Գագիկ ՍԱՐՈՅԱՆ

Ներկայացված է ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ ամենամյա մրցանակաբաշխությանը

AKM-74 ինքնաձիգի երգը
Ամեհի խորխորատներ կան
Կյանքի և մահվան միջև:
Ես չափում եմ դրանք
Կույր,
Թափառական,
Դեպի թիրախը սլացող
Իմ լուսածիր գնդակի կորագծով:
Հե՜յ,
Ամեհի անդունդներ
կան գիշերներում:
Հուզվում եմ, շիկացած է իմ փողը:
Վառոդից վառվելով վառ,
Գազի մեջ
Հազում,
Թպրտում,
Դողում է գիշերը:
Ահա՛, այսօրվա իմ տերը,
Որ գրկել, փարվել է ինձ,
Անհամբեր է:
Եվ փակաղակս դրել է
ավտոմատ վիճակի:
Եվ միայնակ է,
Մնացել է մենակ:
Եվ ահեղ այս մարտում
ընկել է իր ընկերը:
Հուզվում եմ, շիկացած է իմ փողը:
Իսկ նա`
Իմ տերը,
Իմ զինվորը խոժոռ է:
Եվ փոխում է կրկին պահունակս:
Եվ կրկին ձգում է ձգանս ձիգ:
Փամփուշտը,
Փամփուշտը քիչ է, բարեկամս,
Մի՞թե դու էլ,
Դու էլ ես զոհվելու:
Հե՜յ,
Տես, ինչ հեռու է,
Դեռ հեռու է այն գագաթը,
Որտեղ բուրում է ցնորքի մեջ ուրցը,
Որտեղ աճում է ապահով
պատրանքը:
Փամփուշտը,
Փամփուշտը խնայիր, բարեկամս,
Իմ փողը շիկացած է,
Իմ փողի մեջ դիրտ է ու մուր:
Բայց, տե՛ս, տե՛ս,
Խավարի միջով, խավարի պես
Դեռ սողում է ոսոխը,
Կրակի՛ր, խփի՛ր, զարկի՛ր,
Թող սատկի խավարը:
Եվ նա`
Իմ տերը`
Իմ զինվորը սեղմում է,
Ցավեցնում է իմ ձգանը:
Եվ իմ կոթը,
Որը սեղմված և ձուլված է
ասես իր ուսին,
Անզգա և ուշաթափ է արդեն:
Բայց ես դեռ զգում եմ
Ահագնորեն իրեն,
Կարդում եմ իր միտքը
Նույնանում եմ իր հետ:
Նա գիտի,
Որ սվինն իմ դեռ սուր է:
Նա գիտի,
Որ ձեռնամարտում վերջին
Ես հաստատ չեմ լքելու իրեն:
Եվ նա`
Իմ այսօրվա նահատակը`
Իմ զինվորը կորովի
Համբուրում է իմ խզակոթը,
Համբուրում է
Անունները իմ զոհված տերերի,
Անունները,
Որ փորված են իմ սվինով իմ կոթին:
Եվ նետվում է,
Նետվում է,
Նետվում է իմ տերը մի վերջին գրոհի:
Եվ սվինն իմ շողում է
Ցոլքերում անտարբեր լուսնի:
Եվ իմ մարմնի ազնիվ պողպատը
Ես զգում եմ արյան մեջ
Իմ վերջին զինվորի,
Իսկ հեռվում` հեռավոր
այն դիրքերում
Դեռ բուրում է ցնորքի մեջ ուրցը,
Դեռ աճում է պատրանքը`
Վճիռը լացող Աստծո:
Հե՜յ,
Դեռ աճում է պատրանքը
Սրտաճմլիկ ու հաղթական կռվի:

Ականապատ դաշտը
Ականապատ դաշտեր`
մահվան վիհեր,
Հոգին կանցնի հաստատ,
մարմինը` չէ:
Գուցե հավատամ ես
բախտին մի հեղ,
Թե մարմինը կանցնի՛,
իսկ հոգին` հեչ:
Կանխազգալ երկինքը թռչունի պես,
Տե՛ր, ինչպես ցավը սրտից նետվող`
Այդպես էլ ահը թև չունի, տե՛ս,
Սոսկ սեղմում է հոգին`
երկինք միտվող:
Կերպափոխել ցավը ու ահից վեր
Պատկերները զգալ հերոսական,
Ուր բեկվում է մահը, և խիղճն ավեր
Թաղվում է կրծքի տակ որպես ական:
Ո՞ւր է ընդվզումը` պայծառ ոգին,
Եթե հիշել նրան, ապա ցնծալ:
Երկինքներում լինել, նրա կողքին,
Արտասուքը սրբել հար ու դարձյալ:
Ականապատ դաշտեր`
մահվան վիհեր,
Լարեր` ձգված գիշերվա փակ կոպից:
Մի առավոտ հետո սուր սվիններ,
Մութ սվիններ կելնեն հոգու միջից,
Հոգու միջից կելնեն մարմինն ի վեր:

Մաքուր թիրախ
Սպիտակ լեկոպլաստե* խաչեր են
Մեր մեջքերին, մեր սրտերին
Մեր տանկերի վրա են
Խաչերը այդ` մաքուր թիրախ,
Տե՛ր, դու իմ Արարիչը չես,
Դու հայրենիքն ես իմ,
Քանզի ամեն զոհվելուց հետո էլ
Ես վերածնվում եմ քո մեջ
Եվ կրկին ծնվում եմ այստեղ`
Արարատի դիմաց,
Եվ դու կրկին իմ Արարիչը չես,
Այլ ընկերն ես իմ,
Որը նստած է հրասայլի մեջ
Եվ այրվելու է էլի մի անգամ
Որպես մաքուր թիրախ:
Թանզիֆե սպիտակ թևկապեր են
Մեր թևերին, մեր ճակատներին,
Մեր սրտերում են նշաններն այդ`
Մաքուր թիրախ,
Թե կարող են, թող խփեն,
Տե՛ր, դու իմ Արարիչը չես,
Դու մարտադաշտն ես իմ,
Քանզի ամեն ընկնելուց
Իմ արյունը հոսելու է քո մեջ,
Տեր, դու անվերջ իմ Արարիչը չես,
Դու ընկերն ես իմ,
Որի վիրավոր ու խաչված մարմինը
Ես իմ խաչափայտ հոգում եմ կրում
Որպես մաքուր թիրախ:

*Հեղինակը ներողություն է խնդրում այս բառը օգտագործելու համար

Հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին
Էքսպրոմտ

Ով դիրքը տա` նրա մերը…
Ասվել է արդեն:
Տեր, գիրկդ բաց, առ նվերը:
Տվել է արդեն
Եվ ձգել է նա օղակը,
Ձգել է արդեն:
Նրա ցավին ով է տեղյակ.
Հաղթել է արդեն:
Եվ նետել է նռնակը նա
Մահվան ոտի տակ:
Այս երկիրը դեռ կմնա
Նրա սրտում տաք:
Ով դիրքը տա` նրա մերը…
Ասվել է արդեն:
Հող, սիրտդ բաց, նա է տերը:
Եկել է արդեն:

***
Պարիսպների վրա է ազգը`
Չբացես դարպասները, արքա:
Դեռ ուժ կա խփելու մեր զարկը`
Համարիր ինձ հավերժ ներկա:
Պարիսպներին է իմ որդին`
Դու էլ քո զավակին կանչիր.
Որ հացը չմնա կոկորդին`
Պատիվը իմ որդուց պահանջիր:
Դեռ ուժ կա, հավատա Աստծուն,
Չբացես դարպասները, արքա:
Ողջ աշխարհ արյուն է, արցունք,
Մատնություն է շուրջը որքան.
Կլցվի երկիրը ցավով`
Կվառվեն քաղաք ու տուն,
Եվ մահդ կանցնի կածանով,
Քո դավը կլինի արթուն`
Չբացես դարպասները, արքա:

Նվիրաբերում
(Արցախում ընկած մտավորականներին)

