ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ / ՊԱՏՄՎԱԾՔ` ՉԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դավիթ ՍարգսյանՀԳՄ վարչությունը
շնորհավորում է արձակագիր, հրապարակախոս
ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամյակի առթիվ

«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին

…Փչեցե՛ք նրանց բոլոր մոմերը,
Մարեցե՛ք նրանց կանթեղներն ամեն,
Հանգցրե՛ք նրանց ջահերն այլազան,
Որ… եղիցի լո՜ւյս:
Պարույր Սևակ

Առավոտ կանուխ զանգահարել է թերթի խմբագիրը, թե ինչո՞ւ մեզ պատմվածք չես տալիս: Ի՞նչ պատմվածք, մտածում եմ, ո՞ւմ եմ պատմվածք տվել վերջին տարիներին, որ վրդովվել եք ձեզ անտեսելու համար: Անհարմար եմ զգում խոստովանելու, որ իմ սրտի ուզած պատրաստի գործ չունեմ, որը վստահաբար կհամարձակվեի ներկայացնել հանրությանը: Խմբագիրը համառում է` անպայման, շտապ… Այ սիրելիս, չգրած ու չունեցած պատմվածքն ինչպե՞ս ուղարկեմ, ի՞նչն ուղարկեմ, երբ գրածս իմ աչքին խզբզանք է թվում, չեմ հավանում… Գրասեղանիս վրա այս ու այն կողմ թափթփված են մեծ ու փոքր թղթեր, որոնց վրա նշումներ եմ կատարել` տարբեր թեմաներ, տարբեր կերպարներ, տարբեր մտահղացումներ, և հույս եմ փայփայում, որ մի հարմար ժամանակ կանդրադառնամ դրանց: Բոլորը կիսատ-պռատ, բոլորն ինձ համար չհաղթահարված, վիճելի: Բայց խմբագիրն անհողդողդ է` հետևողականորեն պահանջում է, ասես երազ է տեսել այդ գիշեր, որը պարտավորվել է իրականացնել: Հեռախոսային մենախոսությունն ավարտելուց առաջ սպառնագին երանգավորմամբ զգուշացնում է, որ սահմանում է սեղմ ժամկետներ և սպասում…
Հիմա, ճարահատյալ, աշխատավայրում առանձնացել ու գրասեղանի մոտ նստած, ճերմակ թուղթն առջևս ( ես անորոշ որոնումներով թղթին եմ նայում, նա պաղ ու սառն անտարբերությամբ անդրադարձնում է հայացքս), միտք եմ անում` արժե՞, թե՞ չարժե գրել երկարատև դադարից հետո: Բայց խմբագիրը նեղություն է քաշել, հիշել է ինձ, կարևորել գոյությունս և գիրս, մինչդեռ տևական ժամանակ ինձ վիճակվել էր հոգեբանական մի հետաքրքիր իրավիճակ, երբ հստակ պատկերացրեցի, թե ինչ մարմին ու հոգի կունենան հետմահու իմ մասին հիշողությունն ու մոռացությունը… Բայց, ոչ, բանից պարզվում է չարաչար սխալվել եմ, ահավասիկ խմբագրի զանգը, ուրեմն` հարալեզների հետ առայժմ տալիք-առնելիք չունենք: Ուրախ եմ, որ սխալվել եմ: Խմբագրի պահանջը ոգևորիչ է, փրկօղակ` նետված խեղդվողին, որից հրաժարվելն անհնար, նաև անհարմար, ինքնասպանության նման մի հիմարություն է: Իրագործելն է բարդ ու դժվար: Ինչևէ: Հաջորդ օրն արթնացա առավոտյան ժամը վեցին, գրեցի, ջնջեցի, պատռեցի, դարձյալ սրտովս չեղավ, գրառումներս լցրեցի թղթապանակի մեջ և դուրս եկա: Ամեն օրվա նման խցկվեցի առաջին իսկ փոխադրամիջոցը, մնացած ճանապարհը վազքով անցա, որպեսզի ճիշտ ժամանակին լինեմ աշխատավայրում: Հակառակ դեպքում, ուշացումները կամ բացակայությունները հարմար առիթ են ղեկավարության համար աշխատավարձդ կրճատելու և պահումներ կատարելու. և այնքա՜ն հաճույքով են տնտեսում գումարներ մարդկանցից` հանուն իրենց հաշվեհամարի ճոխության: Օրը գլորելուց հետո, երեկոյան ժամը ութին կհասնեմ տուն` անցնելով նույն միապաղաղ ճանապարհը, կնստեմ գրասեղանիս առջև և, տա Աստված, որ կարողանամ գործը գլուխ բերել: Իսկ հիմա հարմար պահ է, ընդմիջման ժամ, և փորձում եմ մեկ անգամ ևս ճերմակ թուղթը մրոտել իմ խզբզանքով, տառեր, նախադասություններ, մտքեր նկարել…
