«Վահան Թեքեյան» մրցանակ Մ. Միկոյանին՝ «Ստվերներից անդին» գրքի համար

DSC_4375
Մայիսի 17-ին տոնական տրամադրություն էր տիրում Երևանի «Թեքեյան» մշակութային միության դահլիճում, որտեղ հավաքվել էին անվանի արվեստագետներ, հյուրեր ԱՄՆ-ից և Երևանից: Ներկա էին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և ուրիշներ: Միության «Վահան Թեքեյան» մրցանակներ և դրամական պարգևներ հանձնվեցին չորս անվանակարգերում՝ գրականություն, կերպարվեստ, երաժշտություն և թատերարվեստ:
«Գրականություն» անվանակարգի մրցանակակիր Մանվել Միկոյանին ներկայացրեց հանձնաժողովի նախագահ, «Թեքեյան» մշակութային միության ԱՄՆ-ի և Կանադայի կենտրոնական վարչության նախագահ, քաղաքական վերլուծաբան և գրականագետ Երվանդ Ազատյանը:
«Մանվել Միկոյանի բանաստեղծությունների «Ստվերներից անդին» ժողովածուն աչքի է ընկնում թեմատիկ բազմազանությամբ և ասելիքի խորությամբ: Այն մեր օրերի մտավորական մարդուն բնորոշ քաղաքացիական հզոր լիցքեր է պարունակում՝ թարմ և անսպասելի պատկերներով, պոետական նորություններով: «Դատարկվող քաղաքի մայրամուտը» բաժնում ներկայացվում են դատարկվող Հայաստանի մղձավանջային պատկերները՝ իրենց ողջ գունապնակով: Մ. Միկոյանը պոետական լիցք է հաղորդում նույնիսկ առերևույթ պրոզայիկ թվացող պատկերներին և երևույթներին: Ասվածի վառ արտահայտություններն են «Միլիարդատեր բոմժեր», «Խոտերի երազը» և այլ գործեր, որոնցում իմաստախոսական խոհերը, խտացումները հավաստում են, որ բանաստեղծը վերելքի ճանապարհին է: Բաժինն ավարտվում է հայ զինվորներին նվիրված բանաստեղծությամբ: «Ստվերներից անդին» և «Նոր հիշողության ծննդավայր» բաժիններում ներկայացված են հեղինակի խոհական և սիրային գործերը, որոնցում նույնպես բազմաթիվ են պատկերային ինքնատիպ մտածողության և անակնկալ լուծումների դրսևորումները: Այս առումով կառանձնացնեի «Բաժանորդն անհասանելի է» բանաստեղծությունը, որում հեղինակը կարոտաբաղձ ու քնքուշ զգացմունքներով ստեղծել է ժամանակակից լիրիկական ինքնատիպ գործ: Մ. Միկոյանի տիեզերական ընդհանրացումներով հարուստ պոեզիան անակնկալի է բերում ընթերցողին, լեցուն է մեծ ներուժով»,- մասնավորապես ասաց Ե. Ազատյանը՝ Մ. Միկոյանին հանձնելով մրցանակը:
Մրցանակակիրը հանդես եկավ երախտագիտության խոսքով: ««Թեքեյան» մշակութային միության հարգարժան ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ և հյուրեր, ինձ համար մեծ պատիվ է արժանանալ Վահան Թեքեյանի անվան մրցանակի: Նախորդ գիրքս՝ «Անդունդի եզրով քայլողը», 2015 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության Ավետիք Իսահակյանի անվան մրցանակին:
Հայ գրականության մեծերից երկուսի անունը կրող մրցանակներին արժանանալը երիցս պարտավորեցնում է ինձ հավատարիմ մնալ գրական իմ սկզբունքներին, նոր շերտեր բացել ներշնչանքի և երևակայության գունապնակից արտածվող լույսերում:
«Ստվերներից անդին» գրքի բանաստեղծություններից մեկի առաջին տողերն են.
Ես բանաստեղծություն չեմ գրում,
գրի եմ առնում թելադրվածը,
որն անցնում է ուղեղիս և հոգուս միջով
և շարվում թղթին®
Իմ պոեզիայի գնահատանքի այս դրսևորումի՝ մեծ բանաստեղծ Վահան Թեքեյանի անվան մրցանակին արժանանալու լուրն անկասկած կհասնի Թելադրողին, և ես կշարունակեմ թղթին հանձնել միայն թելադրվածը:
Ես ավելի լավ չեմ կարող բնութագրել Վահան Թեքեյանի գրականությունը, քան անվանի բանաստեղծ Վահագն Դավթյանը, ով ասել է. «Թեքեյանի լավագույն բանաստեղծությունները կարդալիս ինձ միշտ թվացել է, թե կանգնել եմ մեր ճարտարապետական որևէ նշանավոր կոթողի դեմ՝ նույն խորհրդավոր խոհունությունը, ձևերի նույն ներդաշնակությունը, նույն անզարդ ու զուսպ վեհությունը»:
…Դարձյալ շնորհակալություն եմ հայտնում՝ ինձ Վահան Թեքեյանի անվան մրցանակ շնորհելու համար»,- ասաց Մ. Միկոյանը և որպես ավարտ՝ կարդաց մեկ բանաստեղծություն «Ստվերներից անդին» գրքից:
1991 թվականից ի վեր «Վահան Թեքեյան» մրցանակի են արժանացել բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանը, Լյուդվիգ Դուրյանը, Հրաչյա Թամրազյանը, արձակագիրներ Լևոն Խեչոյանը, Գուրգեն Խանջյանը, գեղանկարիչներ Վարուժան Վարդանյանը, Ռուբեն Աբովյանը, քանդակագործներ Էմիլ Գազազը, Լևոն Թոքմաջյանը, կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Հախվերդյանը, լրագրողներ Հակոբ Ավետիքյանը, Արթուր Բախտամյանը և ուրիշներ:
«Վահան Թեքեյան» մրցանակը շնորհվում է «Շաքե Ղազարյան» հիմնադրամի (ԱՄՆ) հովանավորությամբ:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.