Ճակատագիր «Կենդանակերպ»-ի մի պտղունցի մեջ / Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սաթենիկ ՄկրտչյանՍարսուռների, բազմահազար սարսուռների վազքն այլևս անհնարին է սանձել և նույն անզուսպ պոռթկմանը տրվելով՝ դեռ ընթերցելը չավարտած, ձեռքս ակամա մեկնում եմ գրչին…
Սաթենիկ Մկրտչյանի այս գործի դեռևս առաջին գրքին առիթ եմ ունեցել անդրադառնալու, ևս մեկ անգամ հնչեցնում եմ խոսքս՝ անկախ ժամանակից, քանզի իրականում այս գործի համար չկան ժամանակային չափումներ. ներկան, անցյալը, ապագան, բոլոր երեք չափումներն այստեղ են՝ մեկ տողում, մեկ պարբերությունից մինչև ամբողջական էջերի հասնող նախադասություն-մտքերում: Վերանում են տրամաբանության և մտածողության բոլոր սահմանները. միանգամից, միաժամանակ, տողերում, տողատակերում, միջանկյալ մտքերում… Ամենուր ասվում է ամեն ինչ՝ մեկ շնչով, բառերի միաձույլ շղթայով:
Հայկական մի մեծ տոհմի մեկ ամբողջական ծառ՝ արմատներից՝ ճյուղ առ ճյուղ, տերև առ տերև, ու չկա և ոչ մեկի բացակայությունը: Ճակատագրեր, որոնք այս մեծ տոհմին են բնորոշ և յուրաքանչյուր հայինն են, ամեն մեկինը, ով անցել է 1915-2015 հարյուրամյա ուղին՝ եթե ոչ ֆիզիկապես, ապա, անկասկած, գեներով, արյունով, ոգով: Սա, մեծ հաշվով, հայի ճանապարհն է` իր գեներով եկող լուսավոր ու երկյուղած հավատով, հույսով, տքնաջան աշխատանքով: Սա հայի ուղին է՝ բյուրեղացած մեկ տոհմի ավշահանգույցներում: Երեկոյան հեքիաթներ, մաքրամաքուր, զտված հայկական կոլորիտ, և «հավերժորեն նույնական ճակատագիր ու փորձով խելքի չեկող, խաբվելու պատրաստ հավերժորեն դյուրահավատ մարդի՛կ, դյուրահավատ երկի՛ր, դյուրահավատ ժամանակնե՜ր…», բայց և անգնահատելի արժեքներով, արժեքներ, որոնք մարդ իրավունք չունի կորցնելու՝ «մարդկանց, գրադարանը և այս հողը, մեր հողը», իսկ մնացածը կարելի է ստեղծել քրտինքով, ինչպես եղել է միշտ:
Եվ ամեն տեղ ու ամենուր, ամեն մի անկյունում, ասես ամեն մի անկյունից դառն քմծիծաղը շուրթերին՝ ծիկրակող մի ճակատագիր՝ ճա-կա-տա-գիր… «Իմ ընտրյալների վերջն այդպիսին չի լինում. ո՛չ այդքան շուտ և ո՛չ այդքան հեշտ»: Ուրեմն, մի կողմից՝ մեկդարյա իրականություն, մեկ ուրիշ կողմից՝ այդ ամենի խտացումը փոքրիկ, այսօրվա Գյումրի քաղաքում և կամ թե լայն հանրանկարի վրա՝ հայրենի ծննդավայր, բնօրրան, և ապա՝ հավաքական կտավ՝ տոհմածառի տեսքով… Լայն առումով այսպես կարելի է բանաձևել գործը, որն իրականում իսկական մի հյուսածո ստեղծագործություն է՝ բազմաթիվ ու անհաշվելի, անծայր թելերով, բայց միահյուս ու կանոնակարգված, բերված խիստ որոշակի օրինաչափության: Եվ այդ ամենին գալիս է գումարվելու պատմիչի ոճը, ոճական հնարներ, որոնք գործը վերածում են պատմության: Տոհմի պատմության՝ գրված փորձառու պատմագրի ձեռքով:
«…Կամ մեր կարողությունների ներածին չափով՝ ծայրահեղ լավ, կամ՝ ոչինչ: Ահա կյանքի նկատմամբ իմ… Եվ ոչ միայն իմ, նաև քո՛ հավատամքը՝ կրեդոն…»,- կարծես թե այստեղից է սկիզբ առնում «կյանքի հորձանուտն ինքնակամ նետված» ինքը՝ գրողը, որը առաջին գրքի վերջում դեռ չորսամյա մի աղջնակ էր, և հիմա անցել է շուրջ վեց տասնամյակը: Նաև այստեղից են գալիս հեղինակի նախորդ և այս գրքերի միասնություններն ու տարբերությունները. երկրորդն առավել առանձնանում է նեղ-անձնականի, այստեղից էլ՝ մաքուր ինքնակենսագրականի տարրերով: Ուշագրավ են իրադարձությունների հերթագայությունները՝ հար նույն՝ պատմականության վավերական կանգառները՝ 1915, 1918, 1920, 1937 ու… 1988: Ավելին, ստույգ օր ու ամիս էլ է նշվում՝ հունիսի 21. գուցե պատահական չէ նաև ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ այս հանդիպմա՞ն ընտրությունը:
Օրապատում. գուցե և այսպես է տարբերվում երկրորդ գիրքն առաջինից. հերոսի հուշերն են՝ մանկության, պատանեկության՝ թռիչքաձև, վերհուշ ապրողի մտքերն են վազվզում, ցատկոտում՝ իրենք իրենց ի վերջո գտնելու մեծ ցանկությամբ, և գտնում են: Այսպես, հայտնագործված է օրինաչափությունը. պարտավոր ես ընթերցել սեփական մտքի ուժը հնարավորին ամբողջությամբ օգտագործելով՝ հակառակ պարագայում թերի կընկալվի հեղինակի մտքի ուժը:
Եվ ապա՝ ավարտ… Փակում ես գիրքը, աչքիդ առջև կրկին հայտնվում է նա՝ վեպի հերոսուհին՝ նախա-նախատատերի գենետիկ հիշողությունն իր բջիջներում ամբարած կրողը՝ լուռ հնազանդ ճակատագրին, անխոս ենթակա այրված կենդանակերպի ընդամենը մի պտղունց մոխրափոշու հրամաններին, նա… օրերի հիշողությամբ, օրեր, որ գլորվելով վերածվել են տարիների՝ մեկ, երկու տասնամյակի՝ կազմելով ուղիղ մեկդարյա անհերքելի ու չհերքվող կյանքի ընթացքի բարձրաձայն… լռող վկան: Ահա և վերջ, բայց և՝ գուցե թե մեկ այլ սկիզբ՝ դարավոր ու հաստաբուն ծառից ծնվող-կյանք առնող ճյուղերից ևս մեկի: Չէ՞ որ «կյանքը, անկախ մեր կամքից, իր սրբագրումներն է կատարում ենթադրվող տեքստերի վրա»:
Պայմանական այս տարանջատումն իբրև սահմանագիծ չի ծառայում, այլ մի տեսակ ամբողջանում և ավելի ակնհայտ է դառնում տոհմի կոնկրետ այս շառավղի պատմությունը՝ առաջին դեմքով և, ինչպես ասում են, առաջին ձեռքից, թեպետ արդարացի լինելու համար պետք է անպայման շեշտել այն կարևոր հանգամանքը, որ առաջին գիրքն արդեն իսկ ամփոփ էր, և վերջին ու վերջընթեր պարբերություններում ակնհայտորեն գծագրվում էր հաջորդ սերնդի ուղին և հատկապես՝ գլխավոր հերոսուհունը՝ մի պտղունց-հյուլե խորհրդանշական ճակատագրի խնդմնդուքով. «Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ մոռացավ Սիրանույշ թոռան համար բաժին վերցնել հենց սկզբից…»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.