ԵՌԱԲԼՈՒՐ՝ ՎԵՐՋԻՆ ԽՐԱՄԱՏ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Սարգիս Հացպանյանի սրտով հորդացող արյունը պտտեցնում էր նրա կյանքի թափանիվը այնպիսի ոգեղենությամբ, որ հատուկ է հայրենիքով գոյավորված ու նրան նվիրյալ ազնվազարմ հոգիներին: Հայրենասիրությունը Հացպանյանի համար մտացածին կենսակերպ չէր, այլ բնական կեցություն ու հաստատակամ ընթացք: Նա ապրում էր Աստծու պարգևած կյանքը, և այն ծառայություն էր հայրենյաց շահին: Դա, իհարկե, նա անում էր առանձնակի պարտավորության պես, բայց ոչ ի պաշտոնե, քանի որ երբեք պաշտոն չունեցավ, այլ ապրեց լոկ խղճին հլու, ինքնապարպվելով:
Մահվան մասին չէր մտածում, մահվան պարագան իր ծրագրերի ծաղրն էր: Սարգիսինը ապրելն էր ու ապրեցնելը… Հախուռն էր, բռնկուն ու երեխայի պես կենսախինդ: Գործին կպչում էր սրտանց ու ոգևորված, ինչպես ժողովուրդն է ասում` քիթ-բերանի ընկած, և հոգնելը խորթ բան էր: Արագ էր մտածում, ուստի և ներկա արագությունների դարում շուտ էր կողմնորոշվում և միշտ հայտնվում այնտեղ, որտեղ անհրաժեշտություն էր նրա շիտակ ու կենդանի խոսքը: Սարգիս Հացպանյանը ճարտար հռետոր էր, նրա խոսքը շարահյուսվում էր արևմտահայերենի և արևելահայերենի նուրբ հյուսքով, որի անկեղծ, անմիջական առոգանությունը հավատ էր ներշնչում ունկնդրին: Նա ամենուր բարձր էր խոսում, ինքնավստահ էր ու համարձակ: Մի անգամ սրճարանում կատակով ասացի՝ «Հացպանյան, աշխարհը կարծես տանդ անկյունն է»: Նա բարձր ծիծաղեց ու թե՝ «Հայաստանը իմ տունն է, տունիս մեջ ինչ է՝ ցա՞ծր խոսիմ, հետո էլ ազատ ու թափով խոսքը փսփսալ չի սիրում»: Նա Հայաստանում սփյուռքահայ «չխաղաց», ապրեց հայավարի ու տնավարի: Այդպես էլ «տնավարի» Ֆրասիայից եկավ Հայաստան, «տնավարի» դարձավ կամավոր Հայրենյաց զինվոր, կռվեց Արցախում, 2008 թվականին «տնավարի» բանտարկվեց, հետո ազատվեց ու պայքարեց, որ մնա Հայաստանում, մնաց և եղավ հայ իրականության ազատ մտածողն ու արտահայտվողը՝ ի շահ հայրենիքի ու հայության: Արդյոք պատահակա՞ն էր կամ արդար, որ նա, լինելով հասարակական կյանքի հորձանուտում, վայելելով ժողովրդական ճանաչում ու սեր, երբեք ոչ մի պարգև կամ մրցանակ չստացավ, թերևս մահվանից մի երկու օր առաջ նրան հանձնվեց իր ընկերոջ՝ Հրանտ Դինքի անունը կրող մրցանակը Լիոնի հիվանդանոցում: Շնորհակալական խոսքը, որ փաստորեն եղավ Սարգիս Հացպանյանի վերջին հանրային ելույթը, շատ հուզիչ էր, որի վերջնամասում ասում էր՝ «Մարդ կրնա առանց հացի ապրիլ, բայց առանց հոգևոր արժեքների չի կրնա ապրիլ: Այդ հոգևոր արժեքներն են, որ մեզի պիտի դեպի վաղը