ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՀԳՄ վարչությունը
շնորհավորում է արձակագիր, հրապարակախոս
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

ԵՎՍ ՄԻ ԳԻՐՔ, ՈՐ ՓԱԿՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԱԼՔՈՒԹՅԱՆ ՃԱՄՓԱՆ

Բաց նամակ
Սամվել Կարապետյանին՝
«Հետադարձ ներկա» վեպի
առիթով

Սիրելի Սամվել,
Թվում էր, թե Ամերիկա ներգաղթած հայերի կյանքին նվիրված եռապատումի՝ «Հայկական Ամերիկա», «Ավետյաց երկիր», «Pacific՝ մայրուղու ծիածանը» վեպերից հետո այդ թեման «փակել» ես վերջնականապես: Եվ ինքս էլ, որ սիրով քո ստեղծագործական ճանապարհին նվիրված մի շարք հոդվածներ եմ գրել և ապա դրանք ամփոփել «Հավերժական թթենու կանչը» գրքում, թվում էր, թե այլևս էական ասելիք և նոր անդրադարձների անհրաժեշտություն թերևս չունեմ: Բայց ինչպես միշտ, դու կրկին կարճատև լռությունից հետո, ինձ և ընթերցողներիդ անակնկալ մատուցեցիր՝ «Վան Արյան» հրատարակչության կողմից լույս ընծայած նոր՝ «Հետադարձ ներկա» վեպով, որ, փաստորեն, քո «ամերիկյան» եռապատումի տրամաբանական շարունակությունն է: Հիշո՞ւմ ես, «Pacific մայրուղու ծիածանը» վեպին նվիրված անդրադարձներից մեկն ավարտել էի այսպես. «Հույսի ծիածանի լուսավոր զգացումով էլ ավարտում եմ նամակս և նորից շնորհավորում եմ քեզ՝ քո ստեղծագործական այս նոր հաջողության առիթով: Համոզված եմ, որ քո գրքերով շատերի հայրենալքության ճամփան ես փակելու, որ ամենաբարձր գնահատականն է գրողի համար: Մինչ նոր հանդիպում և վերջնական վերադարձ հայրենիք…»:
Եվ ահա, տասնամյա պարտադրված բաժանումից, հայրենաբաղձության տվայտանքներից հետո 2013-ին դու կրկին վերադարձար հայրենի տուն, որտեղ էլ ծնվել ու լույս աշխարհ է եկել այս «Հետադարձը»՝ քո վերջին գրքերի անփոփոխ հրատարակիչ Հմայակ Պետրոսյանի հետաքրքիր առաջաբան-խոսքով և իմ հեղինակած «Քո գրքերով փակում ես հայրենալքության ճամփան» վերջաբան հոդվածով:
Չեմ չափազանցնում, եղբայր, քո «Հետադարձը»… ոչ միայն եռապատումիդ արժանի վերջակետ է (և արդյոք, վերջակետ է), այլև նշանակալի երևույթ վերջին տարիների մեր արձակում: Այո, այս վեպը նախորդների տրամաբանական շարունակությունն է, ու թեև ինչ-ինչ դրվագներ, արտացոլվող ինչ-ինչ խնդիրներ, նույնական առանձին կերպարներ, պատումի քո իսկ անունից, քո իսկ կենսագրության, տեսածի, ապրածի, զգացածի տեսլապատկերներով հյուսելու ոճական ինքնատիպության ինչ-ինչ շերտեր անցյալ-ներկա-ապագա «եռանկյունում» անհրաժեշտաբար հատվում են և թվացյալ կրկնաբանություն հիշեցնում, այնուամենայնիվ, այս «Հետադարձը…» ինքնուրույն և ամբողջական ստեղծագործություն է: Այո՛, շեշտենք, որ կերպարների ընդհանրությամբ և արծարծվող խնդիրների, առավելապես նոր ժամանակների ցավոտ խնդրի՝ արտագաղթի ու տունդարձի, հայրենիքից հեռանալու և հայրենի երկիր վերադառնալու, գնալու կամ մնալու հարցադրման նույնականությամբ, անշուշտ, հիշեցնում է և պիտի հիշեցներ նախորդ գործերը:
Եվ այսպես հայրենի տուն վերադարձի, երազանքիդ իրականացման ճանապարհին՝ նոր փորձություններին դեմհանդիման կանգնած՝ կյանքի ի՞նչ դրվագներ ես «արձանագրում», խորապես ապրված, զգացած, նորովի իմաստավորած ի՞նչ պատկերներ ես ներկայացնում, իմ թանկագին բարեկամ, գեղարվեստականի ու վավերականի՝ քո ստեղծագործությանը բնորոշ հետաքրքիր ներհյուսվածքով ի՞նչ ես ի ցույց դնում արտագաղթի ահագնացող ալիքի մեջ տարուբերվող, հայրենի հողը լքել շարունակող հայրենակիցներիդ: Չէ՛, քո հայացքը բոլորովին էլ հոռետեսական չէ. հայրենի տան նորոգված պատկերը ներկայացնելիս, իրականության լույսն ու ստվերը համադրելիս, այնուամենայնիվ, ապավինում ես լույսին, փարվում