ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Գուրգեն-ԽանջյանՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 Թ. ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության 2017 թ. պետական մրցանակ շնորհել`
գրականության և հրապարակախոսության ոլորտում,

ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻՆ` «Տուր ձեռքդ, պստլո» վեպի համար:

 

Մեծարգո պարոն Նախագահ

Տիկնայք և պարոնայք

Գուրգեն Խանջյանի անունը ժամանակակից հայ արձակի ամենաշրջանառվող անուններից է, և դա պատահական չէ. տարիների, տասնամյակների ընթացքում հայ արձակագիրը ստեղծել է իր գրականությունը՝ ասել է թե՝ իր թեման, իր կերպարը, իր լեզուն, իր ոճը. գրականության մեջ ամենադժվար բանը այդ «իր»-ին հասնելն է, դա է, որը քեզ դարձնում է գրող: Սկսելով անցած դարի վերջերից՝ այս գրողը իր հետևում ուներ և՛ հայ արձակի հսկայական մի փորձ ու ավանդույթ, և՛ մի նոր իրականություն, որը միանգամայն անծանոթ էր այդ արձակին ու գրականությանը. այդ իրականությունը, որը գրականության մեջ մի բառով պայմանականորեն սահմանենք «ազատ գրականություն» հասկացությամբ, մեզ բոլորիս, ինչպես նաև հենց Գուրգեն Խանջյանին տրվել և տրվում է դժվարությամբ. գրականության մեջ մի բան է ազատությունը իբրև աջ ու ձախ շվայտելու հնարավորություն, միանգամայն այլ բան է իբրև ձև, կերպար, ասելիք, ոճ, բովանդակություն: «Տուր ձեռքդ, պստլո» վեպով Գուրգեն Խանջյանի գրականությունը մտնում կամ մտել է վերջինիս սահմաններ, այն սահմաններ, որտեղ գրականությունը ոչ թե այս անգամ էլ դառնում է ազատության գերին, այլ, ընդհակառակը, ազատությունը գրականություն է կերտում: Ընդհանրապես Գուրգեն Խանջյանի արձակը ես կկոչեի թափառումի գրականություն, մի տեսակ «Ոդիսականի» ներկայություն հայ ժամանակակից արձակում. այս վեպը նույնպես թափառումի և ոդիսականի վեպ է, որի վերջնանպատակը, սակայն, հանգրվանն է, հանգրվանի որոնումը, հանգրվանի հայտնագործումը: Թափառման այդ ժամանակահատվածը վեպում բավականին ծավալուն է և բավականին կոնկրետ՝ մի ողջ կենսագրություն: Հանգրվանի մարմաջը նույնպես վերացական չէ. վեպի հերոսը իր կոնկրետ կյանքն է որոնում, իր երկիրը, իր միջավայրը, մի խոսքով՝ իր Իթակեն: Այնտեղ է գրողի և մեր բոլորի ժամանակը: Հայրենիքը, Պետությունը: Անցյալը, ներկան և գալիքը: Ընդհանրապես վեպում գրողի ժամանակի և միջավայրի մտահոգություն կա, որը այն դարձնում է միանգամայն կոնկրետ և իր տեղին ու ժամանակին կապված գրականություն: Չմոռանամ նշել նաև վեպի գեղարվեստական արժանիքները. այն հետաքրքիր կառուցվածք ունի, ստրուկտուրայի տեսակետից պարունակում է թե՛ դասական, թե՛ ժամանակակից արձակի շատ արժեքավոր տարրեր: Վեպը գրված է կուռ, իր բաղադրությունը ունեցող հայերենով: Այս ամենին ավելացնեմ մի կարևոր հանգամանք. իր իրականության բոլոր վայրիվերումների զգացողությամբ հանդերձ՝ վեպը կարծես արդեն հասուն այրմարդու այն իմաստնությունն ունի, որը կյանքի և գոյության բոլոր տեսակի մասնավոր փլուզումները ընթերցողին ներկայացնում է ոչ թե նրան անելանելի մի ընդհանուր փլուզման առջև կանգնեցնելու և նրանից հոռետեսական ծափեր պոկելու նպատակով, այլ, ընդհակառակը, բոլոր փլուզումներն ու տագնապները մի նոր ծնունդի խորհրդանիշով լուսավորելով:
Ահա այս և ուրիշ տասնյակ հանգամանքներ նկատի ունենալով է, որ գրականության և հրապարակախոսության պետական մրցանակի հանձնաժողովը ձայների կտրուկ մեծամասնությամբ հայ ժամանակակից արձակագիր Գուրգեն Խանջյանի` 2017 թվականին «Անտարես» հրատարակչության լույս ընծայած «Տուր ձեռքդ, պստլո» վեպը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևի:

Հակոբ ՄՈՎՍԵՍ
Խոսք` ասված ՀՀ 2017 թ. պետական մրցանակների
հանձնման արարողության ժամանակ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.