ՀՐԱՉՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ (ՀՐԱՉՕ)

ՀրաչօԿյանքի 80-րդ տարում իր մահկանացուն կնքեց անվանի արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը:
Հրաչյա Մաթևոսյանը ծնվել է 1937 թ. ապրիլի 1-ին, Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ): Ավարտել է Երևանի պրոֆտեխնիկական 3-րդ ուսումնարանը` ստանալով գրաշար-լինոտիպիստի մասնագիտություն: Ավարտել է նաև Երևանի պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Աշխատել է թիվ 2-րդ տպարանում, Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում, «Ավանգարդ», «Հայրենիքի ձայն», «Հայաստան» թերթերի խմբա- գրություններում: ՀԳՄ անդամ էր 1985 թվականից, միաժամանակ անդամ էր Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության և Ժուռնալիստների միության: Հրաչյա Մաթևոսյանը շուրջ 20 գրքի հեղինակ էր` «Մոլորյալ ժամ» (1999), «Խաչքար Հայաստան» (2002), «Պինդ կացեք» (2003), «Սիրով» (2003), «Հայրենանկար» (2007) և այլն: Նրա բազմաթիվ ակնարկները, հոդվածները, հարցազրույցները, պատմվածքները տպագրվել են հանրապետական մամուլում և գրական հանդեսներում՝ մեծ ընդունելություն գտնելով ոչ միայն ընթերցողների, այլև գրականագետների ու քննադատների կողմից: Գրում էր նաև մանուկների համար: Նրա շատ ստեղծագործություններ թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, անգլերեն և այլ լեզուներով:
«Հացը հացարարին» գրքի համար արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան, «Հայրենանկար» գիրքը ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակների: Երկու անգամ` 1993 և 2003 թվականներին, «Ցավի ծաղիկ» ակնարկաշարի և «Հրանտ կամ դառնամուխ կյանք» գրքի համար արժանացել է Եղիշեի անվան մրցանակի (ԼՂՀ): Հայ-վրացական բարեկամության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար պարգևատրվել է «Հայոս-Քարթլոս» արծաթե մեդալով, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով և այլն:
Հայրենիքի ճակատագրով մտահոգ Հրաչյա Մաթևոսյան մարդու, գրողի, հրապարակախոսի ստեղծագործությունները հայրենասիրության և նվիրումի ազդակներ կհաղորդեն նաև գալիք սերունդներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Էս անաստված ասֆալտներին մաշվեցինք»

Մտքովս երբեք չէր անցնում, թե կարող էի պատրաստ լինել այս խոսքիս:
Որովհետև նրա մահվանից մեկ օր առաջ հավաքել էի իր տան հեռախոսահամարը, և Հրաչիկի տղան ասաց, որ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, հենց պալատ բերեն, նոր միայն կարող եմ այցելել:
Ո՞ւր այցելել:
Վերջին շրջանում մեզանից հեռացած մեր ընկերների՝ գորիսեցի գրող Էդուարդ Զոհրաբյանի և նույնպես գորիսեցի, ԽՍՀՄ տիեզերագնացի թեկնածու, ֆիզիկոս Գուրգեն Իվան- յանի մասին հետմահու գրքեր եմ գրել, այդ գրքերի համար խոսք խնդրել նաև Հրաչիկից:
Սիրով ու նվիրումով գրել է: Բայց վերջինում նաև գրավոր խնդրել էր, որ այլևս իրեն չդիմեմ՝ հեռացածների մասին խոսք գրելու, որպեսզի նրանք… չհեռանան:
Հիմա ինչո՞ւ հեռա-ցավ ինքը:
Ես պատրաստվում էի եկող տարի խոսք ասելու նրա 80-ամյակի հանդիսությանը: Եկող տարի նա կդառնար 80 տարեկան:
Մենք ընկերություն էինք անում շուրջ 55 տարի, սկսած 1960 թվականից, Երևանի թիվ 2 տպարանից, որտեղ Հրաչիկը լինոտիպ արտադրամասի բանվոր-վարպետ էր աշխատում, ես «Երևան» թերթի սրբագրիչն էի:
Հետո ժամանակներն անցան, ու մի օր Հրաչիկը իր երկար բոյով հայտնվեց իր բոյից էլ երկար վարդաթփերի կողքին՝ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում, որն իմ ծննդավայրն է: Հրաչիկին ես էի տարել, որպեսզի այնտեղ խոսք ասի Աշոտ Գրաշու մասին:
Հրաչիկը մի մեծ, շատ մեծ հոդված գրեց այդ այցելության վերաբերյալ՝ «Թաղավարդյան սիմֆոնիա», որը հրապարակվեց մամուլում, ապա՝ առանձին գրքում: Սրտի գրչով գրեց այդ ակնարկը ողջերի ու հանուն հայրենի հողի զոհված-հերոսացածների մասին:
Սիրահարվել էր գյուղիս: Նորից էր ուզում այցելել: Չստացվեց:
Երկուսով իր ծննդավայր Ահնիձոր պիտի գնայինք: Համո եղբայրն այնտեղ մեզ էր սպասում: Կիսատ մնաց:
Իմ գրքերի մեծ մասը Հրաչիկն է խմբագրել:
Շնորհակալ եմ:
Հաճախ էլ իմ շնորհակալությունը գրավոր արտահայտել եմ այդ գրքերում, որոնցից մեկով էլ ավարտում եմ խոսքս.
Քեզ տեսնելիս վերանում եմ քաղաքից,
Ինձ պատում է հեռու գյուղի մի թախիծ,
Ու միտք անում, թե սարից ոնց քաշվեցինք,
Էս անաստված ասֆալտներին մաշվեցինք:

Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ

ՄԻԱՄԻՏ ՈՒ ՄԱՔՈՒՐ ՀՐԱՉՕՆ
Ցանկացած մարդուն բնութագրելու համար երկու բառը քիչ է: Բայց Հրաչյա Մաթևոսյանի դեպքում այդ բառերը շատ տեղին են: Ինձ միշտ թվում էր, որ նրա դեմքին մի անփոփոխ տխուր զարմանք է գրված՝ էս ի՞նչ է կատարվում, մարդիկ էս ի՞նչ են դարձել: Գրում էր իր հոդվածները և փորձում իր այդ զարմանքը արտահայտել, մարդկանց վրա մի քիչ ազդել, բայց չէր ստացվում: Մեր գրական աշխարհին նա իր երանգն էր տալիս՝ իր այդ մաքրության երանգը, որը սրանից հետո մեզ շատ պիտի պակասի:

Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ԱՐԱՐԵՑ ԻՐ ԱՇԽԱՐՀՆ ՈՒ…… ԳՆԱՑ
Հրաչօն էլ գնաց: Հայ գրողների ընտանիքից մի լուսավոր հոգի էլ պակասեց: Մի համեստ ու ազնիվ, տաղանդավոր արձակագիր, լրագրող, անխոնջ հրապարակախոս, ով մինչև վերջին շունչը մնաց իր ժողովրդի ցավին ու հոգսին մշտապես արձագանքող, հաջողություններով հպարտախոս մտավորական: Հրաչյա Մաթևոսյանը մայրաքաղաք եկավ Լոռու հեռավոր ձորերից մեկում ծվարած Ահնիձոր գյուղից, եկավ սովորելու, կրթվելու, հոգում խլրտացող դեռևս անհայտ զգացումները բացահայտելու հավատով: Եվ նրան իր նպատակին հասնելու համար հոգևոր լույսի աղբյուր դարձան Մայր բուհը, որի ճանաչված սաներից եղավ նա, Երևանի հարուստ գրադարանները, գիտության ու մշակույթի օջախները և այն նշանավոր մարդիկ, որոնց հետ, որպես լրագրող, հաճախակի շփումներ ունեգավ:
Բեղուն գրչի տեր լրագրող ու գրող էր Հրաչօն: Նրա մեծահասակների համար գրված պատմվածքների ու վիպակների բազմաթիվ ժողովածուները ջերմորեն ընդունվեցին ընթերցողների կողմից` հեղինակին արժանացնելով լայն ճանաչման ու հարգանքի: Հրաշալի զավակների ու թոռների հայր ու պապիկ Հրաչօն իր «Աստղերի հետ թռչում էր ձին» , «Գունավոր փոքրիկ Ջեքսին», «Էս մի բուռն էլ թռչուններին» և ուրիշ գրքերով դարձավ նաև մանուկների ու պատանիների սիրելի հեղինակներից մեկը: Հրաչօն հարգված և սպասված հյուր էր ամենուր` Լոռիում լիներ` Թումանյանական թե Ջավախքում` Տերյանական օրերին, Թբիլիսիում` Սայաթնովյան վարդատոնին թե Իջևանում` կամ այլ շրջանում մանկական գրքի շաբաթի միջոցառումներին: Նրան սիրում ու հարգում էին գրական արժեքավոր գործերի, արդարամիտ ու սրտացավ, հասարակությանը հուզող հրատապ խնդիրների մասին հրապարակախոսական սուր ելույթների և, ինչու չէ, մարդ- կային պարզ բնավորության համար: Այո, Հրաչօն իր երկրի, ժողովրդի, հարևանի ու ընկերոջ հաջողությամբ ուրախացող, ցավերով տառապող մարդ էր: Ընդամենը երկու շաբաթ առաջ նա, մի քանի ընկերների հետ եկավ սգասրահ` մասնակցելու գրչակից ընկերոջ` Երվանդ Պետրոսյանի հոգեհանգստին, ցավակցելու նրա հարազատներին: Նրա առողջական վիճակին տեղյակ մարդիկ զար- մացած էին հազիվ ոտքի վրա կանգնող գրողի հոգու մեծության և կամքի հզորության վրա… Այո, այդպիսին էր Հրաչօն` մեր սիրելի գրչեղբայր Հրաչյա Մաթևոսյանը:
Վերջին տարիներին, երբ ապրիլի 1-ին զանգահարում էի նրան` շնորհավորելու ծնունդը, հիշելով նաև, թե ինչ արագ անցան տարիները, երբ այսքան մեծացանք, որ շուտ-շուտ հիվանդանում ենք, Հրաչօն, օրվա խորհրդին համահունչ, կատակում էր.
– Չէ՜, սուտ կլինի, ի՜նչ մեծանալ, ինչ բան, դեռ ջահել ենք, երկար ենք ապրելու…
Սակայն, ցավոք, նրա մարմնում բույն դրած ծանր հիվանդությունը արդեն իր գործն էր կատարում: Եվ օրեր առաջ, երբ գրող ընկերներից մեկը զանգահարեց և հայտնեց նրա մահվան գույժը, ես հիշելով Հրաչօյի խոսքը, ցանկացա ասել, թե լսածս կարող է սուտ լինի, բայց, ավաղ, նման լուրերը սուտ չեն լինում…
Հրաչօն ապրեց ու արարեց իր գեղեցիկ ու ինքնատիպ աշխարհը, որին առնչվողները բարի խոսքերով ու օրհնանքով են հիշելու նրա ազնիվ ու շիտակ հեղինակին:

Լիպարիտ ՍԱՐԳՍՅԱՆ

Հրաչյա Մաթևոսյանին՝ բոլորի սիրելի Հրաչօյին, հասցրեցի ավետել

Մեծ մանուկ, իր հայրենի սարուձորերի ու անտառների, նրանց գրկում ապրող-արարող մարդկանց զրնգուն կարոտները գրառող Մաթևոսյանը գնաց: Ճշմարիտ լոռեցի՝ բառուբանով, միամիտ հումորով, վարքով ու մարդկային պահվածքով, նաև՝ իր գրականության մեջ: Հրանտ Մաթևոսյանի եղբայրը ոչ միայն արյամբ, այլև աշխարհին նայելու մաքուր հայացքով, խորազգացությամբ և իր գրի հանդեպ ազնվությամբ:
Զարմանալի մաքուր, անկեցվածք գրող էր, նույնքան մաքուր և անկեցվածք էր որպես ամեն ինչին արձագանքող, Հայրենիքի մեծ ու փոքր խնդիրներով ապրող քաղաքացի: Իսկ թե ինչքան էր ուշադիր գրչակիցների հանդեպ՝ անկախ տարիքից, շատերը կվկայեն: Որովհետև լավ ընթերցող էր նաև և միշտ դրվատանքի ճիշտ բառեր էր գտնում հեղինակների գրքի, հոդվածի, ցանկացած լավ հրապարակման համար:
…Գրողների միության ինչ-որ միջոցառման ժամանակ ամբիոնից ասաց, թե՝ Կարինեն քաջաբար մասնակցել է Ազատամար- տին, տեղից բուռն առարկեցի, հետո մոտեցա, ասացի՝ ախր, ես անգամ Արցախում չեմ էլ եղել (հետո շատ անգամներ գնացի, իհարկե) կամ ինձնից ի՞նչ կռվող: Չի կարող պատահել՝ ասաց, բա դու էդ բաները որտեղի՞ց գիտես, էդքան որտեղի՞ց գիտես, բա էդ ո՞նց ես գրում: Մինչև վերջ մնաց իր համոզմունքին, թե ես …ազատամարտիկ եմ:
Նահապետ էր, իմաստուն էր, բարի էր, տաղանդավոր էր: Մի ամբողջ դարաշրջան ներկայացնող վերջիններից էր:
Լույսերի մեջ լինի հոգին: Եվ թող սփոփված լինեն հարազատները, որովհետև ամեն բանից առաջ՝ Հրաչյա Մաթևոսյանը սիրելի էր մարդկանց և ուրեմն՝ Տիրոջը:
…Հոգեհանգստին ես մոտեցա Հրաչյա Մաթևոսյանին, ում հոգին արդեն թևածում էր երկրից երկինք ճանապարհին և փոխանցեցի իմ տպավորությունը Արտակ Մաթևոսյանի՝ առ այսօր հմտորեն թաքցրած, խորա- շերտ արձակից, որ ինձ վիճակվել էր կարդալ հենց այս օրերին:
Երևի սա վերջին, բայց հրաշալի ավետիսն էր սիրելի Հրաչյա Մաթևոսյանին…

Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.