«Երևան TAXI» նոր շարք. Նոր Հայաստանի տաքսու թավշյա վարորդը / Խորեն ԱՐԱՄՈՒՆԻ

Խորեն ԱՐԱՄՈՒՆԻ

– Փաստորեն, Փաշինյանը պատերազմ է հայտարարել մաֆիայի դեմ, միլիարդավոր դոլարների խնդիր է, ի՞նչ ես կարծում, Փաշինյանին չե՞ն խփի,- այսպիսի համարձակ ու անցանկալի հարցով դիմեցի տաքսիի վարորդին, մեր զրույցը թեժացնելու նպատակով:
– Չեն խփի, ցավդ տանեմ, Փաշինյանին որ խփեն, կես ժամ հետո մի ուրիշ Փաշինյան կգա, ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի հայասեր, չի կարող էդպիսի բան լինի, իրենք լավ գիտեն…
– Հավատո՞ւմ ես:
– Միանշանակ: Ես հավատում եմ, որ Փաշինյանը Աստծու կողմից է ուղարկված մեր ժողովրդին, որ բոլորի դեմքին բերեց սեր, հավատ, հույս և ուրախություն: Որ ինձնով լիներ, որ ես լինեի պետություն, իշխանավոր, հնարավորություն ունենայի, Մանվել Գրիգորյանի դատաստանը ես կանեի, այսինքն՝ ոչ մի բան չէի անի, ինչ կար՝ կբռնագրավեի, իրան էլ կբերեի Հանրապետության հրապարակ, կկանչեի էն զոհվածների բարեկամներին, հարազատներին, կասեի՝ Մանվելը ձեզի ղուրբան լինի… Էդ ժողովուրդը, ամեն մեկը որ մի հատ թքի նրա երեսին, արդեն ինքը վարի կերթա, էդ իրան հերիք ա, էդի ամենադաժան մահն ա, կախել-գյուլլելը ամենահեշտ մահն ա, էդի փրկություն ա…
– Էս երիտասարդության մասին ի՞նչ կասես:
– Վա՜յ, ես սրանց ցավը տանեմ, սրանք հրաշք են, հրաշք: Ես զինվոր բալա ունեմ, որ հիմա ծառայում ա, մեկն էլ Ապրիլյան պատերազմի ժամանակ ա կռվել… Մեր ու էս սերունդի մեջ ահավոր տարբերություն կա, ո՞վ կհավատար, որ տասնութ տարեկան տղեն խրամատից չի փախնի, հլա փախնելը մի կողմ դրած, գերի չի ընկնի, նռնակը կհանի ու կասի՝ բարև ձեզ, ես Ռոբերտ Աբաջյանն եմ ու իր հետ կտանի չորս հատ թուրք: Եթե էնտեղ իրոք կյանք կա, ես ամեն Աստծու օր ասում եմ, եթե էնտեղ կա դրախտ, ես կուզեմ էդ տղերքի հոգիները դրախտին արժանի լինեն, ես դրանց էն հոգուն մեռնեմ: Վարդը ոնց ա, որ կոկոմ ա լինում, հետո էդ կոկոմը բացվում ու սիրուն վարդ ա լինում ու լավ էլ հոտ ա ունենում՝ մենք էդ կոկոմներն ենք, իսկ մեր երիտասարդները բացված վարդեր են, բացվեցին ասեցին՝ մենք ապրում ենք, կյանքը հենց էս ա: Ես մեռնում եմ Ղարաբաղի համար, սիրահարված եմ Ղարաբաղին, եթե շվեյցարացիները գան, Ղարաբաղը տենան, իրենց երկիրը կծախեն, կգան Ղարաբաղը կառնեն, իմ արև, էսենց հրաշք երկիր, մենակ թե մի քիչ սրտացավ լինենք… Ոնց մարդն ա իր ընտանիքի ցավը տանում, տենց էլ պիտի հայրենիքի համար մտածել, ցավը տանեմ մեր երիտասարդների…
– Լավ, ի՞նչ բան էր այդ Թավշյա հեղափոխությունը, ի՞նչ կասես դրա մասին:
– Էդ բառերով չի ասվի, ցավդ տանեմ, ոնց որ, ասենք, երեք երեխա ունես, հիմա էլ չորրորդն ա ծնվում, ո՞նց կուրախանաս, էն էլ մանավանդ՝ ղոչ տղա:
– Ի՞նչ կրթություն ունես:
– Միջնակարգ:
– Բա էս գաղափարներդ, էս փիլիսոփայությունդ որտեղի՞ց:
– Դե, գիտես, մեր հայ տաքսիստները թե նավ նստեն՝ նավաստի են, գնացք նստեն՝ շոգեքարշ վարող են… Մի գաղտնիք էլ ասեմ, ես շատ սիրում եմ Մոնթեին, Մոնթեի ծնունդին՝ նոյեմբերի քսանհինգին, գնում եմ Եռաբլուր, Մոնթեն ինձ համար միշտ կա, ինքը հրաշք մարդ ա, երբ Մոնթեին սպանեցին… ոչ թե մահացավ, այլ սպանեցին, ետ կգա ժամանակն, ու պատմությունը ամեն ինչ կդնի իրա տեղը, ես մի ամիս հետո ունեցա տղա ու անունը դրի Մոնթե: Էսօր շատ Մոնթեներ են ծնվել ու ծնվում են, ես ուրախ եմ, ինքը մի հրաշք անձնավորություն էր, ես իմ Մոնթեին որ ուղարկում էի բանակ, ինքը երևի առաջին Մոնթեն էր, որ Մոնթեից հետո գնաց բանակ, ես նրան ասեցի՝ դու չես կարա դառնալ Մոնթե, նա մի ուրիշ տեսակի մարդ էր, բայց գոնե Մոնթեի տասը տոկոսն էլ դառնաս՝ աշխարհի ամենալավ պետություններից մեկը կլինենք, ցավդ տանեմ:
– Ուրախ եմ: Անունդ…
– Անունս Վարդան ա:
– Վարդան ջան, հեռախոսիդ համարը կասե՞ս:
– Ասեմ, ցավդ տանեմ, 055 886986:
– Իմ անունը Խորեն ա, էս իմ հեղինակային գիրքն ա, քեզ նվեր:
– Շնորհակալ եմ, ցավդ տանեմ, հայրենասիրությունը գալիս է էստեղից (ցույց է տալիս աղբով լեցուն մի տոպրակ), այ, էս իմ աղբի տոպրակն ա, առավոտից մինչև իրիկուն իմ աղբը հավաքում եմ սրա մեջ, արևածաղիկն անգամ պատուհանից դուրս չեմ գցում, որ մեկին էլ տենում եմ, կանգնում ասում եմ՝ ախպեր, խի՞ ես կեղտոտում իմ երկիրը, ասում եմ՝ ախպեր, դու որ քո տանը ծխում ես, մնացածը գցո՞ւմ ես սենյակիդ մեջ, չես գցում, չէ՞… Մի օր մեկը նստավ ավտոս, Իսպանիայից էր, քսան տարի Իսպանիա էր ապրել: Ես մեքենայի մեջ չեմ ծխում, ինքը հարցրեց՝ կարելի՞ ա ծխեմ: Ասի՝ ծխի, ցավդ տանեմ, ես էլ մի հատ սիգարետ կպցրի, ինքը մոխիրը թափում էր դուրս, ես՝ իմ բաժակի մեջ (մի բաժակ ոտքերի կողմից հանեց ու ցույց տվեց), սկսեց Իսպանիայից պատմել, գովել, ինչքան ասես փնովեց մեր երկիրը. «Արա, դե լավ, էս երկիր չի, ապրելու տեղ չի», էդ ժամանակ սիգարի մնացորդը շպրտեց դուրս: Ասի՝ արա, էդ խի՞ ես տենց ասում, տեսար, չէ՞, ես իմ սիգարետը գցի կիսով չափ ջրով բաժակի մեջ… Ու ասի՝ ախպեր ջան, Շվեյցարիայի հերն էլ անիծեմ, Իսպանիայինն էլ, խի՞ պապիրոսդ գցիր իմ երկրի մեջ, սաղ ճամփեդ աղբդ թափիր իմ երկրի մեջ, Իսպանիայում որ անեիր ու կողքիդ ավտոն տենար, կզանգե՞ր փոլիս, կբռնեին, քեզ ի՞նչ կանեին, կտանեին կտուգանեի՞ն… Էստեղ որ չենք զանգում, չեն տուգանում, պիտի երկիրս կեղտոտե՞ս: Բայց որ ցած իջավ, հազար անգամ ներողություն խնդրեց: Ես էլ ասի՝ ներողություն մի՛ խնդրի, միայն մի՛ արա, եթե էնտեղ վախենում ես կեղտոտես, քո երկրում առավել ևս մի՛ արա…
Իջնում էի, ասաց՝ բացե՛ք «բարդաչոկը»: Բացեցի, ծիրան էր, ասաց՝ վերցրեք, հաճախորդներիս համար է, անուշ արեք:

Իջա: Տուն մտնելուն պես բառ առ բառ գրի առա ձայնագրությունս:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.