Գոյություն ունեն սկզբունքներ, որոնք արժանապատիվ անձը չպետք է ոտնահարի: Դրանցից է նաև պատասխանատվության զգացումն իր բոլոր ակնհայտ և անտեսանելի դրսևորումներով: Պատասխանատվության պատվախնդրություն` բառիդ, խոսքիդ, պատմածիդ, պատկերածիդ համար, մանավանդ գրավոր խոսքիդ անսխալականության` թե՛ քո, թե՛ ընթերցողիդ առջև: Թե չէ, հետագայում, եթե միտումնավոր մոլորեցրել ես նրան, խիղճդ ծվատելու և քրքրելու է միտքդ ու հոգիդ, տանջվելու և խոշտանգվելու է ինքնասիրությունդ: Կամքդ ու ամրությունդ պարտավոր են բավարարելու շատերին հակառակ պայմանը, որ չփոշմանես թեթևաբարո ու հաճելի կյանքի խաբկանքին հպատակվելուդ, եսիցդ երես թեքելուդ, բնույթիդ հակառակ ընթանալուդ համար: Ոտնահարվելուն նպաստող առիթների առատությունից դժգոհելու տեղ չկա, բայց միշտ զսպել ու մերժել ես էժանագին հրապուրանքը, նախընտրել խորքն ու բովանդակությունը` արհամարհելով փայլփլուն արտաքին տեսքի խաբկանքը, որի տակ մեծամասամբ դատարկություն ու ծանծաղամտություն ես պեղել: Ճշմարտության` խոչուխութերով և անակնկալներով լեցուն ճանապարհին, իհարկե, եթե շրջանցեիր ու ոտնահարեիր քո մեջ կրթած սկզբունքները, հիմա մեծամեծ բաների տեր կլինեիր, կոչումների և պարգևների նվիրատվությունների զարդատուփովդ կհպարտանայիր, կապրեիր շքեղ առանձնատուն-դղյակի մեջ` սպասուհիներով և ծառաներով, կշրջեիր թանկարժեք ավտոմեքենաներով` շուրջդ քծնախտով տառապող խառնամբոխ, զավակներիդ ու ազգականներիդ, դինաստիզմի պահպանման և զարգացման կարգի հանգույն, բարձր պաշտոնների կնշանակեիր ու կնշանեիր քեզ համաչափ կարողության ու հնարավորության տեր ցանկացած մեկի ժառանգի հետ, կհագնեիր աշխարհիս լավագույն կոտյումները, կսնվեիր ամենահամեղ ուտեստներով, կխմեիր ամենաթանկ ըմպելիքները… Քեզ քծնողները կհաճոյանային, և դու միամտորեն կհավատայիր, թե փառք ու հարգանք ես վայելում: Ծաղր ու ծանակ: Նրանք թիկունքից հայհոյում և անիծում են քեզ: Բայց ի՜նչ արժե վայելքը, երբ կշեռքի նժարին է դրվում Խիղճն ու Բարոյականությունը, Մարդն ու Արժանապատվությունը: Ոչինչ: Այն, ինչ կարելի է դրամով ձեռք բերել` ամենաէժանն է, իսկ ամենաբարձր պաշտոնը Մարդն է. իմ մտքերը չեն, այլ հանճարեղ մեծերի: Մկներն ու առնետները կերան փղերին, որովհետև այդ հսկաները ինքնավստահ, բարի և ուժեղ էին, նախաձեռնող չէին ու անլրջորեն էին վերաբերվում մանր կրծողներին: Եթե իմ սիրելի երաժշտական գործիքի նվագի տակ պատվերով լարախաղացությամբ զբաղվեի կամ խելահեղ պարի հաճույքից խենթացնեի ինչ-որ մեկին` ինքզինքս կատեի, կնզովեի երգ-երաժշտությունն ու պատվիրատուին, որովհետև ես այլևս ես չէի լինի, այլ ինչ-որ մի եսիկ, որպիսին տաղանդաշատ եսիկների բազմությունն է: Թերևս, հրեշտակադեմ սատանաների անառականոցում կույս մնալն անհնար է:
Ես ցանկություն ունեմ գրելու անարժանների փառքի, մերօրյա մեծապատիվ ընկեցիկների և գրպանահատների, գիտությամբ շղարշապատ տգետների, լուսավոր և ստվերային կյանքի ու լույսուկյանքի ստվերների, հին ու նոր քաղաքացու տեսակի, քաջնազարականության, արժեզրկման և այլ ձևախեղումների մասին` տաքսու վարորդ ինժեներ, հավաքարար ուսուցիչ, աղբամաններում քուջուջ անող գիտաշխատող, դասալիք հայրենապաշտներ, գործազուրկ, չքավոր, մեր իրականության մեջ մոլեգնող այլևայլ անարդարություններ, որոնք բեկում և խեղում են մարդու ճակատագիրը: Մյուս կողմից, ցանկալի է հորինել մի աշխարհ, որը գեղեցիկ է, երազել բարեկեցիկ կյանքի և բարեկիրթ հասարակության մասին, սակայն մտահղացման, երազանքի