Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

1. Ըստ իս, այս տարվա ամենակարևոր քաղաքական իրադարձությունը Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումն էր: Այն պիտի որ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական կարևոր նշանակություն ունենա Հայաստանի զարգացման ու անվտանգության համար, նոր հնարավորությունների ճանապարհներ բացի կենսագործունեության բոլոր ուղղություններով, մասնավորապես, հնարավորություն տա Ռուսաստանի հետ լայն` երբեմն հանգամանքներով, իրավիճակով պարտադրված, կապերը որոշ առումով հակակշռելու:
Որքան նկատեցի, քաղաքական ամենատարբեր, երբեմն անգամ իրար հակադիր ուժեր գտնում են, որ փաստաթղթի ստորագրումը մեր երկրի պետականության միջազգային կշռի բարձրացման նշանակալից քայլ է, որն իր արտացոլումն է ունենալու անգամ ամբողջ կովկասյան տարածաշրջանում:

2. Ընդհանրապես, չի կարելի չուրախանալ մեզանում տիրող (ցավոք, առայժմ միայն մայրաքաղաքային) մշակութային եռուզեռով, միմյանց լրացնող ու շարունակող փառատոներով, որոնց իսկական արվեստասերներն սպասում են ու սիրով իրենց մասնակցությունը բերում: Վստահ եմ` բոլոր գրողների համար ուրախալի էր, որ այս տարի դրանց թիվը համալրվեց Գրքի երևանյան փառատոնով` ուղղված գրքի ու գրականության հանրահռչակմանը, գրող-հրատարակչություն-ընթերցող կապերի վերականգնմանն ու ամրապնդմանը, որը մեր կենսական խնդիրներից է այսօր:

3. Վերջին տարիներին ինձ մոտ թարգմանական աշխատանքը, կարծես, առաջին պլան է մղվել. այս ընթացքում հինգ առանձին ժողովածու եմ տպագրել Ռուսաստանի ժամանակակից ճանաչված պոետներից, բազմաթիվ շարքեր մամուլում: Ու ահա հանկարծ, ինձ համար էլ անսպասելի, համարձակվեցի ձեռք զարկել Օմար Խայամին: Որոշ փորձերից հետո այնպես տարվեցի, որ ավելի քան մեկ տարի օրերս սկսվում-ավարտվում էին Խայամով: Ընթացքում ծնվեց մեծ իմաստունից հայերեն նոր ժողովածու ստեղծելու գաղափարը, ու շնորհակալ եմ, որ այն իրականացնելու հարցում ինձ օգնության ձեռք մեկնեց պարսկերենի հմուտ գիտակ Էմմա Բեգիջանյանը: Այնպես որ, իմ ստեղծագործական կյանքում անցնող տարվա ամենակարևոր իրադարձությունը Խայամի այդ ժողովածուի ավարտն եմ համարում (շուրջ 700 քառյակ), որի տպագրությունը սիրով հանձն առավ «Անտարես» հրատարակչությունը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.