ՄԵՏԱՔՍԵ - 90

Քերականորեն
Կյանքս ապրել եմ ոչ թե կետերով,-
Միջակետերով,
Լիություն ժխտող նախածանցներով,
Նպատակների ուղիղ խնդիրով,
Տառապանքների բազում դերբայով,
Բարու մակբայով
Ու շաղկապների չքավորությամբ…

Սերս ապրել եմ ոչ թե տառերով,-
Մեծատառերով,
Ոչ թե միջանկյալ նախադասությամբ,
Ոչ թե անորոշ բառ ու բայերով,
Այլ` կարոտների յոթ հոլովներով,
Խոնարհումներով,
Ու արցունքների հոմանիշությամբ…

Մահս ապրել եմ ոչ թե գծերով,
Փակագծերով,
Դավերի հազար դերանուններով,
Իմ ենթակայի լրացումներով,
Օրերիս անխիղճ հապավումներով,
Զույգ չակերտներով,
Ու կյանքիս
ծանր տողադարձությամբ…

Չզգացին
Ինձ չզգացին, չհասկացան,
Քչերն հոգուս ականջ դրին
Ու փշրվեց սիրտս անձայն`
Կյանքի անհարթ ճամփաներին:

«Այո»-ս «ոչ»-ի տեղ էլ չանցավ,
Ծիծաղ թվաց լացս անտեր,
Ուսիս տարա վշտեր ու ցավ`
Թվաց ոսկու, գանձերի բեռ:

Փեշով տվի, բուռ երևաց,
Հաղթող եղա հաղթվողի պես,
Բարիս թվաց չարիք ու մաղձ,
Արդար խոսքս` կեղծիքի դեզ:

Չդավեցի, չքավեցի,
Ճամփաս պահի մաքրամաքուր,
Որ բարձրանար մեր կանացի
Արժանիքը հազարաբույր:

Բայց չզգացին, չհասկացան,
Քչերն հոգուս ականջ դրին,
Ու փշրվեց սիրտս անձայն`
Կյանքի անհարթ ճամփաներին…

Աղմուկ է…
Աղմուկ է զենքի, աղմուկ է հողի,
Ամենից ծանր աղմուկն է` փողի,
Աղմուկ է կյանքի, մահերի, բարքի,
Աղմուկ է ծափի, աթոռի, փառքի,
Աղմուկ է ներսում, աղմուկ է դրսում,
Աղմկողները ոչինչ չեն լսում…
Բայց աղմուկները ձգվելով սրվում
Ռադիո լարերով – լրագրերով,
Հեռուստացույցի լայն էկրաններով,
Կյանքի դեմ բացած պատուհաններով
Գալիս են, գալիս, գալիս են խրվում
Մեր ականջների, աչքերի, նյարդի,
Մեր ծալքերի մեջ
Ու տեղ չեն թողնում,
ու տեղ չեն թողնում
Մեր եսի համար,
Ներքին լռության, անդորրի համար,
Մեզ ամփոփելու, մեզ փնտրտելու,
Մեր գոյությունը գտնելու համար…
Երանի ինչքան աղմուկ կա հիմա,
Աշխարհում այնքան
ջերմություն լիներ,
Սրտացավություն, սրբություն լիներ
Ու խաղաղ մաղվեր մեր հոգու վրա…

Նեղացել
Աշխարհը շատ է նեղացել հիմա,
Ու նեղսրտվել են մարդիկ աշխարհի,
Չեն կարողանում առանց դավելու,
Առանց երազը մանրացնելու,
Առանց սեփական ներսը կրծելու,
Առանց լավություն անելու մահին`
Ապրել աշխարհում…
Ինչ ապաշխարում,
Բան են ստեղծում չեղած բաներից,
Որ առիթ լինի մեղադրելու,
Ճակատագրեր խեղաթյուրելու,
Մի գավաթ կյանքը քթից բերելու,
Հուսախաբելու.
Առանց վատություն անելու կյանքին`
Չեն կարողանում
ապրել աշխարհում…
Շատ է նեղացել մեր աշխարհն հիմա
Ու նեղսրտվել են մարդիկ աշխարհի…

