Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

***
Գարնանը ասաց՝
թո՛ւյլ տուր ամուսնանամ ծառի հետ.
ասացին՝ աղանդավոր է:
Ամռանը ասաց՝
թո՛ւյլ տուր ամուսնանամ արևի հետ.
ասացին՝ հեթանոս է:
Աշնանը ասաց՝
թո՛ւյլ տուր ամուսնանամ անձրևի հետ.
ասացին՝ սենտիմենտալ է:
Ձմռանը ասաց՝
թո՛ւյլ տուր իմ հագուստով տաքացնեմ
ծառերը, արևը, անձրևը.
ասացին՝ պոետ է՝ հոգեվարքի մեջ:

ԳՈՒՑԵ
Չորուցամաք աշնան քամի,
չորուցամաք ամռան ավարտ,
այն սատանան ինձ կտանի,
կդարձնի խիստ անհավատ:
Գլխապտույտ ձմռան օրեր,
գլխապտույտ աշնան ավարտ,
այս հավատը իմ մեջ նոր է,
ես կավից եմ, բայց անավարտ:
Խեղճուկրակ գարնան օրեր,
բայց գույնզգույն ծաղկե սավան,
ես հագել եմ կանաչ շորեր
ու դարձել եմ չմահավան:
Ու գլխիկոր անցած տարի,
բայց գրկաբաց նոր ժամանակ,
գուցե կյանքը ինձ սատարի՝
հավատավոր ու անհավատ…

ԽԱՌՆՎԵԼ ԵՆ
Արյան հետք կա ամպի վրա.
մեկը աստղ է մորթել,
իսկ անձրևը լույսի դռան
հարազատ ու խորթ է:

Սերը ճամփա ընկավ, ասես
կորցրել է հոգին,
առավոտը նախշուն հարս է
կապույտ սարի գոգին:

Խառնվել են ծիծաղ ու ցավ.
մեկը աստղ է մորթել,
սերը թաքուն եկավ, անցավ,
կրծքից լույս է հորդել:

ԾԻՐԱՆԵՆՈՒՆ
Այս քաղաքի նեղլիկ փողոցներով
հոսում է անգույն մի կարեկցանք,
ձմեռը սառած, մեռնող հանգով
կախվել է ծառից, ինչպես հանցանք:

Ձմեռը անգույն, մեռնող հանգով
շիրմատների ցուրտն է բերում
և գաղտագողի, անհայտ ճամփով
մեծ շենքերի մեջ մահ է փռում:

Ո՞վ ապականեց պատկերը լույս,
հատակը կապույտ այս քաղաքի,
օ՜, ծիրանենի, օ՜, ճերմակ հույս,
ես չեմ հավատում, դու չե՛ս գաղթի:

Կմնա՛ս, ես էլ քեզ հետ այսպես
գարնան դռների շեմերի դիմաց,
ու մի օր էլ կգրեն՝ Այս է
տապանը նրա՝ ցավից շինած:
Իսկ դու կբուրես նույն բույրով հին,
ես կմանկանամ քո հովի տակ,
իմ վերին-ծաղիկ-ծիրանենի
ես քո արմատն եմ, քո հողը տաք:

ԿՅԱՆՔ
Արագահոս ջրերի հետ թափանցիկ
քամիները մահվան գույժ են
միշտ բերում,
և օրերը գլորվող ու վաղանցիկ
տարածվում են անհայտ
Ոգու ստվերում:

Ո՞վ զարդարեց այս ծառուղին
մեկ վայրկյան,
ո՞վ հիացավ թռչնի երգի ձայներից,
թե չլիներ նա այս երկրում Ավետյաց,
ո՞վ կհարբեր արևի ջերմ փայլերից:

Հիմա դանդաղ օրն է թեքվում հևալով,
լույսը ծորուն առկայծում է աստղերից,
մեկը թաքուն ջրի եզրին դողալով
տուն է գործում՝ ամպից
մանած թելերից:

Եվ ապրում է մեկն այդ
տանը երգի պես,
մեկն էլ գնում մահվան՝ թռչնից
թև առած,
տե՛ս, այդպես է՝ հավերժական
լույսի ծես,
մահ ու կյանքի սահմաններին
միշտ թառած:

Արագահոս ջրերի հետ թափանցիկ,
քամիները լույսի ծերպեր են փնտրում,
կյա՜նք է, այսպես
հավերժորեն, հպանցիկ
տարածվում է ծանոթ Ոգու ստվերում:

Ի՞ՆՉ ԵՂԱՆ
Ձմե՛ռ աղջիկ, ժպիտներդ ի՞նչ եղան,
առավոտդ ինչո՞ւ դարձավ առանց ինձ,
դու ծիծաղի՛ր, ես կլացեմ քո տեղակ,
ձմե՛ռ աղջիկ,
մի՛ արտասվիր առանձին:

Մենք միասին իջանք ամպի կողերից,
ի՜նչ գիշեր էր. ճերմա՜կ,
փափո՜ւկ, թափանցի՜կ,
հիմա ասա՝ ո՞ւր մնացիր առանց ինձ,
ո՞ւր մոլորվեց քո գարունը վաղանցիկ:

Ձմե՛ռ աղջիկ, ի՞նչ կա հողի խորքերում,
ի՞նչ ծաղիկ էր,
որ նոր բացվեց քո տեղակ,
ես կերևամ երկնի կապույտ ցոլքերում`
որպես պայծառ,
գարնանային եղանակ:

Ձմե՛ռ աղջիկ, ժպիտներդ ի՞նչ եղան,
առավոտդ ինչո՞ւ դարձավ առանց ինձ,
դու ծիծաղի՛ր, ես կլացեմ քո տեղակ,
ձմե՛ռ աղջիկ,
մի՛ արտասվիր առանձին:

ԱՌՀԱՍԱՐԱԿ
Ավերակներ արտաշնչող այս քամին
ծանրացել է խոցված
սրտի խորքերում,
շուտով մահը առհասարակ կտանի,
կտարածի երկնի կապույտ ցոլքերում.
քո հայացքը՝ ջրի նման պարզ ու ջինջ,
վետվետացող ձկների հետ մոլորված,
քո մարմինը՝ առհասարակ ամեն ինչ՝
անիրական, իրական չըհորինված:
Կզարդարի անտես
հեռուն թանձրացող
առավոտվա մշուշներով թափանցիկ,
ահա՛ լույսը բեկբեկուն ու շլացնող,
չկա ոչինչ կապույտում
այս տարանցիկ,
ինչպես չկա առհասարակ ոչ մի բան,
որ չունենա անդրադարձը երկնային,
ահա՛ այստեղ տարածվում է, հոսում կամ
արտասվում է ելևէջը քո ձայնի:
Ի՜նչ չքնաղ է ժամանակը երկնքում
ճերմակ, փխրուն թևերի մեջ թռչունի,
ինչպես աստղ մե՛կ փայլում ու
մե՛կ ընկնում,
թափառական, ինչպես ջահել գնչուհի,
որ դարձել է արտաշնչող մի քամի-
ո՞ւր է հոսում խոցված
սրտի խորքերից,
շուտով կյանքը այս շերտերից կտանի
ժամանակը՝ առհասարակ թռչող իղձ,
կտարածի երկրի անհուն ցոլքերում
հայացքիդ հետ՝
ջրի նման պարզ ու ջինջ:

ՄԱՅՐԻԿ
Ես ծնվեցի վարգող ձիու սմբակից,
երբ մաշված պայտն ընկավ
գահավիժող վայրի ջրերի մեջ:
Ձուկ էի՝ հոսանքին
հակառակ լողացող,
մինչև ջրերը ցամաքեցին,
ու ես դարձա առաջին հեծյալը
չպայտած ձիու:
Սլանում էի ու սմբակներից
թռչում էին ծաղիկներ դեպի հողը,
հետո բարձրանում կույս
աղջկա տեսքով:
Այնտեղ ո՛չ կավահող կար,
ո՛չ խնձորենի, ո՛չ օձ.
ձիեր էին, ձկներ, ջրեր,
բայց ակամա խաչակնքեցի
երեք անգամ,
առանց երկինք նայելու,
երկինքը ջրի մեջ էր, ձկան լեզվին,
որ ինձ հուշեց առաջին բառը՝
մայրիկ:

ԱՍԻ
Ասի՝ էս պայծառ լուսաբացի հետ
ո՞ւր գնաց էն նախշուն թռչունը,
ու քո հայտնությունը եղավ՝
թռչունը ուսիդ նստած:

Ասի՝ էս աննման կեսօրվա մեջ
ի՞նչ ծես ու խորհրդով
տոնեմ քո վերադարձը թռչնի հետ.
ու թռչունը, արևը, ուսիդ նստած եկաք:

Ասի՝ թռչնի փետուրից,
ջրի կապույտ շապիկից,
ուռած հողի փխրուն շերտից
բարձրացող ծաղկի բույրից,
քամու առաջին սոսափից
մի փունջ հյուսեմ երեկոյին նվեր:

Ու թռչունը, արևը, մանուկը
ուսիդ նստած եկաք:
Ասի՝ էս ավետաբեր թռչնին
մի բույն հյուսեմ ծառի դալար ճյուղին,
ու թռչունը յոթ պտույտ արեց
իմ տան շուրջբոլոր,
ու նոր թռավ, գնաց
երկնքում արթնացող
մանկան ձայնի ետևից:

ԳՈՒՅՆԶԳՈՒՅՆ ԱՇՆԱՆ ՕՐ
Մռայլ է օրը.
չթե աստառով,
գույնզգույն վերմակով ծածկում եմ, որ քնի:
Քիչ հետո երազները թափվում են վերմակից դուրս.
մի պատանի մի աղջնակի հետ
համբուրվում է գետի եզրին, կամրջի տակ,
կամրջից մի տղամարդ սուրում է ցած՝
հայհոյելով իշխանությանը:
Շտապօգնության մեքենան ալարելով
է մոտենում ընդդիմադիր
հանգուցյալին:
Տաքսու վարորդները յոթհարկանի
հայհոյանքներ են շաղ տալիս
նրա հիշատակին՝
խցանումների պատճառ
դառնալու համար:
– Ավե՜լ, ավե՜լ,- դիմացի
շենքերից լսվում է
դեղին ավելների խրձի տակ կքած
ծերունու խռպոտ ձայնը:
Մարզահամերգային
համալիրից հնչում են
Ալեգրովայի հայտնի երգի բառերը՝
– Эти белие цветы…
– Ախպե՛ր, գիտե՞ս, որ
Ալեգրովան հայ է:
– Ի՞նչ հայ, արա՛, ղարաբաղցի է,-
վեճի են բռնվում երկու ընկեր՝
կամրջի ճաղասյուներին կքած:
– Ախպե՛ր, քցվողը տղամա՞րդ է,
թե՞ կին,-
հարցնում է «յաշիկի»
հաստավիզ վարորդը
ծամոն որոճող մի փափկասունի:
Իսկ գետը հոսում է անաղմուկ՝
զզված արաղի, խորովածի,
սրտթափոցի հոտերից,
հոգնած՝ ծնունդ ազդարարող
համազարկերի դղրդոցներից:

– Ավե՜լ, ավե՜լ,- կարծես
Քեռի Թորոսն է
իր էպոսական հեռվից
հայտնվել քաղաքում,
ավլում ու… չքանում է ամեն ինչ,
միայն պատանին ու
աղջնակն են համբուրվում
լռության հետ, գետի եզրին,
խաղաղ օրվա մեջ.
չթե գույնզգույն վերմակ
հիշեցնող աշնանը,
երբ տարածությունը հարթ է,
անսահմանությունը՝ տեսանելի:

ՔԱՆԻ ՁՄԵՌ Է
Քանի ձմեռ է,
ասի՝ ծառ դառնամ,
տերևաթափվեմ,
հետո երազեմ զարթոնքի մասին:
Քանի չի բացվել զարթոնքը կանաչ,
ասի՝ ավելորդ փայտի ճյուղերս
տամ անցորդներին անտուն, անկրակ:
Տվեցի, սակայն կրակ վառեցին
ուղիղ բնիս տակ:
Քանի չեմ այրվել վերջնականապես,
ասի՝ երազեմ, որ մեկը մի օր
իմ հող ու մոխրին սերմեր սփռի:
Ու քամիները քշեցին, տարան
երազանքներս կրակից, մոխրից,
սերմ ու զարթոնքից:
Քանի գնում եմ,
ասի՝ երկնքից էն անտուններին
խնձորներ նետեմ երազանքների,
որ արդեն բացվող
գարնան զարթոնքին
տունը տարածվի, ու բացվի այգին:
Քանի ձմեռ է,
ասի՝ ծառ դառնամ:

ԻՋԻՐ ԲԱՐՁՈՒՆՔԻՑ
Իջի՛ր բարձունքից,
քանի ձիերը վարգում են կանաչ,
ծաղկած դաշտերով,
ուր սերը դանդաղ, ցողերի ներսից
սմբակների հետ բարձրանում է վեր:
Իջի՛ր ձիերի բաշերից կանաչ,
թաքուն շոշափիր սմբակները թաց,
խառնվիր ջրին, հողին, նեկտարին,
լույսի դռները համբուրիր հերթով,
բուռ-բուռ հավաքիր թանձր գոլորշին,
բռնիր ամպերի ճերմակ կողերից
և գոլորշու հետ հոսիր դեպի ներս:
Եվ անձրևիր լուռ, անձրևիր երկար.
ի՜նչ տաք գույներ են հոսում երկնքով,
և անձրևիր հեզ, անձրևիր դանդաղ:
Երանության տաք երկնքի ներսում
քո թաց կողերից, քո բաց կողերից,
քո թաց կրծքերից, քո բաց կրծքերից
ի՜նչ տաք ջրեր են հոսում աղմուկով:
Աղմուկից հեռու զարդարիր դաշտը
ու լույսը շաղիր ձիերի կանաչ,
ձիերի կապույտ
ծաղկած բաշերին
և ձիավորի ականջը լցվիր
անտես քամու հետ:
Ո՞ւր են սլանում մանուկները
թաց դաշտերի միջով,
ո՞ւր են հավաքվել թռչունները դեռ
լույսը չբացված,
ի՞նչ մեղեդի է դանդաղ բարձրանում
հողի շուրթերից,
ի՞նչ ծաղիկներ են հոսում
մեղեդու ելևէջներից:
Իջի՛ր բարձունքից
լույսը չբացված, արևից առաջ,
քանի ձիերը վարգում են կանաչ,
ծաղկած դաշտերով:
Արթնանում են ջրերը,
և գույնը տարածվում է զվարթ,
և բույրը հոսում է երկար…
Օծված քարե՜ր, հո՜ղ, տարածությո՜ւն…
Ի՜նչ գաղտնի ծես է
զարթոնք հիշեցնող
հունվարյան օրվա մեջ…

ՔԱՂԱՔ-ՄԱՂԱՔ
Քաղաք – բողոք
տներ հողոտ
շողոտ
խորոտ աղջիկ
ցողոտ
քաղաք
մախաղ
սերը փախավ
հեշտ ու խաղաղ
քաղաք
տղերք հզոր աղա
խաղա խաղա
անվերջ խաղա
քաղաք
հանաք
ծաղիկ-թանաք
հզոր բանակ
ու անքանակ
հեշտ-նահատակ
քաղաք
կատակ
խարխուլ տանիք
ճաքած հատակ
կատակ կայտառ
հուշ մի պայծառ
բայց տոնածառ
ու տոհմածառ
ձմռան ձնհալ
ծաղիկ ու ծառ
փախած ծիծառ
ծիրանի ծառ
քաղաք-մաղաք
քաղաք-մախաղ
սերը փախավ
հեշտ ու խաղաղ
հեշտ ու խաղաղ
քաղաք-մաղաք
անլուսաբաց
անաքաղաղ

ՎԵՐԱԴԱՐՁ
Ծննդատան պատին լույս է իջել,
այս ճանապարհը դժվար անցա,
այս կյանքը մեկ՝ շատ, մեկ էլ քիչ է,
հաճախ հոգեմաշ է, մեկ-մեկ՝ անցավ:

Ծննդատան պատին լույս է իջել,
պսպղուն լույս է, թե՞ նոր ճամփա,
իմ ու այս բարակ պատի միջև
քանի՜ տրոփյուն ու քանի՜ կյանք կա:

Ծննդատան պատին լույս է իջել,
ես ո՞ւր հեռանամ այսքան արագ,
այս ճանապարհը աստղաթափ նինջ է,
զեփյուռ է հավերժող, մեղմ ու բարակ:

Ծննդատան պատին լույս է իջել,
օրորոցներ են ջրերն անսանձ,
այս տարածությունն էլ լույսի լիճ է,
ու մահը՝ թաքուն մի վերադարձ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.