ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆ

ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆՀԳՄ վարչությունը
շնորհավորում է արձակագիր, առակագիր, հրապարակախոս
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

Հայաստան
Կարոտի երգ դստրիկիս` Արմինեին

Դու իմ մայր դաշտ, ես` արտույտը,
Դու ճոխ Արաքս, ես` շամբուտը,
Զանգակի պես անուշ ձայնով
Դու խոր երկինք, ես` կապույտը:
Մասիսալա՛նջ, ես` քո շողը,
Ծաղկահովիտ` ես քո ցողը,
Առաքելոց վանքում բուրող
Դու սուրբ մատյան, ես` բացողը:
Մեծ հացատե՛ր, մաճկալը` ես,
Ուխտատեղի՛, քեզ գալը` ես,
Էլ ո՞ւր գնամ քեզնից հեռու`
Դու Գորգ-խաչքար, նկարը` ես:
Կարկուտի տակ` դու իմ ծածկը,
Ուխտանշան` իմ դաջվածքը,
Մեծահարուստ դու իմ քարուտ,
Սալ-սալ տված իմ կալվածքը:
Դու ընտրովի միակ ճամփաս,
Խնկե մատուռ, ես` ծոմ ու պաս,
Ես քեզ մատաղ` թե վրա տան
Թուրք ու խուժան, խան ու աբաս:
Ես` անթառամ, դու` իմ հողը,
Ծով կարոտիս թրթիռ-դողը.
Աշխարհը թող դրախտ դառնա,
Ես` խրճիթիդ հար ապրողը:

Միայն քար ունեմ
Ընկեր իմ, արի, խնդալի բան տես,
Բյուր ազգի մարդիկ բացել են հանդես –
Մեկն ունի Բայկալ, մյուսը` հանք ու ծով.
Գլուխ են գովում եղած-չեղածով…
– Իմ Հիմալա՜յը` բարձրն աշխարհում:
– Բա՜, Նիագարա՜ն` միակն աշխարհում:
– Մեր Էյֆելյա՜նը` ի՜նչ հրաշք-կոթող:
– Բա՜, իմ Սահարա՜ն, չես հասնի ոտով:
– Բա՜, Շամիրամի այգի՜ն կախովի:
– Գանգեսն ուրանա՜ք` ազգս խռովի:
– Բա՜, իմ սեր-Չիլի՜ն` երկաթ ու անագ:
– Փղոսկրե ափը դուք ո՞նց մոռանաք:
– Քուվեյթի նա՜վթը` հինգ օվկիան խորունկ:
– Ղազախիս ցորե՜նն աշխարհապռունկ:
– Բա՜, մեր բամբա՜կը` պարծանքն ուզբեկի:
– Բա՜, կատարնե՜րը հպարտ Կազբեկի:
– Մեր ցիտրուսնե՜րը մոռացաք, գացո:
– Բա՜, մեր Ուրալի ուրան-հանածո՜ն…
Այսպես կանչեցին գովքն իրենց ազգի –
Լոկ հայն էր լռիկ` բախտից չար բազկի:
Բայց մեկեն ելավ ըմբոստ, կռվաթև.
– Ձեզնից ունևոր, հարուստ եմ վայ թե –
Միայն քար ունեմ, քարեկիր ու ժայռ –
Ապրում եմ էսպես` հարուստ ու հոժար:
Հենց է՜դ քարով եմ շատ դարեր վաղուց`
Ինձ, հա՜, պաշտպանել սով ու թշնամուց…