և իրականության հակասությունը անհավանական հեքիաթի են վերածում այն, և դարձյալ ոչինչ չի ստացվում… Իրականությունը` բազմաշերտ, մարտահրավերները` կործանարար, անկայուն և չկայացած հասարակություն` ուղղահայաց ու հորիզոնական: Լավատեսությունը մշուշոտ ու անհաղորդ է և թույլ չի տալիս վստահելու քո իսկ գեղարվեստական հորինվածքին, որովհետև քեզ հետապնդում է մոմի մարող լույսի պատրանքը: Ահա թե ինչու չեմ գրում: Չափազանց ծանր է շարքային, պարզ ու հասարակ մահկանացուի կյանքն ու ճակատագիրը նկարագրելը: Համաձայն եմ շատերի աչքի փուշը դառնալ, կերտել ազնվական նվիրյալի կերպար և արդար հասարակության միջավայր, միևնույն է, հեղինակային ներքին համոզմունքս խոչընդոտում է ազատ հորինվածքին, ներքին ձայնս ետ է պահում կեղծարարությունից` ինքնախաբեությունն անշնորհակալ գործ է… Ինչո՞ւ ենք գրում, նկարում, նվագում, երգում ու պարում, երբ հոգեվարքի մեջ է երևակայությունը, երբ երազելն անգամ նմանվում է ափ նետված ձկան գալարումների, ո՞ւմ է հետաքրքիր հոգևոր կյանքն` իր մարդաստեղծ ու մարդապահպան դրսևորումներով, երբ օրահարց է անձի գոյության պահպանությունը, հետևաբար` լսող, ընթերցող, ակնդիր և ունկնդիր չունես: Հետևաբար` մի քանի հարյուր օրինակ տպաքանակով հրատարակած գիրքը գնելու են քչերը, կարդալու` առավել սակավաթիվ մարդիկ, և մտերիմ մի գրաքննադատ քեզ հռչակելու է մեր ժամանակների հրաշագրող: Եվ գրողի պատմուճանն ուսերին փռած` արժանանում ես գրող կոչվելու բարձր պատվին: Մինչդեռ սկսնակին անհրաժեշտ է նախ դժվարին, հաճախ տատասկոտ ճանապարհ հաղթահարել, կենսափորձ ունենալ ու կյանքը, մարդուն, նրա հոգեբանությունը ճանաչելու և մեկնելու իմացություն ձեռք բերել: Լիարժեք գրողին պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի նա զբաղվի միայն իր գործով, կարդա ու գրի, հարկադրված չլինի կարիքից ելնելով ներս ու դուրս անել գրքերի աշխարհ, այնպես, որ նստատեղը մաշի աթոռը, քրտինքը ծորա ճակատից, անդավաճան մնա գրականության ճգնավորի ապրելակերպին… Գրողն ինքնահռչակ կամ քննադատի կամքով չի լինում, այլ ժողովրդի, ընթերցող խավի գնահատմամբ: Եվ նա պարտավոր է շարունակաբար փայփայել գրող դառնալու երազանքը և ձգտումը, այլ ոչ անհայտ մի հեղինակ` ես գրող յանն եմ, հայտարարելով ներկայանա…
Ես նախ գրում էի իմ մտքում, հետո գրեցի ինքս ինձ համար` իմ մտորումներն ու ասելիքն ի պահ տալով ինձ: Այժմ միտքս թռչկոտում է թեմայից թեմա ու չի խարսխվում: Որքա՜ն գրելու նյութ է կուտակվել, մի կյանքն անգամ չի բավարարի, եթե նույնիսկ ամբողջովին գրականությանը տրվես` խելացնոր նավապետի ու նրա մտամոլագար անձնակազմի մասին պատմություններից մինչև երկու հազարամյակների և երկու իրարամերժ հասարակարգերի միջև ճողված աշխատավորի ճակատագիրը, միաժամանակ մտմտում եմ մի մեծ կտավի շուրջ, որի միայն վերնագիրն է առայժմ դուր գալիս, չնայած իր դառն խորհրդին ու ենթատեքստին` ՊԱՇՏԵԼԻ ԴԺՈԽՔ: Հայրենիքս է` բնորոշված չարչրկված բազմաչարչար ածականով ու իր բնօրրանում քարից հաց քամելու անկարող բնակչով: Չեմ կարող կանխագուշակել, սրանից մի բան կստացվի՞, թե՞ ոչ, կհավանե՞մ, թե՞ կծալեմ ու կշարեմ անտիպների ու սևագրերի դարակում: Անկեղծ ասած, եթե թղթապանակներից հանեմ անտիպները և ի մի բերեմ, մի ամբողջ ժողովածու կստացվի: Բայց դրանք դեռ տքնաջան ու երկարատև աշխատանք են պահանջում: Չեմ համարձակվում գլուխս մտցնել այդ գործի մեջ: Հանգստություն և ժամանակ է պետք, որն առայժմ չունեմ: Մյուս կողմից, տարիների անքուն գիշերների վաստակն ապրանքային տեսքի բերելու համար չեմ ցանկանում նվաստանալ որևէ հովանավորի առաջ, հետո ժամանակ վատնել գրքի վաճառքը կազմակերպելու վրա: Միևնույն է, դրանից ստացված նույնիսկ լավագույն եկամուտը ոչինչ է դրանց ստեղծմանը նվիրած եռանդիդ, մտորումներիդ, տառապանքիդ դիմաց:
