Պատի սիմվոլիկան / Ռոզա ՆԱԼԹԱԿՅԱՆ

Գրականության թեմատիկ անսահ-մանությունն ու արտահայտչամի-ջոցների բազմազանությունը հնարավո- րություն է ստեղծում մարդու հոգեբանությունը, զգացողություններն ու ապրումները արտահայտել անգամ առարկայական աշխարհի սիմվոլիկ դրսևորման միջոցով: Երբեմն առարկայական նշանակություն ունեցող մեկ բառը կարող է դառնալ բարդ հոգեվիճակի պատկերավոր արտահայտման միջոց: Հետաքրքրական է այս առումով պատի սիմվոլիկան ժ. Պ. Սարտրի, Գ. Խանջյանի, Լ. Խեչոյանի համանուն «Պատը» ստեղծագործություններում:
Երբ մարդը բախվում է բազմաթիվ դժվարությունների, հայտնվում անելանելի իրավիճակում, նրան համակում են հուսահատությունն ու անորոշությունը, լքվածության ու մենակության զգացողությունը, սա հատկապես հատուկ է էքզիստենցիալիզմի գրականության հերոսներին, որոնց համար հաճախ բնութագրական է մեկուսացումը, օտարումը, այսպիսի զգացողությունները թվում է ստեղծում են փակուղի արտաքին աշխարհում կողմնորոշվելու և գործելու համար, և զարմանալի չէ, որ այս հոգեվիճակի համար խորհրդանշական առարկայական պատկեր կարող է դիտվել պատը:
«Էքզիստենցիալիզմը հումանիզմ է» հոդվածում Սարտրը իրեն համարում է էքզիստենցիալիզմի աթեիստական թևի ներկայացուցիչ, սակայն նրանց նպատակը Աստծո գոյությունը ժխտելը չէ, հակառակը, նրանց անհանգստացնում է Աստծո բացակայությունը, Աստծո կողմից լքվածությունն ու մարդու միայնակությունը: Լքված ու միայնակ էին Սարտրի «Պատը» պատմվածքի հերոսները. Թոմը, Ժուանը և Պաբլոն բանտարկյալներ էին, նրանց բերել էին հարցաքննության. ինտերնացիոնալ բրիգադին մասնակցելու մասին հարցը Թոմը չէր կարող հերքել, քանի որ նրա գրպանից հայտնաբերել էին համապատասխան փաստաթղթերը, անտրամաբանական, աբսուրդային էր Ժուանի վիճակը. նա պետք է պատասխան տար մի բանի համար, որի հետ ոչ մի կապ չուներ. նա հուսահատված փորձում էր արդարանալ չգործած մեղքի համար, իսկ Պաբլոյից ուզում էին ստանալ մի կարևոր հարցի պատասխան, թե որտեղ է Գրին, որին Պաբլոն թաքցրել էր իր տանը ամսի 6-ից մինչև 19-ը: Պաբլոն թեև գիտեր, որ Գրին թաքնվում է իր զարմիկների մոտ, բայց ոչինչ չէր ասում: Համակերպվելով բանտախցում մնալու մտքի հետ, Սարտրի «Պատը» պատմվածքի հերոսը փորձում է ընկերներ գտնել, ճանաչել նրանց: Բանտարկությունից խուսափելն անհնար էր, ինչպես անհնար է տեղաշարժել պատը, կամ անցնել դրա միջով: Թեպետ Սարտրը պատի հետ համեմատություն չի անում, այնուամենայնիվ ստեղծագործության վերնագիրը և առանձին անելանելի իրավիճակներ վեպում խոսում են հեղինակի մտահղացման մասին, հերոսների զգացողությունները բնութագրել առարկայական ավելի խորհրդանշական բառով, քան պատը, թերևս անհնար կլիներ: Հուսահատությունն ու անորոշության զգացողությունը աստիճանաբար սաստկանում են, երբ նրանց հայտնում են գնդակահարության մասին հրամանը: Փրկվելու և ապրելու ցանկությունը Պաբլոյի մեջ այնպիսի մտքեր էին առաջացնում, որոնք չէին կարող իրականացվել. «Երևի թե պիտի ցանկանամ խցկվել պատի ներսը: Ինչքան ուժ ունեմ պատը հրելու եմ, և պատը դիմադրելու է, ինչպես մղձավանջների մեջ է պատահում: Այս ամենը ես կարողանում եմ պատկերացնել: Ահ, թե իմանայիր ես