ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ-110

saroyan

IMG_4151-31-08-18-05-17
Ֆրեզնոյի քաղաքապետարանի հատուկ որոշմամբ՝ օգոստոսի 31-ը հռչակվել է Վիլյամ Սարոյանի օր: Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի նախագահը որոշումը հրապարակել է մեծանուն գրողի տուն-թանգարանի պաշտոնական բացումից մեկ օր առաջ:
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Ֆրեզնոյի քաղաքապետի խոսքով, ով անձամբ է տեսել Վիլյամ Սարոյանին՝ քաղաքը հարգանքի տուրք է մատուցում այստեղ ապրած ու ստեղծագործած հանրահայտ գրողին: «Ես սիրում էի կարդալ նրա գրքերը: Չափազանց կարևոր է հանրահայտ գրողի թողած գրական ժառանգությունը, ուստի՝ այսպես փորձում ենք մեր հարգանքի տուրքը մատուցել»,- նշում է Ֆրեզնոյի քաղաքապետ Լիի Բրենդը:
Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի նախագահ Էսմերալդա Սորիան կարևորել է Վիլյամ Սարոյանի թողած գրական ժառանգության պահպանումը: «Նա Ֆրեզնոյի լեգենդն է դարձել: Հայ համայնքը ևս Ֆրեզնոյի համար կարևոր է, քանի որ նպաստում է մեր քաղաքի զարգացմանը: Իսկ Սարոյանն այն անհատներից է, որն ամբողջությամբ ներկայացնում է Ֆրեզնոյին հայ համայնքի տված արժեքները»,- նշում է նա:
«Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանի կարծիքով՝ ուրախալի կլինի, եթե Ֆրեզնոյի քաղաքապետարանի որոշումը օրինակ ծառայի նաև Երևանի քաղաքապետարանի համար, և այստեղ էլ օգոստոսի 31-ը հռչակվի Սարոյանի օր: «Սարոյանն ասում էր. «Բոլոր մարդիկ պետք է մեռնեն, բայց միշտ մտածել եմ, որ իմ դեպքում բացառություն կարվի»: Այո՛, փաստացի այդ բացառությունն արված է, մեծանուն գրողը միշտ կլինի կենդանի՝ իր թողած մեծ ժառանգությամբ»,- ասում է Հակոբ Հակոբյանը:

***
Օգոստոսի 31-ին, մեծանուն գրողի 110-ամյակին, ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում իր դռները բացեց գրողի տուն-թանգարանը՝ «Սարոյան Հաուսը»: Սարոյանի տունը գնելու և այն թանգարանի վերածելու գաղափարի հեղինակն ու իրականացնողը բարերար Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ռենեսանս» հիմնադրամն է: Տուն-թանգարանը ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Այնտեղ կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոներ և այլ մշակութային միջոցառումներ:

***
Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակի առիթով օգոստոսի 31-ին Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին ՀԳՄ անդամներ, արվեստի ու մշակույթի գործիչներ:
«Վիլյամ Սարոյանի ծնունդով Ամերիկայում ծնվեց ու բացահայտվեց նաև հայկական ոգին: Սարոյանի գրվածքներն ամեն մի թելով հայկական են: Նրա պատմությունները՝ բանահյուսական գունագեղ երանգներով, մարդկային հոգու տեսանելի, խիստ շոշափելի արծարծումներով և հարաբերություններով, ինձ պատկերանում են հայկական մի էպոսի շարունակություն: Սարոյանի մտածողության մեջ կային և՛ բանահյուսական, և՛ ժամանակակից ոճական տարրեր: Նրա պատմվածքներն ու պիեսները դարձան մեր գրականության շարժիչ ուժը: Հատկապես 1960-ական թվականներին հայ գրականությունը մեծ շունչ ստացավ սարոյանական ստեղծագործություններից»,- իր խոսքում նշեց ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը:
«Մենք պետք է հաճախակի անդրադառնանք նրա ստեղծագործություններին: Երբ մարդկությունն ընկնում է քաղաքակրթական ճգնաժամի մեջ, այդ ժամանակ պետք է օգտվի մարդասիրական իր պաշարից, որն է՝ արվեստը, մշակույթը, գրականությունը, և որի ամենապայծառ դեմքերից մեկն է Վիլյամ Սարոյանը»,- ընդգծեց բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը:
«Սարոյանի ստեղծագործությունները պահանջված են գրեթե բոլոր ժամանակներում: Սարոյանն իր ստեղծագործություններում հաստատում է այն միտքը, որ մարդը, ինչպիսի հոգեվիճակում էլ լինի, չպետք է կորցնի մարդկային հատկանիշները: Նա կարողացել է փոխկապակցել հայ ժողովրդի ու ամերիկյան հասարակության մշակութային առանձնահատկությունները»,- ասաց Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.