Կյանքականչեր

Իմաստախոս մանրաքանդակներ

***
Մարդն իր հոգուց չարը զատի,
Կգա Տոնը Մարդազարդի…

***
Այ քեզ շեֆոց-խորհրդարան,
Հարկեր` խեղճոց, առ ու թալան…
***
Իշխանատեր.
Օր-զօր, հա՜, կեր,
Միլիոն փախցնես`
Խեղճոց խաթեր…

***
Ով` փորատեր-դմակով,
Ապրող` չարյաց դիմակով,
Խեղճոց սովին` աչք ածի,
Թե հարկ չտաք`
ձեզ քացի…

***
Շահ-ջարդ բիզնես,
Ա՜խ, ինչ փիսն ես.
Խեղճ ու որբոց`
Հա՜, ցավ դիզես…

***
Ա՜խ, նստել են շահ-կալին,
Մոռացել են մաճկալին,
Աստվա՜ծ, դաշտում ո՜վ բանի,
Բայց ծով-բերքն, ա՜խ, ով տանի…
***
Ով` անհենակ,
Նա, հա՜ մենակ…

***
Ով գնա դավի`
Բոլ չարիք` ցավի…

***
Չարյաց` այսօր կաշառես,
Վաղը` դոլար պաշարես,
Ջարդ տաս բարու կատարին,
Բերես ճարպ-փոր քո տարին…

***
Ով` Ծունկ ունի բերանին,
Բողազին` բոլ կեր անի…

***
Իրար բարև չեն տալիս,
Իրար Արև չեն տալիս –
Շահի առաջ` կուչ-գերյալ
Մարդն ապրո՞ղ է, թե՞ մեռյալ…
***
Մարդն աշխարհից ով` գնա,
Այնտեղ մենակ չի մնա.
Թե բերել է գութ ու սեր,
Որբ, խեղճոց է, հա՜ ուսել…
Աստծո բերած Լույս- բախտում.
Նա հավերժի դրախտում…

***
Մարդն աշխարհից գնացողը
Մնացողին չմոռանա.
Նրան թողնի վարած հողը`
Մարդն աշխարհում անմահանա…

***
Մենք բոլորս գնացող ենք,
Սեր, կարոտով իրար ցողենք…

***
Նորաշեֆ-Այրեր` կուշտ ու խլականջ`
Դրսից չեն լսում լաց ու ցավականչ:

 

***

«… Պատանին ճոխ հայերենով գրած ունի հաջող ոտանավորներ: Ես հույս ունեմ, որ նրանից գրող դուրս կգա…»:
Ավետիք Իսահակյան, 1953

***
«… Ռոբերտ (Կարայանի) Կարապետյանի «Երբ քսանմեկ տարեկան էի» ժողովածուի պատմվածքների հերոսներն իրար լրացնելով դառնում են ժողովուրդ, ժամանակ, կյանք… Հեղինակն ունի իր ինքնուրույն մտածելակերպը, ոճը, գրողական աչքը…»:
Սուրեն Այվազյան, 1955

***
«Ով կարող է` անում է, ով չի կարողանում` ուսուցանում է: Սիրեցի և գնահատեցի երիտասարդ հեղինակի «Մեր մեջ գժեր չկան» վիպակը` վաղը լավ բան անող նրա խելոք հայրենաբառ արձակի հուսադրող սկիզբը…»:
Պարույր Սևակ, 1961

***
«Ռոբերտ Կարայանը ժամանակակից հայ արձակագրության ուշագրավ դեմքերից է: Նրա ստեղծագործության համար հատկանշական է ակտիվ, անհանգիստ միտքը, ներթափանցումն անցյալի ոլորտները և ներկայի հարաբերությունների մեջ քաղաքացիական կենսահայեցողությունը…»:
Գարեգին Հովսեփյան
գրականագետ, 1980 թ.

***
«Գրական հանրությանը անծանոթ է Ռ. Կարայանի «Ռեքվիեմ. Պոեմ ցավի ու մաքառման» ստեղծագործությունը: Պոեմը, իրավամբ, արժանի է ամենայն ուշադրության և խոսքաշատ գնահատանքի»:
Ռուբեն Զարյան
ակադեմիկոս, 1979

***
«Ռ. Կարայանի առակներից քչերը չեն, որ երկար ապրելու շնորհն ունեն իրենց վրա` քանի դեռ մարդուս մեջ կապրի նրա երկաթե հոգին»:
Հովհաննես Շիրազ, 1984

