ԿԱՄ-ԿԱՄ»-Ը ԶԻՋԵՑ «ԵՎ-ԵՎ»-ԻՆ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, ի տարբերություն 2013-ին ԵԱՏՄ-ին անդամագրվելու հոռետեսությանը, անկախ ամեն ինչից և հետագա զարգացումներից, ոգևորության ալիք է առաջացրել հայաստանյան բոլոր շրջանակներում` որակվելով որպես պատմական և իրադարձային: Համաձայնագիրը ենթադրում է նոր հնարավորություններ շահավետ ներդրումների, բարեկեցության ապահովման, բռնությունը բացառելու, մարդու իրավունքները հարգելու, բիզնես միջավայրի բարելավման, արդարադատության հիմնարար սկզբունքների հաստատման, անվտանգության խնդիրների լուծման, ինչպես նաև աշխարհի տարբեր հասցեներով քաղաքական բարենպաստ երկխոսությունների համար: Միաժամանակ այն ապահովում է այնքան ցանկալի հեռանկարը, որի բացակայությունից ջրազրկված էր հայաստանյան իրականությունը, ինչով էլ հիմնականում պայմանավորված է բնակչության մեծամասնության հիասթափությունն ու արտագաղթը: Այս առումով, գոնե հիմա, համաձայնագիրը թունելի վերջում երևացող լույսի էֆեկտն ունի, հույս, որ թույլ է տալիս երազելու հիմնարար առաջընթացի և էական բարեփոխումների մասին: Իզուր չէ, որ հայկական երազանքի շառավիղները միշտ էլ ընտրել են եվրոպական արժեքների ուղղությունը: Ինչպես նշում է ռուս հրապարակախոս Մարկեդոնովը, «Հայաստանը չի կարող մեկուսանալ Եվրոպայից, ինչպես և Ռուսաստանից: Կրեմլում գիտակցում են, որ Հայաստանը կապված է արևմտաեվրոպական Սփյուռքին, որ մշակութային, պատմական ընդհանրություններ ունի Արևմտյան Եվրոպայի հետ…»: Սակայն, ըստ նրա. «Վերջին շրջանում ռուս քաղաքագետների, քաղտեխնոլոգների և փորձագետների շուրթերից հաճախ կարելի է մեղադրանքներ լսել, որ Հայաստանը Եվրամիության հետ իր քաղաքականությամբ փորձում է «երկու աթոռի վրա նստել», թեև պաշտոնապես բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ չի պատրաստվում ԵԱՏՄ-ի ուղեծիրը փոխել եվրոպականի հետ: Իրականում ի՞նչ վատ բան է «աթոռները» պահպանելու ձգտումը: Մի՞թե աշխարհաքաղաքական ներկայիս իրողություններում Հայաստանի համար աշխարհաքաղաքական ուրիշ այլընտրանք կա»: «Եվրամիության հետ Հայաստանի համաձայնագրի ստորագրումը չի կարող վնասել հայ-ռուսական հարաբերություններին,- գտնում է Ռուսաստանի Դաշնային ժողովի անդամ Իգոր Չերնիշենկոն:- Հայաստանն ինքնուրույն երկիր է և չպետք է Ռուսաստանից թույլտվություն ստանա գործընկերների, կոլեգաների հետ փաստաթղթեր ստորագրելու համար: Չկա այդպիսի պարտադիր պայման, որ Հայաստանը պետք է թույլտվություն ստանա»: Ըստ նրա` Հայաստանը ԵԱՏՄ անդամ առաջին երկիրն է, որ նման համաձայնագիր ունի ԵՄ-ի հետ, և Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ի դեմս հայ-եվրոպական համաձայնագրի, Եվրամիության հետ համագործակցության եզրեր է տեսնում, ու հնարավոր է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի ու Եվրամիության միջև կամուրջ դառնա: Նշանակալին այն է, որ Հայաստանը դեպի Եվրամիություն իր ճանապարհը թեև դժվարությամբ, սակայն հաղթահարեց առանց էական կորուստների, երբ Վրաստանն ու Ուկրաինան այս հանգրվանը կարողացան «նվաճել» տարածքային ցավալի կորուստներով: Սակայն համաձայնագրի ստորագրումը երկար ճանապարհի առաջին քայլն է միայն, և «տեղ հասնելու համար» Հայաստանն առաջիկայում դեռևս անելիքներ ունի: Չպետք է մոռանալ, որ տոնի մյուս երեսը տոնի հակառակ պատկերն է: Հստակ և հետևողական աշխատանք է պետք, որպեսզի Եվրամիության անդամ երկրների խորհրդարանները վավերացնեն համաձայնագիրը: Անմնացորդ նվիրում` կատարելու ստանձնած պարտավորությունները, հաշվի առնելով, որ համաձայնագիրը, հնարավորությունների պատուհան լինելով, միաժամանակ իր անտեսանելի ռիսկերն ունի: Արդյոք Հայաստանի իշխանությունները կամք կդրսևորե՞ն իրականացնելու անհրաժեշտ բարեփոխումները` բարելավել կառավարման համակարգի, ադմինիստրատիվ և իրավական ինստիտուտների աշխատանքը և այլն: Հարցեր, որոնց այս պահին դժվար է պատասխանել: Նման պարագայում մեծ է քաղաքացիական հասարակության, մասնավորապես, երիտասարդության պատասխանատվությունը` հետևելու, որպեսզի իրականացվեն ստանձնած պարտավորությունները: Ինչպես նշում են Եվրամիության պաշտոնյաները, Եվրամիությունը պատրաստ է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել Հայաստանի ինտեգրմանը, սակայն առաջընթացի հիմնական շարժիչը, իրենց ապագայի տերը եղել և մնալու են հայաստանցիները: Միանշանակ է, որ այս համաձայնագրի արդյունքները մեկ-երկու օրում չեն երևա: Կարևորն ընտրված ճանապարհը նվազ կորուստներով և քիչ խոչընդոտներով հաղթահարելն է, քանզի կյանքը ցույց է տվել, որ հետխորհրդային ճահճում կտրուկ առաջընթացի հետևանքներն անկանխատեսելի են: Իսկ ամենակարևորը. հնարավորություն է ընձեռնվել իրականություն դարձնել Հայաստանի և Եվրամիության միջև անցագրային ռեժիմի ազատականացումը, ասել կուզի, մինչև վերջ բացել Եվրոպայի դռները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.