ՈՒՄԻՑ ԵՎ ԻՆՉՈՒ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻՆ / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

ՍԻԼՎԱ   ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆՄեծերի վարքն ու գործը քննելը երբեք արգելված չէ: Որևէ մեկը սրբապատկեր չէ և ոչ էլ թանգարան հանձնված ցուցանմուշ, որ մոտենալն ու ձեռք տալն անթույլատրելի լինի: Մեծերն ապրել են իրենց ժամանակի մեջ, կրել ժամանակի ազդեցությունները, ծառայել ժամանակին՝ հարստացնելով ժամանակի կերպարը: Ոմանք ծառայել են ոչ թե ժամանակին, այլ ժամանակի իշխանություններին: Ամեն մեկը յուրովի է պատկերացրել իր տեղն ու դերը, ամեն մեկն ինքն է ընտրել իր ճանապարհը: Ոմանց պարտադրվել են ճանապարհներ, ոմանց ճանապարհներն ընդհատվել են… Ու այսօր ժամանակի ու մեծերի փոխառնչությունների, պատմական ճշմարտությունների բացահայտումների համար մեծերին անդրադարձը գուցե և հրամայական է: Բայց ոչ երբեք զրպարտություն ու հայհոյանք: Ոչ ոք իրավունք չունի, հանուն ինչ-ինչ շահերի կամ շահատակությունների, զրպարտել մեծերին, նրանց վերագրել բաներ, որոնք կարող են այսօր ընդունելի լինել սկանդալասեր հանրության համար, բայց մերժելի՝ պատմական ճշմարտության համար: Պատմական ճշմարտության խեղաթյուրումն էլ պարտադրել է ելնել բոլոր նրանց դեմ, ովքեր, պատմության դասերը չսերտած, վավերական պատմության կողքով անգամ չանցած, այսօր էլ զրպարտությունների թիրախ են դարձրել Սիլվա Կապուտիկյանին՝ նրան մեղադրելով 1988-ի ղարաբաղյան շարժումը աճպարարության վերածելու մեջ: Որոշ երիտասարդ բանաստեղծների անդուլ կիրքը՝ ինքնահաստատվել մեծերին քարկոծելու ճանապարհով, համարում ենք ոչ նոր իրողություն, ուստի հեգնանքով ենք վերաբերվում: Բայց այժմ արդեն անհնար է լռել այն դեպքում, երբ ինչ-որ նորահայտ կայք, մանկապատանեկան գրասիրության մակարդակը չհաղթահարած՝ ելել է Սիլվա Կապուտիկյան գործչի դեմ ու զրպարտել: Իսկ թե Կապուտիկյանը՝ իբրև ազգային գործիչ, ինքնատիպ առաջնորդ, ինչ համարում ուներ Հայաստանում ու Սփյուռքում, ինչպես էին խորհրդային տարբեր հանրապետություններում ընդունում ու գնահատում նրան, արձանագրել է պատմությունը, արձանագրել են մեր մեծերը, մասնավորաբար երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսը, ում ազնվագույն կեցվածքը չէր կարող ընդունել սուտն ու կեղծիքը: Ու նա գնահատել, բարձր է գնահատել Սիլվա Կապուտիկյանին, նաև առանձնակի հայացք հառել բանաստեղծի ու ականավոր մտավորականի պահվածքին ազգային զարթոնքի օրերին:
Qayl.am կայքի մեկնաբանը՝ ոմն Արայ Զարգարյան, գրում է. «…Գորբաչովը իր մոտ է կանչում վերոնշյալ երկու մտավորականներին՝ Սիլվա Կապուտիկյանին և Զորի Բալայանին: Այստեղ մեր «գլխիկոր» մտավորակաները Կրեմլի «վերափոխիչից» հատուկ ու առանձնակի նենգություն հետապնդող հակազգային առաջադրանք են ստանում և ձեռնամուխ են լինում հանրահավաքը ցրելուն: Փետրվարի 26-ին Զորի Բալայանը գալիս է Ազատության հրապարակ ու ժողովրդին ներկայացնում Գորբաչովի կողմից ուղարկված ուղերձը: Նրանց համոզիչ ելույթներից ու խոսքերից հետո հանրահավաքը ցրվում է: Պարզ երևում է, որ մտավորականներին հաջողվում է իրականացնել ԽՍՀՄ առաջնորդի հրամանը: Հաջորդ օրը տեղի են ունենում սումգայիթյան ջարդերը: Այս ջարդերը միգուցե չլինեին, եթե Սիլվա Կապուտիկյանն ու Զորի Բալայանը աճպարարական խոսքերով ու ճառերով չհիպնոսեին