Ով իր ներսում ձի ունի, թագավոր է դառնալու / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Յուրաքանչյուրն այս կյանքում ապրում է իրեն բաժին հասած դժվարությունը: Սակայն դժվարությունը դյուրին ու տանելի է լինում, երբ մարդը կարողանում է նրա վերաբերյալ գեղեցիկ համեմատություններ անել, մտնել իրար հետ համեմատվելիք նյութերի ու երևույթների խորքերը, ներդաշնակության եզրեր փնտրել, որքան էլ դրանք աններդաշնակ են թվում առաջին պահից:
Դժվարությունը դյուրին ու տանելի է լինում, երբ հայրենիքը նրա դրոշի գույներն առած տերևների մեջ էլ տեսնում ես, կարոտը՝ ծիծեռնակին նայելով ես փարատում, եղյամը՝ որպես տաք ծածկոց ես ընկալում ձմռանը դրսում մրսողի համար…
…Խորշոմած ձեռքերով պառավը//Նայում է ծառերի տակ կանգնած աղջկան,//Փութով իր տան պատուհանների//Ճեղքերն է փակում,//Որ մեռնելուց առաջ չմրսի հանկարծ://Եղյամը ճերմակ թիկնոց է գցում//Ծառերի տակ կանգնած աղջկա ուսերին://Քամին՝ կարմիր, կապույտ, նարնջագույն,//Դեղին տերևներով//Զարդարում է թիկնոցը…
Ծանր ու դժվար տանելի է «պառավի վախը»: Ահա նա վախենում է, թե կմրսի մեռնելուց առաջ, ասել է թե՝ հանկարծ անիմաստ կթվա իր ապրած կյանքը, մոռացությունը կծածկի բոլոր հուշերը՝ շոգ ամառների, ավետաբեր ծիծեռնակների, «Չարլստոն» պարող քամիների մասին:
Սակայն՝
Ո՛չ, ո՛չ, ո՛չ, սա վերջին աշունը չէ,//Պառավը մեռնելուց առաջ չի մրսի… («Սերգեյ Փարաջանովի հիշատակին»)
Կյանքը լի է դժվարություններով: Սակայն ինչպե՞ս կարելի է չտրվել դրանց: Այս հարցի պատասխանը նույնքան գեղեցիկ իմաստնությամբ է գտել բարության ծայրը պինդ բռնած արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ Ռուբեն Մարուխյանը, որքան գեղեցիկ իմաստնություններով լի է Սերգեյ Փարաջանովի արվեստն ու կյանքը: Մարուխյանը հիացել է Փարաջանովով, երբ իր սեփական ներաշխարհում ևս հայտնաբերել է աններդաշնակելիների միջև եղած ներդաշնակությունը: Եվ դա մեծություն է: Մեծություն է այնքանով, որքանով հենց դրա արդյունքում հնարավոր է դառնում մատուցել մի բան, որն ավելի բարի է, գեղեցիկ, վեհ ու կատարյալ, քան դժվարություններով ու հուսահատություններով լի կամ հենց թեկուզ ոչինչ չասող իրականությունը:
Սերգեյ Փարաջանովի հիշատակին ձոնված Ռուբեն Մարուխյանի բանաստեղծությունը քեզ հետ զուգահեռաբար առաջ ընթացող կյանքն է: Քո և բոլորի կյանքը: Նրանց կյանքը, ովքեր կյանքի դժվարությունները ծածկում են աններդաշնակելիները միացնող գեղեցիկ պատկերներով ու խոհերով և հավատում են, որ չեն մրսելու ձմեռնամուտին:
Ստեղծագործական բարի ու գեղեցիկ պահերից է կազմված Ռուբեն Մարուխյանի անցած, անցնող ու, համոզված եմ, նաև անցնելիք կյանքի ճանապարհը: Որպես գեղեցիկ ստեղծագործություն է ապրում նա իր կյանքի յուրաքանչյուր պահն ու անցնում, ապրում ու անցնում… Եվ փառք Աստծու, որ երբեմն նաև թղթին է հանձնում ապրած պահերը: Ոչ միայն սեփական բավականության համար է անում դա, այլև կյանքի իմաստնությունն ընկալողի պատասխանատվությամբ բարձրաձայնում, հիշեցնում, զգուշացնում է՝ չմոռանալ քեզ հետ առաջ տանել քեզ ապրեցնող մեղեդիները: Չթողնել դրանք անցած ճանապարհներին, որովհետև՝
Ո՞վ գիտի, առանց այդ երգի,//Ամբարտավան քամիները//Ի՞նչ զարհուրելի ոռնոցներով կլցնեն աշխարհը…
«Ամբարտավան քամիները» սպասում են «որբացած արշալույսներին»…
Ինչպես ասում են, կյանքի օրենք է լցվելն ու դատարկվելը, գալն ու գնալը…
Դեղձենին, որ մի օր առաջ ճկվել էր//Բերքի ծանրությունից,//Հիմա թալանված կանգնել է մերկացած այգում//Ու գունավոր արցունքներ է թափում հողին…
Արցունքները, սակայն, չեն օգնի, որքան էլ գունավոր թափվեն հողին: Ռուբեն Մարուխյանի առաջարկն է՝ չմոռանալ օրերիդ մեջ քեզ ապրեցնող մեղեդին, չթողնել նրան անցած ճանապարհներին.
