100-ԱՄՅԱԿԻ ՎԵՐՋԻՆ, 101-ԱՄՅԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Եթե անգամ չես զգացել, ընթերցո՛ղ, այդ օրն ինձ հետ ես եղել: Ամեն վայրկյան, ամեն երկվայրկյան: Առանց քեզ շատ, շա՜տ դժվար էր լինելու: Չնայած երբ տեղ հասա, անապատի բարկ ավազից ներբաններս այրվում, արյուն էին ծորում՝ իսկույն քուն մտա: Վեր թռա ազանի վայյունից.
– Կոմիտասին, Վարուժանին, Սիամանթոյին, 800 հայ մտավորականների ձերբակալել, կենտրոնական «Սուլթան Ահմեդ» բանտն են տարել:
Չզգացի, թե ինչպես հագնվեցի, Բերայի բարձունքից Ոսկեղջյուրի ծովախորշը իջա: Ալիքներն անզոր հառաչում, մարդկային գանգեր, մարմնանդամներ էին ափ նետում: Ահաբեկվեցի, ինչքան ուժ ունեի բղավեցի.
– Հա՜յր սուրբ…
Բանտի վանդակապատ պատուհանների ետևում ստվերներ էին երերում:
Դա ինձ հույս տվեց.
– Վարուժա՜ն, Սիամանթո՜, Սևա՜կ…
Դարպասը բացվեց, հայտնվեց շքազգեստով բարապանը.
– Այս շենքը վաղուց բազմաստղանի հյուրանոց է, պարոն, 800 հայ մտավորականներին սվինավոր զինվոր-ոստիկանները տարան:
– Ո՞ւր:
– Չիմացա: Էմինեոյուի կողմն էին քշում:
Անցա Գյուլհանեի ծառուղով, Այա Սոֆիայի հրապարակով, նավամատույց մտա:
Ճայի նման ճերմակիրան մի ճեմանավ ճոճվում, ցռուկը ասիական ափն էր ուղղում: Վերջին պահին շարժակամուրջից տախտակամած ցատկեցի: Ուղեսրահ չմտա, բազրիքից ցած հակված, հայացքս Մարմարայի ճողփացող կոհակներին հառած, «Շիրքեթը Խայրի» թիվ 2 շոգենավի հետագիծն էի որոնում: Ինձ թվում էր՝ ալիքները պահպանած պիտի լինեն, չէին կարող պահպանած չլինել նրանց հայացքները: Արցունքնե՞րը: Ութ հարյուրի մեջ եղե՞լ է մեկը, որ աքսորի այս հանգրվանում փղձկացել է: Չգիտե՛մ, չգիտե՛մ: Ուղեսրահում բոլորը, առանց բացառության բոլորը, կոնաձև բաժակիկներով թեյ են խմում: Մեկը, բաժակիկը ձեռքին, տարուբերվող տախտակամածում տարուբերվելով, մոտենում է ինձ:
– Երկու ժամ է ալիքների մեջ ի՞նչ ես փնտրում, բեյ էֆենդի:
«Բեյ էֆենդին» թուրքերի ամենահարգալի դիմելաձևն է, կեղծելն անպատշաճ է:
– Այս նավուղով 800 մտավորականների են աքսորել: Նրանց հայացքները:
– Ե՞րբ են աքսորել:
– Ուղիղ հարյուր տարի առաջ, այս նույն օրը:
Մանրիկ ծիծաղում, թերահավատ հեգնում է.
– Հարյուր տարի առաջ Թուրքիայում ութ հարյուր մտավորակա՞ն է եղել:
– Ավելի շատ հա՛յ մտավորական է եղել: Այդքանին միայն ձերբակալել են:
Լրջանում, մի տեսակ, վիրավորվում է.
