ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Մայիսի 5-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության հերթական նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նիստի օրակարգին ծանոթացնելուց հետո ամփոփեց Համահայկական գրական հիմնադրամի մարաթոնյան արդյունքները (նվիրատուների և ստացված գումարների ցանկը՝ «ԳԹ» թիվ 10 և թիվ 13 համարներում): Այնուհետև Էդ. Միլիտոնյանը համառոտակի անդրադարձավ հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններին՝ մասնավորապես կարևորելով գրահրատարակչական ոլորտը: ՀԳՄ նախագահը շեշտեց, որ ընթացիկ տարում հայ ժամանակակից գրականությունը հանրաճանաչելի դարձնելու նպատակով ծրագրված է ստեղծել «Հայ արդի քնարերգություն» և «Հայ արդի արձակ» մատենաշարը: Մատենաշարի գրքույկները լույս կտեսնեն մոտավորապես 3 տպագրական մամուլ ծավալով՝ տարեկան 5 պոեզիա և 5 արձակ գործեր: Խնդրի շուրջ իրենց կարծիքը հայտնեցին Ալիս Հովհաննիսյանը, Դավիթ Մուրադյանը, Արևշատ Ավագյանը, Պետրոս Դեմիրճյանը: Մատենաշարն առավել ներկայանալի դարձնելու մտահոգությամբ, ելույթ ունեցողները համակարծիք էին, որ անհրաժեշտ է, որպեսզի մատենաշարը միայն խիստ ընտրությամբ ներկայացնի արդի գրականության լավագույն նմուշները:
Այնուհետև Էդ. Միլիտոնյանը ծանոթացրեց ՀԳՄ առաջիկա միջոցառումների ծրագրին: Մայիսի 26-ին տեղի կունենա պոեզիայի տոն, մայիսի վերջին կիրակի օրը Թբիլիսիում մեկնարկում է սայաթնովյան Վարդատոնը: Կարևորվեց հունիսի 7-9 անցկացվելիք երիտասարդ գրողների համաժողովը, որի ծրագիրը ֆինանսավորել է ՀՀ երիտասարդական միության հիմնադրամը: Հունիսի վերջին կկայանա Չարենցի 120-ամյակին նվիրված ոգեկոչման օր, նույն ժամանակահատվածում անցկացվելիք լիանիստը նվիրված կլինի թարգմանական խնդիրներին, ինչի առիթով առաջարկ եղավ աշնանը նաև դրամատուրգիային նվիրված լիանիստ հրավիրել: Միաժամանակ ՀԳՄ նախագահը ներկայացրեց, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պատրաստ է աջակցելու օտարազգի և Սփյուռքի հայ գրողների համաժողովի աշխատանքներին:
Քննարկվեցին նաև ընթացիկ մի շարք հարցեր:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.