Շուտով, շատ շուտով այս աշունն էլ//հուշ կդառնա.//Հիշողություններիս գզրոցներից կհանեմ//Ծիրանավառ այն գիշերը,//Երբ դու կոմիտասյան//Մեղեդիներով էիր լցրել սիրտս,-//Հայտնության այդ օրը,//Միայն այդ օրվա համար արժեր//Ապրել այս տառապանքը,//Որ կյանք է կոչվում… («Մոռացված մեղեդի»)
Քայլում է քո կողքից ստեղծագործական իր ներաշխարհի հետ հաշտ ու համերաշխ, շրջապատող մարդկանց ու աշխարհին հենց այնտեղից նայող բանաստեղծը, արձակագիրն ու դրամատուրգը, քայլում է և օծանելիքի բույրի նման առինքնող խոհեր ու խոսքեր թողնում նույն մարդկանց համար: Ահա կայացած, ինքնահաստատված մարդու խոսք ՝ «Կյանքը հանճարեղ կարուսել է («Վերջերգ)», ահա մարդ ու բնություն միասնության պարգևած ուրախություն՝ «Պատշգամբում ծաղկած աղջիկ» («Հին Երևան»), ահա իրիկնաժամի ինքնամփոփման մի պահ, հատված՝ «Իրիկնաժամի երգեր»-ից.
Ինձ համար հեքիաթ հորինիր,//Հեքիաթում դղյակ կառուցիր,//Դղյակում Արքայադուստրը թող ինձ հետ պարի.//Մի՛ խանդիր, խնդրում եմ,//Արքայադուստրը իրական չէ,//Իրականը մեր կյանքն է:
Այսինքն, իսկապես, դժվար է իրական կյանքը, բայց թույլ տվեք այն սիրո, բարության, գեղեցկության բույրերով օծել: Դժվարությունները տանելի դարձնելու գաղտնիքն է՝ անուշաբույր դարձնել դրանք, սեփական հոգուց բխող բույրերի շռայլումով:
«Արևագույն ձին» Ռուբեն Մարուխյանի արձակում թագավոր տեղ ունի: Ինչո՞ւ. որովհետև, բռնեցնում է քեզ արագընթաց կյանքիդ այն պահի մեջ, երբ կարիք ունես անիմաստ օրերի անդունդից ետ քաշող, երազներիդ ետևից գնալուն օգնող ձեռքի: Կանգնեցնում ու ասում է, որ նա, ով իր ներսում ձի ունի, թագավոր է դառնալու:
Այս պատմվածքի հերոս պատանի Արմենը համոզված է, որ ներսում ձի ունի և անդրդվելի ձևով ուզում է զրույց սկսել նրա հետ: Եվ ահա, «Յոթերորդ օրը, երբ արդեն յոթ անգամ նա բարի լույս էր ասել ձիուն, ու ձին նրա ոչ մի բարի լույսին չէր պատասխանել, յոթերորդ օրը, հանկարծ, ձին գլուխը բարձրացրեց ու պատասխանեց նրա բարի լույսին…»: Ձիու մեջքին հեծած թռիչքը դեպի Սպիտակ սարը Արմեն թագավորին երջանիկ է դարձնում, նոր թևեր տալիս: Վերջապես հնարավոր է «չարությամբ, ստորաքարշությամբ, ատելությամբ ու ընչաքաղցությամբ, դաժանություններով ու մարդատյացությամբ վարակված այս աշխարհը մաքրել, ու մարդիկ, որ մոլորվել են ու մենակ մնացել, կսկսեն սիրել իրար… Այո՛, այո՛, աշխարհում կթագավորի երջանկությունը, եթե բոլոր մեծ ու փոքր տերությունների թագավորները երեխաներ լինեն…»: Երբ թագավոր Արմենն իր ձիու հետ վայրէջք կատարեց բարձրագահ սարի վեհ կատարին, տեսավ հորիզոնից հորիզոն փռված իր հայրենիքը, սիրտը ոչ միայն հպարտությամբ, այլև պատասխանա­տվությամբ լցվեց իր հայրենիքի հանդեպ. «Ստոր են բոլոր նրանք, ովքեր իրենց հայրենիքով չեն հպարտանում,- մտածեց նա ու… կարոտեց տատին ու նրա սրտառուչ երգը՝