ժողովրդին: Զորի Բալայանի խնդիրը չենք քննարկում: Նա ապրում է, կա և գուցե պատասխանի: Բայց Կապուտիկյանը չկա ու եթե լիներ, երևի սիրտը չդիմանար՝ կարդալով նման քստմնելի սուտը: Այո՛, Զորի Բալայանն ու Սիլվա Կապուտիկյանը հանդիպել են Գորբաչովին: Նրանք ոգևորված էին, հատկապես Զորի Բալայանը: Սիլվա Կապուտիկյանը վերապահումներով էր մոտենում Գորբաչովի խոստումներին: Հիշենք նրա ելույթը հեռուստատեսությամբ, երբ պատմում էր հանդիպման մասին: Խանդավառություն չկար, ուշ գիշերին եթեր հեռարձակված հաղորդման ընթացքում Սիլվա Կապուտիկյանի դեմքն ու խոսքը խիստ մտահոգ էին: Օրվա եթերը եզրափակող հաղորդավար Աիդա Ներսիսյանը հոգոցով ու տխրությամբ բարի գիշեր մաղթեց և… համբերություն: Ազատության հրապարակում Սիլվա Կապուտիկյանի խոսքը ոգեշունչ չէր, հիացական չէր, չէր ցնծում բանաստեղծուհին, կարծես շնչահեղձ էր լինում: Գուցե այդ պահին արդեն նրա ուղեղում իսահակյանական տողն էր սղոցում ու տանջում. «Չեմ հավատում խոստումներիդ, տառապանքս փորձ ունի»… Բանաստեղծուհու՝ հետագայում լույս տեսած հրապարակագրական հոդվածներում ամբողջապես ներկայացված են նրա ապրումները, հույզերը, տագնապները: Նրա մի շարք հարցազրույցներ, հրապարակ հանած պոեմը այդ հանապազակոծ զգացումների արտահայտությունն էին:
Սիլվա Կապուտիկյանը կրեմլյան գործակա՞լ: Երևի նշանավոր հայտնի կնոջը որոշ մեղքեր վերագրած լինեն, բայց ոչ այս մեկը: Եվ բառացիորեն սրբապղծություն է նրան սումգայիթյան կոտորածների մեղքը բարդելը: Միայն պատմությունից ու քաղաքականությունից հեռու մեկը, մանկական ընկալումներով, կարող է պատկերացնել, որ եթե Երևանում շարունակվեին հանրահավաքները, Սումգայիթում տեղի չէր ունենա նորօրյա ցեղասպանությունը…
Սա գրողը գոնե հասկանո՞ւմ է, թե ինչի մեջ է մեղադրում հայ բանաստեղծին, մորը, կնոջը, գոնե պատկերացնո՞ւմ է, թե ինչ է իր գրածը… Թե՞ միայն բնազդներով առաջնորդվելու մղումն է նրան տարել երևակայության նման ստոր թռիչքի… Գուցե ոչ մեկը և ոչ էլ մյուսը, այլ ընդամենը կռիլովյան մոսկայի «փառքը» հանգիստ չի տվել այս երիտասարդին… Գոնե այս զրպարտագրի հեղինակը լսե՞լ է Սիլվա Կապուտիկյանի խոսքը, կարդացե՞լ է նրա հոդվածները, կարո՞ղ է հղում անել Ազատության հրապարակում նրա ունեցած ելույթին…
Տրամաբանությունը և բարոյականությունը, առողջ բանավեճը հուշում ու պարտադրում են, որ նման դեպքերում հղումներն անհրաժեշտ են, փաստարկները պարտադիր են: Բայց որտեղի՞ց վերցներ այդ ամենը թերուս պատանին, երբ դրանք չկան իրականության մեջ, երբ Սիլվա Կապուտիկյանը միշտ հավատարիմ մնաց ինքն իրեն, պայքարի ԻՐ գաղափարին: Ու եթե ներողություն խնդրեց հայ ժողովրդից, ապա միայն նրա համար, որ ինքը՝ այդ ժողովրդի դուստրն ու բանաստեղծը, հոգևոր առաջնորդներից մեկը, հեռու է եղել քաղաքականության մասին նոր պատկերացումներից, խաբվել է… Եվ վերջում. դեռ ապրում են այն սերունդները, որոնք այդ օրերի պատմության մեջ են եղել, նրա կերտողներն ու վկաներն են եղել: Ուրեմն, պետք է վախենալ նրանց զայրույթից:
Սիլվա Կապուտիկյանին որևէ մեկից պաշտպանել պետք չէ, բայց հանուն բարոյականության պետք է կռվել, պետք է բամբառակների ու չարախոսների, մանկամիտ «ճշմարտախոսների» ճանապարհը փակել, քանզի, հանուն ընթերցող գտնելու մարմաջի, սրանք կարող են վաղը երկիրն էլ աճուրդի հանել…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.