ԵՌԱՏՈՆԸ` ԳՈՐԾՈՂ ՃԱԿԱՏ / Ռոբերտ ԵՍԱՅԱՆ

Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ – Մայիսը հաջորդում է ապրիլին, ի հեճուկս մեզ պատուհասած ահասարսուռ ապրիլների, մենք ապրիլն էլ կոչում ենք` ապրելու ապրիլ` ապավինելով մայիսյան հաղթանակներին: Տոնն ինչպե՞ս է տոնում բանաստեղծ, արցախյան պատերազմի հրետանավոր Ռոբերտ Եսայանը:
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ – 2016-ի ապրիլը օրհասական էր և ցնցող, բայց միաժամանակ բեկումնային էր, ուժի կուտակման և հարվածի ահագնության ամիս: Ես այսպես կասեմ. հայի բոլոր ամիսներում կա, տրոփում է մայիսյան հաղթանակների ոգին: Եռատոնը պատահական միացություն չէ: Եռատոնը մեր ոգու հաղթանակի եռաթև բանաձևն է, որ գրվել է արյամբ և սրբագործվել մարտադաշտերում: Փրկվել են հայի ոչ միայն անունն ու արժանապատվությունը, այլև ներկան, անցյալն ու ապագան, մոռացության ճիրաններից հառնել են մշակութային անփոխարինելի բազում արժեքներ: Եռատոնը կշեռք է նաև, որի նժարներին հստակ տեսնում ենք մեր ինքնության խորքը, դիմացկունությունն ու զգոնության չափը: Այդ օրը ես միշտ հիշում եմ իմ մեծ երազանքը: «Օդից պատերազմի հոտ է փչում»,¬ գրեցի այս տողը` երազելով հային տեսնել զինված և զենքով պաշտպանված: Զինված` ժամանակակից զենքով, գիտելիքով, աղոթքով և հոգևոր հարստությամբ: Պատահական չէր, որ ռազմադաշտում հայ մարտիկներին առաջնորդում էին Խաչը, Հայոց պատմությունն ու Ազգային արժանապատվությունը: Դրա համար էլ այն կոչվեց Հայրենական պատերազմ: Վտանգված էր ոչ միայն հայրենի և հայրերի՛ հողը, այլև հայ ազգի ինքնությունն ու լինելությունը: Մարտադաշտերում բուսեց, աճեց և հառնեց հայոց ամրակուռ ոգու իրական լեգենդը: Արցախցու համառությունը արթնացրեց հայոց ոգու նիրհող առյուծին: Ազգային միասնությամբ կերտվեց բաղձալի Հաղթանակը:

Ն.Ա. – Մայիսիննյան Շուշի. ասել է թե` ելակետ, սկզբունք, հայեցակարգ, ճամփաբաժան, ազգային գաղափարախոսության հզոր հենասյուն… Ուզում եմ շարունակեք…
Ռ.Ե. – Պատմության ամոթի իսպառ անհետացո՛ւմ: Ոգու տոն: Շուշին երկնքի մեջ մխրճված Հայոց ոգու սյունն է: Բարձունքային մտածողություն: Պատմության և իրականության աստվածային հաղորդակցություն: Շուշին ռազմարվեստի պատմության մեջ գրանցվեց որպես գլուխգործոց: Հայոց ազատության ոգու մեծագույն պոռթկումն էր դա: Հայոց պատվի և խղճի փրկությունը: Դա մագլցում էր լեռներն ի վեր` դեպի Աստված: Եվ մարտագործողության անվանումն էլ ինքնատիպ էր. «Հարսանիք լեռներում»:

Ն.Ա. – Մայիսի 9¬ի հաղթանակ մեր մտածողության մեջ և ապրելակերպում փոփոխություններ բերեցին…
Ռ.Ե. – Պատերազմը առաջին հերթին հոգեբանությունների բախում է: Ստրկացնող ուժի հոգեբանությունը ճեղքվեց, ծվեն-ծվեն եղավ ազատության համար մաքառողի ոգու սրերով: Անցյալում մնաց ստրկության ստվերը: Մեր ոգին թոթափեց իրենից ավելորդ բեռները: Այսուհետ ապրելն ու գործելը նոր իմաստ ստացան: Նոր բովանդակություն: Ապագան սերմի պես պայթեց ներկայի ակոսներում: Մենք շրջեցինք պատմության հերթական էջը և մեր կյանքը շարունակեցինք նոր տողից: Այս անգամ արդեն` ապրելով և արարելով հաղթողի հոգեբանությամբ:

Ն.Ա. – Մայիսի 9¬ը, Հայոց բանակը, Շուշին, արցախյան գոյապայքարն իրենց հատուկ սահմանումներն ու սկզբունքներն ունեն, ինչո՞ւ դրանք չեն գործում մեր հոգեբանության, մեր ապրելակերպի կենսական փոփոխություններով:
Ռ.Ե. – Շուշին, որպես մշակութային երբեմնի կենտրոն, վերականգնում է իր դիմագիծը: Շուշիի ճարտարապետական դիմագիծն էլ բացառիկ է և ինքնատիպ: Ադրբեջանցիները տարիներ շարունակ ինչքան էլ փորձել են փայտե պաճուճանքներով օտարել Շուշիի դիմագիծը, դարձնել օտարադեմ մի հանգրվան, մե՛կ է, նրանց բոլոր փորձերը ձախողվել են, քանի որ հողից հառնող խաչքարի աղաղակից ճեղքվել է կեղծ շպարը, որպես փոշի լցվել ազերի վայ- պատմաբանների աչքերը: Իսկ Շուշին… քաղաք չէ միայն, այլև` մարտնչող ոգի: Կասեմ ավելի՛ն: Հայոց բանակը գործուն մի ուժ է, որը ոչ միայն ապահովում է երկրի և ժողովրդի անվտանգությունը, այլև կերտում և լուսավոր իղձերով ապագային է առնչում ժամանակակից հայի եռուն և տենչավառ հոգեաշխարհը: Հայոց բանակը մշտապես ներկա է ոչ միայն երկրի առաջնագծում և առաջնային դիրքերում, այլև դիվանագիտական հարաբերություններում, ճարտարապետական նախագծերում, բանաստեղծի` ձկան պես թպրտացող տողում և ծնվող մանկան առաջին ճիչում: Չէ՞ որ ծնվողը օտարի լուծը կրող ստրուկը չէ: Ծնվողը երկրի զինվորն է, Հայրենիքի ծառան ու տերը, որին դժվարին ու փառավոր ուղի է սպասում…

Ն.Ա. – Ամենադժվար պահերին ներքնատեսությամբ սպասում ենք հերոսի հայտնվելուն, գուցե թե նրա հայտնությունը թթվածնի կենարարությամբ աննկատ է մնում ու տարրալուծվում մեր վաղվա օրվան, բայց, այդուհանդերձ, սպասում ենք հերոսին: Ո՞վ է հերոսը…
Ռ.Ե. – Հերոսի ծնունդը մշտապես ժամանակի պահանջ է, հույժ անհրաժեշտություն: Ժամանակի մեջ ոչ թե կարծրացած տիպ է, այլ անընդհատ նորոգվող ու կյանք պարգևող մի կերպար, որը թափառելով մեր ենթագիտակցության և ոգու ավյունի պայծառ շերտերում, մի օր (պահանջված պահին) հառնում է խորքից և կյանքին պարգևում կենարար ընթացք և կերպարանափոխություն: Որպես բանաստեղծ միշտ այդ հերոսի ձայնն եմ լսում` բառը դարձնելով ոգու ուղեցույց և հիշողության դուռ: Այսօր այդ հերոսն ապրում և գործում է իմ բանաստեղծություններով հյուսված` «Հարության ժամանակը» ներկայացման մեջ, որը տաղանդավոր հմտությամբ մարմնավորել և բեմադրել է ԼՂՀ ժող. արտիստ, ռեժիսոր Լեոնիդ Հարությունյանը: Այդ հերոսի մեջ իրենց տեսնում են ոչ միայն մտավորականները, բանվորները, հողի մշակներն ու զինվորները, այլև մեր կողքին ապրող հերոսներն ու երիտասարդ հայրենյաց պաշտպանները, որոնց հոգում այդ ստեղծագործությունը միշտ վառ է պահում հայրենապաշտության սրբազան հուրը: Եվ հերոսն այդ եկավ ոչ թե գրքից, այլ` կյանքից, և մուտք գործելով գրականություն՝ դարձավ կյանքի նոր շնչառություն:
Մեր շունչը ծաղիկը բացեց սերունդների
համար` իբրև լույս:
Երկիրը բախտ արարեց, նոր կյանքի երգով
բացեց ակոսներ,
Ապրելով` հիշեց, կոթողներ հիմնեց, մեր ոգուց
հիմներ արարեց,
Որ լինենք մենք ու ապրենք նոր կյանք:
Հավերժի մեջ ենք, մենք կանգառ չունենք…
Հավերժի մեջ ենք, մենք կանգառ չունենք…
Հավերժի մեջ ենք, մենք կանգառ չունենք…

Հարցազրույցը`
Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Մեկ մեկնաբանություն

  1. Pingback: Հունվար — 2018 (Հաշվետվության ևս մի տեսակ) | Մայրամուտից առաջ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.