տանեն»: Սա է Սարգիս Հացպանյանի հավատո հանգանակը, որով իր վերջին խոսքի մեջ էլ, որպես հորդոր, մաղթանք, խրատ, դիմում է հարազատ ժողովրդին, որի ազատության ու բարեկեցության համար նա պայքարեց ողջ կյանքում: Գրեցի՝ պայքարեց, ու անմիջապես զգացի, այնքան էլ ճիշտ չբնորոշեցի, որովհետև մեր օրերում անկուսակցական Սարգիս Հացպանյանը ոչ թե պայքարում էր, այլ, բառիս բուն իմաստով, մարտնչում էր արդարության ու ճշմարտության համար, և մահը նրա համար չի կարող դադար լինել, վախճան լինել: Երիցս ճիշտ էր Սարգիս Հացպանյանի ընկեր ու զինակից Գագիկ Գինոսյանը, երբ գերեզմանափոսի մոտ վշտադեմ ու տխրաձայն ասում էր՝ Եռաբլուրը եղավ Սարգիսի վերջին խրամատը:
Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում հուղարկավորության օրը Սարգիս Հացպանյանի եղբայրը նրա լուսանկարը բազմացրել ու բաժանում էր եկեղեցում հավաքված հուղարկավորության մասնակիցներին, որ նրանք Սարգիսի լուսանկարը կրծքներին փակցնեին, ես էլ վերցրի ու գնդասեղով ամրացրի կրծքիս: Մեկն էլ ուզեցի, թե ինչու՝ չգիտեմ ու դրեցի թղթապանակիս մեջ: Առաջ անցնելով՝ ասեմ՝ այդ լուսանկարը տվեցի ինձ անծանոթ, Անի անունով մի հայուհու. նա մոր հետ եկել էր Եռաբլուր՝ Սարգիս Հացպանյանի թաղման արարողությանը մասնակցելու: Իմ տխրության հետ անխոս կանգնած էի, երբ նա խոնավ աչքերով, թախծոտ ձայնով հարցրեց՝ ձեր կրծքին փակցված լուսանկարից ումի՞ց կարող է վերցնել: Ես լուսանկարը տվեցի նրան ու հարցրի՝ ընկերնե՞ր եք, նա թե՝ չէ՛: Մի պահ լռելուց հետո, փոքր-ինչ զարմացած ավելացրեց՝ ինչ է, հնարավոր չէ՞ պարզապես որպես հայ գալ Սարգիս Հացպանյանի վերջին հրաժեշտին: Ինձ անծանոթ Անին մեկեն թվաց Եռաբլուրում թևածող ոգեղեն Հայաստանի հրեշտակներից մեկը, ու մտքովս տարօրինակորեն անցավ՝ Անին գերված է, Անին ավերված է, բայց, միևնույնն է, ԱՆԻՆԵՐԸ կան, ամենուր են, և նրանք են իրենց ներկայությամբ հայի հավերժության երաշխավորները:
…Նախորդ օրը, ես ու հրազդանցի Մեսրոպը (իմ ու Սարգիսի ընկերը) համար 39 երթուղայինով գնում էինք Սարգիս Հացպանյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցելու: Չէինք խոսում: Հիշեցի. Սարգիս Հացպանյանը կարդացել էր «Կապույտ հազ» գիրքս, ինձ տեսնելով բարձր-բարձր ծիծաղախառն ասաց՝ «Ուրեմն, ասում ես, ավտոբուսով տեսակցության գնացող հոր զինվոր տղան, պոստ չելնի, ո՞վ պիտի ելնի… Ցավալի է, բայց դիպուկ ես գրել, արդեն մի քանի տեղ պատմել եմ…»:
Տխուր ժպիտ հայտնվեց դեմքիս… Ճիշտ է, մտքերի մեջ էի, բայց տեսա զինվորական համազգեստով մի կին բարձրացավ գազել և ասաց՝ շնորհավոր ձեր տոնը: Հունվարի 28-ն էր, Հայոց բանակի օրը, իսկ այդ զինվորական կինը Զաբուխի Նանոն էր. հետո պարզվեց՝ ինքն էլ էր գնում Սարգիսի հոգեհանգստին: Պռոշյան փողոցում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ, երթուղայինի իրար անծանոթ ուղևորների կեսից ավելին իջան, նրանք էլ էին գալիս Սարգիս Հացպանյանի հոգեհանգստին: Անծանոթ-ծանոթներով աստիճաններով եկեղեցի բարձրանալիս կարծես հոգևոր «պոստ» ելնեի: Ես սովորական երթուղայինով էի եկել՝ սրտիս կամքին հլու, և մեր օրերի, հանձնարարականներ կատարող, «ֆունկցիոներ», կեղծ բարեպաշտ չինովնիկ չէի: Ամեն աստիճան բարձրանալով՝ մտածում էի՝ մոտենում եմ Սարգիս Հացպանյանի հոգու վեհությանը և սարսռացի եկեղեցում՝ տեսնելով փակ դագաղն ու նրա անխռով ժպտացող լուսանկարը: Խոնարհվեցի, համբուրեցի դագաղը, բայց մեջս կախված ու ինձ կծող ծանրությունը չթեթևացավ, անգամ ընդհակառակը՝ ավելացավ:
Եկեղեցու բակում արձակագիր Լևոն Ջավախյանին տեսա: Շվարմունք կար նրա շարժումներում: Ասաց՝ պատմվածք էի գրում, երբ Սարգիսի մահվան գույժն ինձ հասավ: Դադարեցրի գրելն ու բավականին ժամանակ, գրասեղանիս առաջ նստած, ոչինչ չէի անում: Մեկ էլ, ինձնից անկախ, գրիչը վերցրի, պատմվածքի ընդհատված տեղից սրտիցս եկածը գրեցի ու այդպես էլ՝ առանց խմբագրման, թողեցի պատմվածքի մեջ:
Ճիշտն ասած, այդ ժամանակ առանձնապես չընկալեցի գրող Լևոն Ջավախյանին և նրա՝ կորուստ ապրողի ու դրա մեծությունը հասկացողի ցաքուցրիվ խոսքը, բայց երբ հետագայում կարդացի նրա «Դագաղից ծնվածը» պատմվածքը, հասկացա, թե ինչպես է ժողովրդական գրողը բոլոր պայմաններում էլ մնում նույն անկեղծն ու անմիջականը, և հարգելն ու պատվելը նրա համար գրելու պես է, առանց հատուկ կեցվածքի ու ձևականությունների: Գրողի գիրն է նրա ապրածի արտացոլումը: Լևոն Ջավախյանի կյանքից սնվող գիրը հենց կյանքի հանդեպ, տվյալ դեպքում Սարգիս Հացպանյանի նկատմամբ տածած մեծ խոնարհում է, ուստի՝ մեջբերեմ մաքուր զգացմունքից բխած «Դագաղից ծնվածը» պատմվածքի այդ հատվածը.
«Մայրս ինձ գրող դարձրեց, մնում էր գրել սովորեցնի…
Այս տողերն էի գրում, երբ գուժեց ընկերոջս՝ Սարգիս Հացպանյանի մահվան լուրը: Նա ազատ էր ու անկաշկանդ և որտեղ էլ լիներ՝ ձգտում էր օգտակար լինել իր հայրենիքին, հարկ եղած դեպքում՝ մարդկանց, ովքեր նրա համար կրկին հայրենիքի մաս էին: Հիշում եմ՝ Սաքոն ինձ այցի էր եկել: Կաթոլիկ հավատքի մի հոգևորական՝ Պզտիկյան ազգանունով, ինձնից խաչեր էր գնում, չխորշելով մանրակրկիտ սակարկումների էժանագին միջոցից: Սաքոն լսեց, լսեց, մեկ էլ մոլեգնեց ու պոռթկաց.
