ՎԼԱԴԻՄԻՐ ԲՈւՐԻՉ (1932-1994)

Վլադիմիր Բուրիչ***
Ո՞ւր է մարմինն իմ
խոշտանգված
ժամանակի փշերով

ո՞ւր է արյունն իմ
հազարավոր ձեռքերի
վրա մնացած

ո՞ւր են աչքերն իմ
հեռավոր մոլորակներից
ինձ հետևող

ո՞ւր եմ ես

***
Եվ այս ուլիկին մորթելու տանող ծերուկն անթրաշ
և չղջիկների պես զուգարանի առաստաղին
կպած այս ծխուկները
և կարտոֆիլի դաշտը երկաթե մահճակալների
թիկնակներով ցանկապատված
և ավտոդողերից կազմված ծաղկաթմբի
ծաղիկները այս
և ժանգոտ ցնցուղի լայնուկում մնացած
գորտի կմախքը
և գիշերային ջրերը նետվող լողորդուհիների
ճիչն աղեկտուր
և ժամանակի շարժումն ընդգծող նավազանգերը

հայրենիքն է քո
դու մի վախենա

***
Լինում են պահեր
երբ սիրտդ այնպիսի մի ցնծություն է
պարուրում հանկարծ
և հանկարծ այնպես հարմարավետ է
դառնում ապրելը
սեփական մարմնիդ սահմանների մեջ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ

Մանուկ հասակում գնչուները ինձ
գողացել էին որպես մսացու

Յոթ տարեկանում առաջարկեցի
փայտե վահաններին գրպաններ կպցնել
նրանցում քարեր կրելու համար
և մեր հարևան փողոցի զորքը
պարտվեց գլխովին

Իսկ տասնմեկում
երբ «մեռյալ ժամին» մի օր փախել
ու թաքնվել էի
խրամատի մեջ լճակի ափին
ընկա դիտապաստ
առաջին անգամ մերկ կին տեսնելով

Իսկ մնացյալների մասին կիմանաք
իմ դեռևս լույս չտեսած գրքից

***
Ես հանգիստ եմ ու սթափ
ինչպես անատոմիական ատլասը
փիլսոփայության պատմության հարևանությամբ

եզրահանգելով
որ ուժեղ լինելը անպատշաճ է նույնքան
որքան թույլ լինելը
որ հարուստ լինելը անպատշաճ է նույնքան
որքան աղքատ լինելը
որ քաջ լինելը անպատշաճ է նույնքան
որքան վախկոտ լինելը
որ երջանիկ լինելը անպատշաճ է նույնքան
որքան դժբախտ լինելը
որ ձեռքերը մի բանով զբաղեցնելը
անպատշաճ է նույնքան
որքան գրպանում պահելը

խնդրում եմ ձեզ
կարող եք համարել որ ես գոյություն չեմ ունեցել

***
Ապագայից մի վախեցեք
չի լինելու

***
Ինչ խոսք
անպայան
լոկ խաղաղություն

Սակայն ո՞վ է ինձ պատախանելու
ինչո՞ւ են ջարդված ընկույզները ինձ գանգ հիշեցնում
ինչո՞ւ դեռևս չեմ համարձակվում
կարագ քսել իմ մի կտոր հացին
ինչո՞ւ են զանգվածային սպանություններ հիշեցնում
լոմբարդները վարսավիրանոցները
բաղնիքները կայարանները

Ինչ խոսք
անպայման
լոկ խաղաղություն

Սակայն ինձ ո՞վ է պատասխան տալու
այս տեսիլների համար մշտատև

***
Ես արթնացա
ու զարմանքով նկատեցի
որ մարմինս թողել եմ
առանց հսկողության
աստղերի
խոտերի
ու քամու խնամքին

***
Թերթեր եմ գնում
լսում եմ տերևների սոսափը

շրջում եմ էջերը
լսում եմ ճյուղերի ճրթոցը

սյունակների դարձխոտերում
գտնում եմ դիակը
իմ եղբոր

***
Երբ ինձ պատկերացնում եմ
որ կանգնած եմ ցեղ հորջորջված շինհրապարակի գագաթին
որ ինձից ներքև սերունդների անվերջանալի հարկերն են
գլուխս պտտվում է որովհետև գիտեմ
սխալ մի քայլս անգամ աղետալի կլինի
որովհետև միակն եմ ես հանուն ինչի ապրել են նրանք
և ես կարող եմ նրանց ամբողջ տքնանքը
դարձնել անիմաստ

***
Ռուսական դաշտը
մեր տքնանքների
մեր ժպիտների
մեր արցունքների
երկհազարամյա կարկանդակ է մի

***
Զբոսայգում
սարսափահար իրենց աչքերը լրագրով ծածկած
մահվան սպասումով
նստել են թոշակառուները

Ծեր Քրիստոսը Հուդայի հետ շաշկի է խաղում
ավազակները պարծենում որ իրենց էլ են խաչել
Մարիամը ձեռնոցներ է գործում թոռների համար

նրա ոտքերի քով երեխաները ավազից կառուցում են
բաբելոնյան աշտարակը

***
Շուտով կգրվի վերջին շարադրությունը
«Ինչպես անցկացրիր կյանքդ» թեմայով

***
Գիշերով լուսամուտից ես նայեցի ինձ
ու տեսնելով որ այնտեղ չեմ
հասկացա
որ կարող եմ նաև չլինել

Ռուսերենից թարգմանեց Յուրի ՍԱՀԱԿՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.