիների, կյանքի ու ճակատագրերի խորքերում թաքնված արժեքները հայտնաբերելու, վերհանելու ու լուսաբանելու համար:
Արհեստական արժեքներ չկան Սեյրանուհու «Բազմանկյուն» կոչվող աշխարհում: Այստեղ շոշափվածը ճիշտ ապրելու բանաձևն է, որի ամփոփումը Մարդ բարձր անվանն արժանի եղողների անունների շարքն է: Այստեղ ներկայացվածն անհատների ազգանվան «յան» մասնիկի խորհուրդն է, և մարդկային հոգու հայկական լարը հնչեղ դարձնելու ջանասիրությունը: Սեյրանուհի Գեղամյանի ընդարձակ աշխարհայացքը ձևավորվել է դեռ մանուկ տարիներին` կրթվելով ու դաստիարակվելով պապի տված խորհուրդներով ու նրա կյանքի փորձի ընկալումով: Նախնիների խոսքն ու գործը սերունդներին փոխանցելը Գեղամյանի համար կարևորագույն պարտականություն է: «Այնուամենայնիվ, կարևոր է ժամանակ առ ժամանակ երեխաների հետ նախնիներիդ մասին խոսելը, նրանց լուսանկարները նայելը, թե չէ այդ դաժանացած իրականությունը հրեշի նման խժռում է մարդկային հիշողությունը» («Նոր տարվա գիշերը»): Պապն էր, որ հեքիաթի փոխարեն փոքրիկ Սեյրանուհուն Խորենացու «Հայոց պատմություն»-ից հատվածներ էր կարդում ու ոգևորում նրան հզոր Անդրանիկի քաջագործությունների պատումներով: Շատ տարիներ հետո, երբ Սեյրանուհին չարաբաստիկ մի օր (1988 թ. դեկտեմբեր) պիտի կանգնի Անդրանիկ Օզանյանի շիրիմի մոտ՝ Պեր Լաշեզի գերեզմանատանը, հոգուց բխած խոսք պիտի ուղղի նրան ու հիշի պապի խոսքերը. «Թե աշխարհում երկու հայ էլ մնա՝ մեր ազգը մեռնողը չի» («Սիրեցե՛ք միմյանց»):
Մանուկ օրերին տրված սննդի դերն ահռելի է՝ վախի ու ստրկամտության դեմ պայքարում, իսկ Սեյրանուհին օրվա հետ ներծծում էր հայոց հողի տված հզոր էներգիան: Դաշտից տուն բերված չոր լավաշի՝ խոտերի ու ծաղկանց բույրով շաղված համի սերն էլ հուշում էր՝ հայրենի բնությունն է իր մեջ, իսկ ինքը՝ բնության զավակը: «Զարմանալի է. հիշողությունն ի վիճակի է պատկերների պես վերականգնել նաև բույրերը: Հիմա կորել է համն ու հոտը: Ո՛չ ուրախությունն է ուրախություն, ո՛չ տխրությունը տխրություն»,- գրում է Սեյրանուհին «Նոր տարվա գիշերը» պատմվածքում, բայց հետ նայելով իր անցած ճանապահին, իր տեսածին ու լսածին, իր զգացածին ու ապրածին ու հայ անհատի հարուստ ներաշխարհին` գտնում է համն ու հոտն ու այն վայելելու փոխանցում ընթերցողին:
«Բազմանկյուն» աշխարհի մեջ գրողը կարևորում է այն, ինչն առաջին հայացքից կարող է աննշան պատահականություն թվալ, այդ վերհանումի մեջ արժևորելով հատկապես հայ անհատի զգացմունքներն ու հայրենի եզերքի հետ կապված աննշմարելի շրջանակները («Զարմանալի հայերը»): Օտար ափերում, բայց ուղն ու ծուծով հայեցի հայերի թեման հանդիպում ենք Գեղամյանի տարբեր գործերում: «Պատմվածքներ և իրապատումներ» շարքում «100 տոկոսանոց հայը» իրապատումում հանդիպում ենք Օսմանին, ում տատը տարիներ շարունակ Թուրքիայում ծպտյալ ապրելուց հետո թոռանը կորցնելու ահից սարսափած վշտի մեջ հայերեն է ողբացել: Նրանից մնացած Աստուածաշունչն Օսմանի համար բանալի էր դարձել, որը տանում էր դեպի սեփական արմատների որոնումները:
Ապրելակերպի իր որոնումներում գրողը փորձում է գտնել ճշմարտացին, որը, գուցե ապրելն է «սովորական հունով, ինչպես «վայել» է հպարտ մեղք չգործած մարդկանց» («Այդ մահացու մեղքը՝ հպարտությունը»), բայց, արի ու տես, որ «անքննելի են Աստծո ճշմարտությունները» և հպարտ լինելն էլ, ի վերջո, ի պատասխան պատիժ է ստանում: Նվիրում ու անմնացորդ սե՞ր, դա էլ կարող է բախվել «ինքնավարժություն» հասկացության հետ («Պատրանք»): Ամեն դեպքում, ինչպես գրքի առաջաբանում նշում է հեղինակը. «Ինչպես մարդկային հարաբերություններում, այնպես էլ ստեղծագործական ոլորտում ունեցել եմ միայն մեկ սկզբունք՝ ազնվությունը»: Ազնվություն… այ թե ինչ է հարկավոր ունենալ նախ քո, ապա՝ մյուսների առջև բացճակատ կանգնելու համար:
«Բազմանկյան» մեջ լողացող գրողի երազներն այնուամենայնիվ իրականություն են դառնում, ու մնում է միայն մեկը, այն՝ ինչից սկսվել էր ամենը, վերադարձ՝ դեպի մանկություն («Երազանք»):
Հայի ստեղծած արվեստը մշտապես Սեյրանուհի Գեղամյանի ուշադրության կենտրոնում է: Նա իր նրբին ու խորաթափանց զգացողությամբ կարողանում է տեսնել ու զգալ այն ասելիքը, որն արարողը մեկնում է իր նախընտրած գույնի, գծի, ձևի մեջ` չմոռանալով դրա ակունքները գտնել հայրենի հողում, նախնիների խորհրդում ու մանկության երազներում:
«Ծաղկաքաղ արվեստաբանական և գրականագիտական հոդվածների» շարքում Սեյրանուհի Գեղամյանը վեր է հանում հայի այն տեսակներին, ովքեր «հայության բախտավորությունն են»: Այս շարքում հանդիպում ենք ամերիկահայ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանին, ում կերպարն այնպես է ներկայացված, որ կարծես կինոժապավենի պես ընթերցողի աչքի առաջ հառնում է քանդակագործի ստեղծագործ աշխատանքային պրոցեսը, վեր հանելով նրա ողջ էությունը. «…սկզբում զգուշորեն, ապա հաստատակամ ու հատու՝ բրիչն ու մուրճը մխրճում էր քարի մարմնի մեջ՝ փոխանցելով իր սրտի ու մտքի կուտակումները, զգացումներն ու հիշողությունները: Դա արարման սրբազան արարողություն էր…»:
Հայկական կերպարվեստի՝ աշխարհին մատուցած գունապնակին իր հավելումն ունեցած Սամվել Պետրոսյանի կերպարն ու գործը նույնպես Սեյրանուհի Գեղամյանի ներկայացմամբ հարցականներ չի թողնում՝ փոքրիկ մի տեքստում ամփոփելով նկարչի եվրոպական դասական արվեստի սկզբունքը, ազգային թեմատիկան, հայկական բնաշխարհի շնորհը մեկտեղած ստեղծագործական գործունեությունը:
Խոսելով նկարչուհի Արևիկ Պետրոսյանի արվեստից` Սեյրանուհի Գեղամյանը փորձում է համաձայնել այն կարծիքին, որ անունը մարդու համար յուրահատուկ մի գաղտնագիր է. «…հենց նրա Արևիկ-Արև անունն է կարծես պայմանավորել իր ներքին աշխարհի և ստեղծագործության հիմնական բովանդակությունը»: Հետաքրքիր է, որ իր արևավառ արվեստով ներկայացող այս նկարչուհին Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին հանդես եկավ «Ծաղիկներս նահատակաց» շարքով, ուր «տիրականը ոչ թե մռայլությունն ու հուսահատությունն էին, այլ՝ լույսն ու ներքին լավատեսությունը»:
«Իսկական նկարչի» մասին իր պատկերացումները Սեյրանուհի Գեղամյանը տեսնում է նկարիչ Էդուարդ Եդիգարյանի մեջ, ում նվիրված հոդվածը վերնագրել է «Շիրակի դաշտավայրի երանգները»: Երբ միանում են առօրեականն ու ներաշխարհի գեղեցկությունը, ներքին ասելիքը նրբորեն երկխոսություն է սկսում, սովորական պատկերի միջով դեպի կարոտն ու քնքշանքն ուղորդելով:
«Բազմանկյան» հոդվածների շարքում իրար են հաջորդում հայ արվեստաբաններն ու գրողները: Սեյրանուհի Գեղամյանի գրիչն իրար հետևից տանում է դեպի երաժշտության կախարդական աշխարհը, ուր նրա հետ միասին ունկնդրում ես Տիգրան Մանսուրյանի համերգը, Ժան Տեր-Մերկերյանի ջութակի հնչյունները: Մանսուրյանական երաժշտությունը Գեղամյանը որակում է որպես «ազնվագույն երաժշտություն… սիրտ հուզող, միտք շարժող, հիշողություններ ու կարոտներ արթնացնող, հոգին մաքրող երաժշտություն, որում առկա են և՛ մարդկության կուտակած անանց զգացումներն իրենց նախնական մաքրությամբ, և՛ մեր անհանգիստ, հակասական դարի հարուցած տագնապները…»: Ժան Տեր-Մերկերյանին նվիրված հոդվածը վերնագրելով «Երաժշտություն, որ խոսում է հոգու հետ», Գեղամյանն արդեն իսկ տալիս է վերջինիս արվեստի բարձրագույն գնահատականը: Մեծանուն երաժիշտներին նվիրված շարքում միմյանց հաջորդում են կոմպոզիտոր Անուշավան Տեր-Ղևոնդյանին, Հայրիկ Մուրադյանին նվիրված հոդվածները:
Հայրենի երկրի ու ազգի հանդեպ գրող-լրագրողի նրբին սերն է շաղախված Խաչատուր Աբովյանին նվիրված նրա հոդվածում, որն ավելի շուտ կարելի է դիտել որպես երկխոսություն-խոստովանություն: Որքան սեր ու զգուշավորություն, որքան անկեղծություն ու գողտրիկ հույսի նշույլ կա այս հոդվածում: «…մի՛ զարմացիր, որ «դու» ով եմ խոսում հետդ: Մեր տարիքների միջև եղած տարբերությունն այնքան էլ մեծ չէ. Դու ընդամենը երեսունինը տարեկան ես… Դու, որքան բան ունեմ սովորելու Քեզանից. թե ինչպես պետք է սիրել հայրենիքը, ծննդավայրը, մայրենի լեզուն, Հայ մարդուն…»:
Սեյրանուհի Գեղամյանը մի շարք գրքերի առաջաբանների հեղինակ է: Սրբուհի Տյուսաբի «Սիրանույշ», Անդրանիկ Ծառուկյանի «Մանկություն չունեցող մարդիկ» վեպերի, Վահրամ Մավյանի «Հայու բեկորներ» գրքի առաջաբանները նույնպես ամփոփված են «Արվեստաբանական և գրականագիտական հոդվածների» ծաղկաքաղում: Գեղամյանի կերտած դիմապատկերների և հոգեկերտվածքների ծաղկաքաղը շարունակում են Հակոբ Կարապենցին, Մարո Մարգարյանին, Ալիսա Կիրակոսյանին նվիրված խոսքերը: Մեծանուն հայերի շարքն առավել ամբողջական է դառնում մեկ այլ ծաղկաքաղ շարքում, որ վերնագրված է «Դիմանկարներ հարցազրույցի միջով», որտեղ իրենց խոսք ու խորհրդով ընթերցողի հետ զրույցի մեջ են մտնում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Առաջինը, Վահագն Դավթյանը, Սոս Սարգսյանը, Կիմ Բակշին, Գառնիկ Ադդարյանը, Հրայր Դեքմեջյանը:
Հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությանը գրողն անդրադառնում է «Իմաստնության խորաններ» շարքի ծաղկաքաղում` ներկայացնելով Գլաձորի համալսարանին («Երկրորդ Աթենք պանծալի…»), «Մատենադարան» ֆիլմաշարին («Մտքի և ոգու գանձատունը») նվիրված հոդվածները, ու վեր հանելով մեր մշակույթի արժևորման կշիռը, գրում է. «…այն տեր է դարձնում մեր իսկ հարստությանը, մեր հոգու և մտքի գույներին ու ամեն տան, ամեն հոգու մեջ հնչեցնում է դարերի խորքից եկող մեր պատմիչ-զինվորների, մեր գրիչ-զինվորների, բանաստեղծ-զինվորների իմաստուն պատգամները…» («Մտքի և ոգու գանձատունը»):