դա ինչպես եմ պատկերացնում»: Դժվար չէ հասկանալ, որ նման բան տեղի չէր ունենա, պատը այնքան անփոփոխ է իր տեղում, որքան հստակ ու անփոփոխ էր այդ պահին գնդակահարության հրամանը: Ծառայողներին ծաղրելու նպատակով Պաբլոն ասում է, թե Գրին գերեզմանատանն է թաքնվում և մտքի մեջ պատկերացնում, թե ինչպես են մեկ առ մեկ բարձրացնում գերեզմանաքարերը ու մեկ առ մեկ բացում անձավների դռնակները: Պաբլոյին գոհացնում էր գերեզմանատան մասին իր հորինած պատմությունը. այսպես նա կծաղրեր և կպատժեր հսկողներին: Ավելի ուշ բանտախցում տեղեկանում է, որ Գրիին սպանել են: Պարզվում է՝ Գրին կռվել էր զարմիկների հետ և հենց այդ առավոտ գնացել էր թաքնվելու գերեզմանատանը… Իրենից անկախ մատնել էր Գրիին. «Աչքերիս առաջ ամեն ինչ պտտվում էր, և ես ինձ գտա գետնին նստած. Ծիծաղում էի այնպես անսանձ, որ աչքերիս արցունքներ հայտնվեցին»: Սա կարելի է համարել պատահականություն, ճակատագիր կամ պարզապես դատապարտվածություն: Գրին դատապարտված էր մահվան, իսկ ինքը դատապարտված էր անվերջ անորոշ վիճակում լինելուն և տառապելուն, և այս իրավիճակը այնքան հաստատուն է, որքան պատը՝ անփոփոխ, ամուր, միշտ նույն տեղում…
Թեև պատմվածքը վերնագրված է «Պատը», բայց պատին վերաբերող ուղղակիորեն ոչինչ չկա պատմվածքում, պատը այստեղ պարզապես խորհրդանիշ է. Մի կողմից այն անհայտի և անորոշության խորհրդանիշ է, որովհետև երբեք չես կարող իմանալ, թե ինչ է քեզ սպասվում, ինչպես բանտախցում փակված հերոսներն էին անզոր կանխատեսելու իրենց ապագան, մյուս կողմից պատը մարդկային անջրպետների և դատապարտվածության խորհրդանիշ է, ինչպես Սարտրի հերոսներն էին դատապարտված մահվան: Եթե պատի խորհրդանշական իմաստը Սարտրի մոտ թաքնված էր, և նա աստիճանաբար, գործողություններին զուգահեռ ակնարկում է այս մասին, քայլ առ քայլ բացում փակագծերը, ապա Խանջյանի պատմվածքում պատի խորհրդանշական իմաստը բացահայտ էր հենց սկզբից:
Էքզիստենցիալիզմի հերոսի հետաքրքրությունները չեն սահմանափակվում սովորական մարդկանց բնորոշ հետաքրքրություններով, առաջին հերթին նկատելի է հետաքրքրությունը անհայտի նկատմամբ, որը շատ հաճախ դրսևորվում է Խանջյանի պատմվածքներում, հետաքրքրական է մի քանի պատմվածքներում Խանջյանի ստեղծած «Անհայտության պատը»:
Անսովոր հետաքրքրությունն ու անորոշ զգացողություններն ի հայտ են գալիս հենց սկզբից, երբ բոլոր ցանկություններն օրըստօրե նվազում են, և մարդուն մնում է միայն մի ցանկություն՝ տեսնել պատի այն կողմը: «Այո, Պատի մոտ եկողների համար պայմանականություններ գոյություն չունեն: Ավելին, Պատի մոտ գալիս են նաև պայմանականություններից ազատագրվելու համար: Պարզապես, մի օր զգում ես, որ անհրաժեշտությունն արդեն հասունացել է, որ այն արդեն խեղդող է դարձել և գնում-կանգնում ես Պատի առջև՝ Այն կողմը տեսնելու հույսով»: Պատը բոլոր կողմերից էլ նույնն է, ինչպես Խանջյանն է գրում՝ նույն համասեռ անտարբերությունը, հետևաբար աջ կամ ձախ գնալը ոչ մի իմաստ չունի: Պատը այստեղ չորս կողմից փակ մի տարածք է, որից ելք չկա, հերոսին այլ բան չի մնում, քան ուղղակի քայլել կոխկրտելով Պատի տակ թափված ոսկորները, սրանք հավանաբար այն մարդկանց ոսկորներն