ՈՒԺԻՆ ՀԱԿԱԶԴՈՂ ՈՒԺԸ ԿԱՐՈՂ Է ԶՈՐԵՂ ԼԻՆԵԼ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրտը հայտարարել է, որ Թուրքիան հատել է «կարմիր գիծը»: Խնդիրը ոչ միայն այդ երկրի՝ եվրոպական արժեքներից հրաժարումն է, քանի որ, մեծ հաշվով, այդ արժեքները միշտ էլ խորթ են եղել նրա էությանը, այլև այն ռազմավարությունը, որը վերջին շրջանում պարզապես անկառավարելի ու անկանկախտեսելի է դարձել: Էրիկ Բրաունը The American Interest հանդեսում տպագրված «Թուրքիայի անկումը» հոդվածում նշում է. «Արևմուտքում քաղաքականություն մշակողները պետք է համակերպվեն այն մտքին, որ Թուրքիայի Հանրապետությունն այլևս այնպիսին չէ, ինչպիսին գիտեինք: Արևմուտքը դեռ չի ցանկանում տեսնել իրականությունը, որովհետև ցավալի է ընդունել և դեմ է խորն արմատացած այն մտայնությանը, որ արդիականացման գործընթացը չի կարող հետընթաց ունենալ»: Հատկապես քրդական գործոնն այնպես է ձևախեղել թուրքական քաղաքական հավասարակշռության առանցքը, որ անգամ պայծառատեսների համար դժվար է գուշակել երևույթի հետագա ընթացքը: Թուրք հասարակության և անձամբ Էրդողանի համար պարզապես անլուծելի խնդիր է 3 երկրներում քրդաբնակ տարածքների հետ սահմանակից լինելը: Չնայած քաղաքական առումով քրդերը մասնատված են, սակայն բավականին մեծ թիվ են կազմում, ինչը հսկայական ճնշում է պետական կարգի վրա: Էրդողանը երկրի ներսի քրդաբնակների հարցի լուծման բանալին կարծես թե գտել է: Սյունակագիր Բաբահանի կարծիքով. «Փորձում են արմատախիլ անել քրդերին ճիշտ այնպես, ինչպես արմատախիլ են արել հույներին, հայերին, եզդիներին, ասորիներին: Ակնհայտ է, որ նպատակը մեծածավալ գործողությունն է՝ 1915-ի կրկնությունն այսօրվա պայմաններում»: Էրդողանը նույնը փորձում է իրականացնել նաև երկրի սահմաններից դուրս, հայտարարելով, որ երբեք թույլ չի տա Սիրիայի հյուսիսում քրդական պետության գոյացումը: «Անգրագետներ կան,- ասել է նա,- որոնք փորձում են Սիրիայում քրդական պետության ստեղծման համար քայլեր ձեռնարկել: Մենք թույլ չենք տա Սիրիայի հյուսիսում որևէ նոր միավորի ստեղծում»: Այս տրամաբանության մեջ պիտի դիտարկել նաև Իրաքի և Սիրիայի դեմ Թուրքիայի ոտնձգություններն ու ագրեսիան: Մասնավորապես, ապրիլի 25-ի լույս գիշերը թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել Սինջար լեռներում (Իրաքի հյուսիս-արևմուտք) և Քարաչոկ լեռներում (Սիրիայի հյուսիս-արևելք)՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության օբյեկտների ուղղությամբ: Իրաքում ոչնչացվել է կազմակերպության 40, Սիրիայում՝ 30 անդամ: Սիրիայի ԱԳՆ-ն դատապարտել է իր տարածքում Թուրքիայի ձեռնարկած գործողությունները՝ դիմելով միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին՝ «դատապարտել նման ագրեսիան և ահաբեկչությանն աջակցող թուրքական ռեժիմի քաղաքականությունը»: Նույն խնդրի շուրջ Իրաքի ԱԳՆ-ն Թուրքիայի գործողությունները որակել է որպես «միջազգային պայմանագրերի և երկրի տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում», հավելելով, որ այն իրականացնելուց առաջ Թուրքիան չի խորհրդակցել Բաղդադի հետ: Այս առիթով Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ «Մտահոգիչ է այն փաստը, որ Թուրքիան, շրջանցելով օրինական կառավարություններին, ավիահարվածներ է իրականացրել սուվերեն պետությունների տարածքում», հուշում է, որ հարձակման մասին ոչ միայն Բաղդադը, Մոսկվան նույնպես չի զգուշացվել, թեև Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Հուսեյին Մյութֆյուղօղլին հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի և Իրաքի վրա իրականացված ավիահարվածների մասին տեղեկացրել է ռուսական և ամերիկյան կողմերին: Իր հերթին ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները, չնայած թուրքական կողմի պնդումներին, թե թուրքական ԶՈՒ-ն սպասվող ավիահարվածների մասին տեղեկացրել է ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերին, ասել է, որ իրականում նման բան չի եղել: Միանշանակ է, որ թուրքական կողմը այս դեպքում էլ դիմել է կեղծիքի ու սադրանքների օգնությանը և ոչ մի երաշխիք, որ հետագայում նույնպես, իր բարբարոս ծրագրերն իրականացնելիս, չի շարունակելու այսօրինակ գործողությունները: Մեղանչումը հարիր չէ թուրքական գործելաոճին ու ինքնությանը: Էրդողանն արդեն իսկ քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին այն բանի համար, որ նրանք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ապավինում են Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների օգնությանը: Ահաբեկիչներ անվանելով քուրդ զինյալներին՝ սուլթանի հավակնորդը հայտարարել է, որ Թուրքիան, անկախ Արևմուտքի կողմնորոշումից, կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը նրանց չեզոքացնելու համար: «Մենք դրանց լավ ենք ճանաչում: Այդ ահաբեկիչները ՆԱՏՕ-ի անդա՞մ են: Ոչ: Հակաահաբեկչական պայքարում մենք պետք է միասին լինենք: Ինչո՞ւ ենք դրանցից օգնություն խնդրում»,- ասել է նա, մոռանալով, որ սեփական քաղաքական արկածախնդրությունն այն միջոցը չէ, որով կարելի է դաշնակիցներ ու իրավիճակի կայունացման լուծում գտնել, և որ ուժին հակազդող ուժը կարող է ավելի զորեղ լինել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.