ՍԵՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Այս դրաման խաղարկվեց այսօր, մեծ քաղաքի անշուք ծայրամասում, կեսգիշերին, բայց կարող էր և բուն կենտրոնի շքեղ ու լուսավոր Հյուսիսային պողոտայում էլ տեղի ունենալ, աշխարհում ամենուրեք, որովհետև սերն ու դավաճանությունը տարածության չափումներից դուրս են և անժամանակյա, հնարավոր չէ նրանց կաղապարել: Բելը, որը ոչ մի ընդհանրություն չուներ առասպելականի հետ, թերևս լոկ անվան երեք տառով, բարի էր ու խաղաղասեր, նույնիսկ իր դեմ չէր բողոքում, էլ ուր մնաց` ուրիշների, գոհունակ ու լռելյայն ապրում էր իր կյանքը և մաթեմատիկական խնդիրներ վերծանում, որոնք նրան բավականություն էին պատճառում, եթե նույնիսկ չէին լուծվում` մնալով խորհրդավոր հարցականի տակ: Այդ գիշեր նա սպանեց քնած կնոջը` Մարիին, և զանգահարեց թաղային ոստիկանություն, որ գան, իրեն ձերբակալեն: Չհավատացին ու եկան միայն առավոտյան կողմ և շատ զարմացան. Մարին մեջքի վրա հանգիստ պառկած էր ճերմակ, մետաքսե անկողնում, այնքան կենդանի ու գեղեցիկ, կարծես մեռած չլիներ:
Բելը չէր մտաբերում` երբ է առաջին անգամ հանդիպել Մարիին, դա շատ վաղուց էր, գուցե Տիրոջ որդին դեռ չէր ծնվել, հնագույն մատյաններն էլ այդ մասին ոչինչ չէին հաղորդում, և Բելը մտածում էր` Մարիին տեսել եմ աշխարհաստեղծումից առաջ, աշխարհը դեռ չկար, երբ նրան գիրկս առա ու սիրեցի: Իսկ Մարին մի որոշակի ժամանակ ու տարածություն էր հիշում` համալսարանում իրենց ուսանողական տարիները: Բելը դրան կտրականապես հակառակվում էր` ի՛նչ կարճ հիշողություն ունես: Քանի որ ժամանակը պայմանական է, Մարիի կարճն ավելի երկար էր, քան Բելինը: Նա Մարիին նկատեց, մինչև նրան կհանդիպեր դեմ դիմաց: Այդ օրն ընդհանուր ժողով էր` նվիրված ուսանողներից մեկի հանցագործությանը. նա դաժանորեն սպանել էր ընկերուհուն: Բելը կանգնեց ու տեղից ելույթ ունեցավ` խստագույնս դատապարտելով նրան, ով իր նման մաթեմատիկոս էր ուզում դառնալ: Երբ նստեց, հանկարծ տեսավ մի քանի շարք առջևում գտնվող աղջկա ծոծրակը` շիկավուն գանգուր մազափնջով: Ժողովից հետո, հոծ բազմության մեջ որոնեց ծոծրակը, բայց չգտավ: Հաջորդ շաբաթներին էլ շարունակում էր փնտրել` մոտենալով մեկ այս, մեկ ուրիշ աղջկա: Մի օր, վերջապես, տեսավ նրան համալսարանի բազմամարդ սրճարանում և ժպտաց` ցանկանալով ծոծրակը շոյել: Դա Մարին չէր, սակայն Բելը համոզված էր` նա է: Փաղաքշանքով հպվեց գանգուրներին, և մատներն զգացին ծոծրակի բույրը: Աղջիկը շփոթվեց, դեռ ոչ ոք այդպես ուշադրություն չէր դարձրել նրան: – Անունդ ի՞նչ է: – Բել: – Շուրթերս համբուրիր,- ասաց աղջիկը, ում արդեն ծանոթ էր շրթհամբույրի քաղցր բավականությունը: Բելը ոչ թե չհամարձակվեց շուրթերը համբուրել, այլ ծոծրակի ու պարանոցի շոյանքը նրան ավելի հուզիչ էր: – Վախկոտ,- ասաց աղջիկը: – Անունս Մարի է: – Գիտեմ,- ասաց Բելը,- քեզ շատ եմ որոնել: – Գտա՞ր: – Էլ չեմ կորցնի,- ասաց Բելը: – Միշտ ասում են` չեմ կորցնի, բայց շատ լավ էլ կորցնում են, մեղք եմ:
Բելը համբուրեց աղջկա շուրթերը և մտքով անցավ` Մարի, էգ թռչուն: – Էլ չհամբուրես,- ասաց Մարին, սակայն իրականում ցանկացավ բավականությունը կրկնվի նորից ու դարձյալ:
Մոտավորապես այսպես եղավ Սևագրության սկիզբը: Իսկ շարունակությունը` մի ամբողջ անանուն դար:
Դժվար է ասել` Բե՞լն էր ավելի սիրում Մարիին, թե՞ աղջիկը` նրան: Նույնիսկ ամենագետ Կոմսը չկարողացավ մաթեմատիկորեն չափագրել Աննա Կարենինայի ու Վռոնսկու սերը` յուրաքանչյուրին իրեն արժանի բաժինը տալու, թեև Աննան անօրինակ ինքնասպանությամբ սիրո նժարի ծանրությունը թեքեց իր կողմը և վեր կանգնեց տղամարդուց` հայտնվելով տիեզերական տիրույթում, բայց դա, հավատացեք, խնդրի ավելի գրական լուծում է, քան կյանքային: Սովորաբար, կյանքն ապրում է իր հորիզոնական օրենքներով, գրականությունը` իր, դեպի վերին գոյությունը, որտեղ Նա է, որտեղ մեզանից շատերը երբեք չեն հայտնվել:
Օր չկար, որ նրանք չհանդիպեին համալսարանամերձ զբոսայգում: Ծառերն զգում էին տղայի ու աղջկա գրկախառնության հուզմունքը և սոսափում նրանց սրտի մեղեդին: Դա մի երաժշտություն էր, որը ոչ ոք չէր նվագել, որովհետև երգում-նվագում են այն, ինչ շատերինն է և ոչ երկուսից բաղկացած մեկ հոգուն ու մարմնին: Իհարկե լինում էին տարբեր պատճառներով պայմանավորված որոշ պարապուրդ օրեր, հետո դարձյալ հանդիպում էին անհուն կարոտով, թվում էր` առաջին անգամ: Նրանք այնպես էին ապրում իրենց սիրաօրը, կարծես վերջինը լիներ` երջանիկ ու ողբերգական:
– Համբուրիր շուրթերս: Բելը շոյում էր նրա պարանոցը և շուրթերը երկար համբուրում, ինչպես մեղուն է ծաղկի առէջքից ծծում քաղցրանուշ նեկտարը: Մարին նվաղում էր. – Էլի համբուրիր, անունդ ի՞նչ է, ես Մարին եմ, դու Բելն ես…
Համբույրը նրանց ճոճք էր երևում,- կասեր Ակսելը,- աշխարհը` ծիրանագույն բուրաստան:
Նրանց սիրո գետը խաղաղ չէր, հաճախ խփվում էր քարաժայռերին և ալիք տալով` հոսում իրենց համար էլ անհայտ ուղղությամբ: Երկուսն էլ մահվան չափ վախենում էին միմյանց կորցնելուց: Եվ այդ վախը նրանց ավելի էր մերձեցնում:
Քիչ է ասել` Մարին գեղեցիկ էր, հայոց մեջ գեղեցիկ կանայք` ինչքան ուզես, նա աչքի էր ընկնում նաև կանացի գայթակղիչ հմայքներով, որոնց հանդեպ շատ տղամարդիկ անտարբեր չէին: Հաճախ նրան, ինչպես արտահայտվում է ժողովուրդը, բմբուլ էին գցում, փորձում իրենց կողմը քաշել` պարզապես վայելելու: Սկզբնապես այդ անթաքույց վերաբերմունքը Բելին հպարտություն էր պատճառում, որ Մարիի պես գանձը միայն իրենն է, և սիրուց ավելի էր սիրում նրան: Մարիին էլ էր այդ վերաբերմունքը դուր գալիս, հաճելի էր գտնվել շատերի ուշադրության կենտրոնում, հրճվում էր մինչև իսկ ընկերուհիների խանդոտ ու չարակամ ժպիտներից: Այդպես գուցե երկար շարունակվեր, եթե տղաներից մեկը, այստեղ անունը կարևոր չէ, չփորձեր Մարիին բռնի տիրանալ: Այդ արարքի մեջ Բելը, ճիշտ թե սխալ, կարդաց նաև ուրիշների ցանկությունը, և սև ամպ իջավ սրտին:
– Դու ինձ չես սիրում:
– Միայն քեզ եմ սիրում, Բել:
Բելը չհավատաց և նրան ամուսնության առաջարկություն արեց:
Քամոտ ձմեռնամուտի օր էր, իսկ նրանց սրտերում` պայծառ գարուն:
Սառն անկողինը տաք էր, ինչպես շոգ ամռանը:
– Դու ինձ չես սիրում այնպես, ինչպես ես եմ քեզ սիրում,- Մարի՞ն ասաց, թե՞ Կարենինա Աննան:
Ինքնամոռաց սիրո ծովում խեղդվելով` Բելը չպատասխանեց:
Սևանի լողափին նրանցից բացի ոչ ոք չկար: Շատ հեռվում, կապույտի մեջ տարուբերվում էր սպիտակ առագաստանավը:
Մարին մերկացավ և Բելին խնդրեց իրեն լուսանկարել:
– Դու էլ հանվիր: – Մյուս կյանքում: – Էս է կյանքը,- ասաց Մարին:
Ո՛չ նրանց և ո՛չ էլ որևէ մեկին հայտնի չէր որտեղ և ինչ է կյանքը: Իսկ դա ալիքների վրա ճոճվող առագաստն էր, որը ո՛չ նավապետ ուներ, ո՛չ էլ ուղևոր և իրեն հավերժորեն մատնել էր բնության խորհրդավոր հոգուն:
Բելը մի դպրոցական ընկեր ուներ, որն ամեն տոնական օր իր «Մերսեդեսով» նրանց տանում էր Հայաստանի տեսարժան վայրերը և ռեստորաններում առատ հյուրասիրություն անում: – Ինչի՞ դու էլ Կարուսելի նման հարուստ չես,- մի անգամ հարցրեց Մարին:- Ո՞նց հարստացար, Կար, Բելին էլ սովորեցրու: (Այդպես էր ընկերոջ տարածված մականունը): – Գողանալով, սիրուն ջան, խաբելով ու խաբելով,- իրենից գոհ ու անկեղծորեն պատասխանեց Կարուսելը: – Դու էլ գողացիր, Բել,- ասաց Մարին: – Ես արդեն գողացել եմ,- ասաց Բելը: – Ո՞ւր է… – Դու ես,- ասաց Բելը:
Մի քանի անգամ եղավ` Կարն ու Մարին առանց Բելի գնացին շրջագայության` Բելի հիվանդության պատճառով: Մարին ուշ էր տուն վերադառնում և ինչ-որ չափով գինովցած:- Որտե՞ղ էիր,- հետաքրքրվում էր Բելը:- Դու գիտես:
Եվ Մարին ոգևորված պատմում էր` ինչպես է օրն ապրել:- Գառնիից վերադառնալիս մտանք Կարի ընկերոջ ամառանոցը:- Նա էլ է գո՞ղ:- Բայց ոչ քո չափ,- ծիծաղեց Մարին,- նա ինձ չգողացավ, բավարարվեց հաճոյախոսություններով, ասաց` ծիտիկ, քեզ սամույրե կիսամուշտակ կառնեմ: Ինչի՞ ինձ ծիտիկ չես ասում:- Որովհետև ծիտ ես,- ասաց Բելը:- Ես շատ գեղեցի՞կ եմ, Բել:- Քեզնից գեղեցիկը չկա:- Նա էլ էր այդ կարծիքին:- Դու գեղեցիկ չես:- Բա ինձ ինչի՞ գողացար:- Չգիտեմ,- ասաց Բելը,- երևի գեղեցիկ էիր:- Դու ինձ սիրո՞ւմ ես:- Ո՛չ,- ասաց Բելը:- Խաբո՛ւմ ես, խաբեբա՛, ինձ չհամբուրես, գո՛ղ,- և գրկեց ու համբուրեց Բելին,- Կարուսելի մեքենան է՛լ չեմ նստի, գլուխս պտտվում է:
Սակայն հենց որ կրկին առիթ եղավ` ընտրությո՞ւն էր, թե՞ մեռելոց` ոչ աշխատանքային ժամանակ, Մարին նստեց «Մերսեդեսը», ինչպես միշտ, Կարուսելի հարևանությամբ, իսկ Բելը` ետևի կաշեպատ նստարանին, որ աչքերով անվերջ սիրի կնոջ ոսկեմազ խոպոպով ծոծրակը:
Նրանց տան պատի կլոր ժամացույցը հաշվեց մի քանի ամիս: Նորից գարուն եկավ, ու ծաղկեց յասամանը: Մենավոր առագաստանավն այժմ տարուբերվում էր փոթորկոտ օվկիանոսում: Բելն ստացավ հերթական մաթեմատիկական խնդրի պատասխանը, որը հավասար էր անորոշության: Լույս թե գիշեր` երկնքից կախվել էր արևի արյունոտ սկավառակը: Բելը մտածեց` արևը կլոր չէ, այլ` քառակուսի: Քամին կաղկանձում էր սև գայլի նման: Գրապահարանի ապակու ետևից ժպտում էր Մարիի լուսանկարը: Ժամացույցը կանգ առավ: Բելը փակեց դուռ ու լուսամուտ և զգաց մենակության անձայն մոտեցող քայլերը: Աշխարհում գիշատիչ կատու կար:
Վերջ:
Պատմվածքը կարդացեք Սևագրության մեջ չգրված տողերում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.