Գրական շրջագայություն հայ համայնքներում
Սոնա Վանի` Երևան հերթական այցին նախորդել էր դեռևս 2012-ին Սանկտ Պետերբուրգից հղված հրավերը, որը դարձավ նրա վաղեմի ցանկության` հայ համայնքներին ի մոտո ճանաչելու իրականացման առիթ: Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաքում առաջին ռուսերեն ժողովածուի շնորհանդեսի ջերմ ու բովանդակալից հանդիպումից ստացած չմարող տպավորություններով ուղևորվեց Մոսկվա` նորացնելով պետերբուրգյան այցի ընթացքում մայրենիով Հայ առաքելական եկեղեցու հոգևոր թեմի, հայ համայնքի և ռուս գրականության ու պոեզիայի երևելի գործիչների հետ ջերմ ու բովանդակալից շփման երկուստեք վայելումը, որն արդեն Երևան այցից հետո իր շարունակությունը գտավ նաև Արցախ և Ջավախք ուղևորությունների օրերին: Արցախն այդ օրերին հյուրընկալել էր նաև Վիրահայ համայնքի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Արցախի և Վրաստանում հայ համայնքի ներկայացուցիչների կողմից նախանշվեցին մշակութային փոխգործակցության ծրագրեր, որում մեծ տեղ է տրված գրական ոլորտին: Հանդիպումից հետո Սոնա Վանին ընդունեց Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Պոետի գրական ուղևորության շարքը հայ համայնքներ լիարժեք չէր լինի, եթե նա ոտք չդներ Ջավախքի հողի վրա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ջավախքյան օրերին մասնակցող պատվիրակության կազմում, որը գլխավորում էր կինոփառատոնի հիմնադիր-նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Հայոց հնամենի բնակավայրի հայրենակիցների հետ հանդիպմանը մասնակցելու համար Թբիլիսիից ժամանել էին նաև հայ և վրացի գրողներ: Պոեզիայի շնորհիվ Ախալքալաքի մշակույթի դահլիճում հնչող հայ խոսքը, հանդիպման ջերմ մթնոլորտ հայրենակիցները վայելեցին լիասիրտ՝ մի նոր հանդիպման սպասումով:
Երևան. Գրքի շնորհանդես
Սոնա Վանի անմիջական մասնակցությամբ իրականացվեց «Նարցիս» հանդեսի հիմնադիր-գլխավոր խմբագիր, կյանքից վաղաժամ հեռացած տաղանդաշատ բանաստեղծ, դրամատուրգ Վահան Վարդանյանի «Անդին» ժողովածուի շնորհանդեսը: Հեղինակի անուրանալի տաղանդի գնահատման, մեծարման, նրա մասին հուշերով շաղախված արարողության ժամանակ ներկայացվեց Վահանի` մարդ-քաղաքացու, ստեղծագործող անհատականության հիշատակին ամբողջապես նվիրված, «Նարցիսի» հատուկ համարը: Բազմաձայն (35 հեղինակների), զուսպ, միաժամանակ կենսահաստատ համանվագի մեջ Սոնա Վանի «Ռադիոծածկույթից դուրս» շարքի` Վահանին նվիրված ութ բանաստեղծություններից զատ` հանդեսում առանձնանում է երեք մասից բաղկացած` նրա արձակ ստեղծագործություններից հատկապես ապրող և հեռացող անհատականություն-գրչակիցների «Քեզ որոնելիս» 39 էջանոց խոշորածավալ վիրտուալ զրույց-պատումը: Այս ստեղծագործությունը դրամատիկ բազմաձայնությամբ մասամբ զուգորդվում է բանաստեղծուհու «Ես հավերժական սարդն եմ» ասք-երկի մեջ մարդկային գրեթե բոլոր ձայներով տաղերգվող, ինքնաբնութագրիչ` սեփական «արիայի խոսքերով» գրված քառատողին.
ես մեցցո-սոպրանոն եմ
թավշյա կույսի
ես լիրիկական տենորն եմ
նորահարսի
ես զուսպ բարիտոնն եմ
այրիացած կնոջ
ես խռպոտ բասն եմ
կատարակտով տատիս
Ընդամենը պետք է թերթել «Նարցիսի» այդ համարը ու ոչ միայն…
«Դրսում» կարոտի
մորմոքը ըստ պոետի
Եվ, սակայն, ևս մեկ վրձնահարված Սոնա Վանի կերպարային նկարագրին` նույն իր եռատողով, արդիական շնչով, հենց այսօր և հենց հայության համար.
