ՎԱԶԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Վազգեն ԳաբրիելյանՀԳՄ վարչությունը
շնորհավորում է գրականագետ
ՎԱԶԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամյակի առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին

ՀՀ Գիտությունների վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր պարոն Վազգեն Գաբրիելյանին
Հարգելի պարոն Գաբրիելյան.
Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ:
Հայ գրականությունն ու գրականագիտությունը մշտապես գտնվում են Ձեր ստեղծագործական ջանքերի և անխոնջ գիտահետազոտական գործունեության առանցքում: Մեծ է Ձեր ներդրումը մեր մշակույթի, հումանիտար գիտությունների, բառի և խոսքի արվեստի զարգացման, մանկավարժական ու գիտական կադրեր պատրաստելու գործում:
Բազմաթիվ արժեքավոր աշխատությունները և մենագրությունները, ինչպես նաև երկարամյա գիտամանկավարժական գործունեությունը Երևանի պետական համալսարանում անբաժանելի են դարձրել Ձեր անունը հայ գրական մտքի պատմությունից:
Մաղթում ենք Ձեզ առողջություն, ստեղծագործական անսպառ ոգևորություն և ամենայն բարիք:

Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆ
ՀՀ ԱԺ նախագահ

Ժպիտներ կան սարքովի, որոնք իրենց վրա կրում են դաստիարակված բարեկրթության նշան, ժպիտներ էլ կան, որոնք հոգու նուրբ ծաղիկներ են և այնքան բնական, այնքան մարդամոտ. ահա այդպիսի ժպիտի տեր է իմ ավագ բարեկամ, հանրաճանաչ գրականագետ ու դասախոս Վազգեն Գաբրիելյանը:
Նրա գրիչը, սակայն, սուր է և երբեմն՝ խոցող, դիպուկ ու խորազնին, վերլուծող ու բացահայտող: Մեր գրականության դասական և ժամանակակից երևույթների հանդեպ նույն հայացքն է՝ ամբողջականության ու շղթայական կապի գիտակցումով ու քննությամբ:
Արևմտահայ և սփյուռքահայ գրական դեմքերի համախումբ պատկերը մեզ է մատուցել, ու նաև թարգմանաբար նրա հոդվածներն աշխարհում տարածում են եղեռնազոհ գրողների կորստյան ողբերգությունն ու հանճարի լույսը:
Շատ Բան է արել, և շատ Բան սպասում ենք:
Չկա մի կարևոր գրական երեկո ու միջոցառում, որին ներկա չլինեն սիրելի Վազգեն Գաբրիելյանն ու նրա հրաշալի տիկին Ժենյա Քալանթարյանը:
Չգիտեմ որևէ մեկի, որ նրանց տեսնելիս չուրախանա: Սա լավագույն պատասխանն է այն գործի ու մարդկային էության, որ պարգևել են մեզ:
Շնորհավոր հոբելյանդ, անխոնջ գրչի ու ժպիտի տեր ավագ ընկեր:

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ԼՈՒՍԱՎՈՐ ՏԱՐԵԴԱՐՁ
Ես այս խոսքը պարտավոր էի ասել Վազգեն Գաբրիելյանին, որի հետ կարծես երկվորյակներ լինենք՝ ծնված մեր թվարկությունից առաջ, մութ նախնադարում, որ այժմ ապրում ենք լուսավոր ու դրամատիկ ժամանակներ: Կարող եք չհավատալ այս անշրջանակ իրողությանը, սուտ համարել, երևակայության խաղ: Այս դեպքում մխիթարանքս Հեգելն է, ըստ որի՝ «եթե իմ թեորիան պայմանավորված չէ փաստերով, ապա ավելի վատ փաստերի համար»:
Լավ է, երբ մարդն ինքն է լռելյայն ձևավորում իր կենսագրությունը՝ հույսը չդնելով ուրիշների վրա, որոնք կա՛մ չափազանցված գովասանք են շռայլում, կա՛մ վատաբանում և կա՛մ ոչ այս, ոչ այն՝ մարդուն արտացոլելով ծուռ, մշուշոտ հայելու երեսին: Սակայն շատերից քչերին է հաջողվում ինքնակենսագրություն անել, որի համար անհրաժեշտ է մարդկային ու ստեղծագործական լիարժեք գունագծերի հանրագումար, հոգևոր Ես-ի ներկայությունը: Վազգեն Գաբրիելյանն այդ քչերից է, մի երևացող անհատականություն ներկայիս մեր գրական համայնապատկերում:
Հակառակ ոմանց, Վազգենն իրեն երբեք չի գովազդել, եղել և մնում է գրականության տքնաջան աշխատավոր, մտքով էլ չի անցկացրել մրցակցելու որևէ մեկի հետ, և այս կեցվածքը նրա գրական մարդու զարդն է, անժամանակյա ու մշտարթուն գեղարվեստական մշակույթի հանդեպ նրա սիրո և ակնածանքի նշանը: Մեր ուսանողական տարիներին Վազգենը բանաստեղծ էր, նույնիսկ գրքույկ հրատարակեց, ինչպես նաև, չզարմանաք, դերասան, Երևանի պետական համալսարանի ուսանողական ներկայացման մեջ հաջողությամբ կատարեց իմ անհաջող պիեսի դերերից մեկը՝ արժանանալով ծափերի (բեմադրիչ՝ հետագայում ականավոր Երվանդ Ղազանչյան): Ես ուրախ եմ, որ Վազգենը ճիշտ ժամանակին հեռացավ բանաստեղծությունից ու թատրոնից՝ առ այսօր մնալով նրանց խորապես ըմբռնող բարեկամը, և ամբողջովին նվիրվեց գրականագիտության ասպարեզին, այստեղ ամրագրելով ինքնատիպ ու ծանրակշիռ նվաճումներ՝ իրենը և շատերիս:
Գրականագիտության կարևոր տեսակներից է մենագրությունը՝ ծավալուն գրություն առանձին գրողի կյանքի ու գործի վերաբերյալ: Այս ժանրում մենք քիչ հաջողություն չունենք, մեկն էլ Վազգեն Գաբրիելյանի «Դանիել Վարուժան» աշխատությունն է՝ ամբողջական, խորաթափանց վերլուծություն մեծ բանաստեղծի ստեղծագործական աշխարհի և ողբերգական ճակատագրի մասին՝ ժամանակաշրջանի գրական մշակույթի և պատմության լայն ընդգրկումով: Գաբրիելյանը հիանալի տիրապետում է արևմտահայ ու Սփյուռքի գրական իրողություններին, այս ասպարեզների երևելի անհատականություններին նվիրված դիմանկարների գրքեր է ստեղծագործել, նրա գրչին է պատկանում «Սփյուռքահայ գրականություն» արժեքավոր դասագիրքը: Նա այն քչերից է, որն ունի ճակատագրով բաժանված, թեմաներով, լեզվաոճական որոշ արտահայտություններով տարբեր մեր երկու գրականությունների միասնականության բարձր գիտակցությունը: Նման կողմնորոշումը շատ կարևոր է և համախմբում է ազգային հոգևոր կյանքը: Ոչ միայն հոգևոր:
Վ. Գաբրիելյանը, ծնվելով նախնադարում, չմնաց այնտեղ, այլ եկավ ու հիմնավորվեց 20-21-րդ դարերի սահմանագծում, որ բոլոր ապրողներիս ժամանակն է, և արևմտահայ գրականության ուսումնասիրությանը զուգահեռ, զբաղվեց նոր ու նորագույն արևելահայ գրական իրողությունների հետազոտությամբ: Այստեղ նրա գիտական նվաճումները՝ բազում ու տարաբնույթ հոդվածների տեսքով (Չարենց, Բակունց, Զորյան), նույնքան ակնառու են: Արդի գրականության հետ ամենօրյա շփումներում նա քննադատ է, սակայն՝ ոչ թե մեղադրող դատավոր, այլ քննաբանող դատապաշտպան, մշտապես ելնելով ստեղծագործության ու նրա հեղինակի, ինչպես նաև ընդհանուր գրականության շահերից: Ես ճանաչում եմ նրա նաև բուհական գործունեությունը՝ իբրև դասախոս և ուսումնական աշխատանքների կազմակերպիչ: Նրա համար չկա մանր ու երկրորդական խնդիր, ամեն ինչ կարևոր է, արժանի լուրջ ու պատասխանատու վերաբերմունքի: Վազգենը հայրենասեր գիտնականի օրինակ է, հայրենասիրությունը, որով հաճախ ենք կուրծք ծեծում, առավելություն չէ, այլ պետք է լինի ապրելակերպ, այդպես իրենց կյանքն ապրում են բոլոր պարզ թե բարդ մարդիկ՝ երեկ, այսօր ու վաղը, ընդմիշտ:
Հայերիս ներկա գրականության մեջ Վազգեն Գաբրիելյանը՝ իր որդեգրած հողաչափության սկզբունքներով, ուղեկից չէ, այլ՝ ուղեկցորդ:

Նորայր ԱԴԱԼՅԱՆ

ՊՈԵԶԻԱՅԻՑ՝ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ.
