ՖՐԱՆՑ ԿԱՐԼ ՎԱՅԶՔՈՊՖ / Քույրը և եղբայրը Ռավենսբրուքից

Գայանե-ԳինոյանԱյս պատմությունը ինձ պատմել է Աննա Զեգերսը, երբ մենք յոթտարյա աքսորից հետո (որը ես Մեքսիկայում, իսկ նա ԱՄՆ-ում էր անցկացրել) կրկին հանդիպեցինք մեր ընդհանուր ընկերոջ տանը Նյու Յորքում:
Ողջույնի առաջին խոսքերից հետո Աննան ինձ ասաց. «Ես քեզ մի նովելի նյութ եմ բերել: Խոսքը արվեստի այն նախադեպի մասին է, ինչպիսիք դու նկարագրել ես քո «Անհավանական իսկություններում»: Նա խոսում էր իրեն հատուկ ցրված և միաժամանակ չափազանց համառ տոնով, նրա երիտասարդ մնացած աչքերը, չնայած ճերմակ մազերին, փայլում էին երազանքների շողով: «Այո, ես այդ դիպվածի շարադրանքը միայն քո նովելների ժողովածուում կարող եմ պատկերացնել ու հենց այդ պատճառով էլ քեզ կնվիրեմ այն: Այլապես ինքս կգրեի»: Նա ծիծաղեց, բայց հետո կրկնապատկված համառությամբ շարունակեց. «Միայն խոստացիր, որ դրա համար ճիշտ ձևը կգտնես, որպեսզի վերջում այնպես չերևա, թե այդ դիպվածը պատմվում է պարզապես մեծարգո նախախնամության իշխանությունը ցույց տալու համար: Ինչպես այդ դեպքում,- մի պահ դադար առնելով շարունակեց նա արագ,-բայց ի՞նչ նախախնամություն է դա, եթե ապացուցում է իր բարի իշխանությունը երեք մարդկանց վրա, բայց թողնում է, որ հարյուր հազարավորները ֆաշիստական ճամբարների գազախցերում և մահախցերում ոչնչացվեն: Ոչ, այս դեպքի հետ, որը ցանկանում եմ քեզ պատմել, նախախնամության հրաշքը ընդհանուր ոչինչ չունի: Բայց այն, իսկապես, բառիս բուն իմաստով հրաշք է: Չէ՞ որ դու գիտես,- թեքվելով դեպի ինձ սեղանի վրայով, ձայնը իջեցրեց նա,- որ ես հավատում եմ հրաշքի: Իհարկե, սա մի առանձնահատուկ տեսակ է, ես այն կանվանեմ իրականության հրաշք: Երբ քեզ հանդիպում եմ, միշտ իմ մանկությունն եմ հիշում, այն ժամանակները, երբ դեռ հեքիաթներից հաճույք էի ստանում»:
Իր ծխախոտի ծխում կորած` նա դադար տվեց:
Հետո սկսեց իր պատմությունը: Ես այն կփորձեմ վերապատմել այնպես, ինչպես, չնայած անցած տարիներին, պահպանվել է հիշողությանս մեջ:
Երրորդ ռայխի փլուզումից հետո Գերմանիայի ճանապարհները և դաշնակից պետությունների զորամասերի ճամբարները բնակեցվեցին, այսպես կոչված, բռնի տեղահանվածներով, որոնց մեջ էին գազախցերում ոչնչացված և ողջ-ողջ այրված հրեաների երեխաներ: Մի քանի հրեա տարագիր ընտանիք, որոնք նացիստներից փախչելով ապաստան էին գտել Մեքսիկայում, որոշեցին այդ որբերից երեսունին իրենց նոր հայրենիք բերել և որդեգրել:
Մեծ չարչարանք, համբերություն և փող էր հարկավոր այդ հանդուգն ձեռնարկը հաջողելու համար: Բազմաթիվ անգամներ գործի իրականացման համար պատասխանատու կոմիտեի անդամները ցանկացան հետ կանգնել, քանի որ առաջ եկան փոխադրման հետ կապված անթիվ դժվարություններ, բյուրոկրատական խարդավանքներ, անձնագրային արգելքներ: Այնուամենայնիվ, վերջապես հաջողվեց վերջին խարդավանքները հաղթահարել: Եվ ահա 1946 թվականի աշնանային մի օր բրազիլական ապրանքատար շոգենավից իջան ապագա որդեգրվող երեխաները, որոնց դիմավորում էին Վերակրուզ նավահանգիստ կանչված որդեգիր ծնողները: Փոքրիկ ժամանողներից ամեն մեկը ստվարաթղթե մեդալիոն էր կրում, մեծամասամբ` շատ աղքատիկ անձնական տվյալներով: Մեդալիոններից երկուսը լրացված չէին: Այն կրողների` մոտ վեց տարեկան տղայի և նրանից քիչ փոքր աղջկա մասին օգնության կոմիտեն, չնայած գործադրած ջանքերին, ուրիշ տեղեկություն չէր կարողացել իմանալ, բացի այն փաստից, որ նրանք գտնվել են Ռավենսբրուքի համակենտրոնացման ճամբարի մոտերքում և, հավանաբար, քույր ու եղբայր են: Պարզվեց, որ ըստ որբերին համապատասխան որդեգիրների բաժանելու նախապես կազմված ծրագրի` ռավենսբրուքցի քույր ու եղբայրը (այսպես էին կնքել այս երկուսին, քանի որ նրանց ինքնությունը պարզ չէր) պետք է իրարից բաժանվեին և բնակեցվեին տարբեր ընտանիքներում: Եղբայրը` Ակապուլկոյում, իսկ քույրը` Պուեբլոյում: Այդ ժամանակ քույրը հուսահատ կառչելով եղբորից` սկսեց սրտակոտոր լաց լինել և չհանգստացավ ո՛չ համոզելու փորձերից, ո՛չ էլ գուրգուրանքներից:
Այնքան սրտառուչ թվաց աղջիկն իր վշտի մեջ, որ Բ. ամուսինները, որոնք նրան պետք է որդեգրեին, առանց հաշվի առնելու դժվարությունները, որոշեցին տղային նույնպես վերցնել: Այդ մտադրությունը ավելի հանգիստ ըմբռնվեց, քան իրականացվեց, քանի որ ընտանիքը Ակապուլկոյից ոչ մի կերպ չէր ցանկանում տալ տղային և մեծ ջանքեր, շատ արցունքներ ու խոստումներ պահանջվեցին, մինչև նրանք համաձայնվեցին: Վերջապես Բ. ամուսինները քույր ու եղբոր հետ կարողացան ճամփա ընկնել Պուեբլո: Տեղ հասնելով, տիկին Բ-ն իսկույն հանեց երեխաների ռավենսբրուքյան ցնցոտիներն ու նոր շորեր հագցրեց: Իսկ հները կապեց հնոտիք հավաքողին տալու համար: Ու հանկարծ մտքով անցավ քույր ու եղբոր հին հագուստից մի գոգնոց ու մի պիջակ պահել որպես նրանց վատ օրերի հիշատակ:
Հնարավոր չէ նկարագրել տիկնոջ հոգեկան ցնցումը, երբ պիջակը մաքրելիս հայտնաբերեց կիսաջնջված մատիտագիր մի երկտող: Երկտողում գրված էր. «Ես գրում եմ գազախցերի ճամբար փոխադրումից մեկ ժամ առաջ: Ես ունեմ խենթ ու դեռևս չկորչող մի հույս, որ իմ երեխաները ողջ կմնան և օգնություն ու ապաստան կստանան մեծահոգի մարդկանց մոտ: Եթե այս հույսը իրականանա, խնդրում եմ իմ երեխաների պաշտպաններին, տեղեկացնել այդ մասին մեր ընտանիքի միակ անդամին` իմ քրոջը, ով արտասահման գնալով, հավանաբար, փրկվել է»:
Արտասահմանում ապրող քույրը… տիկին Բ-ն էր:

Գերմաներենից թարգմանեց Գայանե ԳԻՆՈՅԱՆԸ

One thought on “ՖՐԱՆՑ ԿԱՐԼ ՎԱՅԶՔՈՊՖ / Քույրը և եղբայրը Ռավենսբրուքից

  1. Ցնցող գործ է – պարզ՝ գտնված ոճ…
    Եվս մի վկայություն, որ սիրող սրտի հավատի չափն է ծնունդ տալիս հրաշքի… Հոգու խիզախության ու սիրո ինչպիսի՜ կորով է պետք ունենալ՝ գազախցիկ ընկնելուց մեկ ժամ առաջ, համատարած անհուսության մեջ, տեսնելու համար զավակների այսպիսի ճակատագիր… Իսկ մահերի առաջ այդպես բացված կափարիչով երկինքը՝ հենց ա՛յդ պահին գրվածի բացառիկության չափով պիտի իրագործվեր, իբրեւ եզակի պարգեւ սիրող ու սխրական մոր հոգու…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.