ՎԱՀԵ ԱՐՍԵՆ

Վահե-Արսեն---2
ԳԱՐՈՒՆԸ

Գարունը հրաշք երկնից թափվող
ջերմություն մերկ թիկունքին
օդում ճախրող փետրավոր շարժում
և վտանգ – փքված բողբոջի

հրավառություն անմեկնարկ
ինքնաբերական

պատռվում է հողը սաղմին ընդառաջ
պատռվում է ներբանս – խոտին ընդառաջ
պատռվում է ձեռքիս վիրակապը
ես
բացասական
բևեռ
այս
ամենի
մեջ

հավաքում եմ օրվա փշուրները
գութանի փորած խոռոչներում
ափը ճաքում է
ապակե մոմի պես
եթերներ ափի մեջ
ափից դուրս – ոչինչ և
ավելին
աչքդ կտրիր և վեր նայիր
աչքդ կտրիր վերից քեզ են նայում
աչքդ կտրիր աղոթատեղին մեր
մատնել են
դռան արանքը չոփը խրել
վայրենի ժամանակի
կապրոնե թելով սարդոստայնը գործել
երջանկության որ
մեղմորեն ընտելանում է մոռացության հետ
մենք ընտելանում ենք մոռացությանը

աչքերիս պնակում սպասող մանչուկ
բռունցք արնահոսող

լույսը խավարն է թարթում –

աչքերիս մեջ փերին ջուջույական
եռանկյունի պտույտն է գործում
նախնական
գործում է մոգական զարդանախշը մենության
գործում է աչքը ճամփից չկտրելով

ԳԵՏԸ

Անկումը մեծագույն վերելքն է,
կիսատ գործերը ամբողջանում են,
հնազանդվում,
առանց միջնորդության և
գովասանքի,

անկումը` իրի-
հարությունն է,
թարմություն,
միջանցիկ քամի,
էությունն իմ,
այն, ինչ ներսում է,
թաքնված,
սկսում է իր տեղաշարժը,
տեսնում եմ ակնթարթն այն,
երբ գետը սկսում է հոսել,
հոսել,
ծորալ և
երակներ արարել,
տեսնում եմ,
տարանջատում գույնն ու լույսը,
ինչպես,
ինչու,
չգիտեմ,
ես ուզում եմ,
լինել,
զգալ,
շոշափել
սկիզբը մոգական այս անտառի,
մարմինն ընկնում է, և
հողը դրոշմում է ծոծրակիս
էությունն իմ սեփական և գաղտնի,

ափս գետի ընդերքում է,
մատներս ալիքներին տրված,
անպաշտպան…

ՎՏԱՆԳԸ

Ես վտանգի թևը մտա և հագա
վիրակապը հետապնդվողի…

Հանձնեմ ինձ խնամակալությանը անտառի, և թող լինի
ինչ լինում է…

Վտանգն ամեն տերևի մեջ է,
ապրող տերևի անշարժության,
ամրանիստ, բայց ձևափոխվող
անտառի, և
շնչառության, նույնիսկ սեփական…

պահի մեջ պահը հրկիզման,
տետրակ – օրագրի մեջ խորդուբորդ
սահող, և թռիչքը ահեկեզ
կանգառի…

թող լինի ինչ լինում է –
ճեղքվածքներում ետնաբեմի,
դեկորներից միայն ստվերներն են
մնացել-կենդանացել…

Անտես մի ուժ հրում է մշուշը
քմահաճույքն ի վեր և
հեգնանքով նայում աչքերիս մեջ:

Կրակն ահագնանում է իմ շնչով
միայն…
կրակը հոգի է պահանջում և նահանջ
ձևացնում – երկչո˜տ սիրուհի…

Տեղաշարժը մեր – փակ դաշտ է,
ռելսավոր սահադաշտ…

ԺԱՅՌԱՔԱՐԵՐ

Հալչող սիգարետի վերջին շնչով
ես խազխզեցի ապրվող դարի կերպը
մոխրասև-
-քաղաքից փրկված ժայռաքարերի մռայլ
կողերին…
ու նույն ժայռի ստվերում
տեսա ինձ կատարյալ մենության
մեջ…

ԳԵՏՆԱՆՑՈՒՄ

Ինչպիսի՞ն է եղանակը, և քաղաքը, և հոգին…

Արևը ծանրացավ կոպերիս վրա,
և լույսը աչքերն իմ դրսից թարթեց…

վերնաշապիկներ, որ հարազատ են ինձ,
ինչպես մարմինս,
քաղաք, որ մայր է մտնում, թե
դարպասը հատես –
ռետինը ապահովագրում է մեր սերը,
ձյունը ապահովագրում է համբարձումը
թռչունների…

մերկությունը դարանակալում է տան վարագույրը անթափանց, և
միջանկայլ կանգառը ընկերանում է քեզ –

ինչպես երբեք…

ՄՈՌԱՑՈՒԹՅՈՒՆ

Որքա՞ն է կշռում ձյան փաթիլը,
– մի ամբողջ կամ
կիսատ
արևի
չափ,

որքա՞ն է կշռում արևը,
– մարդկային սրտի չափ,
որքա՞ն է կշռում սիրտը,
երբ զոհասեղանից վերցնում և
դնում ես գրպանդ…

անձրևանոցիցս ներքև –
անձրև է,
նույն ջրե վարագույրը և
մոռացությունն ու
վերադարձը ապրվող օրվա…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.