«Բազմանկյուն» գրքի ամեն մի անկյան մեջ հայն է, հայի էությունը, զարմանալի հայը, հայը, ում մասին մեջբերելով Սևակին` նա նշում է. «Ո՜ւշ-ուշ են գալիս, բաց ոչ ուշացած»: Ծաղկաքաղի մի ամբողջ շարք Սեյրանուհի Գեղամյանը վերնագրել է «Զարմանալի հայեր», ուր հանդիպում ենք ճարտարապետ Թորոս Թորամանյանի, Ալեք Մանուկյանի, Կալիֆոռնիայի նահանգային գերագույն ատյանի դատախազ Արմանդ Արաբյանի, Կալիֆոռնիայում ընտրական օրենքների հսկիչ և քաղաքական արդար գործունեության հանձնաժողովի նախագահ նշանակված Բեն Դավիդյանի, ամերիկահայ հասարակական գործիչ, գրականագետ և խմբագիր Օշին Քեշիշյանի, ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի, լուսանկարիչ Մարտին Քեսքիսյանի զարմանալի հայ որակված կերպար-դիմանկարներին: «Սիրեցե՛ք միմյանց, դողացե՛ք աշխարհի վրա քայլող ամեն հայի համար…»,- կոչ է անում Սեյրանուհին, համայն հայությանը («Սիրեցե՛ք միմյանց»):
«Ցավ և հույս» շարքի մտորումների թեման 1988 թ. աղետյալ օրերն են, երբ գրողն ակամա հայտնվել էր Ֆրանսիայում, ուր գործուղվել էր Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի կողմից: Աղետի բոթն առավելապես ծանր էր հայրենիքից հեռու գտնվող, հայ մարդու ու հայ ազգի ցավով և լավով ապրող հայուհու համար, ով ինքն իրեն խոստովանում է, որ «…այդ օրերին հայաստանցու միա՛կ տեղը Հայաստանն է՝ բզկտված, ճեղք տված, օգնության կարոտ Հայաստանը»: Երախտապարտության մեծ զգացումով Գեղամյանը խոսում է օգնության ձեռք մեկնած, հայի վիշտը կիսած մարդկանց մասին, որոնց արարքներից բարության դասեր քաղելու հնարավորություն է տալիս՝ բացահայտելով նրանց կերպարն ընթերցողի առջև. «…Ռոբերտ Զաուեր, քո օրինակը բարիացնում է այս մեծ աշխարհը, դարձնում ավելի սիրելի: Քո օրինակը կարեկցանքի ու գթասրտության ամենալավ դասն է: Դու և քո նմաններն այն դաժան օրերին հագուստի, դեղորայքի, տնակների, ուտելիքի, փրկչական դժվար աշխատանքի հետ մեզ տվեցիք նաև ապրելու համար ամենաանհրաժեշտը՝ ՀՈՒՅՍԸ» («Բարության ուժը»): Մի ողջ ազգի «հոգեբեկությունը» հաղթահարել էր պետք ու կային անհատներ, ովքեր հայի կողքին էին, ովքեր իրենց բարձր արժանիքներով հանդերձ դուրս չմնացին Գեղամյանի պատկերապատումների շարքը համալրելու պատվից (Շառլ Էռնյու, Շառլ Ազնավուր):
Ցեղասպանության տարիներին իրենց կյանքն ապահովագրած հայերի գումարների փոխհատուցման նպատակով «Նյու Յորք Լայֆ ինշուրանս» ապահովագրական ընկերության դեմ դատավարություն սկսած ամերիկահայ հայտնի փաստաբան Վարդգես Եղիայանի՝ հայ ժողովրդին նվիրված գործունեության լուսաբանմանը նվիրված «Նվիրում» փաստավավերագրական վիպակն ամփոփում է «Բազմանկյուն» գիրքը, «դառն ու անուշ հայկական պատմություններ»-ով հետագա սպասելիքի ու հույսի նոր լույս վառելով ընդհանրապես ընթերցողի ու հատկապես՝ հայ մարդու համար: Իսկ վերջաբանը… խաղաղ է գրողի համար, ով համոզված է. «Այն, ինչ արել եմ տարիների ընթացքում՝ երկնքի այն փոքրիկ բաժինն է, որ կարողացել եմ փրկել»: Եվ, քանի որ գրողը հավատով է լցված հայի տեսակի հանդեպ, ապա գուցե հույս կա, որ ամբողջ երկինքը հնարավոր է փրկե՞լ…
Մտավորական հայուհու շնորհաշատ գրիչն ի մի է բերում աշխարհում սփռված հային վերաբերող լավն ու բարին, և հենց ինքն էլ դառնալով Հայի ձայնը, հնչեցնում է ազնվահոգի բանաստեղծուհու՝ Մարո Մարգարյանի տողերը.
Դու մի բուռ, մի ափ,
Դու մի սրտի չափ,
Դու սրտի պես լայն,
Դու սրտի պես խոր,
Հայրենի իմ հող…
Հայրենի հողը հոգևոր արժեք է անձամբ իր՝ Սեյրանուհի Գեղամյանի համար, իսկ հայի տեսակի հոգևոր արժեքների ծալքերում արած նրա բացահայտումները կրկնակի արժեքներ են մեզ համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.