Սերգեյ ԲՈՒԼԻՉԵՎ

Սերգեյ ԲՈՒԼԻՉԵՎ

Ռուս ժամանակակից բանաստեղծ՝ հայկական արմատներով:
Շարքը ծաղկաքաղ է նրա՝ «Հայաստանը Սուրբ Հող է» բանաստեղծական ժողովածուից:

***
Ի՜նչ գեղեցիկ ես դու քեզնով, դուդո՛ւկ,
Ինչպե՜ս ես երգում՝ լցվելով հոգին,
Չէ՞ որ դու վաղուց իմ ընկերն ես հին,
Քո երազներին ես եմ ունկնդիր:

Նրանց միջոցով ես վեր եմ նայում,
Այնտեղ՝ այն հեռու-հեռավոր ծիրում,
Ուր որ տունն է քո և Հայրենիքը,
Որ սուրբ քո հողի թախիծն է ծնում:

Ծնում է նա այն, ինչով որ հիմա
Դու ինձ ես պատմում երազիդ մասին,
Քո արցունքներով՝ Հայաստան երկրի,
Ապրում ես հոգում ամեն մի հայի…

Ապրում ես այնտեղ, ուր գագաթները
Անտես են մնում ճերմակ ամպերում:
Ապրի՛ր հավիտյան, իմ հի՛ն բարեկամ,
Սրտերում երգով քո հոգեպարար:

***
Որտեղ Հրազդանն է
տարածվում հեռուն՝
Քարերին փռելով իր ճամփան,
Կրակներն է վառում Երևանը՝
Գեղեցիկ աչքերով հայկական:

Մի փոքրիկ թախիծ է բերում
Մթնշաղին իմ հոգուն,
Որը երգում է՝ պատմելով բախտին
Իր երգով մեր սիրո մասին:

***
Եղեռնազարկ հոգիները չեն մոռացվել,
Հայկական խաչը չի մաքրվել արյունից,
Նրան թուրքերը գենոցիդով են հեղեղել՝
Առհոսելով արյունով նրա,
ում սպանեցին:

Առհոսելով արյունով նրա, ով մեռնելով
Շշնջում էր շուրթերով Աստծուն՝
գալի՜ս եմ…
Իսկ դաժան օսմանցին, հրամանին հլու,
Հաջորդին էր տախտակին մեխում:

Հաջորդին էր մեխում այն հույսով,
Որ հավատի ոգին կսպանի
արցունքի մեգում:
Բայց դժվար թե նա կարող է դա անել.
Տերը չի թողնի գազանին
հոշոտել իր ազգին:

***
Ինչի՞ մասին ես երգում,
ո՜վ ծերունի Հայ:
Տխուր է երգդ, հայրի՜կ,
Այն սլանում է հանց խաղողի մուժ՝
Ներկված արյունով
ցեղասպանված սրտերի:

Այն թռչում է հանց թռչուն լեռներում՝
Ճախրելով հրաժարված հոգու թևերին:
Ծերունի՛ հայ, ես կարդացի բանվածքը
Քո տանջահար խորշոմների:

Ես ամեն ինչ տեսնում եմ
տխրալի աչքերում,
Ների՛ր, բայց պետք է գնամ,
Որ պատմեմ արտասվաթաց քո հողի
Չարչարանքների մասին աշխարհին:

***
Հայաստանը քարե ծաղիկ է:
Հայաստանը անցյալի ոգին է:
Հայաստանը ումպն է ինքնամոռացման:
Հայաստա՜ն, Հայաստա՜ն,
Հայաստա՜ն…

Հինավուրց է ազգը Հայկական,
Արիական է դրոշմը կրծքերի:
Հայը ուղին է Ուխտի,
Հայը գեղեցկությունն է տարերքի:

Հայը նա է, ով չդավաճանեց Աստծուն՝
Հավատալով Քրիստոսին:
Հայը ճամփան է հեռվի,
Ուր լեռները երկինք են նայում:

Հայը, լույս ու մութը իրար խառնած,
Ե՛վ վիշտ է, և՛ ուրախություն,
Հայը նա է, ով երբեք չի խորշում
Ձեռք մեկնել ձեզ փորձանքի ժամին:

***
Հավերժական ձյունով ես
ծածկված, Արարա՛տ,
Ինչպես ալեհեր,
ճերմակմորուք իմաստուն:
Դո՛ւ, իմ հա՛յր, իմ պա՛պ, իմ եղբա՛յր,
Ես քո որդին եմ աստանդական:

Բաժանել է ճակատագիրը մեզ,
հեռացրել,
Բայց կգա օրը, ես ծնկի կիջնեմ
Նախնիներիս հողում, տաճար կկերտեմ,
Որ Տիեզերքից Աստծուն երևա:

Նռան հատիկներ
Ափիս մեջ կհավաքեմ
Հատիկները նռան
Եվ արևի
Սուտակե հուրը կտեսնեմ:

Ես այնտեղ կտեսնեմ
Վառ, երկնային ծեգը
Եվ իմ տխուր երգը
Կամացուկ կերգեմ:

Կթռչի նա թև առած,
Ճախրելով դյութիչ եզերքներ,
Անհուն հոգով մտնելով
Դրախտը Երկրային:

Այնտեղ, ուր այգին է նռան
Ծաղկում քարերում՝
Թավշագեղ կարմիրով
Իմ Հայաստանի:

***
Ի՜նչ շատ են տաճարները
Հայաստանի հողում,
Ես հատ-հատ մտել եմ,
Որ Աստծուն դիպչեմ:
Խաչի առաջ խոնարհվելով՝
Ես կողպել եմ աչքերս
Ու տեսել ճանապարհը:
Այն տանում էր ինձ
Հորս կանչով,
Հողը նախնիների,
Հազարամյակների միջով,
Որտեղ հիշողությամբ
Ես թողեցի բանաստեղծություններում
Մրմունջները իմ,
Որ քամին էր ինձ նվիրել
Հայկական հոգով
Սարերում խշշալով,
Դեպի վեր ճախրելով,
Որ լսելի լինի
Շունչը նիշերի:
Գարունից երերացող
Մի փոքրիկ տխրություն
Այս դառը կյանքում
Ինձ միտք ներշնչեց
Հայրիկիս մասին…

Թարգմանությունը ռուսերենից` Սուրեն ԴԱՎԹՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.