Սամվել ԿՈՍՅԱՆ / ԻՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՆ ՍԿՍՈՒՄ Է ԹԱՓ ՀԱՎԱՔԵԼ

Ապրիլի 23-ին կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովի ընթացքը ևս մեկ անգամ հիշեցրեց Դոստոևսկու հայտնի «Եթե Աստված չկա, ամեն ինչ կարելի է» ֆրազը, երբ պատժի բացակայությունը հանգեցնում է ամենաթողության ու մարդկության դեմ սպառնալիքի: Համաժողովի մասնակիցները համակարծիք էին, որ 1915 թ. Հայոց ցեղասպանության ժխտողականությամբ են պայմանավորված հետագա բոլոր ցեղասպանությունները` Հոլոքոստից մինչև Կամբոջա, Բոսնիա, Ռու­անդա, Իսլամական պետության կողմից եզդիների կոտորած… Որոշ երկրներ շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանության փաստը, իսկ որոշ երկրներ շատ լավ գիտեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել, սակայն խուսափում են Ցեղասպանության լիարժեք ճանաչումից` ելնելով ցինիկ քաղաքական նկատառումներից: Ըստ գերմանական Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգների՝ Գերմանիան նույնպես հատուկ պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության իրականացման համար, քանի որ ժամանակին լռել և թույլ է տվել իր դաշնակից Օսմանյան կայսրությանը ոճիր գործել: Գերմանացի պատգամավորը կարծում է, որ «երկար ժամանակ Հայոց ցեղասպանության մասին բաց ու անկեղծ խոսելուց գերմանացի քաղաքական գործիչները խուսափում էին, քանի որ քննարկումների ընթացքում պետք է նշվեր նաև Հայոց ցեղասպանության մեջ Գերմանիայի պատասխանատվության մասին: Կարծում եմ՝ հատուկ է Գերմանիայի պատասխանատվությունը»: Ստոկհոլմի համալսարանի և Շվեդական պաշտպանության համալսարանի պատվավոր պրոֆեսոր Օվե Բրինգը, անդրադառնալով Ադոլֆ Հիտլերի 1935 թ. Լեհաստան ներխուժելուց առաջ ունեցած «Ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածի մասին» ելույթին, վստահ է, որ «Հիտլերն իր պլաններն իրականացնելու հարցում դժվարություններ կունենար, եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչված և դատապարտված լիներ, եթե պատժված լինեին բոլոր այն անձինք, ովքեր մեղավոր էին Ցեղասպանության իրականացման համար»: Համաժողովում առանձնահատուկ ընդգծվեց որոշ երկրների կառավարությունների քաղաքականության և պատմական ճշմարտության նկատմամբ վերաբերմունքի անհամատեղելիությունը, երբ բարոյական արժեքների նժարին գերակայող է դառնում ընթացիկ շահն ու դրանով պայմանավորված դիվանագիտությունը: Միդլսեքսի համալսարանի պրոֆեսոր Ուիլյամ Շաբասը նկատում է. «Ցավալի է, երբ, օրինակ, Մեծ Բրիտանիան, որը հայերի կոտորածների տարիներին դատապարտել է այդ վայրագությունները, այսօր նույն ազնիվ դիրքորոշումը չունի Հայոց ցեղասպանության հարցում»: Հայտնի եզրույթ է, որ ապաշխարելը թեթևացնում է հանցանքի ծանրությունը: Գերմանիայում գործող թուրքական «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության ներկայացուցիչ Մահմուդ Ուզունը, ազգությամբ քուրդ լինելով, ամաչում է, որ 100 տարի առաջ իր հայրենակիցներից շատերը մասնակցել են հայերի բնաջնջման գործին: «Մի բան կարող եմ ասել,- նշել է նա,- որ մի ժողովրդին պատկանող տարածքում չի կարող մեկ այլ ժողովուրդ ապրել ու պետություն հիմնել, ինչպես հիմա քրդերն են դա ցանկանում անել, ու անունը դնել Քուրդիստան: Դրանք հայկական հողեր են ու մի օր պետք է պատկանեն հայ ժողովրդին»: Այնուամենայնիվ, ելույթներում հիմնականը հետագա ցեղասպանությունները բացառող մեխանիզմների անհրաժեշտության հրամայականն էր: Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Էնդրյու Վուլֆորդի կարծիքով՝ «Իրականում գիտնականներն այս ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկում են, սակայն դա բավարար չէ: Ցեղասպանությունների կանխարգելման համար պետությունները պետք է քաղաքական կամք դրսևորեն»: Ըստ նրա՝ այս ուղղությամբ ոչինչ չանելը շատ վտանգավոր է, ինչը պետք է բոլորը գիտակցեն, թեև հայտնի դերասան Ջորջ Քլունիի խոսքով. «Ժամանակակից աշխարհում դժվար է հասնել «ցեղասպանություն» բառի կիրառությանը: Ավելի հակված են «զանգվածային սպանդ» արտահայտությունն օգտագործել: Նույնը Հայոց ցեղասպանության հետ է կապված: Գիտեմ, որ երկար ու դժվարին պայքար է եղել, որ եղածն այն անունով կոչես, ինչ իրականում կա: Կարևորն այն է, որ չես կարող հերքել այն, ինչ կատարվել է, չես կարող մերժել, երբ մեկը մարդկային ցեղ է վերացնում, մշակույթ է վերացնում: Սա ցեղասպանություն է: Այլ տարբերակ չկա: Գերմանիայից հետո աշխարհն ասում էր` չպետք է կատարվի «այլևս երբեք», բայց մենք տեսանք, որ ամենևին էլ այլևս երբեք չէ…»: Հենց համաժողովի օրերին, ղարաբաղաադրբեջանական սահմանային ողջ երկայնքով, ազերիները Սումգայիթից, Բաքվից հետո, շրջանցելով միջազգային հանրության հորդորները, նոր ցեղասպանություն էին ծրագրել, ինչը տապալվեց հայ զինվորների անձնազոհության շնորհիվ և ինչը շարունակվելու միտումներ է դրսևորում: Ինչպես նշել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին, ակնհայտ է. «Ի վերջո, եթե չենք կանգնում Ղարաբաղի կողքին, ապա նոր ցեղասպանության հիմքեր են ստեղծվում»: Ու որքան էլ թուրք գործիչ Սայիթ Չեթինօղլին առաջարկի «Այլևս երբեք» հուշարձան կառուցել, փաստն այն է, որ «այլևս երբեքը» ընդամենը բարի ցանկություն է, աննշան դիմադրության փորձ: Իրական պայքարը նոր է սկսում կամ պիտի սկսի թափ հավաքել, ու անպայմանորեն առաջընթացին նպաստողներից մեկը կարող է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովը լինել՝ հիանալի հարթակ դառնալով ցեղասպանությունների կանխարգելման անհրաժեշտ քայլեր քննարկելու համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.