Ջ Ր Ա Ղ Ա Ց Ը / Ռաֆայել ԵՐՎԱՆԴՅԱՆ

Ռաֆայել ԵՐՎԱՆԴՅԱՆ

Պիտի կարոտես, մի՛շտ պիտի կարոտես,
որ գրես, նկարես, ստեղծես…
ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

Ետպատերազմյան տարիներն էին: Սով էր. չքավորության ճիրաններում տնքում էր գյուղը: Միակ ուտելիքը բանջարն էր. սինձն էր ու թթվաշը, շուշանը, ճնճղապաշարն ու ղշի հացը: Արմտիքներն էին մեր կերակուրները: Փա՜ռք Երկնավորին. գոնե դրանցով հարուստ էին մեր դաշտերն ու հանդերը: Կոլտնտեսության արտերից և յուրաքանչյուր ընտանիքին հատկացված 0.25 հեկտարի չափով փոքրիկ հողակտորներից հնձած, կալսած ու ամբարած հացահատիկից գյուղացին բաժին չուներ. պետությանն էր. տանում էին հարկերի տեսքով: Տանում էին. չէ՞ որ սովետերկրի վերականգնման համար հաց էր հարկավոր: Կռուտ անելու մասին խոսք լինել չէր կարող. պիոներիային երդում տված դպրոցականներիս ջոկատ-ջոկատ տանում էին խոզանները` հասկեր հավաքելու:
«Ոչ մի հասկ դաշտում» կարգախոսով կռուտ հավաքելու դուրս եկած պիոներ-դպրոցականներս քայլ-քայլ սանրում էինք դաշտերը. շատ հավաքողները խրախուսվում էին. «Պատանի լենինյանների պատվո գրքերում» գրանցվում էին նրանց անունները, դրուժինաների հավաքներում գովում ու պատվոգրեր էին տալիս: Այդպիսով ոգևորվում, բավարարվում և «կշտանում» էր կոմունիզմ կառուցող ապագա մեր սերունդը: Եվ իրավ, մեր անցած խոզաններում, եթե որոնող գործիք էլ լիներ, ոչ մի հասկ չէր գտնվի: Իսկ քաղցող երեխաներս հույսներս չէինք կտրում. փորձում էինք խոզանների մեջ տուն տանելու հասկի փշրանքներ գտնել: Անհույս, անպտուղ փնտրտուքներ էին: Սակայն մեր թաղի աղջիկ-տղաներով «սանրված» արտում բուռ-բուռ ցորեն ու գարի գտնելու հնար էինք գտել. քանդում էինք դաշտային մկների բները և «թալանում» խեղճ կրծողների` ձմռան պաշարը: Ասեմ, որ հեշտ գործ չէր: Բայց ի՜նչ հնարամտություն ասես որ չի անի քաղցած երեխան… Մենք մի մայր խոզ ունեինք` անունը` Մարուսյա: Նրան իր խոճկորների հետ տանում էինք, խոզաններում վերվարում: Սրանք շատ շուտ էին գտնում մկների բներն ու քանդում: Հետևում էինք. երբ հասնում էին ամբարատեղին, հավարով հեռացնում էինք ավարից հրաժարվել չուզող, վրա տվող խոզերին և տիրանում չգիտես մկների՞, թե՞ արդեն խոզերի բաժնին: Անչափ կարևոր էր խոզերին մկնաբներից հեռացնելը. դունչները ցորենին կամ գարուն հասներ, հեռացնելն արդեն անհնարին կդառնար: Մեր Մարուսյայի ու իրենց ակտիվությամբ մայրիկին չզիջող խոճկորիկների «օգնությամբ» մեզ հաջողվում էր օրական մեկ-մեկուկես կգ կռուտ հավաքել: Երեկոյան հավաքվում էինք, մեր ավարը մաքրում, լվանում, աղանձ ու փոխինձ անում, և Աստծո տված այդ օրը սոված չէինք քնում:
Մի օր էլ մտքներովս անցավ մի քանի օրվա ավարը խնայել, հավաքածն ի մի բերել, աղալ տալ. ալրահացի կարոտ էինք: Բայց գյուղում ջրաղաց չկար: Ինչ-որ ժամանակ մեկը եղել էր` Կարոյենց Մանուկի ջրաղացը, որից, սակայն, հետք էլ չէր մնացել: Գործում էր վերջին տարիներին կառուցված էլաղացը, որը, ցավոք, փոքրաքանակ աղուն չէր կարող աղալ: Հույսը մնում էր Փոքր Սեպասար և Կարմրավան գյուղերում գործող ջրաղացները: Որոշվեց մեր գյուղին ավելի մոտիկ գտնվող Կարմրավանի ջրաղացը:

Վաղ աշնանային օրեր էին: Հանդ ու դաշտերը դեռ չէին հասցրել մի կարգին դեղնել ու չորանալ: Բայց օդում մի տեսակ սառնություն կար. լեռներից էր իջնում: Վեց համադասարանցի էինք` նույն թաղում ապրող: Հավաքվել էինք գյուղի կամրջի հարևանությամբ գտնվող Լոռնցոց աղբյուրի մոտ: Մեկը` Տիմիկը, ուշանում էր. պատերազմից վերադարձած հայրը հաճախ էր նրան պատժում «լավ չսովորելու» համար և պարտադրում միայն դասերով զբաղվել: Մտածեցինք, որ մեր ընկերն իր հերթական դասապատիժն է կրում: Սակայն շուտով նա երևաց և աչքերը թևքերով սրբելով` միացավ մեզ:
Կամուրջն անցանք, ձախ բռնեցինք և Ախուրյանի ջրառատ վտակն ի վեր առաջացանք: Մենք ուղեկից էլ ունեինք` մեր Ռուստամ շունը (նրան քրոջս ամուսնուն` Արային, նվիրել էր ադրբեջանցի մի հովիվ, երբ դեռ երկու-երեք ամսական ձագ էր. անունը կնքեցինք նվիրատուի տիրոջ անունով` Ռուստամ): Շունը, պոչը շարժելով, ուրախ-ուրախ ցատկոտում էր, դունչը վեր տնկած` կլանչում, մեկ առաջ էր վազում, անցնում մեզանից, մեկ ձանձ­րացած կանգ առնում, հորանջում, լիզում խոնավ քիթը: Կալի պարսպի պռնկի մոտ ուղեկցորդի իր դերը ավարտած համարեց, նստեց, գլուխը դրեց առջևի թաթերին և սկսեց հայացքով ուղեկցել մեզ: Երբ մենք արդեն թեքվել էինք Ատաշենց չայիրների կողմը, նա վեր կացավ և ալարկոտ քայլերով հետդարձի ճամփան բռնեց:
Այն, որ մի քանի օրվա ուտելու հաց էինք ունենալու, մեզ շատ էր ոգևորում: Գնում էինք ասել-խոսելով. աշխույժ էինք. կատակներ էինք անում ու չէինք էլ զգում մեջքներիս կապկպած տոպրակների ծանրությունը: Գնում էինք սայլերի անիվների գծած զուգահեռներով` երկշարք: Վրայից ցատկելով կամ շրջանցելով անցնում էինք գիշերվա անձրևից առաջացած ջրափոսերը: Ճանապարհը կարճել էր պետք, բայց թաց ու ցեխոտ արոտավայրերով անցնելը շատ դժվար էր. ուզեինք-չուզեինք սայլի ճամփով պիտի հասնեինք: Ասել-խոսելու մեր թեմաներն անսպառ էին` դասարան-դասատու, աղջիկ-տղայի հարաբերություններ, գիրք ու գրքի հերոսներ, գյուղի` մեզ վերաբերող-չվերաբերող զրույցներ… Անձանձիր մեր երթն ավելի աշխուժացավ, երբ հանկարծ բաց հանդը լցվեց Կիմայի` դհոլչի Աղասու աղջկա անուշ ձայնը (մորս խոսքերով ասած` շա՜տ քաղցր էր երգում էդ շան աղջիկը): Վելիխանի Օլիչկան էլ մտավ դերի մեջ ու մեջտեղ բերեց Պույպույ մուկիկին. արտասանում էր, իմպրովիզներ անում: Տիմիկը, հոր «պատիժն» արդեն մոռացել, սկսել էր փիլիսոփայել. կրքոտ վիճելով` փորձում էր ապացուցել, որ «Երկկենցաղ մարդը» գրքի հերոսը` Իխտեանդրը, իրական