Բայցևայնպես, Աստվածաշնորհ կյանքը գեղեցիկ և անկրկնելի է, պարզապես մենք ենք չարությամբ ու թշնամությամբ հեղեղել, և կշարունակվի հար ու հավետ, եթե մարդ արարածը չպղծի այն: Ես գեղեցկություն տեսնում եմ նույնիսկ շարքային մարդու տառապանքի ու մաքառման մեջ, եթե, իհարկե, արհեստածին չեն դրանք, այլ բնական, առանց կողմնակի միջամտությունների: Կցանկանայի լիարժեք պատմություններ հյուսել նրանց ոչ միապաղաղ ու միօրինակ ճակատագրերի մասին, առանց գունազարդելու կամ գունաթափելու նրանց կյանքը, նկարագրել թշվառության պայմաններում լույս որոնող և հայտնաբերող, չհուսահատվող անհատին` միայնակ բազմամիլիոնանոց անտարբեր միջավայրում: Նրանք հոգեհարազատ են ինձ, նրանցից շատերը դատապարտված են այդ կյանքին ոչ իրենց մեղքով, իսկ եթե մեղավոր են, ուրեմն կասկածելի է ազնվության, համեստության հաղթական առկայությունը: Ես անկեղծորեն սիրում եմ մարդու աշխատասեր, ոչ ձրիակեր ու թալանչի, նաև հակադրվող ու ընդդիմացող, ըմբոստ տեսակը: Երբեմն ինձ տեսնում եմ նրանց շարքերում և չէի ցանկանա, որ գրականության մեջ մթագներ նրանց չարչարանաց պատկերը` չարագործների պատճառով ստացած ծանր ապտակների շառաչյունով: Գրելու բան շատ կա: Հարկավոր է ձևը գտնել հուսադրելու, ամրացնելու նրանց, ներշնչելու հավատ, որ հեռու չէ այն օրը, երբ իրենք դուրս կգան այն ճահճից, ուր շպրտել են իրենց, միայն թե հուսալ և տոկալ է պետք: Գրականությամբ ապացուցել, որ իրենք միայնակ չեն, որ հասարակությունն անտարբեր չէ իրենց հանդեպ, որ վերևներում հոգում և մտածում են, թե ինչպես բարձրացնել նրանց հատակից… Չէ: Մտահղացումներս դարձյալ սրտովս չեն: Տխուր է: Սկզբունքայնությունն ու պատվախնդրությունը, ազնվությունն ու բարոյական բազում արժեքներ, նաև խոսքն ու խոստումը, որոնք երդման նշաձողին էին, շատերի կողմից անամոթաբար իմաստազրկվել են: Բայց բնության և հասարակության մեջ ուղղորդողը շատը չէ, քանակը հաճախ բացասական որակ է ստեղծում: Բնության մեջ շատը քարուքռան է, նախահարձակ` մոլախոտը, որը խնամքի կարիք չունի, ինչպես պտղատու բուսականությունը, իսկ հասարակական պահանջների մեջ տգիտությունն ու ընչաքաղցությունն են: Ենթադրում եմ, որ շատերին է ցանկալի այդպիսին` կույր ու համր լինելը. չխորհել, չանհանգստանալ, չերկնել, չհասկանալ ու չպատկերացնել ոչինչ, սեփական տնամերձից բացի և ենթարկվել, ստորանալ, հաճոյանալ, ինչպես նախորդ հասարակարգում` հարազատ կուսակցության և նրա քաղբյուրոյի քմահաճույքին: Չէ, հարգելի խմբագիր, հավատա, որ գրածս դարձյալ չեմ հավանում, չեմ կարողանում ձերբազատվել դժգոհության և անբավարարվածության ախտից, անվերջ փնթփնթոցից, նվնվոցից, տրտնջոցից, այն էլ դեպի պայծառ ապագա ընթացող ազատ, անկախ և ապահով երկրում, որտեղ մի բազմամարդ զանգված տարիներ շարունակ հայացքը հառել հորիզոնին և փնտրում, սպասում է լույսի հայտնությանը և ամեն անգամ ձեռքը հուսահատորեն թափ տալով հեռանում… Երբեմն իմ ներսում արթնանում է ինքնախարազանման մի տենդ. միգուցե կյանքի մայրամուտը շատ ավելի վա՞ղ է մթնեցրել իմ աշխարհը, միգուցե չարժե՞ր այսչափ խորանալ ճանաչողության