ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Ռուբեն ՀովսեփյանՄտավորականը հայրենիքի զինվորն է

Որքան էլ փորձում ես հեռու մնալ ընդհանրացում-բանաձևումներից, որքան էլ փորձում ես մասնակիցը միայն լինել բանաձևումների հասունացման` ավարտուն ձևակերպումը վստահելով ինքնաբյուրեղացմանը, չի ստացվում. միկրոֆոնով, գրիչով քեզ դեմ են անում պատին ու պահանջում ընդհանրացնել, բանաձևել, ձևակերպել… Կարծես մեկընդմիշտ լուծվող հարց է, և, ահա, քո բանաձևումով ավարտվելու է պատմությունը:
Հազարավոր ձևակերպումներ կան, մտավորականի հազարավոր օրինակներ են շողշողում, բայց դրանք, կարծես, չեն բավարարում հանրությանը, և այսօր, ահա, դու ես ընկել լրագրողի ճանկը, այն էլ` որերորդ անգամ, և դու պիտի ձևակերպես քոնը…
Սարերից իջնող ձնհալի ջրերը` գետակի տեսքով թե աղբյուրի, նույն համն ու հոտը չունեն, ինչ ունեն ամենավերում: Ճանապարհին, մինչև հարթավայր և կամ մինչև հորդացող աղբյուր, ջրերն այդ իրենց մեջ են առնում բազմատեսակ հանքանյութեր, հարստանում են և այս բաղադրությամբ են ներկայանում մեզ` որպես ջուր: Վերևում, ամենավերում, եթե կուզեք, այդ ձյան հալոցքը ջուր էլ չէ և կամ` ջուր է, սակայն անհոտ և անհամ: Դրանով ո՛չ կհագենաս և ո՛չ էլ բույս կսնես:
Որևէ հասարակության համար մտավորականը, ահա, ջրին համուհոտ տվող, ջրին ջուր դարձնող այս բաղադրությունն է, որ ներառվել է բնականորեն, աննկատ և մանավանդ առանց արտաքին միջամտության գդալի: Կարող էի և «շերեփ» ասել, որովհետև երբ բացվում է միջամտության ախորժակը, գդալն այլևս անելիք չունի:
Ժամանակ առ ժամանակ մտավորականի առջև պահանջ է դրվում` լինել այսպիսին կամ այնպիսին: Ո՜ւր է մտավորականը հարցը երևի թե ամենահաճախ հնչող հարցն է եղել: Եվ որովհետև չի հնչել հստակ պատասխան, հասարակության մեջ կարծրացել է մտավորական չունենք տխուր եզրահանգումը: Երբեմն իրենք` մտավորականներն էլ են ընկել այս տխուր եզրահանգման ազդեցության տակ: Իրենց անելիքն արել են, համուհոտ են տվել հալոցքի ջրին, բայց հո իրե՜նք չէին ցուցանելու իրենց ներկայությունը:
Արժևորման խնդիր ունենք… Մի օր չդիմացա, սոց. ցանցերում դառնորեն բղավեցի, երբ իրար հետևից մի քանի մտավորականներ թողեցին այս աշխարհը. Հապա ասում էիք մտավորական չունենք…: Նրանց հեռանալուց հետո նկատվեց, որ ունենք, այնինչ կենդանության օրոք էր պետք նկատել: Ոչ թե միայն նկատել, այլև արժևորել: Մտավորականը անաղմուկ է գործում, բնականորեն և, եթե կուզեք, առանց հրահանգի ու պատվերի: Եթե այսուհանդերձ հրահանգ ու պատվեր գոյություն ունի, ապա ինքն է իրեն հրահանգ ու պատվեր տվողը և ոչ թե իշխանությունը կամ նույնիսկ հասարակությունը, թեև հնարավոր է, որ իշխանության կամ հասարակության հրահանգ-պատվերը համընկնի իր իսկ հրահանգ-պատվերին:
Կան, չէ՞, խնդիրներ, որոնց լուծման համար միասնականություն է անհրաժեշտ: Երբ վտանգված է Հայրենիքը, մտավորականը Հայրենիքի զինվորն է նաև, միասնականության կոչի մունետիկը` անկախ նրանից` ինքը հավա՞ն է երկրում տիրող կարգերին, թե՞ ոչ: Տիրող կարգերը փոխում, բարեփոխում են խաղաղ օրերին, պատերազմական օրերին պաշտպանում են Հայրենիքը: Եթե ձեզ դուր չի գալիս այս կեցվածքը` շարունակեք հարցնել.
Ո՞ւր է մտավորականը, և սպասեք հերթական հուղարկավորությանը:

ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Անդին 8, 2014

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.