մարդ է եղել, և որ երկկենցաղությունը մարդկանց էլ է հատուկ: Դեստիկը (Դեզդեմոնան` մեր դասվար ընկեր Ղարիբյանի աղջիկը), անպակաս ժպիտը դեմքին` անթաքույց հիացմունքով մերթ մեկին էր նայում, մերթ` մյուսին: Մեր մեջ լուռ թախծող էլ կար. գաղթական Սեթոյի թոռնուհին` մի քիչ չաղլիկ, ցորնագույն ու եղնաչյա Զեփյուռը, քայլում էր կողքիկողքի` միշտ աջ կողմի վրա թեքված, տոպրակի բեռը մեջքին հարմարեցնել փորձելով: Գաղթական ծնողների ծանր խաչը նրա վրա էլ էր կնիքը դրել. նա հազվադեպ էր ժպտում, ուրախանում. նրա ուրախությունն ու ժպիտն էլ միշտ թաթախուն էին մի խոր տխրությամբ:
Ես էլ մի շատ ուրախացողներից չէի. մերոնք ասում էին` հոգսն ինձ մեծացրել, նորից պստիկցրել է: Քայլում էի` մտքերիս մեջ թնկթնկալով: Մեծ գերդաստան էինք ու անհայր էինք մեծանում: Հայրս ու հորեղբայրս պատերազմից այդպես էլ չվերադարձան:
Հայրս հենց այդ օրերին կդառնար քառասուն տարեկան: Ասում էին` անհայտ կորած է: Չէինք հավատում, հատկապես` մայրս: Նա ինձ հաճախ էր ասում. «Հերդ խոսքի տեր մարդ է. չվերադառնալ չի կարող. խոսք է տվել. կգա, բալե՛ս, դու սպասի՛ր, կգա…», ու ես շարունակում էի սպասել… Բոլորս շարունակում էինք սպասել:
Գյուղովի էր կորստյան ցավն էլ, վիշտ ու կարոտն էլ, չքավորությունն ու սովն էլ: Մեր վիճակը թերևս ամենածանրն էր: Մայրս, քույրերս ու հորեղբորս այրին գիշեր-ցերեկ աշխատում էին. միևնույն է, չնչին հասույթը, որ հատկացնում էին նրանց չարքաշ աշխատանքի դիմաց, ապրուստի միջոց չէր դառնում, օգնում էր, որ օրը մթնեցնենք` հաջորդ օրը նույն քաղցած գոյությունը շարունակելու համար:
Մի տարի առաջ էր: Մորս հետ էինք աղունը տանում Փոքր Սեպասարի ջրաղացը: Նախագահ Ղազարյան Գարիկը մորս խնդրանքը չէր մերժել. ավանսով աշխօրի հասույթից մի փութ գարի էր տվել. այդ գարին էինք, շալակներս առած, տանում աղալու: Դարիվեր ճանապարհով քայլելը դժվար էր ու հոգնեցուցիչ, բայց առաջանում էինք առանց դադար տալու: Մայրս լաչակի տուտով վզի ու ճակատի քրտինքն էր սրբում ու անընդհատ շտապեցնում.
– Էսօր հետ ենք դառնալու. մինչև նախրի գալը տանը պիտի լինենք…
– Մա՛, լավ կլիներ, չէ՞, որ քավոր Սմոն (կնքահայրս էր) հանկարծ ֆուրգոնով հայտնվեր ու մեզ ջրաղաց հասցներ…
– Ջրաղաց ոտքով պիտի գնալ, որդիս, ոնց որ սրբի դուռն են գնում: Մարդիկ սրբի դուռը ոտքով են գնում, շատ անգամ` ոտաբոբիկ, որ մուրազները կատարվեն: Ջրաղաց գնացողն էլ է մուրազով գնում, չէ՞… Մուրազ է, բա ի՜նչ: Ջրաղացից ալյուրը տարար տուն` տաշտումդ խմոր կլինի. տաշտումդ խմոր եղավ, թոնիրդ կվառվի, ու երդիկիցդ ծուխ կելնի. աշխարհ կիմանա, որ օջախն անտեր չէ. ծուխը ծխում է..
Թեթևություն եմ զգում. բեռս տանելը հեշտանում է. մեր երդիկից էլ պիտի ծուխ ելնի, ու աշխարհը կիմանա, որ Միրզոյենց Անդրանիկի տունը անտեր չէ:
Ես ինձ ավելի մեծացած ու տղամարդ եմ զգում.