– Ես այդպես էլ հասկացա, որ եկվոր հայ ես: Հարյուր տարի առաջ դուք շատ վատ վարվեցիք մեզ հետ:
Չէ՛, չի հեգնաժպտում, լուրջ է նեղանում:
– Մենք ձեզ ի՞նչ ենք արել:
– Էլ ի՜նչ պիտի անեիք, թողել-գնացել, երկիրը սովի եք մատնել: Էս շեն վաթանում գործավոր ու հողվոր, արտահանող ու ներմուծող չի մնացել: Մի բժիշկն ինչ է, չի եղել, որ ժանտատենդի համաճարակը կանխի: Եվրոպաներում ու ամերիկաներում շա՜տ երջանիկ եք, հա՞…
Տատս պատմում էր, որ 1915-ի աղետի, չգիտեմ ինչու, նա միշտ ու միայն «աղետ» բառն էր օգտագործում, արհավիրքներն անգամ մի պահ մոռացվել են, երբ Քեմալ Աթաթուրքը, իշխանությունը նվաճելուց հետո, անապատներից փրկված, բնօրրաններում վերահաստատված հայերի համար մզկիթների մինարեներից նոր հրաման-ապառնալիք է տարածել տվել. «Կամ թրքացե՛ք, կամ հեռացե՛ք»: Թրքանալ, հասկանալի է, ոչ ոք չի ուզել, վերապրողներն ուսերն են նետել խարարներն ու հրաժեշտ են տվել իրենց հազարամյա շեներին: «Ամենաահավորն այն էր,- մղկտում էր տատս,- որ Հունաստան, Ռուսաստան, Ֆրանսիա տանող ուղենավերում մենք բացեցինք մեր անձնագրերն ու տեսանք «Առանց հետդարձի իրավունքի» դրոշմակնիքը: Մեզ վռնդեցին մեր օջախներից, մա՛նչս: Ընդմի՜շտ»:
Ես չհասցրի ինձ «բեյ էֆենդի»-ով մեծարող ճանփընկերոջս հաղորդել այս մանրամասները: Ճեմանավի շղթաները ժանգոտ ճռնչոցով կառչեցին խարսխակայանի երիթներից, ու ես ցամաքի նեղ լեզվակով «Հայդարփաշա» կայարանը սուրացի: Երփնապակիներով եզերված, որմնանկարներով ոճավորված ընդարձակ սպասասրահը ամայի էր: Նետվեցի կառամատույց. ութ հարյուր հայ մտավորականներին Չանղըրը, Այաշ հասցրած վայրաշարժը վերադարձել ու բծախնդրությամբ վերանորոգվելուց հետո թանգարանային ցուցանմուշ էր դարձել:
Սկսեց հորդ անձրև տեղալ, որին շուտով կարկուտ խառնվեց: Հեռվում հորիզոնը մթնեց, ծովն ու երկինքը միաձուլվեցին: Ես գլխաբաց կանգնել էի անձրևախառն կարկուտի տակ, ու վայրաշարժը իր մետաղե ձայնով պատմում էր, թե ինչպես Վարուժանին փողոտեցին, Սիամանթոյին կառափնատեցին, Սևակին խողխողեցին…
– Միայն Կոմիտասը փրկվեց,- հուսադրեց վերջում:
– Հայր սո՞ւրբը: Ո՜նց:
– Նա խելագարվեց:
Ես չխելագարվեցի, որովհետև մթամած երկնքում ղողանջեցին սուրբ Աստվածածին աթոռանիստ Մայր եկեղեցու զանգերը: Նրանք ավետում էին, որ մեկ օր առաջ, 1915 թվականի՝ տատիկիս ասած «աղետի» նահատակները սրբադասվել են, և ութ հարյուր հայ մտավորականները Քրիստոսի նման մեռելներից հարություն են առել:
Հաջորդ ջերմանավով եվրոպական ափ վերադարձա, Գում Գաբու փութացի: Սուրբ Աստվածածին հասնելը դյուրին չեղավ: Ամբողջ թաղը շրջափակված էր զինվորներով ու զինվոր-ոստիկաններով, զրահասայլերով ու ջրցան մեքենաներով: Թուրքական իշխանությունները ապահովում էին հայ հավատացյալների անվտանգությունը: Ումի՞ց: Պատարագից ուշացել էի, մի կերպ խցկվեցի լեփ-լեցուն եկեղեցին, խնկաբույրն առա:
– Տէ՜ր, կեցո Դու զ’հայս,- աղերսում էր դպրաց դասը:
– Տէ՜ր, կեցո Դու զ’հայս,- ծնկաչոք, ձեռքերն իրար հպած՝ աղերսում էին հավատացյալները:
Անսպասելի ազանի կողկողոցը (երևի մահմեդականների հերթական նամազի ժամն էր) եկեղեցի ներխուժեց, խլացրեց աղոթքի վերջին բառերը: Երբ ազանի ալիքները հետ-հետ քաշվեցին ու վերջապես մարեցին, սարսուռով անդրադարձա, որ Ստամբուլի հայ հավատացյալներն աղոթում են հայերեն, բայց իրար հետ թուրքերեն են խոսում: Ծերերն ու ծերուհիները: Մանուկներն ու մանկուհիները: Անգամ օրվա պատարագիչը՝ Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, քարոզը սկսելով հայերեն, շրջահայեցությամբ անցավ թուրքերենի ու թուրքերենով սկսեց հավատացնել, որ 1915-ի անմեղ նահատակները, սրբադասվելով, հարություն են առել:
…1890 թվականի հուլիսի 15-ին, այս նույն եկեղեցում, կիրակնօրյա ճիշտ այսպիսի պատարագ էր: Պատարագիչը՝ Խորեն Աշըգյան օրվա պատրիարքը, նոր էր խորան բարձրացել, որ «Փառք ի բարձունս» սաղմոսերգի, իջման սուրբ սեղանի առջև կանգնած մի երիտասարդ՝ նպարավաճառ Հարություն Ճանկյուլյանը գրպանից քառածալ թուղթ հանեց ու սկսեց բարձրաձայն կարդալ սուլթաններից ամենադաժանին՝ Աբդուլ Համիդին ուղղված հանդուգն Պահանջագիրը, որ վերջնագիր կարելի էր համարել.
– Հարազատ ժողովուրդ, մենք՝ հայերս, ունենք մի երկիր, մի հայրենիք, որը մեր նախահայրերը մկրտել են Հայաստան անունով, ավանդել մեզ…
Աշըգյան սրբազանը աթոռանիստ Մայր եկեղեցում քաղաքական ցույց անցկացնելն ըստ երևույթին սրբապղծություն համարեց, ասան շարժեց, որ դպրաց դասն ավելի բարձր հնչեցնի «Փառք ի բարձունս»-ը, հնչակյան հեղափոխականի ձայնը խլացնի: Պարզվեց՝ Մայր եկեղեցի լցված բոլոր երիտասարդներն էլ ունեն նույն ուղերձը: Գրպաններից հանեցին, խմբովին մույթերը թնդացրին.
– Մենք ուզում ենք, որ մեր արդար ձայնը աշխարհը լսի, սուլթանը մեր պահանջները բավարարի…
Երիտասարդներն ավարտեցին Պահանջագրի ընթերցումը, բռունցքները գմբեթ ուղղեցին, միահամուռ որոտացին.
– Մա՛հ կամ ազատությո՛ւն:
Աշըգյան սրբազանը հավանաբար կարծում էր, որ ցույցը դրանով ավարտվեց, ուզում էր պատարագը շարունակել, բժշկական համալսարանի 3-րդ ընթերցակարգի ուսանող Համբարձում Պոյաճյանը խորան բարձրացավ, նրան թևանցուկ արեց.
– Ամենապատիվ Տեր, բարեհաճեցեք իջնել, որ Պահանջագիրը միասին Յլտըզ տանենք, անձամբ սուլթանին հանձնենք:
Երբ պատրիարքը զենքի սպառնալիքով եկեղեցուց ելավ, շրջաբակում խռնված հայությունը որոտաց.