Բավ է եղբայր, վիզը ճկել, ողորմելի երևալ,//Ժամանակը հասել է, հայ դրոշը ծածանել…»:
Արժե մեջբերել պատմվածքի ավարտը, կրկին համոզվելու համար Ռուբեն Մարուխյանի կողմից մեզ մատուցածի, ասելիքի այն լույսի մեջ, որ դառն իրականությունը, իսկապես, դյուրին է տանելի դառնում, երբ արթնանում են ներսում ննջող ձիերը, ասել է թե՝ մաքրամաքուր երազանքները, որոնք քեզ կարող են թռցնել անդունդների վրայով.
«- Արմենը շատ է փոխվել,- ասում են հարևանները:
– Արմենն առնականացել է,- ասում են բարեկամները:
– Արմենը հանրահաշվի խնդիրները մի ակնթարթում է լուծում,- ասում են ուսուցիչները:
– Արմենն անվախ, ճշմարտախոս ու բարեսիրտ տղա է:
– Արմենին մեծ ապագա է սպասում…
Փողոցում, տանը, դպրոցում, բոլորը միաբերան Արմենի գովքն են անում:
Իրոք, Արմենն իրենց թաղի, իրենց դպրոցի, իրենց քաղաքի, գուցե և աշխարհի ամենաքաջ, ամենախելացի, ամենաբարեսիրտ և ամենաարդարամիտ տղան է:
Ոչ ոք չգիտի, որ նա ձի ունի, արևագույն ձի, ու թագավոր է դառնալու»:
Յուրաքանչյուր ապրող ի վիճակի պետք է լինի դժվարությունից մի գեղեցիկ հույս, մի գեղեցիկ պատկեր քամելու, և դրանով իսկ գեղեցիկ ձևով մերժելու բոլոր դժվարությունները:
Ռուբեն Մարուխյանի «Ընտրանին» դժվարությունները գեղեցիկ ապրելու մասին է: Այդ գեղեցիկը պետք է շարունակվի մարդու հոգում, երազներում ու երազանքներում, անգամ եթե կյանքն առաջ տանող ձիերն արդեն ուժասպառ են կամ պառկել են հողին, ինչպես վերոհիշյալ պատմվածքում պատահում է Արմենի ձիու հետ:
Վեհն ու գեղեցիկը չի լքում Ռուբեն Մարուխյանին, ու նա այսպես է կիսվում ընթերցողի հետ՝
Անսանձ էին ձիերս,//Անթամբ էին ձիերս,//Վարգում էին, վրնջում անզուսպ,//Խելահեղ թռչում էին,//Իրենց հետ տանում էին//Երազներս կապույտ-կապույտ…//…Ձմռան մեջ գարուն էր,//Ու կյանքը գարուն էր.//Չորս կողմս կարոտ էր ու կանչ…//Ձիերս անսանձ էին…//Քարափից ձորն ընկան,//Մնացի քար ու քռի մեջ,//Երազումս վրնջում են խելահեղ ձիերս,//Ձիերս անթամբ ու անսանձ…
Այո՛, մի կողմից դառն իրականությունն է, մյուս կողմից՝ արդարամիտ բարության մեջ ապրող մաքրամաքուր ու վեհ երազանքները: Ռուբեն Մարուխյանի կյանքն ու ստեղծագործությունը այդ հակադրություններն իրար հետ ներդաշնակվող եզրերով կապելու մեծություն է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.