– Մա՛,- ասում եմ,- քո շալակինը ծանր է, բեր մի քիչ լցնենք իմինի վրա:
Մայրս ժպտում է, ձեռքի ափով սրբում ճակատիս քրտինքը, և ես զգում եմ, թե ինչքան քնքուշ են ծանր աշխատանքից կոշտացած նրա ձեռքերը: Ու տղայական երկչոտությամբ փորձում եմ ամեն կերպ թաքցնել քնքշորեն ինձ շոյող այդ շա՜տ կոշտացած, շա՜տ հոգնած ձեռքերը համբուրելու անզուսպ ցանկությունս:

Մինչ ես վերապրում էի նախորդ տարվա զգացողություններս և վերհիշում ջրաղացից ետդարձի ճանապարհին կրած իմ ու մորս չարչարանքն ու տառապանքը, խմբով արդեն մոտեցել էինք Կարմրավանի ջրաղացին:
– Էս ի՞նչ է… – տագնապած դիմում եմ կողքովս քայլող Տիմիկին,- ո՛չ ջրի խշշոց է լսվում, ո՛չ չախչախի չխչխկոց:
Անսպասելի բացվում է ջրաղացի ճռռան դուռը. շեմին հայտնվում է ջրաղացպան Աշոտ քեռին: Լայն ժպիտը դեմքին` դիմավորում է մեզ, ներս է հրավիրում և օգնում` բեռը շալակներիցս իջեցնելու: Վեցիս միջից միայն ես էի ջրաղաց տեսել. այս հանգամանքն ինձ բանիմացի կեցվածք էր տվել. համարձակ ու մեծավարի դիմեցի անընդհատ ժպտացող ջրաղացպանին.
– Աշո՛տ քեռի, թվում էր, թե նոբաթը շատ է լինելու, ու հերթը մեզ ուշ է հասնելու,- հայացքս չորս կողմ պտտելով շարունակում եմ,- սկի զամբի հետք էլ չի երևում:
– Է՜-է՜-է՜,- ծոր է տալիս ջրաղացպանը. դեմքը փոխվում է, ժպիտը սառում-մնում է բերանը ծրարող ծալքերում,- դան կա՞, որ զամբ լինի. տղաս, դանը պակասեց, ջաղացն էլ կանգնեց: Գյուղացու տունը հատիկ մտնո՞ւմ է որ…Եկե՛ք, եկե՛ք, նստե՛ք, մի քիչ շո՛ւնչ քաշեք, էս է, ջաղացիս երգը կլսեք,- ասաց ու մտավ սենյականման մի տեղ, որ, ինչպես հասկացանք, որպես հանգստատեղի ու քնարան էր ծառայում նրան: Քիչ անց դուրս եկավ` ձեռքին մի մեծ բաղարջ: Ճոթ-ճոթ բաժանում է, տալիս մեզ: Քաղցած էինք, և բաղարջն այդ պահին աշխարհի ամենահամով հացը մեզ թվաց:
– Դե՛, էսպես, ղոչա՛ղ էրեխեք, հիմի բացատրեմ ձեր անելիքը… Դու, երիտասա՛րդ,- դիմում է Տիմիկին,- ավելի բոյով ես. տոպրակները հերթականությամբ դատարկում ես ամբարի մեջ, իսկ ներքևում` ալրատանը, աղջիկները նույն հերթականությամբ տոպրակները պահում են թափվող ալյուրի տակ: Կարծում եմ` հարամություն չի լինի, չէ՞,- կատակի է տալիս Աշոտ քեռին:- Ես գնամ` ջուրը բացելու: Դու էլ արի՛ ինձ հետ:
Ասեմ, որ էդ մի դուն ես էի:
Բարձրանում ենք ջրի հոսանքն ի վեր, անցնում կամրջակը, մոտենում ջրտանը: Առանց առանձնակի ջանք թափելու` ջրաղացպանը բարձրացնում է ջրարգելակը, և ջուրը թավալ-թավալ հոսում- լցվում է շլյուզային խուցը, ապա` դեպի ցռուկը, այնտեղից թափվում է թափանիվի վրա, պտտեցնում այն, նրա հետ` ջաղացքարը:
Շրջապատը լցվում է ջրի խշշոցով ու չախչախի չխչխկոցով: Հրճվանքիս չափ չկա: Վազելով իջնում եմ ջրաղաց: Տիմիկն արդեն տոպրակներից մեկը դատարկել էր ամբարի մեջ: Զվարճալի տեսք ունեին աղջիկները. նրանք հանդիսավոր շարվել-դիրքավորվել էին և հրճվում էին ջաղացքարի վրա ընկած չախչախի ոստոստյունով:
Իմ ետևից ներս է մտնում ջրաղացպանը: Ձեռքը թափվող ալյուրի տակ պահելով` մատներով շոշափում է ալրափոշին` ստուգելու խոմ պետք եղածից մանր կամ խոշոր չէ՞: Գոհ էր: Շուռ է գալիս մեր կողմ ու թե`
