Սոնա ՎԱՆ

***
Երազումս նորից Դեր Զորն է
ու վազում ենք նորից – սակայն
Փրկիչը մեզ հետ է այս անգամ
աչքերը փայլում են զայրույթից
ոսկի մազե՜ր – մի խոսքով
Քրիստոսն է նույն
գագաթի մեջ իր գեղեցկության

աջ ու ձախ շրջվում ու
մեկ առ մեկ
ցեխ է քսում
երկուսիս դեմքին էլ
հնարամիտ տատս
արագ – արագ
փրկելով մեզ այդպես իր
թևերի տակ

***
Դու տեսե՞լ ես- ընկեր
երբևիցե
Վանի արևը շառագունած
բիբլիական մի լեռ
գերության մեջ
առևանգված տապան
ջրհեղեղի
փշալար՝ դրախտի պարտեզի շուրջ

խենթացած լուսին տեսե՞լ ես
ընդհատված ալելուիա
և ճիչ
որ հնչի անընդմեջ
մի ամբողջ դար

արև-փահլևան տեսե՞լ ես
մի ոտքով կանգնած խաչի վրա
ա՜խ Թամար լսե՞լ ես
լճի երգ
զմրուխտե ջրերի ափսոսանք
և կամ հորովե՜լ
որ սկսում է
եզների գովքով ու ձգվում
մինչև հորիզոնի կարմիրը-
ոսկեծուփ արտերի միջով
չե՞ս տեսել
դե ուրեմն ինչո՞ւ ես
ինձ նայում այնպես – կարծես թե
տեսել ես դու իրոք մի օր
Վանի արևը շառագունած
ամբարը
ոսկին
ցորենը
թռչող հարսնաքողը
տանիքից վեր
Կոմիտաս
Սոնա
տատիս
խառնված միևնույն շուրջպարի մեջ
կարծես թե դու էլ տեսել ես
Մհերի դռան մոտ- դեռ նոր
վերջին շյուղը բնի մեջ դրած
անհոգ արագիլներ երկու
երկնքում ազատ սիրաբանվող
կներես … կարծեցի տեսել ես
քամին…
հարսնաքողը…
տատիս-
լուսնի շողերից փշաքաղվող
նուրբ աղվամազը երջանկության
***
Միրաժ ու խաչանախշ
մի դուռ է
առանց եկեղեցու սակայն՝
ինչպես դեկոր
բացում եմ ու ներս մտնում
անապատ միանգամից
Դեր Զոր – ավազը
դեղին
անշարժ
ինչպես մահացած ջուր
հեքիաթ եմ պատմում փշերին՝
հանց Շեհերազադե
լուսաբացին ավազն ինձ նվիրում է
ոսկրե վզնոց
դե գնամ- քույրեր
հարսներ
արդեն ուշ է
ողորմած է ձեր քունը
հարյուրամյա
ի՞նչ թուրմ կաթեցնեմ
ավազի ականջի մեջ
որ սիրուն երազներ
պարգևի ձեզ

***
Կա մի գետ արյան- որի մասին
չի նշվում երբեք Սուրբ Գրքի մեջ
սա՝ իմիջիայլոց
իսկ իրականում – հոգնե՛լ եմ
այս ամենից
ես ուզում եմ դրախտ վերադառնալ
լինել անամոթ ու մերկ՝ ինչպես Եվան
(պարանոցս խեղդվում է ողբազգեստից)
ուզում եմ վերստին կին լինել
հավերժական գայթակղողն այս պատմության մեջ
չեմ ուզում կրկնվել հայելու մեջ
հանց հերթական Պիետա
սգացող մայր – խոնարհված
իր ծնկի վրա սառած մինուճարին
չեմ ուզում վատնվել
բարձրանալով
Սիզիփոսի
աստիճանով
պատերազմի
ես ասում եմ սա- քանզի գիտե՛մ –
զրուցել եմ նրանց հետ երազիս մեջ
կանչելով ոգիներին մեկ-մեկ – սեղանի շուրջ
քանզի քայլել եմ քառասուն օր
մեռյալների հովտով մինչև Դեր Զոր
պատրաստ մերկանալու
մի կում ջրով
(տառապանքը չի՛ վեհացնում ամեն անգամ)
քանզի ես էլ նեղացած աղջկա պես
շրջվել – նետել եմ
Եփրատի մեջ
նորածին մանկանս՝ ինչպես ծաղիկ