Մենք
Եվ ոչ մեկս չենք մտածում,
Թե մեր կյանքի մարտադաշտում
Ինչ անտեղի վիրավորներ,
Ընկածներ կան ձեռքերով մեր
Չենք մտածում` անժամանակ
Ինչ զոհեր ենք տալիս մահին,
Ինչքան իրենց երազով թանկ
Պատանքված են փարվում հողին:
Մեկի ազնիվ սիրտն ենք խոցում,
Մեկի` միտքը, մեկի` հոգին,
Մեկին ներսից ենք սղոցում
Ու վերջ դնում երազանքին:
Մերթ իրարից կյանքը խլում,
Թալանում ենք մտերմաբար,
Ու երբ մեկը զոհ է դառնում,
Մենք այնպես ենք նայում իրար,
Կարծես թե նա, և ոչ թե մենք
Մասն ունեցանք այդ մահի մեջ,
Կարծես մահն է մեղավորը,
Կամ մեռնողը,
Եվ ոչ թե
Մենք…

Ծես
Ականջդ կանչի, իմաստուն սկյութ,
Ձեզնում մի ծես է եղել ահավոր,
Երբ մահացել է մի մեծ առաջնորդ
Կամ մի տոհմապետ,
Դուք նրա բոլոր սիրեցյալներին
Ողջ-ողջ թաղել եք հանգուցյալի հետ…
Բայց դուք, երևի, թաղել եք անգութ
Մեծերի շուրջը միշտ քծնողներին,
Տիրասիրություն
խաղացող մարդկանց,
Որոնք թուլակամ վերադասներին
Շողոքորթելով,
Հավատ մորթելով,
Հոգ չտանելով ողջ տոհմի մասին,
Իրենց անձնական օգուտի համար
Սրբություններ են պղծել անհամար…
Իմաստավորված սուրբ
դաժանություն,
Գուցե և մի հին-հին իմաստնություն
Կա ձեր ահավոր այդ ծեսում, սկյութ…
Ու ես ակամա
Խորհում եմ հիմա,
Թե ձեր այդ ծեսը, որ մեզնում իշխեր,
Ինչքան մարդ պիտի
կենդանի թաղվեր…
Երկիր հայրենին
Հայրենի հողը, երկիրն հայրենի
Հարազատ կնոջ գաղտնիքը ունի,-
Ուր էլ դու գնաս, ուր էլ թափառես,
Ինչպիսի չքնաղ ափերով տարվես,
Ինչ կախարդական
աշխարհներ գրկես,
Ինչ եզերքների գրկերում թովիչ
Մոռանաս դու քեզ,
Մեկ է, կսթափվես, կզգաս դու մի օր,
Որ ուրիշինն են, քոնը չեն նրանք,
Եվ տանուլ տված, չշահած ոչինչ,
Ձանձրացած բոլոր, բոլոր հողեղեն
Վայելումներից, դու իմաստնացած
Կշրջվես մոլոր
Ու զղջումներով ետ կգաս նորեն
Այն գիրկը քո թանկ,
Որին կապված ես հարազատության
Հազար թելերով,
Հազար ցավերի, խինդի ցելերով,-
Հարազատ կնոջ գաղտնիքը ունի
Հայրենի հողը, երկիրն հայրենի…

Փոքրություն
Իմ փոքր աչք, դու սուրբ նշան
դեմքիս վրա,
Մեզնով մի օր մայրս
գտավ կորած որդուն,
Դեռ ծխում է որբությունը մեր երեկվա
Քո լույսերի խեղճությունում…

Դեռ օրոցքից տեսար
կյանքը անհավասար,
Մարդիկ մանր երևացին դեռ օրոցքից,
Եվ զգացիր, որ ծանր է ու շատ դժվար
Փոքր լինել այս աշխարհում
դեռ օրոցքից:

Ու լարվում ես, դեռ լարվում ես
ուժերից վեր,
Որ չմնաս հարևանիդ թարթիչի տակ,
Արտասվում եմ ես քեզ համար
ամեն գիշեր,
Դու՝ ինձ համար, իմ փոքր աչք…

Եվ մոմի պես մլմլում ես խորանի մեջ,
Հայացքներից մերթ
ամոթխած պահվում տրտում,
Եվ զգում եմ փոքրությանդ
տանջանքը խեղճ,
Կծկվելուդ ակնթարթում:

Բարին փնտրող մանրադիտակ
իմ հազվադեպ,
Աշխարհի դեմ հպարտորեն
կոպերդ բաց,
Գոյությունդ քո զորությամբ պահիր
մի կերպ,
Դու իմ ձախլիկ, իմ տառապած…

Ամեն մի կին
Ամեն մի կին տաճար է մի,
Գավիթներով խորհրդավոր,
Կամարներով հոգեկանի
Ու մայրությամբ գմբեթավոր:

Ամեն մի կին մատուռ է մի,
Վառվող ցավի յուր մոմերով,
Ամեն սիրտ իր մեռոնն ունի
Նվիրումի նշխարներով:

Ամեն մի կին խորան է մի,
Ու նրա մեջ՝ սուրբ Տիրամայր,
Ամեն բախտ իր մատաղն ունի
Ու զոհվելու մի սրբավայր:

Ամեն մի կին՝ մի պատարագ,
Շարական է կարոտների,
Քավություն է սիրով մի տաք,
Ու ճգնավոր վայելքների:

Այր չունեցող կինը մոլոր,
Տեր է թախծում հոգաբարձու,
Ախ, նման է նա մենավոր
Ու անգմբեթ եկեղեցու…

Ամեն գիշեր
Ես մեռնում եմ ամեն գիշեր
Վերածնման նոր հույսերով,
Դեռ մեռնում եմ մահով անմեռ,
Եվ այդ մահս երազ է ծով…
Բայց աշխարհը նույնն է մնում,
Մեռնող ամեն արցունքն է ցող,
Մեռնող ամեն գիշերն անհուն՝
Առավոտ է շողշողացող:
Նույնն են մնում աստղ ու լուսին,
Ես էլ նույնն եմ մնում կարծես,
Միայն ինչ-որ մեկն իմ մասին
Աստղերից է շշնջում քեզ,
Թե՝ աշխարհում դեռ կա մի կին,
Որ մեռնում է ամեն գիշեր,
Եվ համբարձված նրա հոգին
Շաղ է տալիս աշխարհում սեր…

ԻՆՔՆԱՏԻՊՈՒԹՅՈՒՆ
Թող լինեմ անդուր,
Թող լինեմ տգեղ,
Բայց թող սեփական դեմքս ունենամ,
Այն դեմքս, որ դեռ կավե դարերում,
Շարմաղ լույսերի կավով շաղախվել,
Գոյատևելու ընդվզումներում
Ինքնատիպության հրով է դաջվել…
Եվ իմ ծնունդը,
Ուր խառն է եղել մատը Աստծո,
Սկիզբ է առել նրա դրախտում,
Վայել բոլոր նախերգանքները
Հողեղեն սիրո,
Եվ դյուցազնական առասպելներից,
Հեթանոսական կուռքերի ոգուց,
Եկել, հասել է սուրբ Քրիստոսին,
Հասել է Գյումրի, կարսեցի հորս,
Որ մորս գտած քնքուշ մի սիրով,
Դաշինք է կապել սրտի գորովով`
Շարունակելու ժառանգությունը
Նախապապերիս…
Պատմում են, որ իմ ծնվելու օրը
Եղել է աղոթք ու ժամերգություն,
Ու մեր Յոթ Վերքի լուսավոր գրկում
Խաչով կնքել է ինձ մի քահանա,
Որ ունեցել է դեմքը Մաշտոցի,
Եվ Կոմիտասի,
Ձայնով է շաղել օրհնանք ինձ վրա…
Թող լինեմ անդուր,
Թող լինեմ տգեղ,
Թող լինեմ հայոց ամբողջի մի կես,
Բայց թող լինեմ ես,
Ես, որ նման չեմ այս հողագնդում
Ոչ մի ուրիշին,
Ոչ իմ գրերով ու այբուբենով,
Ոչ իմ մայրենի լեզվի բարբառով,
Ոչ խառնվածքի ծալքերով իմ բարդ,
Ոչ լեռնաշխարհիս
կեցվածքով հպարտ,
Ես արմատներով կապված եմ հնուց
Իմ նախնիներին,
Մեր հողի բույրն է իմ ձեռքերի մեջ,
Քարերի գույնը` աչքերում իմ խաժ,
Ես շատ եմ նման մայր հայրենիքիս
Անգամ իմ դժվար կենսագրությամբ…
Ինձ կտակել են հարուստ մի անցյալ,
Եվ գալիք մի մեծ,
Որն ինձ տալիս է ուժ ու իրավունք
Ունենալ դեմքս, ձայնս սեփական
Սեփական թագով խնջույքի նստել
Ժամանակների նշանդրեքում,
Եվ հավերժության սիրահար ձեռքով
Բոլոր մատներս այնպես զարդարել
Ինքնատիպության մատանիներով,
Որ դառնալ հարսը հավիտենության…

One thought on “ՄԵՏԱՔՍԵ - 90

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.