– Էրեխե՛ք, դուք ձեր գործը լավ էլ անում եք: Էդպես շարունակե՛ք: Ես մի տասը-տասնհինգ րոպեով կբացակայեմ. վերին հանդում հնձվորների հետ մի գործ ունեմ. հանդիպեմ ու գամ:
Գնաց. մենք եռանդով մեր գործն էինք անում: Աղջիկներն ալրափոշոտ էին, ճիշտ ճերմակ ալենուշիկներ: Նախավերջին տոպրակն էր արդեն դատարկվում. Աշոտ քեռին դեռ չէր երևում: Վերջինն էլ դատարկվեց. ջրաղացպանը չկա ու չկա: Մեր անհանգստությունը վերածվում է տագնապի` ի՞նչ անենք. ժամանակին ջրի բանդը չփակվի` աստծուն է հայտնի, թե ինչ կարող է լինել: Ակամայից ստանձնեցի ջրաղացպանի դերը, հանձնարարություններ տվեցի բոլորին. կարևոր դերը հասավ Օլիչկային. նա պետք է ուշադիր հետևեր, որ վերջին բուռ հատիկը կրիճակի մեջ լցվելուն պես լուր տար Դեստիկին, Դեստիկը` Զեփյուռին, վերջինս` ինձ: Իսկ ես այդ պահին պիտի լինեի ջրտանը, որ հասցնեի ջրարգելակն իջեցնել շլյուզային խուցը: Ամեն ինչ հաջողվեց. անսահման ուրախությանս մեջ նկատեցի հնամաշ շինելի փեշերը քամուն տված` դարնիվար վազող տագնապահար ջրաղացպանին: Ծանրահև մոտեցավ ու տեսնելով իջեցրած ջրարգելակը` միանգամից թուլացած նստեց ու մի կարճ պահ լռելուց հետո ասաց.
– Ապրե՛ս, տղա՛ս, ուշացնեիր` քարը քարին կուտեր:
Ես անթաքույց հպարտությամբ էի նայում բարձրահասակ, թիկնեղ, անսովոր երկար թևերով ու մեծ-մեծ ձեռնաթաթերով ջրաղացպանին և դասընկերներիս, որոնք իրենց գործն ավարտել, ալրատոպրակները իրար ետևից շարել էին պատի տակ ու սպասում էին խրախուսական խոսքի: Երևի մի քիչ էլ ինձ նախանձում էին. Աշոտ քեռու ծանր ձեռքը իմ ուսն էր գրկել: Ես, որ կարոտ էի հայրական ձեռքի ջերմության, գլուխս մտցրել էի նրա թևի տակ և ուզում էի պահը ձգվեր, վերջ չունենար: Հանկարծ սիրտս փուլ եկավ. հուզվեցի, ընկերներիս ինձ գամված հայացքները չլինեին՝ կփղձկայի, հաստա՛տ, կլացեի. ախր, մորիցս մի անգամ չէ, որ լսել էի, որ Կարմրավանի ջրաղացպանը պատերազմից չվերադարձած հորեղբորս` Արամայիսին, շատ-շատ է նման: Թերևս այդ նմանության` արթնացնող ցավոտ հուշերի պատճառով էր, որ մայրս, եթե աղուն էր ունենում, Կարմրավանի ջրաղաց չէր տանում, բռնում էր Փոքր Սեպասարի ճամփան: Հիշեցի մորս խոսքն ու ջրաղացպանի թևի տակից գլուխս հանելով` ասացի.
– Քեռի՛ Աշոտ, մամաս ասում է, որ դու իմ հորեղբայր Արամայիսին շատ ես նման:
– Արամայիսի՞ն… Միրզոյենց Արամայիսի՞ն:- Ջրաղացպանի ոտքերն ասես ծալվեցին, նստեց պատահած քարին ու լռեց: Պահի տակ մշուշված աչքերը տրորեց ու ձայնի մեջ սրտի ցավը սեղմած` լացաձայն ասաց,- Միրզոյենց Արամայիսը… մինչև վերջին շունչը ա՛յ էս ձեռքերումս էր…
Երկար ժամանակ նա, լուռ նստած, առաջ մեկնած իր ձեռքերին էր նայում. կարծես գրկում զգում էր հորեղբորս դեռ տաք մարմինը և ունկնդրում նրա հոգեվարքի վերջին մրմունջները:
Հետո հանկարծ, մշուշված հայացքով կարծես մեկ-մեկ յուրաքանչյուրիս զննելով, կոտրված ձայնով ասաց.
– Գնացե՛ք, բալե՛ք, գնացե՛ք, մութը վրա չտա…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.