Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

1. Ինձ համար՝ ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը: Պարզապես ամոթ է, որ անցած տարիներին իզուր ժամանակ կորցրինք, ինչ է թե Ռուսաստանն իր հակաարևմտյան քարոզչամեքենայի մեջ ներառել էր նաև իր վասալ (մեղմ ասած) Հայաստանին՝ Եվրոպան ու եվրոպական արժեքները սխալ, միակողմանի և ծուռ հայելու մեջ ներկայացնելով մեզ ձգտելով ներքաշել լրիվ ուրիշ մի բևեռ, այն դեպքում, երբ մենք մեզ, սկսած հինգերորդ դարից, դասել ենք հյուսիսային ազգերի մեջ (լինելով նրանց մեջ վեհագույնը՝ ըստ Խորենացու): Եվ տեսեք, թե ինչպիսին եղավ ռուս քաղաքագետների և լրագրողների արձագանքը՝ իրենց ռազմավարական գործընկերոջը համեմատելով իր տղամարդուն փոխող սիրուհու հետ: Միգուցե տասը տարով կամ ցմահ նախագահ ընտրելու առումով մենք իսկապես ավելի նման ենք մեր միջինասիական գործընկերներին, բայց միայն իշխանությունների գործելակերպով չի որոշվում ժողովրդի նկարագիրը…

2. Բոլշևիկյան բռնատիրության զոհերի հիշատակին նվիրված «Խավարում» վերնագրված ցուցահանդեսի բացումը «Սարգիս Մուրադյան» ցուցասրահում այն բանից հետո, երբ մեր մշակույթի նախարարությունը օրեր անց սթափվեց և արգելեց այդ ցուցահանդեսը Թումանյանի տուն-թանգարանում՝ փաստորեն ուրանալով 1920-1953 թթ. բոլշևիկյան բռնաճնշումների զոհ դարձած ավելի քան 45 հազար հայաստանցիների հիշատակը: Ուստիև կրկին խորին շնորհակալություն եմ հայտնում ցուցահանդեսի կազմակերպիչներին՝ Նարինե Թուխիկյանին և Զարուհի Մուրադյանին` իրենց քաղաքացիական դիրքորոշման համար: Ցավոք, մենք պատմական շատ կարճ հիշողություն ունեցող ժողովուրդ ենք, ուստիև նման կարգի միջոցառումներ պետք է հաճախ կազմակերպվեն, քանի որ սեփական պատմության սև ու դաժան էջերը ծածկադմփոցի տալով` մեծանում է դրանց կրկնվելու հավանականությունը:

3. Համատարած անօրինության, օրենքի դեմ քաղաքացիների անհավասարության, ճնշումների և արգելքների մթնոլորտում մեծ թվով անմեղ դատապարտյալներ, երիտասարդ զոհեր, արտագաղթի պատճառով անվերջ արյունաքամվող երկիր ունենալու պարագայում սեփական ստեղծագործական կյանքում առկա հաջողություններն առանձնապես չեն ջերմացնում ու ոգևորում: 2017-ին, երկար տարիների իմ պատմաբանասիրական պրպտումների արդյունք հանդիսացող աշխատություններից բացի, լույս տեսավ նաև առաջին ծավալուն գեղարվեստական գործս՝ «Այլաստանցի Մուչիկ հայաստանցին» վիպակս, որտեղ արծարծել եմ վերջին քառորդ դարում մեր ժողովրդին ամենօրյա չարչրկող հարցերը, սակայն դա փորձել եմ անել հումորով և թեթևաշունչ՝ խնայելով մեր արդեն իսկ բազմաչարչար ընթերցողներին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.