– Աս մարդը,- ասաց,- աշխարհին ամենեն մեծ պզտիկյանն է…
– Օղորմի քեզ, Սաքո, լույս դառնա հոգիդ…
Ընդունիր աչքերիցս բխած դառն ու աղի կաթիլները…»:
Երկար ժամանակ է՝ ես հետաքրքրված եմ ու խորամուխ եմ Կիլիկիայի ազատագրության համար ձևավորված, մարտական ուղի անցած «Հայկական լեգեոնի» պատմությամբ: Սարգիս Հացպանյանն այն եզակի մարդկանցից մեկն էր, ով ձեռքից եկածն անում էր ինձ օգնելու «Հայկական լեգեոնին» վերաբերող նյութերը հայթայթելու գործում: 2017 թվականին, նրա ծննդյան օրը, ես սև շապիկ նվիրեցի, որի վրա ճերմակ տառերով գրված էր՝ «ԱՐԱՐԱ-100. աննուաճ երազի կարօտով»: Նա հարգալից հաճույքով ընդունեց նվերը, բայց երբ փորձել էր հագնել, պարզվել էր՝ շապիկը փոքր է: Զանգեց ինձ, թե նման գրությամբ շապիկի գաղափարը դուր է եկել իրեն, ու նա առաջարկեց իր մոտ գտնվող երեք շապիկների վրա նույն բովանդակությամբ գրություն տպել, որ միջոցառումներին դրանք հագած ներկայանա ու հետաքրքրություն առաջացնի «Հայկական լեգեոն» կոչվող երևույթի շուրջ: Նրան հիշեցրի, որ իր զինվորական համազգեստով նկարը ադրբեջանցի պառավի հետ, իսկական շապիկի նկար է: Ասաց՝ դա շատ հանրաճանաչ նկար է: Քարվաճառում լուսանկարել է Զավեն Խաչիկյանը. լուսանկարի 81-ամյա պառավի անունը Շեյխա խանում էր: Միջազգային Կարմիր խաչն այն համարել է 1993 թվականի տարվա լավագույն մարդասիրական լուսանկարը և միլիոնավոր օրինակներով տարածել էր աշխարհով մեկ, որտեղ կար Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցչություն:

Ավա՜ղ, «Հայկական լեգեոնի» մասին մեր մտածածը իրականություն չդարձավ. շաբաթն ուրբաթից շուտ եկավ. ահավոր հիվանդությունը հանկարծակի մեջտեղ եկավ ու սկսեց նրան հյուծել: Ստիպված ապավինեց վերջին հույսին. մեկնեց Ֆրանսիա՝ բուժվելու: Նա ցանկություն ուներ հոկտեմբերին տեղի ունեցող Համահայկական 6-րդ համաժողովին լրջությամբ բարձրացնել «Հայկական լեգեոնի» և նրա՝ Արարայում տարած հաղթական ճակատամարտի 100-ամյակը բարձր մակարդակով նշելու անհրաժեշտությունը: Համաժողովը տեղի ունեցավ էլ, ավարտվեց էլ. հայրենասիրական ի՜նչ պոռթկում ասես, որ չեղավ, բայց զարմանալիորեն այդ թեմայով ոչ մի խոսակցություն չեղավ: Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ազգի պատմություն կերտող Հայրենյաց զինվորի սխրանքն ու թափած արյունն արհամարհել, արդյոք այնքան շատ հաղթանակնե՞ր ունենք, որ մեկն ավելի կամ մեկը՝ պակաս, Հայ ժողովրդի համար էական չէ, ու ոչինչ չի փոխի: Ֆրանսիա մեկնելուց մի քանի օր առաջ, երբ Սարգիսին տեսա, աչքերի մեջ սքողված տխրություն նկատեցի, բայց նա ինձ, թերևս ինքն իրեն, հավատացնում էր ու ասես արդեն պատրաստվում Ֆրանսիայից իր երկրորդ Գալուստին: Հիշում եմ, մի փոքր բարկացած էր այդ պահին ոչ թե իր ճակատագրի վրա, այլ այն բանի, որ քսանհինգ տարվա պետությունն առաջնակարգ դիագնոստիկ բժշկական սարքավորումներ չունի, ու իրեն ոչ հատուկ ցածրաձայն ասաց՝ «Ես եմ, կարողացա Ֆրանսիա գնալ, բա ժողովուրդն ի՜նչ անի: Կես միլիոնը պետության համար ի՜նչ փող է՝ ժողովրդի բուժհոգսը թեթևացնելու համար: Է՜, հիմա սա է»: Բաժանվելուց իրեն ուրախ էր պահում ու ժպտաց՝ «Մի կողմից էլ այս հիվանդությունս լավ է, որ եղավ, մի քանի ամիս գործերից հեռու կլինեմ, շատ բան ունեմ գրելու, կգրեմ»:
Համոզված եմ՝ եթե նա Հայաստանում լիներ, Էրդողանի եղբայր Աթեշյանը հաստատ Հայաստան չէր համարձակվի գալ, եթե գար էլ, քաջություն չէր ունենա մամլո ասուլիս տալ:
Թուրքիայում ընթացող բոլոր հասարակական ու ազգային գործընթացներին տեղյակ էր, տեղեկատվությունն ստանում էր անմիջապես այդ գործընթացների մասնակիցներից և անմիջապես էլ արձագանքում էր մե՛կ հրապարագրությամբ, մե՛կ մամուլի ասուլիսով, մե՛կ հեռուստատեսության հարցազրույցով: Ի դեպ, անմիջական կապի մեջ էր համարյա բոլոր հայկական գաղթօջախների հետ, բայց և այնպես, հիմնականում կենտրոնացած էր հայ ժողովրդի ամենացավոտ հարցին՝ Թուրքիայի թնջուկին: Նրա մահից հետո այդ դաշտում կարծես միայն քամիներ են սուլում…
Հույս ունենանք՝ այն տիտանական աշխատանքը, որ Սարգիս Հացպանյանը գիշեր ու զօր քրտնաթոր անում էր՝ չնայելով ո՛չ աջ, ո՛չ ձախ, չսպասելով ինչ-որ ակնկալիքի, հարկավ, պետք է որ գտնվի մեկը, որ կգիտակցի, քանի որ նրա արած գործի վարձքը օգուտն է հայ ազգին ու ժողովրդին: Դրա համար էլ ես չեմ զարմանում Հացպանյանի հանդեպ հայ չինովնիկության անտարբեր կեցվածքից, երբեմն էլ թշնամականի հասնող պահվածքից, չէ՛, չեմ զարմանում: Երբ նրանք զլանում էին իրենց պարտականությունները կատարել, նրանց փոխարեն, փաստորեն, անում էր անվճար ու ամենակարևորը` կամավոր, որպես հոգու տուրք: Այս պահին նրա նման մտածելով՝ զարմանամ՝ «եթե հայի արյուն է հոսում միջովդ, ինչպե՜ս կարելի է չանել»: Այսպես էր նա մտածում և այդպես էլ ապրում էր:
Սարգիս Հացպանյանը գնաց միանգամից, կայծակի նման զիգզագաձև փայլատակելով: Գնաց, ու պարզվեց՝ նրա նման երկրորդը չկա: Գնաց, և հասարակական դաշտում իր տեղը ոչ թե դատարկ մնաց, այլ փոս: Նա իր գործունեությամբ փակել էր այդ փոսը: Հիմա այդ փոսը բաց է, և չի երևում առայժմ այն մարդը, ով Սարգիս Հացպանյանի նվիրումի պես իրենով կծածկի այն: Սակայն նրա կայծակումից հետո մնացել է Հայ ոգեղենության հացպանյանական ձայն-որոտի արձագանքը, որպես կոչնակ, որով թունդ ելնող սրտերը, անշուշտ, կշարունակեն նվիրյալը լինել հայկական ոգուն ու հավերժությանը:
Աշխատասենյակիս պատին փակցրել եմ Հացպանյանի այն լուսանկարը, որ հուղարկավորման օրը կպցրել էի կրծքիս: Գնդասեղից մնացած անցքերը ցավոտ վերքերի պես խաթարել են նկարի խաղաղությունը, բայց և այնպես ծիծղուն հավատ է ճառագում նրանից, որ կարծես ուղենշում է վաղվա օրը: Նայում եմ նորից ու նորից, արդեն որերորդ անգամ կարդում լուսանկարին գրվածը՝ «ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆ», հետո ծննդյան տարեթիվը՝ 12.02.1962, ու երեք կետ: Հայացքս անշարժանում է երեք կետերին, իսկ հոգիս գրկում է դրանք որպես հացպանյանական շարունակվող ճշմարտություն՝ ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ ՈՒ ՍԵՐ:

Հ.Գ. Երևան, Հանրապետության հրապարակ, ապրիլ-մայիս, 2018 թ., Սարգի՜ս Հացպանյան, քեզ բացակա չենք դնի:

Մեկ մեկնաբանություն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.