ես կլինեմ միշտ… հարցն այդ չէ
սակայն ինձ տխրության
չորս եղանակ է պետք
իսկ այստեղ ամառ է կլոր տարին
Մարդ արարածին հավերժ ուղեկցող չափավոր կարոտաբաղձության երևույթը պոետի այս եռատողում մարմնավորվում է դասական բանաձևումով՝ եզակի պարզությամբ, գեղարվեստական շռայլ ընդհանրացումներով ներազդող, առանց պաճուճանքի` բառային մորեմերկ, ժողովրդական բնական խոսվածքի բառադարձումներով, շնորհիվ որի մեղմ թախիծը չի վերածվում ողբերգական անհուսության: Մինչդեռ ենթատեքստում, միևնույն է, ոչ «արվեստային» առտնին կենսազգացողությամբ այստեղ կարոտի զգացումի խորացումն է գլուխ բարձրացնում՝ ինչպես տիեզերական «սև խոռոչ», որ պատրաստ է կլանելու մարդկային նորանոր հոգիներ: Կարոտ, որի հետագծում թանձրանում է ծանոթ լուռ մի տխրություն՝ վայրկյաններ անց տարալուծվող ուրախության ու մոռացումի արանքում: Տխրություն` վերստին վերադառնալու համառությամբ, քանի դեռ աշխարհի մոլեգնող չարության կիզակետում հայտնված Հայաստանում դեռևս շարունակվում է արտագաղթի չդադարող երթը դեպի օտար հեռաստաններ` ճակատագրի անհայտ հարվածներին ընդառաջ: Երբ նորավուրց բյուրալեզու բաբելոնյան աշխարհում հայապահպանության գլխավոր կռվան և սպեղանի մայրենիի խաթարման հետ զուգահեռ` հայ մանուկները ենթակա են ոգեխեղման և ուծացման:
Ի դեպ, Սոնա Վանն ու ամուսինը` բժիշկ-արձակագիր Նուբար Ջանոյանը Բյուրականի աստղադիտարանի հարևանությամբ կառուցվող առանձնատունը նախատեսել են տրամադրել գրողներին` ստեղծագործելու համար:
Եվ գնահատանքը
չուշացավ…
Սոնա Վանը ՀՀ նախագահի հրամանագրով հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար 2013թ. դեկտեմբերի 10-ին պարգևատրվեց «Մովսես Խորենացի» մեդալով: Պետական բարձր պարգևը Սոնա Վանին հանձնեց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը: Արարողության ավարտին Կալիֆոռնիայում ՀՀ հանրային հեռուսատեսության և ռադիոյի հատուկ թղթակից Լիլիթ Սեդրակյանը զրուցեց Սոնա Վանի հետ:
ՍՈՆԱ ՎԱՆ – Այս մեդալը, որը մեծ պատմահոր` Մովսես Խորենացու անունն է կրում, ինձ կրկնակի է ոգեշնչում, քանի որ ոչ միայն բավարարում է գործդ գնահատված տեսնելու մարդկային մեծ ցանկությունը, այլ նաև վկայում է լեզվի և դա կրողի նկատմամբ պետական վերաբերմունքի մասին: Շնորհակալ եմ գնահատանքի համար, բայց ճշտելու համար ասեմ, որ մեդալը ՀՀ նախագահի կողմից ինձ շնորհվել է դեռևս 2012 թվականին, որի հանձնման հանդիսավոր արարողությանը Երևանում ես չկարողացա ներկա գտնվել անձնական պատճառներով: Դա է պատճառը, որ պարգև ստացա ՀՀ նոր գլխավոր հյուպատոսի` Սերգեյ Սարկիսովի կողմից, ում հետ երկար զրուցեցինք հայրենի պետականության այսօրյա մարտահրավերներին, ապագային, լեզվին առնչվող մտահոգությունների մասին, աշխարհաքաղաքական նոր պայմաններում: Ես կարծում եմ, որ «գլոբալիզացիա» կոչվող երևույթը հայի համար նորություն չէ, որովհետև եղբայրական պետությունների անվան տակ դա մեզ տրվել է դեռևս խորհրդային ժամանակներում` ռուսական մշակույթն ու լեզուն, ռուսական դպրոցներն ու համալսարաններն իրենց ռուսական բաժանմունքներով: Գերիշխող կայսրության կողմից կենտրոնացված կառավարման այս մոդելը մեզ ծանոթ է, պարզապես անկախությունից հետո մեզ ազատություն է տրվել ընտրելու գերակայող տերության անվանումը:
Պետությունների փոխկապվածությունը, բանակցային փոխհարաբերությունները, հերոսների փոխտվությունը, փոխզիջումների անշրջանցելիությունն աշխարհը միասնական մի շուկայի է վերածում, որտեղ փոքր ազգային պետություններին երբեմն մեծ տերությունները օգտագործում են իբրև մանրադրամ: Փոքր ազգային պետությունն ինքը պիտի կարողանա արժևորել իրեն, ճշտել իր արժեհամակարգը, չշփոթել փոքրաթիվ լինելը «փոքր» լինելու հետ և ճիշտ օգտագործել սեփական արժեթղթերը: Փոքրաթիվ լինելով հանդերձ փոքր չդառնալու համար նախ գերտերության մկանին պետք է համազոր հոգևոր չափ հակադրել, որի հիմքում ընկած են ազգային լեզուն, մշակույթն ու հավատամքը, այն Սուրբ Երրորդությունը, որի թափանիվն է մեզ հասցրել 21-րդ դար: Սրա կարևորությունը մեր թշնամիները շատ լավ են հասկացել (տե՛ս 1915-ը, երբ առաջին հերթին մեր լեզվի կրողներին գլխատեցին), մնում է, որ մենք էլ հասկանանք դա և ճշգրտենք մեր նոր բարեկամների համար, որ կան արժեքներ, որոնք պարզապես չեն դրվելու բանակցային սեղանի վրա:
Մենք ուրիշ բաներ ունենք, որոնցով կկարողանանք փոխհատուցել: 200 տարվա «դեմոկրատիայի» փորձի դիմաց մենք ունենք 10.000 տարվա մշակութային հիշողություն, իմաստություն, ընտանիքի գործող մոդել և ուրիշ արժեքներ, որոնք պատրաստ ենք «կիսելու» մարդկության հետ, և որոնք ծանրագին հակակշիռ են ընդդեմ աշխարհը խաթարող չար ուժերի: Այսօր այլևս միայն աշխարհագրական չափերով չես կարող հպարտանալ: Սա ինֆորմացիայի, իմացության դարաշրջան է: Մտքի, երևակայության, հոգու մկանի արժանիքը երբևէ ավելի կարևոր չի եղել, և այս առումով մենք միշտ էլ մրցունակ ենք եղել: Այնպես որ՝ ամեն բան դեռ կորած չէ: Ամենայն Հայոց Ոսկեղենիկ լեզուն մեր հարատևության բանալին է, աստվածային կոդի կրողներն են մեր տառերը, և դրա երկրորդականացումը միայն կտանի մեզ ազգովի ուծացման ու աստվածային պատժի: Սա ինձ շատ է մտահոգում: Այն նոր, օտար ու ծեքծեքուն հայերենը, որ հաճախ հնչում է էկրաններից ու փողոցներում, վախեցնում է ինձ. վախեցնում է ինձ նաև օտարալեզու դպրոցների հեռանկարը: Մենք սրա դառը փորձը ևս ունեցել ենք խորհրդային տարիներին:
Իմ երկու քույրերը ռուսական դպրոցի գերազանց շրջանավարտներ են եղել և երկտող իսկ շարադրելիս մինչ օրս նախընտրում են ռուսերենը: Հայերենը նրանց համար երկրորդ լեզվի կարգավիճակում է: Բավական է միայն անդրադառնալ այն վիճակագրությանը, որ ոչ մի ռուսական կամ օտարալեզու թեքումով դպրոցից դեռևս ոչ մի գրող դուրս չի եկել: Այսինքն` օտարալեզու կամ թեքումով դպրոցը մեր երկրում բացառում է մայրենի լեզվի իրական կրողը լինելու հնարավորությունը: Եթե սա բավարար մտահոգություն չէ լեզվի պահպանության համար, պատասխանատու անձանց կամ իշխանության համար, ապա ես այլևս ոչինչ չունեմ ավելացնելու:
Ես երբեք դեմ չեմ երկրորդ, երրորդ լեզվի իմացությանը, բայց` միայն այն դեպքում, երբ դա չի արվում մայրենի լեզվի հաշվին: Այսօր աշխարհի համարյա բոլոր քաղաքակիրթ երկրներում երիտասարդ սերունդը տիրապետում է անգլերենին, բայց դեռ չեմ հանդիպել մի եվրոպացու, ով իր սիրային նամակը նախընտրի անգլերեն գրել հայրենակցին: Սա ոչ թե պարզ վիճակագրություն է, այլ` ազգային անվտանգությանը և ազգային ինքնությանը սպառնացող վտանգ, և, որպես լեզվի մարդ, եթե ես լինեի պատասխանատու լծակների վրա, երկրորդ լեզվի ուսուցումը պետական դպրոցներում կդարձնեի առանձնաշնորհված, որից կարող են օգտվել միայն հայերենի մեջ բացարձակ գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտները: Չմոռանանք, որ ազգային, մայրենի լեզվից զրկված լինելը ոչ թե աշակերտի, այլ ծնողի ընտրությամբ է կատարվում, և գուցե սա մարդու իրավունքը ոտնահարելու մեղքի օրինակ է մինչև իսկ: Այսօր աշխարհում խոսվում է սաղմի իրավունքների մասին, իսկ մի՞թե ազգային լեզվի կրողը լինելը ևս մարդու իրավունքը չէ: Այդ ինչպե՞ս է, որ ուրիշ երկրներում չկա օտարալեզու հանրակրթական դպրոց, որտեղ ազգային պետության ծախսերով ուսուցանվեր օտար լեզու:
Իր ազգային լեզուն ոչ մի գնով չզոհաբերելու պատրաստ մարդը միայն կարող է կռվել, կյանքը զոհել հայրենիքի համար (հիշենք, որ արցախյան շարժումը սկսվեց նաև հենց լեզվի կենտրոնում` «Գարուն»-ում, ու լեզվի նվիրյալների առաջնորդությամբ): Եվ որ հենց այսքանով էլ լեզվի պահպանությունը դառնում է ազգային անվտանգության խնդիր: Մեր թշնամին և մեր բարեկամը հարգանքով կլցվեն և սթափ մոտեցում կունենան մեր հանդեպ, եթե իմանան, որ լեզուն մեզ համար ամենայն վեհ արժեքն է` ինչպես հայրենի հողը, ինչպես մայրը:
Անցյալ տարի, աշնանը հրավիրվել էի Ռուսաստան: Ռուս և ռուսալեզու գրողների ընթերցողների շրջանում, գրական հանդիպման ժամանակ ինձ տրված հարցին ակամայից փորձեցի ռուսերեն պատասխանել: Խմբագիրս` ռուս հայտնի գրող, նաև «Հայաստանի դասերը» աշխարհահռչակ երկը երկնած Անդրեյ Բիտովի գործերի խմբագիր Աննա Բերդիչևսկայան, անմիջապես ընդհատելով ինձ, ասաց. «Երբեք չզիջես քո լեզուն, թարգմանիչ պահանջիր»: Ես անմիջապես զգացի նրա ասածի ողջ լրջությունը, մինչև իսկ ամաչեցի: Եվ նա շարունակեց. «Նրանք չեն եկել քո ռուսերենը լսելու, եկել են քե՛զ լսելու, իսկ դու քո լեզվից անջատված լինել չես կարող»: Պահանջեցի թարգմանիչ ու շարունակեցի խոսել հայերեն, իսկ նա, թե` «Հաջորդ անգամ նրանք, ովքեր կցանկանան քեզ կրկին լսել, կգան ու իրենց հետ անձնական թարգմանիչներ կբերեն», – ասաց ու ժպտաց խմբագիրս` հիացմունքով լսելով, թե ինչպես էր ռուս գրականագետը թարգմանաբար արժևորում իմ տողը:
Փոքրաթիվ ազգ լինել չի նշանակում լինել անարժանապատիվ: Մենք կրողն ենք այն լեզվի, որով 1600 տարի առաջ թարգմանվել է Աստվածաշունչ մատյանը: Լեզվի այդպիսի հարստության ու հղկվածության հասնելու համար առնվազն 10.000 տարվա պատմություն է պետք ունենալ: Այդ իրողությունը ես խորապես ճշտել եմ լեզվաբանների ու մարդաբանների հետ: Պատկերացնո՞ւմ եք «հազարագանձ» հայոց լեզվի ուժն ու վեհությունը, որ 1000-ամյակների միջով մեզ է հասել`դույզն իսկ չկորցնելով այդ ուժով թրծված ողջ իմաստնությունը: Այսպիսի թանկագույն հոգևոր և ոչ սոսկ հոգևոր զենքը, ի վերուստ տրված մեզ, պարզապես չի դրվում «բանակցային» սեղանի վրա:
Չի՛ դրվում և վե՛րջ:
Պատրաստեց՝ Սամվել Սմբատյանը