ՎԱՐԱՆԴ

ՎարանդՀԳՄ վար­չու­թյու­նը շնոր­հա­վո­րում է բանաստեղծ ՎԱՐԱՆԴԻՆ ծննդյան 60-ամյակի առթիվ

«Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին

Վա­րան­դը ճա­նաչ­ված ու սի­րե­լի բա­նաս­տեղծ է ոչ միայն Ի­րա­նում, այլև Հա­յաս­տա­նում ու Սփյուռ­քի այլ օ­ջախ­նե­րում, և այդ ճա­նա­չու­մը նրա ազ­նիվ ու ճշմար­տա­ցի գրա­կա­նութ­յան՝ հայ­րե­նի ար­մատ­նե­րին, հայ հոգևոր ար­ժեք­նե­րին նրա ան­դա­վա­ճան նվի­րու­մի անդ­րա­դարձն է: Վա­րան­դը այն հե­ղի­նակ­նե­րից է, ով­քեր հստակ գի­տակ­ցում են ի­րենց ասելիքի կարևո­րութ­յու­նը և գե­ղա­գի­տա­կան պա­ճու­ճանք­նե­րից գե­րա­դա­սում են ո­գե­ղենն ու ճշմա­րի­տը, մա­նա­վանդ, ե­թե խոս­քը հա­յա­պահ­պա­նութ­յան և հայ­րե­նա­սի­րութ­յան ո­լոր­տից է: Եվ, այ­դու­հան­դերձ, անհ­նար է նրա գրա­կա­նութ­յու­նը սիր­ված կամ ընտ­րո­վի թե­մա­նե­րի մեջ տա­րա­լու­ծել: Բո­լոր թե­մա­ներն էլ` անձ­նա­յի­նից մինչև քա­ղա­քա­ցիա­կան կողմ­նո­րո­շում, Վա­րան­դի գրա­կան հա­յաց­քի տի­րույ­թում են՝ ժա­մա­նա­կի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի բո­վում կոփ­ված և ի­րենց նշա­նա­կութ­յամբ ժա­մա­նա­կի քննութ­յա­նը դի­մա­կա­յող: Վա­րան­դը մշտա­պես կա­պի մեջ է և հա­մա­գոր­ծակ­ցում է Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յան հետ: Գիրք նվի­րե­լու օ­րը նա իր բազ­մա­թիվ գրքե­րից հար­յու­րա­վոր օ­րի­նակ­ներ ու­ղար­կեց Հա­յաս­տան, դրանք ՀԳՄ­-ի մի­ջո­ցով հա­յաս­տան­յան գրա­դա­րան­նե­րին նվի­րե­լու հա­մար: Անգ­նա­հա­տե­լի է նրա ծառա­յութ­յու­նը նաև հայ ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յու­նը թարգ­մա­նա­բար Ի­րա­նում տա­րա­ծե­լու գոր­ծում: Դի­տար­կե­լով և արժևո­րե­լով Վա­րան­դի բո­վան­դակ կյան­քը՝ պի­տի փաս­տել, որ 60-ամ­յա­կը ճա­նաչ­ված գրո­ղի հա­մար ըն­դա­մե­նը նոր ե­լա­կետ է, ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քի նոր, բեղմ­նա­վոր հե­ռան­կար:

Էդ­վարդ ՄԻ­ԼԻ­ՏՈՆ­ՅԱՆ

Արծւամէրիկ…

Խանդութ Աւետեանին, առ Քարվաճառ

Դու, որ արժես հազա՜ր մարդ,
Անցած հազար տմա՛րդ մարտ.
Քո խօսքերից, կին-արմատ,
Բուրաց թէ՛ վարդ, թէ՛… պողպատ:
Դու մեր ցեղի մայր-արծիւ,
Բայց ո՛չ գոռոզ, այլ՝ հպա՜րտ,
Կաշեպաշտներն անպատիւ
Ոտներիդ տակ՝ սողուն-սարդ:
Դու մեր արեան խո՛ր գիտակ
Ու վէս Սերմի նուրբ արգանդ.
Կերոնի դու վառ կրակ,
Կէ՛զ իգութիւն՝ անխորտա՜կ…:

Եկած դռնից Մհերի,
Կեանքն աչքերիդ՝ սեւ մտրակ.
Բայց քուրայով արեւի
Ոգու արդէն պարարտ արտ…
Պարտէզ, լիցքով քո առատ,
Ուր հասնում է միրգը թէժ,
Դեռ տոկալու մինչ աւարտ՝
Արարատի պէս յաւերժ:

…Արեամբ ներկւած ծիրանին
Որքա՛ն պղծի բորենին.
Բայց զօրավարն արմէնի
Կա՛յ, մինչ քեզ պէս քոյր ունի:
… Փշակալած թագ-վզնոց,
Սակայն՝ հնոց սիրտ ու գութ.
Մատուռ, խորան, մոմի բոց,
Դու բերդ խրոխտ, մե՜ր Խանդո՛ւթ…

ԴԱ ԴՈՒ ԿԻՄԱՆԱՍ…
Այդ ո՛ր մի ազգն է, որ տղայ որդուն…
Վրէժ է կոչում.
Եթէ անւանի այլ ազգը այդպէս
նոյնիսկ՝ իր որդուն–.
Դա կը համարւի… երգիծա՜նք, ցնո՜րք,
անիմա՜ստ հնչում,
Եւ կամ՝ անհեթեթ բա՛ռ,
որ կը կորչի հեգնոտ ծաղրանքի սաստիկ քրքիջում:

Այդ ո՛ր մի ազգն է՝ Վրէժուհի է աղջկան կոչում,
Դա դու կիմանաս… մատդ մխրճւի՝
քարտէզի խորշում.
Այնտեղ կը գտնես՝ նախճիրւած որբեր,
սրածւած այրեր
ամէն մի կիրճում,
Եւ կանայք, որոնք պատւազուրկ լլկւել,
քարեր են ճչո՜ւն…

***
… Յետոյ կը սկսւի քո մատը այրւել.
օձակերպ բոցի զօրաց խրխինջում,
Կը սկսւեն յետոյ աչերդ ծռւել
Գծերի կարմիր-սեւ մղձաւանջում,
Յետոյ կը սկսւի թիկունքդ վառւել
Սրտիդ քուրայի թի
զարնող խղճում,
Որից՝ հայ հանդը,
սար-սարաւանդը,
արտ… Արարատը
զուտ խա՜րտ է ճչուն…:

… Եւ դու կիմանա՛ս՝ այդ ո՜ր ազգն է, որ
տղայ որդուն
Վրէ՜ժ է կոչում…
Արնոտ պատանք…

Սիրելի Վրէժ Իսրայէլեանի
կարմիր յիշատակին

Նահատակներ եմ կրում մանկութիւնից իմ հոգում,
Որոնց հայեացքը անմեղ սրտիս մաշկն է պլոկում,
Եւ վիրաւոր այդ սրտով ոնց եմ ապրել ես կեանքում.
Դէ, թերեւս քի՛չ ապրել, շատը այրւել եմ տոկուն:

Խինդիս պահին քէլել են նահատակներս թաքուն,
Նիրհիս պահին այլայլւել, մաշկափայլել են անքուն,
Յոյսիս պահին տախտակել լոյսի անցքերը շողուն,
Եւ երազը քերւել է՝ իբրեւ փամփուշտ նռնագոյն…:

… Առաւօտը թխպել են ունայնութեան թմբիրով,
Կէսօրն յաճախ արնոտել աներեւոյթ ամպերով.
Սիրոյ մաքուր երեկոն, ներշնչելու փոխարէն,
Սպառնացել՝ ճահիճը մութ կը լկի ումպերով:

***
… Նահատակներ եմ կրում
հուր-յաւիտեան իմ հոգում,
Սիրտս՝ քարտէզ կիսակէզ, կիսով վառւած գրքի էջ.
Ո՛վ է իրաւ սփոփում, ո՜վ է վիշտս ամոքում,
Յո՞յսը, աղօ՞թք, ներո՞ւմ թէ՝
դատաստանը – խիստ վրէ՜ժ…:

Սրճարաններ՝ «Բոհեմական-2»-ից
(Անտիպ տողեր)

***
Սրճարանի միջոցում գաղջ
Քիչ թեքւեցիր դէպի աջ,
Պայուսակիդ խաւարից շիկ
Հանեցիր ա՛լ սիրոյ գիրք:
Կարդացիր մի քանի կտոր,
Յետոյ դրիր սեղանին,
Շշնջացիր՝ վախենում ես
Սէրը միայն «բառ» լինի
Ուշի-ուշով լսում էի ընթերցումդ սիրային,
Սրճի գաւաթն ապա պարպւած
Դրի առջեւդ՝ սեղանին:
Ասացի՝ դո՜ւ մատդ հպիր
Սրճատակի մրուրին
Ու ցանկացիր
Ամէ՜ն լաւ բան՝
Բախտդ բացւի,
Վառ լինի,
Նաեւ ուզիր, որ սէրը «բառ»,
Յանկարծ սոսկ «տա՛ռ» չլինի…