խորխորատներում, միգուցե հաճելի՞ է խրոխտ ու հաղթական քայլքով ճեղքել ու փոշիացնել բոլոր բարոյական արգելանքները և կրծքի փայլփլուն մետաղական զանգվածի հանդիսավոր քայլերգի մարտական մեղեդին նվիրաբերել պլշած և հարցական հայացքներն իրեն հառած հասարակությանը` դո՞ւ ես, այդ ինչպե՞ս, ի՞նչ արժանիքների համար: Չէ: Դու դա չես նվիրաբերի, որովհետև ընծան ուրիշին չեն նվիրում, և հետո` հնարավոր է, որ հրաժարվեն քո նվերից, որովհետև դրա ետևում բացակայում են կենսագրությունն ու վաստակը: Կեցցե՛ն ազատությունն ու ժողովրդավարությունը, որոնց շնորհիվ հանդուրժելի են նույնիսկ ամենաաղաղակող թյուրիմացություններն ու անհեթեթությունները…
Գալիս է մի պահ, երբ գրիչդ համարձակություն է ստանում պատճենելու իրականությունը, բայց ճշմարտությունը միշտ չէ, որ հաճելի է մատուցել գլխավոր դերակատարներին, թեկուզ արծաթակուռ և ոսկեզօծ սկուտեղի վրա: Վճարովի լալկաններին փոխարինում են պատվերով հայհոյողները` իրենց ինքնահավան ու վստահ դեմքերով, իբր համոզված իրենց անսխալական ու անշեղ ուղու ճշմարտացիության մեջ, և պատրաստ են առարկելու, որ մածունը սպիտակ է, իսկ եթե ոչ` կարում են քեզ համար ընդդիմադիրի համազգեստ, որովհետև մտավոր տկարությունը թույլ չի տալիս նրանց ըմբռնելու և խոստովանելու ճշմարտությունը, բացահայտ ներկայացնելու դրա արդյունավետությունը և այն թաքցնելու վնասակարությունը, և ավելի ու ավելի են ջղաձգվում իրենց հյուսած սարդոստայնի մեջ:
Իմ հարգարժան խմբագիր, հիմա ես ո՞ւմ համար մոգոնեմ պուպուշիկ-անուշիկ պատումներ, երգեմ ու փառաբանեմ այս երջանիկ կյանքը մեզ պարգևողներին, ընթերցողին փորձեմ համոզել, որ անհնարինն է արվում հանուն մեր հայրենիքի, մեր երկրի բարգավաճման և ժողովրդի բարեկեցության, որ ամեն օր ու ժամ պատասխանատուները գործում են հոգատարության, պետական ինքնիշխանության և մարդասիրության անօրինակ սխրանքներ, մինչդեռ ապերախտ ու երախտամոռ մարդիկ չեն ցանկանում աշխատել` չհայտարարված գործադուլ, չեն սնվում` անօրինական հացադուլ, չեն գնահատում գործադրված գերմարդկային ջանքերը` արհեստական ընդդիմություն, դավաճանաբար լքում են երկիրը և ստորաբար հայհոյում աշխարհին: Եթե այդ ամենը թղթի վրա հանձնեմ ընթերցողի դատին, նա իմ աչքը չի՞ խոթի իր թշվառ, բոկոտն, ցնցոտիավոր վիճակից սրված նիզակը… Չի՞ հարցնի, թե երբ կհրավիրվի արտագաղթած իր հայրենակիցների տարբեր երկրների ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպում, որտեղ շահախնդրորեն կքննարկվեն նրանց բողոքներն ու առաջարկությունները, կտրվեն հանձնարարականներ սխալները սեղմ ժամկետներում վերացնելու: Կկազմավորվի՞, արդյոք, փրկության կոմիտե, որում կընդգրկվեն աշխարհի լավագույն տնտեսագետ, իրավաբան, ֆինանսիստ, արդյունաբերող, ձեռներեց և այլ բնագավառների մասնագետ մեր հայրենակիցները: Կաշխատի՞, արդյոք, քննչական անկաշառ և անկաշկանդ մի խումբ, որը կհամարձակվի քննել բոլոր ֆինանսական մեքենայությունները, օֆշորային գործարքները, երկրի թալանի իրական պատկերը և հետևողականորեն պետական գանձարան կվերադարձնի հափշտակված ազգային հարստությունը, իսկ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Ժամանակը թռչում է, այն անկառավարելի է, հաշվի չի առնում, որ շատերի կյանքն անցնում է սպասման և երազախաբության թմբիրի մեջ, և անհրաժեշտ են սեղմ ժամկետներ` հոգալու տնավերների կարիքները տնաքանդողների միջոցներով, վերականգնել տնտեսական-արդյունաբերական և գիտամշակութային կորուստները, մարել