են, որոնք ևս ժամանակին ձգտել են տեսնել Պատի մյուս կողմը: Պատը այստեղ դատապարտվածության խորհրդանիշ է, հերոսը դատապարտված է անորոշ քայլելու, ինչպես Սիզիփոսը դատապարտված էր նույն անվերջանալի աշխատանքը կատարելուն: Պատի վրա, սակայն, չկա ոչ մի ճեղք, որից հնարավոր լիներ տեսնել, այս վիճակը, այս անտարբերությունն ու անորոշությունը չէր կարող ներդաշնակ, խաղաղ վիճակում պահել մարդուն, նման դեպքում մարդը կարող է կորցնել իր համբերությունն ու հավասարակշռությունը և պայքարել անգամ պատի հետ, որը բնականաբար իր օգտին չէր լինելու: Նման միտք արտահայտել էր նաև Սարտրի հերոսը, ով պատկերացնում էր, որ ամբողջ ուժով հրելու է պատը: Խանջյանի մոտ սա պատկերացում չէ, այլ գերլարված վիճակի արդյունք. «Երբ վհատությունդ հասավ ծայրագույնի՝ խելացնորի պես սկսեցիր գլխով հարվածել Պատին, գործի դրիր նույնիսկ եղունգներդ, ատամներդ… Սակայն ճակատդ արնոտվեց, եղունգներդ ու ատամներդ փշրվեցին, իսկ Պատի վրա չմնաց գոնե քերծվածք, գոնե խազ»: Պատը մնաց նույնը, ինչ նախկինում էր, մարդը չկարողացավ փոխել այն, սա խոսում է անելանելիության, սահմանային իրավիճակում հայտնված մարդու անզորության մասին:
Նույն ենթատեքստն ու զգացողությունները նկատելի են Լ. Խեչոյանի «Պատը» պատմվածքում: Դիլաքյանին փնտրող խումբն անցնում էր կիսամութ, իրար հաջորդող խցերով: Հետո ուժեղ հարվածի ձայն լսվեց, նրանցից մեկը բախվել էր պատին: Ասաց. «մերկ պատեր են, անիմաստ գործ է, պիտի թողնել»: Բայց մյուսները շարունակում էին որոնումը, հետո դարձյալ հարվածի ձայն լսվեց, նրանցից մեկը բախվել էր պատին: Սա մի պատնեշ է, որը կիսատ է թողնում անելիքը, անորոշ, անհասկանալի և անելանելի իրավիճակ ստեղծում: Խեչոյանի պատմվածքում ևս պատը կարելի է համարել հուսահատ հոգեվիճակի արտահայտում, երբ այլևս չկա առաջ շարժվելու հնարավորություն, և մարդը առանձնանում է այն խմբից, ուր ետինները անընդհատ առաջին են դառնում, առաջինները՝ ետին:
Եթե Սարտրի պատմվածքում կան ընդգծված կերպարներ, իրադարձությունների զարգացում, որոնցով քայլ առ քայլ բացվում է պատի սիմվոլը, ապա Խանջյանի և Խեչոյանի պատմվածքներում պատը հենց սկզբից գաղափարական դերակատարում ունի, ընկալվում է որպես դատապարտվածության, անզորության, հուսահատ հոգեվիճակի արտահայտում:

5 thoughts on “Պատի սիմվոլիկան / Ռոզա ՆԱԼԹԱԿՅԱՆ

  1. Խեչոյանի պատը խորհրդանշում է Հայկական պատը: Այսպես ի հակադրություն Բեռլինյան պատի կամ Չինական մեծ պատի, որ բոլորովին այլ համատեքստ ունեն:

    1. Ձեր նշած Բեռլինյան և Չինական պատը պատմական երևույթներ են, այստեղ քննված է պատի սիմվոլիկ պատկերումը որպես մարդու հոգեվիճակի կամ ներաշխարհի արտահայտություն

    1. Խոստանում եմ
      Բաց ճակատով զուր չխփվել հաստ պատերին։
      Ինչի՞ համար.
      Էլի՛ պատը կմնա պատ,
      Կպակասի մի լավ ճակատ։
      Իհարկե խորհրդանշական է, բայց ոչ այն իմաստով, ինչ վերոնշյալ արձակ ստեղծագործություններում էր:

  2. Ռոզա, դուք միանգամայն ճիշտ եք: Իմիջիայլոց դուք նման եք իմ դասընկեր(համակուրսեցի) Իվան Նալթակյանին, ում վերջին անգամ տեսել եմ 1970 թվին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.