Ահա տե՛ս, երկնքում վերքեր կան,
Դնում եմ թռիչքս վերքին:
Մի հոպոպ` իսկը քերական
Ոստնում է, նետվում երկինք,
Իր գլխի փումփուլե սանրով
Նա ասես ամպերը սանրում
Բամբակի պես դնում է հերթով
Վերքերին` վախեր սերմանող,
Բայց սուրում են հրթիռները`
Նոր վերքեր հայրենի մովին,
Հոպոպը նետել է թրթիռները,
Եկել ճախրում է կամովին:
Ահա տե՛ս, հրթիռի ոռնոցը
Նա ճչալով է ցուցանում,
Նա թևով ծածկում է բոցը,
Նա իրեն երկնքում է ցանում:

Լրումն ամայության
Մի հողագործ
Իր գյուղում ասաց,
Որ ինքը թագավորություն է:
Մարդիկ չհավատացին:

Մի քուրմ
Իր մեհյանում ասաց,
Որ ինքը կրոնապետություն է:
Մարդիկ չհավատացին:

Մի բանաստեղծ
Իր գրքում ասաց,
Որ ինքը հոգևոր հայրենիք է:
Մարդիկ չհավատացին:
Մարդիկ
դատարկվեցին պետությունից:

Այգեբաց
(Բալլադ)

Դաժան կռվից հետո ահեղ արքան
Իր ձեռքով էր թաղել քաջ զինվորին,
Իր ձեռքով էր հողել կամավորին`
Ընկած հողի համար հայրենական:
Եվ արդար էր արքան և բաց հոգին:
Եվ երբ ժամը հնչեց այգեբացի,
Հիշեց իր զինվորի թաղված այգին`
Ծանր հողերի տակ մնացածին:
Ու որոշեց քանդել, հանել հողից,
Լքված որթը բացել կապանքներից,
Որ ապագա գինին ծնվի նորից
Ու փրփրի հոգու արցունքներից:
Գնաց արքան, զգույշ վազը քանդեց,
Անդունդներից հանեց նրա ոգին,
Որ ապագա կռվում լինի կողքին
Պատիվը իր հողի ու խինդը հին:
Քանդեց արքան վազը,
բայց մի հատիկ
Արյուն կաթեց նրա բազկին արդար:
Դա արյո՞ւնն էր տիրոջ,
թե՞ մի զատիկ
Ճախրեց հոգուց`
որպես զինադադար:

Նույն պատերազմի տարբեր դեմքերը

***
Ստույգ հիշում եմ.
Հրեշտակ էր նա,
Վառարանի մոտ
Թաց կոշիկներն էր իր չորացնում,
Եվ թութունի տեղ բլինդաժի մեջ
Թեյի զզվելի ծուխն էր աչք ծակում:
Պարզ հիշում եմ ես.
Նա էլ էր ծխում և հրացանն էր խնամքով յուղում,
Չգիտեմ, ավա՜ղ`
Գիշերվա ահեղ մարտերից հետո
Ի՞նչ եղավ նրան.
Երկի՞նք համբարձվեց,
Թե՞ գնաց երկինք:

***
Յոթնապատիկ խոցված
խրամատներում
Պատանիները թաղարներ են դրել զանգակ ծաղիկների,
Եվ արգելել են,
Որ իրենց Ռեքս անունով շունը
Տրորի ծաղիկները:
Ռեքսը շուն է խելացի և
ռունգեր ունի անկեղծ,
Եվ գիշերներում
Թաքուն հոտոտում է ծաղիկը,
Որ հեշտ տարբերի թշնամուն.
Հարմար է այդպես,
Հետո պառկում է խրամաթմբին,
Որ հոտոտի խավարը,
Եվ լսի չխչխկոցը դատարկ
պահածոյատուփերի:

Հ.Գ. Երբ օգնություն եք ուղարկում
զինվորներին,
Մի քանի հատ էլ լիքը շան պահածո
Ռեքսի համար ուղարկեք.
Արդար է այդպես:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։