ԲԱՌԵՐԸ` ՎՐՆՋԱՑՈՂ ՁԻԵՐ

Նոյեմբերի 13-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ արձակագիր Ռոլանդ Շառոյանի «Բառերի խրխինջը» բանաստեղծությունների ժողովածուի և «Էրգրի աստվածները» վիպասքի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ընդգծելով, որ Ռոլանդի գրչին հատուկ են հումորը, զվարթությունը, որոնք առավելապես արտահայտված են «Բառերի խրխինջը» գրքում, միաժամանակ նշեց, որ Ռ. Շառոյանն իր Աշնակ գյուղի կենցաղային, թվացյալ պարզունակ կյանքի մեջ հանկարծ արթնացնում է այն մեծ ցավը, որ բերվել էր իր երկրից և պիտի ապրեցներ` արարելու և ունենալու վրեժխնդրության ու պահանջատիրության զգացմունքային հզոր շեշտեր: «Եթե արձակում նա մնում է հայրենականչի, վրեժի, պահանջատիրության, նաև գյուղաշխարհի շրջանակում, ապա «Բառերի խրխինջը» բանաստեղծությունների ժողովածուում, ինչպես ինքն է ասում, բառերի խրխինջը բառերի ներսից է գալիս: Նա պայթուցիկ է բերում իր գրվածքներում, ինչը պոետական խոսքին նոր շունչ է տալիս»,- շեշտեց Էդ. Միլիտոնյանը:
Գրող Վրեժ Սարուխանյանի հավաստմամբ` «Ռոլանդ Շառոյանի գրականությունը բարձրարժեք է, քանի որ նա միշտ եղել է իր ժամանակի հետ, իր ժողովրդի բախտի ու ճակատագրի հետ»,- ասաց բանախոսը և հավելեց. «Բառերը նրա համար ոչ թե մեռած կապակցություններ են, այլ վրնջացող, խրխնջացող ձիեր, և այդ խրխինջը նրա պոեզիայի հզոր ոգին է»:
Ելույթ ունեցան նաև «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը:
Երևան քաղաքի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի, գրական արժեքների ստեղծման ու տարածման համար և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ Ռ. Շառոյանը պարգևատրվեց Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Սիփան Զադոյանը ներկայացրեց հատվածներ «Բառերի խրխինջը» գրքից:
Շնորհակալական խոսքում Ռ. Շառոյանը խոստովանեց, որ 65-ամյակի շեմին հասկացել է մի բան. «Այլևս պատերազմելով հայրենիք ազատագրել հնարավոր չէ: Ես համոզված եմ, որ այդ պատերազմի անունը կոչվում է իմաստության պատերազմ: Միայն իմաստությամբ է հնարավոր մեր ազատ, անկախ և ամբողջական Հայաստանը ետ բերել»:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։