– Կեցցե՜ Հայաստանը:
– Կեցցե՜ հայ ժողովուրդը:
Նորին ամենապատվությունը ճարահատ կառք բարձրացավ, որ Հարություն Ճանկյուլյանի ու Համբարձում Պոյաճյանի հետ ուղևորվի սուլթանական պալատ: Մինչդեռ Տաճատ վարդապետը, աննկատ, արդեն փութացել էր ոստիկանատուն, օգնություն խնդրել: Յլտըզի ճանապարհին զինվոր-ոստիկանների մի ամբողջ վաշտ պաշարեց կառքը, Ճանկյուլյանին ձերբակալեց, Աշըգյան սրբազանին ետ՝ իր նստավայրն ուղեկցեց: Պատրիարքարանի առջև խռնված, պալատից ավետիս ակնկալող հայությունը զինվոր-ոստիկանների տեսնելով, կարծեց՝ ցույցը ցրելու են եկել, ցասումով համակվեց: Ընդվզումը հետզհետե ահագնացավ, բախումը անխուսափելի դարձավ: Նախ հատուկենտ կրակոցներ լսվեցին, որոնք արագ փոխհրաձգության վերածվեցին, երկուստեք զոհեր եղան: Աբդուլ Համիդը հայ հեղափոխականների խաղաղ ցույցը պատրվակ դարձրեց, մայրաքաղաքում նոր ջարդեր սանձազերծեց…
Չգիտեմ, հնչակյան երիտասարդների անհույս ընդվզո՞ւմն էր ճիշտ, թե՞ մեր օրերի հլու համակերպությունը, քարոզը չավարտված, դուրս եմ գալիս Սուրբ Աստվածածնից: Նախագավթում մի տղեկ այնքան նման է թվում Հրաչյա թոռանս, որ մի պահ կարծում եմ՝ Երևանից եկել, գտել է ինձ: Միշտ ուզում է կողքիս լինել: Նա հազիվ տասը տարեկան է, բայց արդեն երազում է հայկական բանակում ծառայել՝ մարտական քայլերգեր է երգում, շարային վարժություններ սովորում:
Ձեռքս դնում եմ տղեկի ուսին.
– Հայկական վարժարան ես գնում, չէ՞:
– Այո՛, պարոն,- թուրքերեն պատասխանում է նա:
– «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն անգիր գիտե՞ս:
– Ո՛չ, պարոն,- թուրքերեն պատասխանում է նա:
Միջին տարիքի մի տղամարդու թվում է՝ տղեկին նեղում եմ, ոսկե շրջեզրով ակնոցը հանում, իսկույն պաշտպանության տակ է առնում.
– Չե՛մ հասկանում, հայաստանցի հայերդ ի՞նչ նպատակի եք ծառայում: Ղարաբաղցիներին խառնեցիք իրար, հիմա էլ ուզում եք մե՞զ խառնել: Թողեք հանգիստ ապրենք, մենք մեր կյանքից գոհ ենք:
Վաղուց չսափրված մի երիտասարդ մոտենում, թևիս տակ է խցկում «Նոր զարթոնք» պարբերականի վերջին թիվը:
– Մի՛ վիրավորվեք, դա մեր համայնքի մեղավորությունը չէ, դժբախտությունն է: 1915-ը հիմա էլ այսպես է շարունակվում: Երեկոյան մասնակցելո՞ւ եք ապրիլքսանչորսյան քայլերթին:
– Իհարկե՛, շատը դրա համար եմ Ստամբուլ եկել:
– Դե՛, տեսե՛ք, չուշանաք, 18-ն անց 30-ին Գալաթասարայում համախմբվելու, ոտքով Թաքսիմ ենք բարձրանալու:
Ժամը 18-ն անց 30-ից շատ առաջ Ստամբուլի ավանդական ճեմափողոցը՝ Բեյօղլուն, լեփ-լեցուն է: Հայտնի չէ՝ ովքե՞ր են Գելիբոլուի հաղթանակը տոնում, ովքե՞ր Հայոց ցեղասպանության 100-ամյակը սգում: Թուրքական հեռասփյուռի խոսնակները օրեր շարունակ մարզական մրցակցության էին տրվել, տեսանյութերով հավատացնում էին, որ գերտերությունների ամենանշանավոր դեմքերը Գելիբոլու են ժամանելու, ստվերելու են Ծիծեռնակաբերդի արարողությունները: Երեկվանից այդ մասին այլևս չեն խոսում, իրենց պարտությունը չեն խոստովանում: Թաքսիմ հրապարակի մատույցներում, ֆրանսիական սրճարանի շրջափակում ցեղասպանության ցույցի մասնակիցներն առանձնանում են: Զինված ոստիկանները չեն միջամտում, բայց աչալուրջ են:
«Նոր զարթոնք» երիտասարդական շարժման տղաները, որ քայլերթի նախաձեռնողներն են, տեղադրում են փայտե տոհմածառը, որի ճյուղերին մասնակիցները թղթե, կերպասե երիզների վրա գրում, ժապավենակապում են իրենց փափագները: Նույնը մենք Հայաստանում՝ վանքերի թփերին ենք անում: Պարզվում են պաստառները՝ «Հարյուր տարին բավ է», «Պիտի չմոռնանք, պիտի չմոռցնենք», ու հանկարծ թուրքերեն պաստառ՝ «Չերքեզները ձեզ հետ են»: Պաստառներ չեն բերել, բայց հայերի հետ են նաև ձախակողմյան թուրքերը, քրդերը, ասորիները, ալևիները: Սկսում եմ կասկածել՝ սգահանդեսին ավելի շատ պոլսահա՞յ է մասնակցում, թե՞ այլազգի:
Գիշերային աղջամուղջում գետնին ամրացված մոմերը մեղմիկ լաց են լինում, ու մի պահ ինձ սկսում է թվալ, որ ժամանակը քենը, ոխը մեղմել, ժողովուրդներին հաշտեցրել է: Բայց ոչ, մեր շարքերը նեղացնում, մեր հարևանությամբ մի խառնամբոխ է հայտնվում: Ակնհայտ է, մեզ են սպասել, որ մեր կողքին հակացույց անեն: Վարձու լամուկները ծածանում են Թուրքիայի դրոշը, Աթաթուրքի դիմապատկերը: Հռետորները հաջորդում են իրար.
– Հայերը երախտամոռ են, մենք մեր երկրում նրանց հող տվինք, տուն, տանիք տվինք, մեզ դավաճանեցին:
– Հայերը ահաբեկիչ են: Օսմանյան դրամատան բռնազավթումից ի վեր մեր պաշտոնյաներին, դիվանագետներին հալածում, գնդակահարում են:
Մեկը ադրբեջաներեն ծղրտում է.
Խոջալո՜ւն, Խոջալո՜ւն մոռացաք:
Սրանք ի՜նչ են որ, մի քանի օր առաջ, Արևմտահայաստանի քաղաքներում, ամբոխը, լսելով հայկական պահանջատիրության մասին, մոլեգնել, այսպիսի պաստառներով էր ելել ցույցի. «Շնորհակալություն մեր պապերին, որ 100 տարի առաջ մեր երկիրը մաքրեցին հայ տականքներից»:
Տաք, հարազատ ձեռքեր գտնում, փաթաթվում են ինձ.
Ի՜նչ լավ է, որ եկել ես:
Շրջվում եմ: Քույրս է: Ես, որ ամբողջ կյանքում միայն մի եղբայր եմ ունեցել, այս տարիքում միանգամից երկու քույր ունեցա՝ Քերոլայն Քոքսն ու Ֆեթիե Չեթինը: Կարևոր չէ, թե ինչ ազգ են, երկուսն էլ իմ հարազատներն են:
– Բռնի կրոնափոխված հայերի մասին կարդացի՞ր «Մեծ մայրիկ» գիրքս:
– Իհարկե, հայերեն թարգմանությունն էլ, ֆրանսերեն թարգմանությունն էլ:
– Հիմա էլ «Թոռնիկներ» գրքի վրա եմ աշխատում: Ինչի՞ ես աչքերդ լցրել, գնա Շիշլիի գերեզմանոց, տե՛ս, թե Մնձուրին իր տապանաքարին ինչ է գրել տվել. «Գիրը չի մեռնիր, գիրը անմահ է»:
Հավատա՞մ, քո՛ւյր:
Ամբողջ գիշեր, այդպիսի գիշեր անհնար էր քնել, ինձ չէր լքում այն նվաստացնող զգացողությունը, որ հարյուր տարին անցավ, բայց մենք վերջին հաշվով, մեծ հաշվով ոչնչի էլ չհասանք՝ մեր անմեղ նահատակները անթաղ, բնօրրանները գերված մնացին…
Լույսը վերջապես բացվում է:
Ավարտվեց Մեծ Դեպքերի 100-րդ տարվա վերջին օրը:
Սկսվում է 101-րդ տարվա առաջին օրը:
Ի՞նչ ես մտադիր անել, ինձնից անբաժան ընթերցող: Քե՛զ եմ հարցնում:
Ինքս ինձ արդեն հարցրել ու պատասխանել եմ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.