***
«Սարդարապատյան Հայոց մեծ հերոսամարտին նվիրված «Փրկություն» վեպի առթիվ` հայրենաշունչ գրող Ռոբերտ Կարայանին հայրական իմ օրհնությունը և գնահատանքը»:
Վազգեն Առաջին կաթողիկոս
Ամենայն Հայոց, 1983

***
«Կարևոր ստեղծագործություն եմ համարում գրող Ռոբերտ Կարայանի «Փրկություն» խորագրով վեպը, որը ամենաջերմ ընդունելության է արժանացել հայ ընթերցողների լայն շրջաններում: Տաղանդավոր վիպասանը պատմական փաստերի խորազնին իմաստությամբ, գեղարվեստորեն շնչավորել է բախտորոշ և ճակատագրական այդ ժամանակաշրջանը…»:
Գևորգ Ղարիբջանյան
ակադեմիկոս

***
«… Ոչ թե հրատարակվել, այլ լույս է տեսել լույսին արժանի մի գործ, որի հեղինակը երևելի արձակագիր և կրակոտ հրապարակախոս Ռոբերտ Կարայանն է: Եվ այն աշխարհը, որ կարելի է Սարդարապատյան կոչել, Ռ. Կարայանը կերտել է Ազատագրական շարժման ոսկուց… Նրա «Փրկություն» վեպը հայրենասիրական իր ուղղվածությամբ ոչ միայն երեկվա մասին է, այլև` Ապագայի…»:
Վազգեն Մնացականյան,
«Հայաստանի Հանրապետություն»

***
«Ռոբերտ Կարայանի «Փրկություն» վեպը հայ գոյապայքարի գեղարվեստական փայլուն շողարձակումներից մեկն է, որի պատմական և արդիական արժեքը դիմացել է ժամանակի փորձությանը, ազգությանը անկախություն և ազատություն ոգեշնչող նշանավոր երկերի շարքում հաստատել է իր ուրույն տեղը…»:
Սևակ Արզումանյան
ակադեմիկոս

***
«Մենք այսօր տեսնում ենք մեր շրջապատում Աբիսողոմ աղաների, Մեծապատիվ ու պատվազուրկ մուրացկանների, քաղաքական շառլատանների, և գրողի համար անսահման դաշտ է գրելու, ստեղծագործելու առումով… Խոսք է գնում առակի ժանրի վախճանի մասին: Ռ. Կարայանը առակների իր գրքերով ապացուցում է, որ այդ ժանրը ոչ միայն չի մեռնում, այլև ստանում է նոր որակ: Այս ասպարեզում նա, իրոք, այսօր մեր առաջատարն է»:
Լևոն Անանյան
Հայաստանի գրողների միության նախագահ

***
«Հայրենաշունչ և տաղանդավոր Ռոբերտ Կարայանի նորագույն առակները հենց էն գլխից հիացրել են ինձ և հազարավոր ընթերցողներին: Դրանք կյանքախինդ, իմաստնացող, ասես անմոռաց պատկերազարդ նովելներ լինեն»:
Արամաշոտ Պապայան
դրամատուրգ

***
«…Նոր ժամանակների Այգեկցին… Մեր Կարայանը հայ արդի առակագրության իմաստախոս գրիչն է, ով զորեղ, ինքնատիպ արվեստով արտացոլում է այսօրվա մեր դժվարին կյանքն ու ժամանակները…»:
Գևորգ Ջահուկյան
ակադեմիկոս, 2002

***
«… Ինչ էլ, ինչքան էլ գրի Ռոբերտ Կարայանը, նա եղել է և կմնա այնպիսի մի գրքի հեղինակ` ինչպես Կորյունը` իր «Մաշտոցով», ինչպես Եղիշեն` իր «Վարդանը և հայերի պատերազմը…»: Դա Ռոբերտ Կարայանի Սարդարապատյան «Փրկություն» խորագրով պատմավեպն է»:
«Ռեսպուբլիկա Արմենիի», 28 մայիսի, 2004 թ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.