ԱՆԲԱՍԻՐ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
Այսօր թերևս քչերն են հիշում, որ Վազգեն Գաբրիելյանն իր գրական ուղին սկսել է… պոեզիայով՝ 1962 թվականին Հայպետհրատը լույս է ընծայել նրա «Իմ կանաչ, հինավուրց թթենի» արձակ բանաստեղծությունների ժողովածուն: Եվ այն էլ՝ Գուրգեն Մահարու հանձնարարականով և Համո Սահյանի ներքին գրախոսականով: Համաձայնեք, որ շատերը կերազեին այդպիսի պոետական հաջողակ սկիզբ ունենալ: Բայց շատ շուտով պարզվեց, որ պոեզիան նրա միակ սերը չէր. արդեն 1964-ին լույս տեսած «Ռուբեն Որբերյան» մենագրությունը վկայեց Վազգեն Գաբրիելյանի նաև գրականագիտական լուրջ մտադրությունների մասին: Հաջորդ՝ «Դանիել Վարուժան: Կյանքը և գործը» (1979) հիմնարար աշխատությունը վերջնականապես ամրապնդեց այդ համոզմունքը: Հետագայում հրատարակված ավելի քան մեկուկես տասնյակ գիտական մենագրություններն ու հետազոտությունների ժողովածուները լուրջ գրականագետի բարի համբավ ապահովեցին նրա համար:
Շատ լայն է Վազգեն Գաբրիելյանի գիտական հետաքրքրությունների դիապազոնը՝ դասական ու արդիական արևելահայ, արևմտահայ և սփյուռքահայ գրականություն, տեսության և պատմության հարցեր: Ընդ որում, գլխավորը նրա համար գրական ընթացքի և դրանում ազգայինի ու համամարդկայինի ճիշտ հարաբերակցության քննությունն է, գրական-պատմական դասերի շեշտադրումը: Այդ նպատակադրումով են պայմանավորված նաև գրականագետի աշխատակցությամբ Վ.Թեքեյանի, Դ.Վարուժանի, Մուշեղ Իշխանի և այլ դասականների երկերի ժողովածուների հրատարակությունները, նրա կազմած բուհական ու դպրոցական դասագրքերը, օժանդակ ձեռնարկները: Այս իմաստով խորհրդանշական է 2012-ին գրականագետի հրատարակած գիտական ուսումնասիրությունների ժողովածուի վերնագիրը՝ «Պատմության խորհուրդը և ներկան», որի հաջողությունը մեծ չափով պայմանավորված է նաև նրանով, որ մոտ մեկ քառասնամյակ առաջ՝ 1981 թվականից զբաղեցնելով ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի Հայ նոր գրականության ամբիոնի վարիչի պաշտոնը, պրոֆեսոր Վ. Գաբրիելյանը տասնամյակներ շարունակ շփվել է երիտասարդ սերունդների հետ, քաջ գիտի նրանց հետաքրքրություններն ու նախասիրությունները, շատ լավ է զգում նոր ժամանակների բերած փոփոխություններն ու հասարակության արձագանքները:
Վազգեն Գաբրիելյանը նաև Հայաստանի գրողների միության նախագահության ամենաակտիվ անդամներից է, Միությունում կազմակերպվող գիտաժողովների ու համաժողովների, տարբեր քննարկումների ու միջոցառումների եռանդուն մասնակիցը:
Վերջապես, պարզ, անմիջական, անգամ մտերմիկ ու մարդկային անձնավորություն, որն իրավամբ նվաճել է իր գործընկերների, գրական ու գիտական հասարակության, բազմաթիվ ընթերցողների սերն ու հարգանքը:
Սպասենք վաստակաշատ գիտնականի՝ պատմության խորհրդի ու ներկայի խորքային կապերը լուսաբանող նոր աշխատություններին:

Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