* * *
Երբ եկար, եկար՝ յաւիտեան երկար
Դադարից յետոյ մենք գտանք իրար.
Դու արդէն՝ ակնոց, մի փոքր ծալք քթիդ,
Ես՝ կիսաճերմակ, ասես՝ հասուն այր-.
Խօսեցիր նաեւ այն բանի մասին,
Որ էլ… անցե՜լ է ինձնից ու քեզնից,
Ի՜նչ անենք պիտի հիմի միասին…
Ու հիւմոր, ժպիտ սահեց քո լեզւից:
…………………………………………………..
…………………………………………………..
Երբ ջահէլ էինք, չունեցանք նշան,
Սիրում ես այժմ՝ սիմւոլ եւ նշան,
Բաժանւելիս՝ իմ գաւաթը սրճի
Թեք դրի շրջւած գաւաթիդ վրան:
………………………………………………..
Մէկ շաբաթ անցաւ, կրկին սրճեցինք,
Թախծի, հիւմորի այգով շրջեցինք,
Նորից պահեցինք լա՛ւ մի երազանք
Եւ գաւաթները կրկին շրջեցինք:
… Ո՜վ զարմանք՝ սրճիդ մրուր-յատակին
Երեւաց մի … սաղմ, արդիւնք ջերմ կրքի.
Սիրիր՝ սիմւոլներ, խորհուրդ ու նշան,
Ինչ էլ որ լինի՝ միշտ կին ես, տիկին…
Աւելի հասուն, թէկուզ… աշունքին…

***
Երազներիս շէնքի դիմաց,
– Անցած հազար չո՛ր տարի,–
Արդ, սրճարան մի նորաբաց
Հրաւիրեց՝ ներս արի՜:

Սրճարան էր «Զուգերգ» անւամբ,
Կամ՝ «Դուէտ»-ը օտարի-.
Կը սպասարկի ինձ ու նրան՝
Թիկնած երկու աթոռի…

Հազա՜ր անցած չոր տարիքը
Թրջւի պիտ մէկ գաւաթով
Սրճի, ու ջերմ ըմպելիքը
Կողողի մեզ… հաւատով,

Որ կորած բան չկա՜յ երբեք,
Ամէն ինչն է անպակաս.
Թէկուզ ես իմ աթոռին թեք՝
Ճիշտ դիմացս մի երազ…

Իսկ անրջիս թիկունքին դեռ
Երազներիս շէնքն է վէս,
Պատուհանից այն հեռուն է,
Ուր թիկնել եմ հիմա հեզ:

Յիշում եմ, որ ունեցել եմ
Անցեալ խրթին, ներկայ հեշտ-.
Սակայն կրկին այցելել եմ
Մէներգից մինչ… լաւ Դուէ՛տ…

***
Պատանի էր ու սիրահար երգ-նւագի, պաստառի,
Սիրոյ հեւքը փոխադրում էր նուրբ լարերին գիտառի.
Կերպարւեստից մինչեւ քերթւած,
Քերթւածից նուրբ մեղեդի…
Նրա համար՝ էին երազ,– անքնութիւն գիշերի:

Եւ լսում էր մի կաֆէում կատարումր վարպետի,
Ստուդիայում նայում վրձնին եւ ներկերին պալետի.
Սրտի ձայնը փնտրում գրքում՝
Սեծարենցի. Տէրեանի-
Յաճախ ի՛նքն էլ գրիչ բռնում,
գրում իբրեւ-պատանի:

…Մի ակումբում գիշերները երգում էր նա՝ գեղանի
Սեւաչւի հայ աղջիկը, երգեր սիրոյ եւ թախծի,-
Իսկ պատանին հետեւում էր, որ
ապահով տուն հասնի,
Թաքուն հսկում, որ անվտանգ գտնի աւտօ,
լաւ տաքսի…
…………………………………………..
…………………………………………..
Անցաւ քանի տարի, արդէն տղան դարձաւ անւանի,
Գրեց երգեր որակեալ, լաւ. էլ արդէն չէ՛ր պատանի,
Գիշերային ակումբներում փնտրւած էր երգն իր,
Սրտի վէրքը բորբոքելով՝ տանում էր ճար-դարմանի՛:

Ու մի գիշեր գաւաթ ձեռքին մօտեցաւ նոյն երգչուհին,
Թէ՝ կենացդ, որ գիշերը հսկում էիր իմ ուղին…
– Սակայն ինչպէ՛ս դուք իմացաք,
որ հետեւում եմ գաղտնի:
– Դեռ չգիտես՝ ինձ պէս կինը ոչ թէ երկու,
այլ չորս-չորս սեւ աչք ունի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.