պարտքերը, կասեցնել անօրինական գործառույթները, վերանայել օրենքներն ու որոշումները, պատժել մեղավորներին, որ մարդն իրեն մարդ զգա հոգեբանորեն… Պատժել, որ չկրկնվի, որ չշարունակի մողեսի պոչի նման աճել չարիքը: Պատժել: Պատժել… Դե եկ, հարգելի խմբագիր, այս ամենից հետո այդ ամենի մեջ թաթախված, հոգա գրական-գեղարվեստական արժեք ստեղծելու մասին: Չնայած այն կարելի է հյուսել երբ և որտեղ ասես, ինչի մասին ուզես, միայն թե գրողը հավատա իրեն և իր ընթերցողին: Հավատա, որ իր սերունդները շարունակելու են ապրել իրենց մայր հողի վրա` ծառայելով և տեր լինելով նրան, կառուցելու են ինքնուրույն, հզոր և բարեկիրթ մի երկիր, որի քաղաքացիները կարդալու են իր ստեղծագործությունները, և դրանք չեն վերածվի դատարկ փամփուշտների խաբուսիկ կրակահերթերի, որ նրանք հերթի են շարվելու համերգային տոմս ու ծաղկեփունջ գնելու համար, որ գրախանութներն ու թանգարանները լեփ-լեցուն են լինելու ընթերցողներով և այցելուներով, իսկ զբոսաշրջիկներն անհամբեր սպասելու են իր խնամված երկրի տեսարժան հարստությունների հետ հաջորդ հանդիպմանը: Հիմա ես ո՞ւմ համար գրեմ` համր ու անտարբեր հասարակությա՞ն, որը համակերպվել է ժողովրդավարությունից սերող բռնություններին, անատամ ու գլխահակ գրքասերի՞, որն իր դատարկ գրպանում գիրք գնելու դրամ չունի, իսկ հակառակ բևեռի համար ընթերցանությունն ավելորդ անեկամտաբեր ժամավաճառություն է: Նրա՞նց համար, ովքեր ընկերովի մահվան ողբալի գաղափարաբանությունը հարսանեկան արդուզարդով զուգել և ինքնամոռաց հետամուտ են եղել իրենց հորինած պատրանքին` մխիթարվելով անմխիթարելիով, սխալվելով` ճշմարիտ լինելու պատճառով, ապտակներ ստանալով և չպատասխանելով վիրավորանքին, պատժվելով` արտոնյալների և անպատժելիների փոխարեն` առանց հակադրվելու… Մի՞թե հպարտությունը գետնաշոր է դարձել… Գրում ես, գրում և շնչահեղձ լինում ազատության փոթորկից, սակայն երբեմն-երբեմն մի խեղդող զսպանակ սեղմում է միտքդ, հավատաքննիչ մի դահճադեմ արարած անշունչ դիակից վերածվում է եռագլուխ հրեշի, և տնետուն, դռնեդուռ ընկած եռյակը մեղավորներ, մատնիչներ, թշնամիներ ու հալածյալներ է որոնում, զոհեր, որ երկնի նոր պատժաձևեր, փորձարկի մարդու ոչնչացման նորագույն գործիքներ` առանց առերևույթ և բացահայտ սպանության…
Հիմա, ասացեք խնդրեմ, հարգելի խմբագիր, գրե՞լ, թե չգրել, և ո՞ւմ համար գրել: Նրանց, ովքեր գրախանութներն ու գրադարանները կայծակնային արագությամբ վերածեցին դուքյանի և օֆիսի, երբ անձնական գրադարաններն ու կրպակներում կուտակված մամուլն ու գրականությունը գնում են արևածաղիկ վաճառողները կամ առաքվում վերամշակման միանգամայն այլ նշանակությամբ: Հոգու համաշխարհային ճգնաժամ է, որը չոքել ու լույս աշխարհ է բերել տնտեսական, այլևայլ ճգնաժամեր ու խառնել մարդկության բոլոր խաղաքարտերը: Հաճախ եմ երանի տալիս բանաստեղծներին: Նրանց գործը հավանաբար ավելի հեշտ ու տանելի է: Մի քանի հանգ ու վանկ կցմցելով, զգացմունքային կամ քաղաքացիական լիցքերով, ինչպես,ասենք, ութ դար առաջ Ֆրիկն է վարվել, շնչավորելով, կարելի է ոտանավոր գրել, որպես ժողովրդի ճակատագրի, որն այն ժամանակ նույնպես դառն էր, սոցիալական վիճակի, որը դարձյալ ծանր ու անտանելի էր, անարդարությունների դեմ պայքարի, որն ինչպես միշտ բացակայում է, մասին: Միջնադարի և ներկայիս նմանությունները կեսկատակ-կեսլուրջ հուշում են, որ այդ աղերսները կարող են խիստ բանաստեղծական լինել, ինչպես օրինակ, խաղիկանման Տաղ Տրտմությանը`
