ՀՀ գրողների միության նախագահ Պարոն Էդվարդ Միլիտոնյանին

Հարգելի պարոն Միլիտոնյան
Ավարտվեց «Ստանդարտ 2017-ը»` Հայաստանի Ժամանակակից արվեստի առաջին տրիենալեն: Հինգ ամիս շարունակ Երևանում, Գյումրիում, Սևանում և Կապանում տեղի ունեցան տասնյակ ցուցադրություններ, պերֆորմանսներ, դիսկուրսներ, արվեստային աշխատանոցներ և վարպետաց դասեր:
Հայ արվեստասեր հասարակությունը առաջին անգամ հնարավորություն ունեցավ ծանոթանալու ժամանակակից արվեստի ոլորտում համաշխարհային համբավ ունեցող արվեստագետներ Իլյա և Էմիլիա Կաբակովների, Ֆելիչե Վարինիի, բրազիլահայ մոդեռնիստ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի և այլոց աշխատանքներին:
Տրիենալեի գլխավոր համադրող` Ոսկե Առյուծի մրցանակակիր Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգին հաջողվեց «Անալոգ Լեռան» փորձառության միջոցով բացահայտել ստեղծարար պրոցեսի բուն էությունը` միավորելով համադրողներին, արվեստագետներին և բազմահազար հանդիսատեսին:
Հայաստանը դարձավ ոգեշնչման աղբյուր` ինչպես տարբեր երկրների արվեստագետների, այնպես էլ` լրագրողների համար, ովքեր մեծ ոգևորությամբ լուսաբանեցին այս կարևոր իրադարձությունը միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում:
Սա մի կարևոր նվաճում էր, որը կօգնի Հայաստանին առավել ճանաչվել ժամանակակից արվեստի ոլորտում` զարգացնելով և ամրապնդելով 2015 թվականի Վենետիկի բիենալեի հաղթանակը:
Այս մեծ և հավակնոտ նախաձեռնությունը հնարավոր չէր լինի իրականացնել առանց գործընկերների և աջակիցների:
Թույլ տվեք Արվեստների հայկական խորհրդի ստեղծագործական ողջ խմբի անունից մեր խորին երախտագիտությունը հայտնել ՀՀ գրողների միությանը և անձամբ Ձեզ, որ հնարավորություն տվեցիք մեզ խորհրդային մոդեռնիզմի լավագույն կառույցներից մեկում` Սևանի գրողների ստեղծագործական տանը, կազմակերպել տրիենալեի կարևոր ցուցահանդեսներից մեկը:
Հույս ունենք, որ մեր համագործակցությունը կշարունակվի` ապահովելու համար այս կարևոր իրադարձության շարունակականությունը` հանուն հայ ժամանակակից արվեստի զարգացման և միջազգայնացման:

Նախագահ` Վարդան ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Տնօրեն` Մարինե ՀԱՐՈՅԱՆ
26.01.2018

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.