ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՆՈԹԱՏԵՏՐԻՑ / Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Աշոտ ԱլեքսանյանՄԵՐ ԿՅԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
25-ը սեպտեմբեր, 2012, Վիեննա

Հնարավորության և իրականության փոխհարաբերակցության առնչությամբ հարկ է նշել, որ վերջիններս այնպես են իրար հետ հարաբերվում, ինչպես ժամանակն ու տարածությունը: Ընդսմին, ինչպես որ ժամանակն է մաս կազմում տարածականության մեր ընկալմանը և շարժման ու «զարգացման» հետագծի մեջ բաղհյուսում այն, այնպես էլ` հնարավորությունն ու իրականությունը մշտապես փոխներթափանցված են հանդես գալիս, ընդսմին` երբեմն մեկի պարբերաչափն է ավելի տիրապետող ու գերիշխող, երբեմն` մյուսի: Այս առումով, ինչպես ժամանակն ու տարածությունը, այնպես էլ` հնարավորությունն ու իրականությունը, աներևույթ մի հետնախորշում, իրար հետ շաղկապված են միստիքական միության` UNIO-MYSTICA-յի շղարշաքողով, երբեմն` տեսանելի, երբեմն` թաքնված: Ընդսմին, երկուսն էլ ձգտում են իրականություն դառնալ. հնարավորությունները ձգտում են դառնալ իրականություն և հակառակը, յուրաքանչյուր իրականություն, ժամանակի ու տարածության մեջ իր առաջընթաց շարժման ուղեծրում, վերածվում է նախագոյող կամ հղի վիճակում գտնվող բազմաթիվ հնարավորություններից ամենակենսունակին կամ տվյալ պահին առավել կենսունակություն ձեռքբերածին: Այստեղ հնարավորությունն ու իրականությունը ոչ միայն նույնանում են, այլև սահմանակցում են պատահականության և անհրաժեշտության փոխհարաբերակցության բնութագծին: Իրականությանը տված արիստոտելյան բնորոշումն ինքն էլ, հունարեն «էնտելեխիա» արտահայ- տությամբ, նշանակում է մի բան, որն իր նպատակն իր մեջ է կրում: Սա մի ներքնակա սկզբնակաղապար է, որն ասես օրգանիզմը դեպի իր իսկ ինքնազարգացմանն է մղում: Արիստոտելի պատկերացրած կենսունակ մարմնի առաջին իրականությունը` «էնտելեխիա» իմաստով, հոգին է: Վերջինս սիրո, հոգևոր կապի իրականացման իր փոխանցիկ, տարանցիկ պրոցեսում անցում է կատարում դեպի միստիկայի բնագավառը: Եվ, ուրեմն, իրականությունն ու հնարավորությունը իրար շաղկապող բանախոհական գործիքակազմը հենց է՛ միստիկան, որն այստեղ սոսնձիչ նշանակության հոգեմտավոր նյութի դերակատարություն է ստանձնում: Առանց այս սոսնձիչ ներգործության` բազմաթիվ հնարավորությունները փուլ կգան բազմաքանակ իրականությունների գլխին` խորտակելով ողջը և ամենը, և մենք չենք հասցնի նույնիսկ սիրելիներին հրաժեշտ տալ ու մի վերջին անգամ հայրենասիրական որևէ խրոխտ միտք որոճալ… որոտընդոստ թմբուկների նվագակցությամբ…

ՆԵՌԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ
Մարգարեականք

Հազար ինը հարյուր իննսուն ինը թվականի յոթներորդ ամսին (սեպտեմբեր)
մի զարհուրելի առաջնորդ օդուղիներով կգա հիշողության մեջ
վերականգնելու Անգումուայի (Արմագգեդդոն) մեծ նվաճողին:
Ավելի վաղ և հետագայում Մարսը (պատերազմը) հաջողությամբ կիշխի:

Նոստրադամուս, X, 72

Վիճակը նետված է: Ողջա­մտության հակոտնյա դևը` պոստմոդեռն, հետինդուստրիալ հասա­- րակության բղջախոհ, «պրագմատիկական» ուղեղն ու ինքնահավան, անմեղսագիտակ մեծամո- լության չարիքի որոմը իր լայն բացված գազանային հայացքի մեջ տեսել ու արդեն իսկ ճանաչել է իր ընդոծին զոհին, առաջի արկանյալ իրը` ցանկալի ավարը և իր ողջ ներքին բնազդային մղումով, որկորով ու աղիներով, հախուռն խոյահարությամբ ու անստգյուտ հափրանքով ընթանում է նրան իսպառսպուռ տիրանալու: Ախորժելին խժռելու պատրաստ անդիմադրելի մոլուցքը կռծում է հտպիտ ընչաքաղցության գալարափող որովայնը` ստոծանու տակից արտահեղվող սպունգն ու լեղին ցայտեցնելով ինքնակեղեքման զարհուր տեսլականի ուղղությամբ: Աշխարհը ցնցվում է հայտ- նութենական ծղրիդների մահաս­փյուռ երախներից արտաժայթքած թույն ու քակորի թուխպ ու ծխագոլորշուց: Արևամուտի քաղաքակրթության մեծամտության ու ան- սխալականության բարդույթի շաղախից հունցված թաղկացյալ ուղեղը տրաք-տրաքներ է տալիս աշխարհադղորդ, շլացուցիչ վառքի պեծպեծանքներից կուրացած: Լուսնեղջյուրի առաջ կաղկանձաձայն հաչաղկոտող հռոմեական գայլը, Վատիկանի օրհնությամբ իր պաշտոնում վերահաստատյալ, այնպիսի մի սրտապատառ գլխահակությամբ է ընդառաջ վարգում իր իսկ ձեռքով լարած ծուղակին, երևութական ու աներևույթ որոգայթին, ինչպես եթե շվայտ ու զեխ կերուխումի պահին ժանտախտը հանկարծ սրարշավի` մահվան գերանդին թափահարելով:
Աշխարհակալ պետությունները, մանր ու միջին երկրները, իշխանավորներն ու կուսակցությունները, կրոնավորներն ու հասարակ մահկանացուները Մեծ Անհայտին դեմ-հանդիման կանգնած, շտապում են ժամ առաջ շնորհավորելու միմյանց` նախկինում դույզն-ինչ անպատկերացնելի միությունների կազմմանը, համակիր ու հակընդդեմ դաշինքների կյանքի կոչմանն ի խնդիր, ցնծում ու ուրախություն են ապրում, երկրպագում բիրտ ուժի հաղթարշավը, տարփողելով ատամն ընդ ատաման պատվիրանացուն, չգիտակցելով կամ գիտակ- ցելով, որ անհնար է գրկել անընդգրկելին, որ անհայտը չի կարելի թևատարած ընդունել, զի, իվերջովերջ, չարաբաստիկ վախճան է կանխագուշակվում` աղետաբեր հետևանքներով: Աշխարհային այս թոհուբոհի մեջ գլուխները կորցրած քաղաքագետ-ուղեղակիրների ստերջ ոհմակը մի կատարյալ համաղետ է պատրաստում մարդկության փայփայած տվնջյան անուրջին` ի խույզ երկրների ու քաղաքակրթությունների խաղաղ համագոյակցության տեսլականի: Արևմտյան քաղաքակրթու-թյունը եկել-հասել է մի վտանգավոր սահմանի, որից անդին միայն մթնոլորտը լիցքաթափելով է հնարավոր ապահովել կյանքի հարատևումը երկիր կոչված այս խորխորատում:
Նեռի ծնունդը այլևս կարելի է որպես եղելություն սեպել: Տարակուսելու չէ, որ նրա վերստին հայտնության համար ամենայն ջանա- դրությամբ պարարտ հող էր նախապատրաստված, ուստիև չարիքի որոմը մայր հողի մեջ իր մահը գտնելով` վերստին ծնեաւ ի մեռելոց: Ընդ որում` ծնողը և ծնվողը միմյանց նկատմամբ ամենասերտ պատճառակցական կապի մեջ են գտնվում` մեկ-ամբողջություն կազմելով:
Հայտնութենական այս համայնապատկերում, սակայն, մեզ համար հույսի դուռ է պատկերանում մարգարեական հաղորդումն այն մասին, թե իմաստուն մարդը կիշխի մոլորակների հեռազդեցությանը` նրանց ուղղություն տալով և միայն վերջին պահին ետ կկանգնի իր խելագար բնազդներից: Քրիստոսը կվերադառնա մարգարեաբար ասված ժամանակների վերջում` կարգ հաստատելու թնդանոթների վաճառականների մեջ, ինչպես որ ժամանակին հաստատել էր Տաճարի վաճառականների մեջ:

2 thoughts on “ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՆՈԹԱՏԵՏՐԻՑ / Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

  1. <Հազար ինը հարյուր իննսուն ինը թվականի յոթներորդ ամսին (սեպտեմբեր)».
    Յոթերորդ ամիսը հուլիս է, ոչ թե սեպտեմբեր։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.