Ես նստած եմ բոչկի վրա` բոչկեն գլորվում ա, գրպանումս դրամ չկա` սիրտս տրորվում ա,
Տաքսիստները դժգոհում են` ուղևոր չկա, խանութպանը բողոքում ա` էլ գնորդ չկա:
Գիրք կարդացող ու թանգարան այցելող չկա: Թթվածինը պակասել ա` ու շնչող չկա:
Ոստիկանը տրտմել ա` բանտում տեղ չկա… Տարածքներս վաճառում եմ, բայց ուզող չկա,
Բանկիրները կատաղել են` երկրում փող չկա: Երաշտ տարում ջրհեղեղ ա` փրկություն չկա,
Բերք ու բարիք շատացել ա, բայց ուտող չկա: Բոշեն դարձել պարոնորդի` արևս վկա,
Ինչ տեսնում ա` կուլ ա տալիս, կշտանալ չկա…
Պարտատերս գանգատ գնաց` ԴԱՀԿ-ին եմ սպասում, բայց հույս ունեմ ավելի շուտ Գաբրիելը գա:
Այսպես հույսով սպասում եմ` այդ լավ օրը կա` օազիսը որ վերանա` անապատանա…
Տաղս լինի հիշատակող` ընթերցող մնա, ցավ ու չոռը, էն լավի հետ, երկրից վերանա…
Սիրելի խմբագիր, ամենևին հակված չեմ գրականություն բերելու գորշ իրականությունը և առավել մռայլելու ընթերցողի տրամադրությունը, պատկերելու նրա լարված և տագնապալի, հիասթափությամբ և հուսախաբությամբ լի կյանքը և վերստին հավատազրկելու նրան: Այժմ ես բավարարվում եմ այնքանով, որ գրում եմ մտքումս, ինձ համար, չանհանգստացնելով այլոց` մենախոսում եմ, զազրախոսում եմ, բարեխոսում և չարախոսում եմ, կամ պարզապես հաշտ ու խաղաղ զրուցում ինքս ինձ հետ, կամ տալիս-առնում, վիճում ու հաշտվում Խղճիս հետ: Խոստովանեմ, կարող եմ գրել այն պայծառ գալիքի մասին, որի երազանքի նշույլներ երբեմն առկայծում են իմ տեսադաշտում: Այդ պահերին ես հրճվում եմ գյուտարարի խինդով, փորձում բացահայտել դրանք հյուլե առ հյուլե, ճանաչել, գուրգուրել ու պահպանել հայտնագործությունս, որ հանկարծ չլքի ինձ և երբեք չկորցնեմ նրան… Իսկ եթե, Աստված մի արասցե, սխալվե՞մ, և իմ գրվածքներում կեղծիք ու սուտ հայտնաբերվի, չե՞ք հայհոյի և նզովի ինձ, որպես պնակալեզ վհուկի: Հաշվի առեք, որ ստեղծագործության չափանիշները որոշում է ոչ թե արժեքը, այլ` հեղինակն իր գրաված դիրքով և ընկերական, անձնական հարաբերություններով, թեկուզ ձախ ոտքով գրես կամ հետույքով երգես, իսկ այդ պարագայում միանգամայն անհետաքրքիր է գեղարվեստական մտածողությունը, արվեստը, գրականության բուն էությունը և դրանց մասին խորհելը:
Աստծո առաջ բոլորս հավասար և նույնն ենք, բացի չարն ու բարին, չարագործն ու բարեգործը, հրեշտակն ու նեռը: Կյանքի ընթացքում կամա թե ակամա հաճախ ենք մեղքեր գործում, որովհետև մարդկանց հավաքականությունն անկատար, թերի, չկայացած, կիսատ-պռատ է: (Հրեշտակները խռովել են մարդկանցից ու հեռացել: Հիմա նրանք միայն առասպելներում են ապրում): Այդպիսին է մեր հասարակությունը, մեր իրականությունը` անմիաբան, բազմափեղկված, բայց հիմնականում` երկբևեռ: Մի կողմում` չարքաշ ժողովուրդը, մյուսում` իշխանավորը, ասել է թե` աղքատ ու հարուստ, ասել է թե` չքավորություն և շվայտություն, իրար նկատմամբ անհանդուրժող ու չար: Եթե մենք մեզ գրող ենք համարում, ապա պետք է ժողովրդի հետ լինենք, բայց մեզանից արժանի գրող չստացվեց, հարգելի խմբագիր: Պարզապես գրում ենք սիրողական մակարդակով, ով ինչ ցանկանա, ինչպես ցանկանա, նույնիսկ սեփական կետադրությամբ և ուղղագրությամբ: Ճշմարիտ գրողն իր ստեղծագործությամբ ոչ միայն պետք է ապրի, այլև վաստակի: Իսկ մենք աշխատում, տարբեր հիմնարկներում ծառայություններ ենք մատուցում, որ ապրուստի ծայրը ծայրին հասցնենք, հետո, ազատ ժամանակ, գրելու ճիգեր գործադրենք: Կարոտում ենք