Չարենցը հուր, կրակ ու բոց…

Մարտի 13-ին` Եղիշե Չարենցի ծննդյան օրը, մարդաշատ էր բանաստեղծի հուշահամալիրի շրջապակա պուրակը: Հուշակոթողի մոտ հավաքված գրողները, մտավորականները, Ե. Չարենցի անունը կրող դպրոցի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները մեկ անգամ ևս վերարժևորեցին գրողի ստեղծագործությունները` չարենցյան շնչով ու ոգով հագեցած օրը վերածելով տոնի:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, վստահեցնելով, որ յուրաքանչյուր ոք, կարդալով Չարենցի ստեղծագործությունները, հաղորդակից կլինի նրա խոսքի մոգությանը, նշեց. «Մեծ ուժի, մեծ տաղանդի, հանճարի շնորհը կրող բանաստեղծ էր Եղիշե Չարենցը, և այսօր կարդալով նրա գործերը՝ հզոր էներգիա ենք ստանում այսօրվա ու վաղվա համար, որովհետև պոեզիան, գրականությունը անցյալի մեջ չի մնում»: Ապա անդրադառնալով Սարյանի վրձնած դիմանկարին՝ նա վստահեցրեց, որ Սարյանն ամբողջ խորքով գիտեր Չարենցին, գիտեր, որ Չարենցը համաշխարհային մեծ երևույթ է, և այդ նկարի մեջ չարենցյան ոգին է դրել: «Չարենցի պոեզիան հաղթահարման, դեպի արևը, լույսը գնացող, այդ հզոր էներգիան կրող պոեզիա է: Շնորհավորենք մեզ, որ համաշխարհային պատմության մեջ ունենք այդպիսի հզոր անհատ»,- ամփոփեց Էդ. Միլիտոնյանը:
Անուշ Վարդանյանի հավաստմամբ՝ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը հնչում է որպես աղոթք բոլոր այն երկրներում, որտեղ հայեր են ապրում: «Չարենցը հուր էր, կրակ ու բոց»,- ասաց նա և հորդորեց դպրոցականներին` սիրել հայրենիքն այնպես, ինչպես ավանդել է Չարենցը:
Սուրեն Դանիելյանը նկատեց, որ Չարենցի մուտքը հայ գրականություն առաջին հերթին պետք է նշել իբրև խոլական արշավ դեպի պոեզիայի բարձրագույն գագաթները: «Այդ առումով, կուզենայի առաջին հերթին մտածեինք, թե հայ պոեզիան, հայ գրականությունը արդյո՞ք բրգաձև է, ինչպես Չարենցն էր համեստաբար նշում Թումանյանի համար՝ իբրև անհաս Արարատ մեր նոր քերթության: Մեր իրականության մեջ արժեքներն այժմ վերաձևվում են, Հովհ. Թումանյանը, իհարկե, Ամենայն հայոց բանաստեղծն է, բայց նրա կողքին հաստատապես և համաշխարհային գրականությանն ընդառաջ գնացող զորությամբ կանգնած է նաև Չարենցը»,- ասաց նա և վստահեցրեց, որ Չարենցի դերի նորովի արժևորումը պատանիների՝ առայժմ վտիտ, բայց զորական ուսերին է:
Ելույթ ունեցան նաև Ռուզան Ասատրյանը, Սերգեյ Վարոսյանը, Արսեն Համբարյանը, Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.