1991 թվական, սեպտեմբերի 21

Հրանտ Մաթևոսյան
Անկախությունը հանրապետություն ընկած պատուհաս չէ` որ ամենքիս ու ամեն ինչ տակնուվրայեր և Հայոց աշխարհով անցնող փրկիչ չէ` որ փեշերից կախվելով խնդրեինք չանցնել, կուռք դարձնեինք ու պաղատանքի ծնկեինք: Անկախությունը հանրապետության բոլոր ուստրերի ու դուստրերի ամենօրյա, ամենժամյա` համարիր ճորտական աշխատանքն է, հենց որն էլ մեզ բոլորիս տեր կկարգի միմյանց ու այս երկրին, որն արդեն ոչ ոքի չենք զիջի:

Մարո Մարգարյան
Սեպտեմբերի 21-ին ասվելիք Այո-ն մեր ժողովրդի դարավոր փափագն է և բխում է նրա գիտակցված էությունից:

Համո Սահյան
Էն ո՞ր ոչուփուչը վեր կկենա ու Ոչ կասի իր արյան շրջանառությանը, իր աչքի լույսին, իր արդար հացին, իր պետականության հիմքերին, իր թոռների ու թոռնթոռների մարդավայել կյանքին:
Այո… այս երեք տառերն այսօր իմաստավորում են մեր ազգի երեք հազար տարվա ոգորումներն ու որոնումները:

Աղասի Այվազյան
Մարդկության մեծ մասին հատուկ է անհատի ստորադասության բարդույթը, բայց կա մի ազգ (մենք), որ տառապում է ազգային ստորադասության բարդույթով: Եզակիական պարադոքսալ մի վիճակ, երբ առանձին-առանձին, յուրաքանչյուր հայ իրեն զգալով որպես բարձրագույն իսկություն, ի բնե, դրսևորելով իր կամքի գերակայությունը, բոլոր ժամանակներում իր շնոcapture.thumbրհներով մրցության մեջ մտնելով աշխարհի տարբեր ժողովուրդների անհատների հետ, ունենալով պատմության ընթացքը կարգավորելու սեփական առաքելության ներշնչանքը, իր հավաքական դրսևորույթի մեջ ան­վստահ է: Անբացատրելի մի երևույթ, միստիկական մի հարց, որը չի կարող բացապարզվել նույնիսկ մեր այսահար պատմության երկարաձիգ ու վայրիվերո ընթացքով: Եվ այժմ անկախության նկատմամբ մեր Այո-ն, իմ խորին համոզմամբ, փոփոխության առաջին փուլը կարող է հանդիսանալ ազգային մեր կազմախոսության մեջ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։