ԱՀԱ ՎԱԶԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ
Ասում են՝ քննադատներին արձան չեն կանգնեցնում: Բայց իսկական քննադատը չի էլ սպասում այդ արձանին՝ քաջ գիտենալով, որ հավերժականը արվեստն է, իսկ ինքը լավագույն դեպքում որակյալ ընթերցողն է:
Ծանոթ քննադատներից մեկն էլ զարմանում էր, թե ինչպես է մարդը տարիներով դաս տալիս, դասախոսություն կարդում ու չի հոգնում:
Վազգեն Գաբրիելյանը այդ խոհուն քննադատի և անխոնջ մանկավարժի դասական մարմնացումն է, որ ահա կես դարից ավելի գրում է գրքեր և հոդվածներ, կարդում դասախոսություններ, ղեկավարում ասպիրանտների և ուսանողների՝ առանց մեծ արժեք տալու իր գործին: Եվ լավագույնը, որ այդ ձիգ տասնամյակների ընթացքում նվաճել է նա, թերևս հենց «Վազգեն Գաբրիելյան» անուն-ազգանունն է, որ ծանոթ է բնագավառին առնչվող ամեն մեկին և ավելին է, քան գիտության և կրթության ոլորտի այն բոլոր տիտղոսներն ու պարգևները, որոնց արժանացել է ինքը:
Իր անունն ու անհատականությունը Գաբրիելյանը ձեռք է բերել հատկապես արևմտահայ և նրա ժառանգորդ սփյուռքահայ գրականության խորը և տևական հետազոտության շնորհիվ: Ռուբեն Որբերյանից հետո, որի առաջին ամբողջական ուսումնասիրողն էր, գրականագետը ձեռք զարկեց մեր բանաստեղծության ամենից բարդ ու բազմաշերտ մեծություններից մեկի՝ Դանիել Վարուժանի կյանքի և արվեստի քննությանը: «Դանիել Վարուժան» (1978) մենագրությունը, որի համար նրան շնորհվեց բանասիրության դոկտորի գիտական աստիճան, դարձավ հայաստանյան վարուժանագիտության ցարդ չգերազանցված հանգրվանը:
Շուրջ տասը տարի հետո Վ. Գաբրիելյանը իր վարած ակադեմիական դասընթացի հիման վրա պատրաստեց և 1987 թ. լույս ընծայեց «Սփյուռքահայ գրականություն» բուհական դասագիրքը, որ մինչև օրս ունեցել է ևս մի քանի հրատարակություն և որով կրթվել են բանասիրության բաժանմունքի հազարավոր ուսանողներ: Իր տեսակով այն եզակի դասագիրք է, իսկ գիտական համակարգմամբ, ծավալումներով և մանրամասներով մարմնավորում է հայրենական սփյուռքագիտության գրականագիտական մակարդակը:
Վ. Գաբրիելյանը մեծ աշխատանք է կատարել նաև արևմտահայ և սփյուռքահայ հեղինակների ժառանգության մասսայականացման գործում: Կազմել, առաջաբաններով և ծանոթագրություններով է օժտել բազմաթիվ ժողովածուներ և քրեստոմատիաներ:
Ժամանակին դառնալով հանրապետության ամենաերիտասարդ գրականագետ դոկտորներից մեկը՝ պրոֆեսոր Գաբրիելյանը իր գիտելիքներն ու ունակությունները ի սպաս է դրել նաև գիտամանկավարժական ղեկավար աշխատանքին: 1981-2015 թթ. ղեկավարել է Երևանի պետական համալսարանի սովետահայ (ներկայումս՝ հայ նորագույն) գրականության ամբիոնը: Մի ամբողջ դարաշրջան կազմող այդ երեսունհինգ տարիներին թե՛ ինքն է վարել հիմնական և մասնագիտական դասընթացներ, թե՛ կազմակերպել է ամբիոնի գիտական և դասախոսական գործունեությունը: Որպես առանձնահատուկ կարևորության երևույթ՝ առանձնանում է «Հայ նորագույն գրականություն» մագիստրոսական ծրագրի մշակումն ու գործադրումը, որի շնորհիվ վերջին մեկ դարի հայ գրականությունը իր երկու՝ հայաստանյան և սփյուռքյան թևերով, խորը և համակողմանի դասընթացներով ահա ավելի քան մեկուկես տասնամյակ մատուցվում է ուսանողներին՝ պատրաստելով հետազոտող գրականագետների, քննադատների և հրատարակիչների նորանոր սերունդներ:
Վազգեն Գաբրիելյանը բառի բովանդակ իմաստով ուսուցիչ է: Նա գիտական ղեկավարն է եղել հայաստանցի և սփյուռքահայ տասնյակ ասպիրանտների և հայցորդների, ովքեր հաջողությամբ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություններ և աշխատում են ինչպես ԵՊՀ-ում, այնպես էլ ուրիշ բուհերում:
1970-ական թթ. կեսերին ամբիոնի հիմնադիր վարիչ Հրանտ Թամրազյանի նախաձեռնությամբ սկզբնավորվել և պարբերաբար անցկացվել են «Չարենցյան ընթերցումներ» կոչվող գիտական նստաշրջաններ: Սկզբնապես Վ. Գաբրիելյանը դրանց մասնակցում էր իբրև հեղինակ՝ հանդես գալով Չարենցի արտասահմանյան ուղևորությանը, արևմտահայ ու սփյուռքահայ բանաստեղծների հետ Չարենցի ունեցած գրական առնչություններին վերաբերող հետաքրքրական զեկուցումներով: Ամբիոնի վարիչի պաշտոնը ստանձնելուց հետո Գաբրիելյանն արդեն ինքն է նախաձեռնել ու անցկացրել նոր գիտաժողովները՝ շարունակելով հանդես գալ նաև որպես հեղինակ: Արդեն լույս են տեսել «Չարենցյան ընթերցումների» ինը գրքեր: Առաջիկայում կկայանա տասներորդ հոբելյանական նստաշրջանը, որին իբրև հոբելյար և զեկուցող իր մասնակցությունը կբերի նաև Վազգեն Գաբրիելյանը:
Հրանտ Մաթևոսյանի տարաժամ մահվանից հետո՝ 2005 թ., Գաբրիելյանը նախաձեռնեց հետագայում նույնպես ավանդական դարձած մեկ այլ գիտաժողով՝ «Մաթևոսյանական ընթերցումները»: Արդեն կայացել և առանձին գրքերով հրատարակվել են երեք նստաշրջաններ, որոնց համալսարանի և հանրապետության այլ հաստատությունների մասնագետների հետ զեկուցումներով մասնակցել է նաև պրոֆեսոր Գաբրիելյանը: Նաև ինքն է խմբագրել «Մաթևոսյանական ընթերցումների» բոլոր երեք գրքերը:
Հրանտ Մաթևոսյանի պարագան խիստ էական է Վազգեն Գաբրիելյանի գրական ճակատագրում: Նա դեռ երիտասարդ տարիքից վայելել է մեծ գրողի ընկերությունը: Ուսանողական տարիներից ինքն էլ ստեղծագործելով, իսկ հետագայում գրականագետի հանգամանքով Գաբրիելյանը հարատև մասնակցություն է ունեցել Հայաստանի գրողների միության աշխատանքներին: Հատկապես գրականության համար առավել ծանր վերջին երկու-երեք տասնամյակներին նա՝ որպես ընթերցող և քննադատ, ուշադրության կենտրոնում է պահել ժամանակակից հայ գրականությունը: Ավելի հաճախ՝ «Գրական թերթում», նաև այլ պարբերականներում նա տպագրել է արդի հայ գրականության կենսական խնդիրներին նվիրված հոդվածներ, հանդես եկել նոր լույս տեսած գրքերին վերաբերող գրախոսություններով, մասնակցել գրական բանավեճերին: Նրա այս նախասիրությունը առավել ամփոփ և հավաք ներկայացված է «Գրականության մեր ժամանակը» (2006), «Պատմության խորհուրդը և ներկան» (2012) հոդվածների ժողովածուների մեջ, թեև դրանցից հետո էլ Գաբրիելյանը գրել և լույս է ընծայել արդի գրական ընթացքին առնչվող բազմաթիվ հոդվածներ:
Նույնիսկ այսքանը, որ ամբողջը չէ, կարծում եմ, բավական է համարելու, որ գրականության պատմաբան, քննադատ և դասախոս Վազգեն Գաբրիելյանը յուրովսանն կերտել է իր արձանը՝ հնարավոր բարձրությամբ: Բայց խիստ էական է նաև արձանի կերպը: Կյանքի և գրականության շուրջը արվող դատումներում նա սիրում է կրկնել թերևս Թումանյանից ու Վարուժանից ներշնչված այն միտքը, որ անհատի գործը արժեքավորելու լավագույն չափանիշը այդ գործը ստեղծողի մարդկային որակներն են, Տերյանի բառերով ասած՝ մարդկային տաղանդը: Ես, որ իր առաջին ասպիրանտն եմ և ում ամբողջ գիտական ու մանկավարժական գործը եղել է իր խնամքի և ուշադրության կենտրոնում, վկայում եմ, որ Վազգեն Գաբրիելյանի բոլոր գրքերին ու հոդվածներին լույս է տալիս հենց մարդկային շփման տաղանդը: Դարձյալ գրականագետ լծակցի, մտավորական զավակների և տաղանդավոր թոռների հետ դյուրըմբռնելի ներդաշնակությամբ ապրող մարդը նույնպիսի ջերմությամբ ու հոգևոր բարձր կեցությամբ է ապրում նաև գործընկերների և, որ հատկապես գնահատելի է, իր բոլոր ուսանողների հետ:
Տաղանդավոր գիտնականն ու մարդը, ով հաստատուն քայլքով հատեց 80-ամյակը, այսօր էլ օրինակելի եռանդով ու կենսունակությամբ վարում է իր դասերն ու գիտական գործերը: Եվ մենք, որ հաճախ կարոտ ենք մեր սիրելի ավագներին երկար վայելելու բերկրանքին, իրեն շնորհավորելուց ավելի երևի թե մեզ պիտի շնորհավորենք նրա այդ անհավատալիորեն ութսունամյա երիտասարդության համար և մաղթենք, որ մեզ հետ ու մեր այնքան փայփայելի գրականության հետ դեռ երկար լինի Վազգեն Գաբրիելյան մարդը:

Սեյրան ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԿԱՐԳԱՊԱՀ ԼԻՆԵԼՈՒ ԴԺՎԱՐԻՆ
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Վազգեն Գաբրիելյանի բնավորության մեջ գուցե ամենատեսանելին ընդգծված կարգապահությունն է, որ իր միջավայրում շատերի համար ընդօրինակելի է, ոմանց համար՝ պարտադրող: Բայց որ դա հոգս է նախ իր համար, իսկ գործընկերներին բերելու է կայուն ապահովության զգացողություն, գիտակցում են, հավանաբար, ոչ բոլորը: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան և հայ նորագույն գրականության ամբիոնի երկարամյա վարիչ աշխատելու տարիներին այդ հատկանիշը գուցե նեղացներ աշխատակիցների մի մասին. ցավոք սրտի, ազգային բնավորության մեջ որոշիչ դառնալու հակում ունեցող անկազմակերպ ցրվածությունը և երբեմն բարձրագոչ «բոհեմիզմի» ցուցադրանքը ներքուստ ընդդիմություն կարող է առաջացնել կայուն կարգավորվածության դեմ: Բայց արդյունքում բոլորը, այդ թվում՝ «թաքուն» ընդդիմացողները, ունենում են այն վստահ ապահովվածության գիտակցությունը, որ ուսումնական ծանրաբեռնվածության մեջ ժամաքանակի որևէ խախտում, կամ թյուրիմացություն չի կարող լինել, որ հասկանալի է ու պարտադիր այդ ծանրաբեռնվածության բոլոր կետերի կատարումը՝ ուսումնական ու գիտահետազոտական աշխատանքներից մինչև կազմակերպչական ու այլ կարգի միջոցառումները: Պատահական չէ, որ հենց նա է ստեղծում «Գրավոր խոսք» ձեռնարկը, որով իրական կյանքում իր աշխատաոճի հիմունքները սովորեցնում է բոլորին, և այդ գիրքը դառնում է ամենապահանջվածներից մեկը տարբեր ոլորտներում տարբեր աշխատանքի մեջ գտնվող մարդկանց համար:
Մթնոլորտը երբեմն լարված պահող սերնդափոխության պահանջները, քիչ չի եղել, որ ստիպել են օրինակ բերել Վ. Գաբրիելյանին, ում աշխատանքային բարեխղճությունը կարող էր դաս լինել շատ երիտասարդների. և հարկ է լինում կրկին ընդգծել, որ տարիքը հաճախ սոսկ թվաբանություն է, բայց ոչ հոգեմտավոր ունակությունների ու դրանց իրացման ցուցիչ: Առանց որևէ ամենաթաքուն խանդի, աշխատանքի մեջ խաղաղ կարգապահության ներզգացողությամբ ընդունեց ամբիոնի երիտասարդ ու կարող վարիչի ընտրությունը և միշտ նրա կողքին է տանու հոգսի մտերմությամբ:
Այդ հանդարտ նվիրումի արտահայտությունը կա Վազգեն Գաբրիելյանի գիտահետազոտական («Պատմության խորհուրդը և ներկան», «Գրականության մեր ժամանակը», «Դասականների ժամանակը», «Սփյուռքահայ գրականություն» և այլն) և գիտակազմակերպչական աշխատանքներում: Առանձնահատուկ սերը արևմտահայ և մանավանդ Դանիել Վարուժանի քնարերգության նկատմամբ («Դանիել Վարուժան» մենագրությունը), եռանդուն նվիրումը սփյուռքահայ գրականությանը նրան դարձրին հայ գրականության այս բարդ ու բազմաճյուղ հատվածի գիտական համակողմանի բացահայտումների հեղինակ: Վ. Գաբրիելյանն ստեղծեց սփյուռքահայ գրականությունն ուսումնասիրողների մի իսկական դպրոց՝ երիտասարդ ու խոստումնալից մասնագետների դիպուկ ընտրությամբ: Նույն կարգապահ ու արդյունավոր նվիրումն է առկա «Չարենցյան ընթերցումների», «Մաթևոսյանական ընթերցումների» կազմակերպման և համապատասխան ժողովածուների հրատարակման գործում:
Եղել է, երբ մեկ-երկու անգամ ինչ-որ կոնկրետ առիթով գրած էքսպրոմտ կամ պարոդիա է կարդացել: Երբ առաջարկեցինք լրջորեն տրվել այդ ժանրերին, քանի որ ակնհայտ էր խոհական խորքը, «թիրախավորված» հեղինակի ոճի դիպուկ ընկալումը և նուրբ հումորը, նա լրջախոհ լռությամբ արձագանքեց դրան: Եվ պարզ էր, որ դրանք, ինչպես և չափածո ու արձակ պառատիկներ, որ անպայման ունի, չի ցանկանում «ուրիշինը» դարձնել: Այդպես իր համար է պահում տղաների հետ կապված «ծնողական փառասիրության» դրվագները, որ շատերը կարող էին «օգտակար» ցուցադրանք դարձնել, իսկ ինքը երբեմն հիշում է միայն մանկական չարաճճիության փաստեր՝ նրբորեն դրանք տեղափոխելով թոռնիկների աշխարհը:
Ավագ գործընկերոջս ներողամտությունն եմ հայցում, եթե նրան նորից ճանաչելու և ճանաչել տալու այս վեհերոտ ձգտումի մեջ հոբելյանական ներբողի շեշտեր են եղել. Վազգեն Գաբրիելյանը դրա կարիքը չունի, քանի որ նրա համար կարևորը միշտ գործին կարգապահ նվիրումն է և դրա արդյունքը:

Վազգեն ՍԱՖԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.