հ.գ. զեխ արաբական
երազներիս մեջ
նույն հարեմն է միշտ
ու նույն փաշան
որ գալիս է խեր-շառ անելով
կույսաբույր թզբեխն իր հուլունքաշար
ու լկտի նայում աչքերիս մեջ

***
Ամեն անգամ
երբ հոգիս սահում է
մարմնիցս դուրս
ես տեսնում եմ
դեռևս անմեղ անապատը
Վան քաղաքը –
դարպասներից անդին
եկեղեցին
Փրկչի արծաթե մարմինը
պատի վրա
և նայվածքը քահանա պապիս
ուղիղ Քրիստոսի աչքերի մեջ
ինչպես չաշխատող ժամացույցի
տեսնում եմ ճիգը անկարելի
որով նա փորձում էր ճշտել
այնուհանդերձ
ժամանակը
անշարժ հավերժության
ելնելով
ճշգրիտ թեքությունից
կոպի վրա ընկած ճառագայթի
որն այնտեղ էր եղել
նախքան Աստված
հիմա – երբ իմն է
ընտրությունը
երբ Տերը ինձ հետ է
վերջապես-
իսկ դո՛ւ չկաս
հուշիր ինձ վե՞ր ելնեմ
հենվելով
վերամբարձ աղոթքի վրա քահանայի
(միամիտ… անփորձ ու
այնքա՜ն ջահել)
թե՞ իջնեմ
փորելով ինչպես որդը
շիրմաքարիդ տակով՝ դեպի ներքև

ինձ ասա իջի՛ր
– աղաչում եմ
թույլ չտաս սխալվել երկրորդ անգամ
ու եկ քայքայվենք միասին
վայրենի արևի տակ
Երևանի

***
Հիշողությունս -կույր խոփ
մթության մեջ
շարժվում է- մինչև դիպչի
հարազատ մի ոսկրի
ավազի տակ
ու լռվում… կանգնում է
անակնկալ

Դեր Զոր
ստորգետնյա որբանոց
լաց
լաց
այսօր ես կմնամ այստեղ
(հարդարում եմ ավազը
անկողնուս պես)
ու կերգեմ օրոր նրանց համար
ում գիտեմ ջարդի նկարներից
ընտանեկան
սա տատիդ քույրը ՝
Հուշիկը
ճերմակ ատամներով
մարգարտաշար
մահացավ հրեշտակն այս
անապատում
գիտե՞ս … դու նրան նման ես շատ
գունավոր պուտիկներով-
աչքերիդ մեջ
սա Նատոն է – թևատված սոխակ
չես լսել երբևէ այդպիսի ձայն

(ա՜խ …. ոնց եմ սիրում ես-
Աստված իմ
մորս ժպիտը՝ ցավից ծնված
որ հասցնում էր
խառնվել լույսի հետ
նախքան լրիվ պոկվելը շրթունքներից)

օրոր Հուշիկին հրեշտակ
ճերմակ ատամներով մարգարտաշար
օրոր Նատոյին չքնաղ
անթև սոխակին անապատի
օրոր և Շուշիկին նախշուն-
օրոր բոլորին
ու
շարժում եմ
Դեր Զորը՝ օրորոց հսկայական

4 thoughts on “Սոնա ՎԱՆ

  1. Ամեն մի գրագետ, կարդացած ընթերցող կարող է այսքան գրել: Անտեղի ու անիմաստ է որևե պատահական բառ առանձին տող դարձնելու հեղինակի միտումը: Սա գրվածքը «բանաստեղծություն»
    դարձելու տարածված, մոդայիկ միջոց է այսօր:

  2. Գևորգ ջան, դու բանաստեղծություն շատ կարդա, կարծիքդ տպավորապաշտական է, Սոնա Վանը մեր այսօրվա լավագույն բանաստեղծներից է, իսկ այս շարքը, ուղղակի փայլուն է, կա և հուզականությունը, և նորարարականը, և ազգային ավազանը (Օշականի ասած), և համամարդկայինը…

  3. Անիմաստ է վիճելը: Ընթերցողների գրեթե չգոյությունը մեր այս «պոեզիայի» ամենապերճախոս գնահատականն է: Իսկ դուք «էլիտայով» գրական տունտունիկ խաղացեք…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.