Ռոբերտ ԵՍԱՅԱՆ

ՏԱՏԱՆՈՒՄ

Շուրթերիս վրա բաբախող լուսնի
Շողն է թափանցել մութ խորքերը իմ,
Ուր բորբոքվել է երկվության կռիվն,
Ու սրի շե՜ղբ է փրկության հույսն իմ:

Լույսը իջնում է, մութը` բարձրանում,
Քարավանների անցուդարձի տակ
Փոշի են դառնում նշխարներս թանկ,
Եվ իմ մանկության ձա՜յնն է խլանում:

Մերթ իմ ոտքի տակ փոխվում է վիհի,
Մերթ կանթեղի պես կախվում է հեռվում.
Վրե՜ժ է առնում պատկերս ինձնից,-
Եվ մոլուցքն այդ սև չի՛ հանգստանո՜ւմ.
Մութը իջնում է, լույսը` բարձրանո՜ւմ…
Ոգու մոխի՜ր է թափվում անհունից…

ԴԱՏԱՐԿ ՇՐՋԱՆԱԿ
Առօրյա կյանքի շրջապտույտում
Օրորվող քանի՜ դատարկ շրջանակ,
Քամված հոգիներ, որ չե՜ն խոցոտվում,
Քանզի այլևս ո՛չ մի եղանակ

Չի՜ նվագելու նրանց լարերին.-
Քարացած շուրթ է, մեռա՜ծ աղաղակ,-
Չի՛ փոփոխելու ճակատագիրն էլ
Նրանց դիրքը այս-դատարկ շրջանակ:

Ինչ-որ չլցրեց հոգին Հիսուսի,
(Խաչվեց-չզորե՜ց դատարկը լցնել),
Չի՜ լցնի ոչ մի բիբլիական ցեղ:

Եվ խղճի միջից ու մեր երազի
Դեռ մեզ է նայում դարեր շարունակ
Անհունի աչքը-դատա՜րկ շրջանակ:

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
Գուցե լռությունը գիրկ է սիրո համար,
Իսկ ինձ համար նաեւ չասված հույսի բե՜ռ է,
Եվ ինձ համար լույս է` երազներից քամած,
Որ բերում է հեռվից ներշնչանքի բառեր…

Գուցե լռությունից քարե մի ճիչպոկեմ,
Դնեմ վերքիս վրա` որպես սպեղանի,
Հետո ցավի ոխից կարոտներս փրկե՜մ
Եվ մրմուռս դարձնեմ ճախրո՜ղ մի աղավնի…

Գուցե լռությունը անհայտ գրչի երկ է,
Կամ նամակ է` հղված լուսավորիչ-քարին,
Գուցե լռությունը երազանքի հետք է,
Որ նախնի՜ս է թողել կյանքի ճանապարհին.-
Որ աշխարհում լինե՜ն արկածաշունչ դեպքեր,
Խղճի ճառագայթով լուսավորվի՜ բարին:

ՀՈԳԻՆ
Սարսուռների խորքում` պարող ոտնահետքեր,
Ամպի կոպերի տակ հուշն է հեւում:
Երկնքի տակ ի՞նչն է հարատեւում,
Ինչն է, որ բացում է ցողոտ տիեզերքներ:

Եվ մեր զգայության սահմանը հատելով,
Պարգևում մեզ բույրեր անիրական,
Ընբոշխնումի լույսեր` վարա՜ր այնքան-
Կյա՛նքը, Սե՛րը, Մա՛հը ակունք դարձնելով…

Օ՜, այդ Հոգին է, որ ագուցում է իրար
Անհասնելի ձայներ, բախտի եզրեր,
Օ՜, այդ Հոգին է, որ վախճան չունի:

Եվ մեր զգայության տիրույթների վրա
Տրոփում են երկնի պատառիկներ`
Իբրև թևերն անտես այդ թռչունի:

* * *
Պողոս Սնապյանին
Իմ տառապանքը, որպես հսկող աչք,
Նայում է կյանքիս անցուդարձերին,
Որոնց ալիքը կոհակ առ կոհակ
Դուրս է մղում միշտ նժարը վերին:

Դուրս է մղում միշտ նժարը վերին
Եվ իր փրփուրով հետքերս ծածկում.-
Ասուպ է ընկնում ճակատիս գրից,
Եվ ունայնության հատակն է ծակվում…

Հոգիս սուրում է կրկին դեպի ինձ,
Անհայտության բյուրլույսերը վառած,
Եվ քերթվածներիս բառարմատներից
Երկինքն է բխում, որպես սուրբ հայացք:

Նման չէ վերքում շարժվող բեկորի.
Ձայնս-Անհունի երկրառա՜ք կորիզ:
ԱՆՆՎԱՃ ՈԳԻՆ ԼԵՌՆԱՊԱՐԵՐԻ
Պապիս շուրթերին ծաղկած մի հյուլե
Լուսավորում է ճանապարհը իմ,
Որ այս աշխարհում չընդունվա՜ծ հյուր է,
Աննվա՛ճ ոգին լեռնապարերի:

Պա՛պ քո հայացքը տանիքի նման
Փրկո՜ւմ է մթին զարկերից հողմի,
Նրանից ցայտող ճառագայթն անմար
Յրորոցվո՜ւմ է դեռ մորսկողմից:

Քո կնճիռները` կարոտների բույն:
Ծիածանի թև, որ մնացել է
Իմ հայացքի մեջ, որպես սրբություն:
Ոգեղեն գագաթ-երազանքի հուն,-
Քո պատարագող ձայնը դարձել է
Ինձ համար արյան շրջանառություն:

* * *
Աստված ճակատիդ գիրը համբուրել
Եվ այն թողել էր լուսանցքում կյանքի,
Որտեղչունեին անուն իրերը,
Որտեղ պատա՜նդ էր Անհունի ոգին:

Հետո փրփուրի տատանումներում
Երբ սպառել էիր պահուստը արյան,
Մի աստղ փայլեց քո բախտի հեռվում`
Որբի հայացքի անսահմանությա՜մբ:

Մի ա՜ստղ փայլեց… Բայց դու խավարի
Հոգսն էիր մաշում բարձունքից-բարձունք.-
Ծվատվո՜ւմ էին հերկերը բառի
Ըւ լլկվո՜ւմ էին հողմերից վարձու,-
Աստծո համբուրած ճակատի գրից
Կաթկթո՜ւմ էին երազ ու արցունք:

ՀԱՅԱՍՏԱՆ
Քարերն Անհունի հայրենահայաց լուսամուտներն են,
Բառերի հոգուց ելնում է կարմիր տարե՜րքը երկնի,
Հայոց տառերն են խրվում հողի մեջ,
ինչպես սերմերը,
Եվ մանանա՜ է թափվում դաշտերին թևերից երգի:

Չի նստի երբեք կամքիս սալերին երկունքի մոխիր,
Եվ չի պատանա երազի ճամփին մառախուղն ահի.-
Հայկյան նետի պես ճեղքում է հոգիս կեղևը ոխի,
Որ ծաղկի՜ լույսը հավատի շուրթին և շեղբին բահի:

Ծաղիկը որպես կարոտի խորան` աղո՜թք է լսում,
Երկնի ծիծաղն է հոսում թևերից ծիծեռնակների,
Հունն է կարկաչում, և վարարում են կրքերը հասուն,
Կորիզի խորքում խլրտում է տաք շո՜ւնչը եթերի…

Հայրենի՜ք իմ պերճ, քո երդիկներից
Սերն է բարձրանում
Եվ վերադառնում, որպես երկնի շող,
Հայաստան-անուն:

ԵՐԿՎՈՒԹՅՈՒՆ
Ի՜մ Անդորր, ես ինչքա՜ն ճամփաներ պիտի
Փռեմ այս երկրի քաոսում,
Որ զատվեմ, ինչպես դու, մեղքերից անթիվ,
Զգամ` քո միջո՜վ եմ հոսում:

Որ զատվեմ տողերիս սնամեջ կուռքից,
Որին զոհե՜ր եմ մատուցում.-
Այս քարե՛րն է ներկում արյունը մտքիս,
Ա՜յլ տեղ է հոգիս թևածում:

Ա՛յլ տեղ է հոգիս և այլ տեղ` մարմինս,
Մի ձեռքս մյուսի համար` զոհարան,
Մի աչքս մյուսի բանտն է,
Մի ոտքս մյուսի դի՜ն է քարշ տալիս,-
Իսկ վերից խնդո՜ւմ է ահա սատանան
Ու խառնում թղթերը բախտի:

* * *
Երբ բոլորն ինձ կորցնեն, ես կգտնեմ ինձ,
Ես կգտնեմ ինձ տխրության մեջ աստղի,
Եվ կլցվեն մաշկիս բիբերը ցավից
Լույսով հարության ու ավիշով պտղի:

Իբրև հուշի ծվեն կյանքս երկրային
Կմնա կախված այն նախնական դողից,
Ըրով ըմբոշխնումը առեղծվածային
Առնչվել է մի օր ոգուն շուրթերիս:

Երբ բոլորն ինձ կորցնեն, ես կգտնե՜մ ինձ,
Ես կգտնեմ ինձ երազի մեջ աստղի,
Հայրենիքիս անհուն շնչառությունից
Հավերժության գրած տա՛ռը կզարթնի:

Մի օր պտտահողմը Ձեր խոլ հայացքի
Կանշարժանա լուրից իմ վերադարձի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.