հուսո ու հավատի ներկա առկայծումներին, ուրվագծվող գալիքի տեսլականին: Գեղարվեստականի ու վավերականի միահյուսվածքում քեզ հաջողվել է ներկայացնել հիշողության մեջ տպավորվող տարաբևեռ հերոսների կերպարային մի ամբողջ պատկերասրահ, ամեն մեկը՝ կոլորիտային յուրահատուկ նրբագծերով, խոսք ու խոհի ընդգծված անհատականությամբ, այնքան իրական, որ թվում է, թե վաղուց ծանոթ ենք նրանց, տեսել ենք, շփվել, հարաբերվել: Ինքս հո գիտեմ, որ վեպիդ համարյա բոլոր հերոսները քո շրջապատում ապրող-գործող իրական մարդիկ են՝ հարազատներ, մերձավորներ, հեռավոր ու մոտիկ ծանոթներ՝ իրենց իրական անուն-ազգանուններով, կենսագրության ինչ-ինչ դրվագներով: Չթաքցնեմ, վավերականության դոզան վեպի առանձին, հատկապես վերջին դրվագներում իշխում է գեղարվեստականին, թեև, մյուս կողմից, այդ ոճական հնարանքը կարող է դիտարկվել նաև որպես քո ստեղծագործական անհատականության վկայագիր:
Կերպարային պատկերասրահի մի կողմում կենսասեր, լավին ու բարուն փարված, դժվարություններից, ցավից ու տագնապներից չհուսահատված հերոսներն են՝ հարազատ, սիրելի մարդիկ, որ հայրենի տան կենսունակության խորհրդանիշն են, մյուս կողմում՝ ներկա հասարակության ծայրաբևեռը ներկայացնող հերոսներ՝ իրենց անձնական շահերով, էության մեջ արմատացած բացիլներով, ամեն ինչում իրենց նեղ շահագրգռություններով ապրող ու գործող մարդիկ: Մի Կացին ախպեր՝ մսագործ ոչ միայն իր աշխատանքի բնույթով, այլև անմարդկային էությամբ, մի խանութպան Գուգո, որ հանուն անձնական շահի, պատրաստ է նույնիսկ իր հոգին էլ ծախել, «թաղի լուսավորիչ» մի Վլադ, որին ոչ ոք չի սիրում գծուծ բնավորության պատճառով: Նաև դժվար պայմաններում ապրելու, գոյատևելու խնդիրները մի կերպ լուծելու մտահոգությամբ ապրող հերոսներ: Այդպիսին է գրավաճառ Վրեժը, ով հայտնվելով սոցիալական դժվար կացության մեջ, սիրած գործով՝ գրքերի վաճառքով զբաղվելու փոխարեն ստիպված է վիճակախաղի տոմս, պաղպաղակ վաճառել, հրատարակիչ Գարուշը, որ ձեռք բերած թղթով հեքիաթների գրքեր է հրատարակում և շատ է տխրում, որ հուսահատված մարդիկ այլևս հեքիաթների չեն հավատում, ֆիդայի ազատամարտիկ Ռազմիկը, որ Արցախում հերոսաբար կռվել- հաղթել-վերադարձել է, բայց հիմա էլ երազում է «մեր կորցրած հողերը, մեր պապերի հայրենիքը» ազատագրելու մասին… Ու Արեշ թաղի հին օրերի բարի հարևաններ՝ Նորիկ, Ֆրիդա, Գեղամ, Սուրիկ, Մինաս, ու… էլի «երկրորդական» կերպարների մի շարք՝ ամեն մեկը մի դրվագի «հերոս»՝ ընթերցողի հիշողության մեջ դրվագվող…
Սամվել, բարեկամս, հուզախռով տարերքով հյուսված քո այս վեպը ավելի ներհուն ու խորքային վերլուծության է հավակնում, բայց առայժմ բավարարվենք այս հպանցիկ անդրադարձով: Կարևորն այն է, որ այս «Հետադարձը» քո, իմ, այլոց կյանքի, մեր երկրի ու ժողովրդի ներկա կացության ճշմարիտ, ազնիվ արտացոլանքն է՝ ներկայացված հայրենի տան և «հայկական Ամերիկայի» հակադրապատկերներով, բայց քեզ երբեք չի լքում հավատը հայրենիքի վաղվա՝ Բացվող օրվա հանդեպ: Ու թեև վեպի վերջում (մաս երրորդ և հավելյալ դրվագներ) ցավով ու տագնապով, հարազատների կորստի ցավից «կիսամթի ղողանջներ» ես նաև հնչեցնում, այնուամենայնիվ, վերջակետ չես դնում, քանզի երբեք «կյանքը կանգ չի առնում»: Դեռ ծագում է արևը… Դեռ տրոփում են մարդկային սրտերը… Դեռ սերունդներ պիտի գան, որ փոխարինեն այս անփորձ աշխարհի փորձվածներին… Դեռ պիտի նորից ծագի արևը ու կյանքը ցնծա…»:
Ու դնում ես նախորդ ամեն վեպի վերջից մեզ ծանոթ բազմակետը… Ուրեմն, մեզ սպասում են նոր անակնկալ հանդիպումներ քո ստեղծագործական կյանքի գալիք ճանապարհներին:

Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.