27.10.1999

Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում` մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով: Միջազգային գեղեցիկ ու հարթ նշանառության օրենքները դիպչում են մեր քարերին ու ցաք ու ցրիվ լինում: Այս երկիրը անտրամաբանական սիրով և անտրամաբանական ատելության երկիր է: Օրենքներն այստեղ ծնվում են սահմաններում, ծնվում են անհրաժեշտաբար և խորհրդարան են մտնում լոկ հանդերձավորելու համար: Այս երկիրը բառերուվ սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ: Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից: Այս երկրի ազգային ժողովի պատգամավորների խոսքը պետք է ճշմարտություն դառնա խրամատում: Հազարամյակներ պետք եղան, որպեսզի հասկանանք, որ լալահառաչ մշակույթով ազգ չի ապահովվում: Ինչ է, ևս մեկ հազարամյա՞կ է պետք, որպեսզի հասկանանք, որ ամենակատարյալ ստեղծագործությունը ազատագրված հողն է: Աշխարհի ամեն անկյունում ապրող և իրեն հայ համարող մարդ պիտի շնչի այս երկրի, այս պետականության շահերով և իմանա, թե ինչպես օգտակար լինի նրան: Վստահ եմ, որ 21-րդ դարասկզբին ձևավորվելու է հայի մի տեսակ, որն իր ազգային գաղափարախոսության կրողն է լինելու` զերծ թերարժեքության մտավախությունից, համարձակ, լիասիրտ, թիկունքին` արժանապատիվ պատմություն, առջևում` տարածություն:

***
Մենք մեր ազգային պատերազմը անընդհատ հետաձգել, բերել-հասցրել ենք 21-րդ դարի շեմին, հիմա էլ նստենք-մտածենք, թե այդ կռվում արժե՞, թե՞ չարժե զոհվել: Ճիշտ եմ արել, որ կենաց ու մահու ընտրության կոչով եմ դիմել: 1915 թ. առանց լուրջ դիմադրության թողեցինք, որ մեզնից միլիոն ու կեսին կոտորեն: Տասնյակ հազարավոր մարդիկ այս ընթացքում զոհվեցին բնական աղետներից: Տարիներ հետո սերունդները մեր մասին դատելու են ոչ թե նրանով, որ 1989-95 թթ. հինգ հազար հրաշալի զինվոր կորցրեցինք, այլ այսպես` ստեղծեցի՞նք պետություն, թե՞ ոչ, պաշտպանեցի՞նք մեր հայրենիքի սահմանները, թե՞ ոչ: Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ժամանակային ինչ-որ հանգրվանում իրենց պատերազմը տվել են: Հաղթել են, պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կես ճանապարհին չեն հոգնել»:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հոկտեմբերի 27-ի ոճիրն իրականացնող հանցավոր խումբը ճաղերի ետևում է:
Հոկտեմբերի 27-ի արյունոտ էջը փակված չէ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.