Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Մեր անկախության տարիների մասին խոսելիս, կամա թե ակամա, հիշում եմ նաև այդ տարիներին, հիմնականում քաղաքամայր Երևանում ոչնչացված շենքեր, կառույցներ, որոնց մի մասը անգամ մշակութային արժեքներ էին: Ի դեպ, բացի ճարտարապետական չափորոշիչներից, գոյություն ունեն այլ, գուցե ոչ կանոնակարգված, բայց հուզական առավել հզոր լիցք կրող չափանիշներ, որոնց շնորհիվ է, որ քաղաքը դառնում է Քաղաք: Ասենք, գերմանական շատ քաղաքների «Հին քաղաքների»` այսօրվա մարդու աչքին նույնիսկ էկզոտիկ երևացող կառույցները իրենց ժամանակին ընդամենը սովորական բնակելի տներ են եղել` պստլիկ պատուհաններով, ցածր առաստաղներով, առանց պաճուճանքների, բայց արի ու տես, որ սրտացավ կամ պարզապես Քաղաքի Հիշողության մասին հոգ տանողները դարերի միջով պահել, բերել, 21-րդ դար են հասցրել այդ տնակները, որոնք բազմել են քաղաքի ամենասրտում ու դարձել յուրահատուկ այցեքարտ: Նայում եմ այդ շենքերին ու մտածում` ոչ միայն մարդ պետք է բախտ ունենա, այլև… տները: Միջնադարից մինչև մեր օրերը սրանք պահպանվել են, թեև քանի՜ քաղաքապետ ու իշխանավոր է եկել ու անցել, գործարար ջիղ ունեցող քանի՜-քանիսն են ձգտել քանդել դրանք ու տեղում նորը բարձրացնել` ամեն դարին հատուկ թափով ու շքեղությամբ: Բայց չէ, քաղաքակրթությունը քաղաքակրթության մասին գոռալը չէ, այլ ունեցածի գինն իմանալն ու պահելը:
Իհարկե, տխուր է գիտակցելը, որ մեր այսօրեական մտածողությամբ ու գործելակերպով դեռ շատ հեռու ենք քաղաքակիրթ համարվելու ամենանվազագույն չափանիշից (միայն, խնդրում եմ, Կոմիտասին ու Խաչատրյանին այս պահին չհիշեք, ոչ էլ մեր այբուբենի ստեղծման ու քրիստոնեության ընդունման տարեթվերը դարձրեք կռվան): Երևանի հիմնադրման ո՞րերորդ հազարամյակն ենք նշելու… իսկ մեր հին Երևանը թաղվեց Հյուսիսային պողոտայի բետոնի տակ: Քիշնևում մինչև հիմա կանգուն է մեր «կուկուռուզնիկի» նմանակը, իսկ մե՞րը… Հիմա էլ հերթը հասել է «Զվարթնոցին»: Եվ ամենազավեշտալին (թե՞ ողբերգականը) այն է, որ անգամ մամուլում շահարկվում է այն միտքը, որ Էռնեկյանը Ազգային հերոս է, և ո՞վ կարող է դիմադարձել նրան:
Ու նորից հայացքս տանեմ դուրս (մեղավո՞ր եմ, որ նորմալ օրինակ միայն այդ դրսերում եմ տեսել): Տարիներ առաջ մասնակցում էի Ֆրանսիայի հարավում գտնվող Դի քաղաքի «Գրքի սալոնին»: Ինձ ու թարգմանչուհուս հյուընկալել էր թոշակի անցած ուսուցչուհի իր երեքհարկանի առանձնատանը (պետությունն էր հատկացրել): Տունն ու այգին մարդկային ստեղծագործ երևակայության մի հրաշք տարածք էր` մադամ Նատալիի ձեռքով ստեղծված: Նրա հերթական մտահղացումը սայլի անիվն էր, որ դարձրել էր ծաղիկների մեծ տարա: Պատրաստել ու սպասում էր… Գիտե՞ք, ում թե ինչի էր սպասում: Քաղաքապետարանից հատուկ մասնագետը պիտի գար, տեսներ, թե այդ համարյա արվեստի գործը եթե ամրացվի հավանոցի պատին, ընդհանուր տեսքի տրամաբանությունը չի՞ խաթարվի…
ՀԳ. Իմ համեստ կարծիքով, Ազգային հերոս լինելը ոչ այնքան պարգև է, որքան պատասխանատվություն: Էլ ո՞վ, եթե ոչ Ազգային հերոսը պիտի պահի-պահպանի իրեն Ազգային կոչումը շնորհած երկրի Հիշողությունը:

2 մեկնաբանություններ

  1. Ափսոս ինչ՞ կրնանք ընել, Ամէն օր քար մը կը պակսի մեր ազգային կառոյցէն մեծ անտարբերութեամբ կամ անկարողութեամբ , ընչաքաղցութիւն-տգիտութիւն իրար խառնուած աստիճանաբար մեզ մեր հողին վրայ օտար պիտի զգանք – արդէն սկսած է այս ընթացքը;

  2. Pingback: Մարտյան օրագիր | Մայրամուտից առաջ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.