գրասեղանը, որովհետև օրահացի հոգսը, օրինականացված հերթական անօրինության տագնապը գլխավերևդ կախված սրի պես սպառնում և այլ միջավայր է շպրտում, իսկ դու քո աշխարհն ունես, սիրում ես քո գրասեղանը, սիրում ես երազել գեղեցկությամբ, կատարելությամբ, գեղագիտորեն ապրելու մասին: Երազանքը միայն քեզ չի վերաբերում, այլ` բոլորին, որ մարդավայել ապրելու հնարավորություն ունենան: Գրում ենք: Գրում լավ կամ վատ, գրում են շատերը, բայց Գրողները եզակի ու բացառիկ են, նրանք Խղճի կրողներ են, ժողովրդի իմաստուններն ու ուսուցիչները` խոնարհելի, խնկարկելի, երկրպագելի… Նրա ապրելու և աշխատելու իմաստը ժողովրդի հետ խոսելը, նրան լսելը, խորհուրդ տալը, գեղարվեստ ու մշակույթ ներշնչելը, մարդ դաստիարակելն ու պահպանելն է, բայց ընթերցողը հրաժարվում է այդ ամենից, չի ցանկանում, չի հավատում ոչ ոքի: Նա ևս ձևախեղվում է, հնար ու ճար որոնում և հնարավորության դեպքում պատրաստ է հաճույքով վարակվել թալանախտով, քանի որ արտառոց ոչինչ չի տեսնում դրանում` աչքի առաջ ունենալով նմանների օրինակելի ապահովվածությունը: Եթե նրան հրամցնես ազնվության, բարոյականության, մարդկային և ազգային հիմնարար արժեքների, այլևայլ առաքինությունների մասին խրատներդ, չի բացառվում, որ մեղադրի քեզ խաբեության, չարամտորեն ստելու և դեպի ունայնություն ուղղորդելու մեջ: Հնարավոր է գրողի ծոցն ուղարկի քեզ, նաև թքի ու մրի… Լավ է, որ խոսքն, այդ առումով, արժեզրկվել է, և ոչ ոք չի հավատա քո գիր-գրականությանը: Չէ, հարգելի խմբագիր, համոզվիր, որ իմ գրիչ բռնելուց ոչինչ չի ստացվում: Ծանր փորձություն է մեր կյանքը, հատկապես, երբ մենակ ու միայնակ ես, թեև դուք իմ կողքին չէիք այն տարիներին, բայց ես մխիթարվում եմ, որ ձեր կողքին եմ, և ձեր հանդեպ անտարբեր չեմ գտնվել: Երերում է մարդու ձգտումը դեպի ճշմարիտ արվեստ ու գրականություն, որը խիստ վտանգավոր է մարդկության ապագայի համար: Ինչպես չքնաղ թոռնուհիս է նկատում.
Պապիկ, աշխարհը սև ու սպիտակ է, մնացած գույներն ուրիշներն են հորինել…
Սիրելի խմբագիր, մի՞թե քոռ-քոռ գրական ասպարեզ ենք մտել` կաղ էշին նստած, ինքներս մեզ գրող ենք երևակայում ու չենք համարձակվում խոստովանել, որ պարզապես մոլորյալներ ենք այդ ահռելի աշխարհում: Այս աշխարհի ոչ շատ հին տերերից մեկը խոստովանել է, թե որքան լավ է ճանաչում մարդկանց, այդքան ավելի շատ է սիրում շներին…Ուզում եմ ասել, որ ցավալիորեն այդ զգացողությունն ինձ ևս հարազատանում է: Տեսնես ի՞նչ բնույթ կունենար Երկիրը, եթե բոլորն ամեն պահի գիտակցեին, որ բոլորիս վերջը նույնն է և մեզ հետ ոչինչ չենք տանելու, այլ թողնելու ենք, և առաջին հերթին, համբավ ու հետագիծ: Նույն տախտակներն ու հողը: Հողը սրբություն է: Կարող է և չընդունել ոմանց: Ինչևէ: Մենք լավատես ժողովուրդ ենք, ես նույնպես, որպես իմ ժողովրդի զավակ, և չեմ ցանկանում հոռետես լինել, առավել ևս այդ հիվանդության բացիլները տարածել հանրության շրջանում: Այդ լավատեսությունն է հուշում, որ վերջը լավ կլինի: Սթափ և զգոն եղեք: Այդ պահը մոտենում է: Չընկճվեք, գոտեպնդվեք համբերությամբ: Վերջն արդեն երևում է… Ամեն բան լավ է լինելու: Ինչպես արցախցի ընկերս է ասում` լյոխ լավ ա, համա լացս կյամ ա…
Հ.Գ. Գրողը քեզ տանի, սիրելի խմբագիր, սա՞ էիր ուզում:

Մեկ մեկնաբանություն

  1. Շնորհավորում եմ Դավիթին 60-ամյա հոբելյանի առթիվ: Ուրախ եմ և հպարտ, որ երկար տարիներ անձամբ ծանոթ ենք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։