ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՇԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԸՍՏ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ

Վահան-ԱրծրունիՉկա հայ, ով չգիտակցի Մեսրոպ Մաշտոցի դերն ու նշանակությունը հայերիս ինքնագիտակցության հարցում: Բայց խոսքս բնավ Հայոց այբուբենի գյուտի մասին չէ, ընթերցողի ուշադրությունը կբևեռեմ Մաշտոցի գործունեության մեկ այլ, ավելի պակաս հայտնի ոլորտին, որն առավել կարևոր է իմ ստեղծագործական ընկալումների և դրսևորումների համար:

Կորյունն իր վկայություններում տալիս է Մաշտոցի պայծառակերպության փաստացի նկարագրությունը: Մեսրոպ Մաշտոցն այն ընտրյալներից էր, ում տրված էր ընկալել լեզվի հնչյունային համակարգն իր ամբողջ ծավալով և ստեղծել դրան համարժեք նշանային համակարգ` այբուբեն: Պարզ է, որ այդ աշխատանքը կատարելու համար Մաշտոցը պիտի որոշակի հոգևոր տեսլական ունենար` բարդագույն խնդիր է վերծանել նման նյութը և այն շատ կարճ ժամանակահատվածում դարձնել կիրառական: Մաշտոցը բացառիկ հոգևոր փորձառություն ունեցող մի անհատականություն էր, ում ունակությունները ըստ էության էին ընկալվում և ընդունվում աշխարհիկ ու կրոնավոր առաջնորդների կողմից: Սրանով էլ պայմանավորված է այն փաստը, որ հենց նրան վստահվեց այդ առաքելությունը:
Հայտնի է, որ այբուբենը ստեղծելուց հետո Մաշտոցը սկսում է թարգմանական գործընթաց, որին զուգահեռ Սահակ Պարթևի հետ ստեղծում է հոգևոր  բանաստեղծություն-աղոթքների մի շարք (մոտավորապես 130): Սրանք  այնուհետև մեղեդայնացվում են և դառնում են քրիստոնեական ծիսակարգի` Սուրբ Պատարագի անբաժանելի մի մասը: Այս իրողությունն ընդունված է համարել որպես հայ մասնագիտական գրականության և երաժշտության հիմնադրում: Հետաքրքիրն այն է, որ ստեղծվող երաժշտական ֆորման (մեղեդին) իր հերթին համապատասխանեցվում է հայոց լեզվի հնչյունային համակարգին` դառնալով ունիվերսալ տանդեմ` իբրև աբստրակտ երաժշտական ինտոնացիայի և նյութեղեն նշանի` տառի նոր տիեզերական հարմոնիկ համաձուլվածք: Այսինքն` մենք գործ ունենք հիմնային, արքետիպային կոդերի հետ, որոնք կերտվել են ազգային լեզվամտածողության բանաձևերի հիման վրա: Օգտագործելով հնագույն լեզվական նյութը` Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է նոր համակարգ` դրան հաղորդելով նոր որակ և նոր բովանդակություն:
Ի՞նչ ենք մենք լսում, երբ ունկնդրում ենք մաշտոցյան շարականը: Ասել, որ սա լոկ երաժշտական ինքնատիպ տեսակ է, որ սա հինգերորդ դարից հասած նմուշ է, նշանակում է` գրեթե ոչինչ չասել: Ունկնդրելով այս երաժշտությունը` մենք ստանում ենք մեր ազգային ինքնությունն ու էությունը բացահայտող այնպիսի բանալիներ, կոդեր, որոնք ի զորու են արթնացնել մեր մեջ տիեզերական, համընդհանուր և միևնույն ժամանակ` ուրույն ազգային տեսակի գիտակցությունը: 130-ից մեզ հավաստի հասած 11 շարականները ունկնդրին տեղափոխում են մի տարածաչափական հարթություն, նրա մոտ ստեղծում այնպիսի յուրօրինակ հոգեվիճակ, որն առաջացնում է ինքնամաքրման և խաղաղության բացառիկ վերապրում, արթնացնում է ենթագիտակցության մեջ պարփակված արքետիպեր, սիմվոլներ: Շատերը նույնիսկ նկարագրում են այն որպես մեդիտատիվ հոգեվիճակ, որին հասնելու համար սովորաբար պահանջվում է որոշակի ժամանակ, փորձառություն և պատրաստվածություն:
Ի՞նչ ասել է մեկնել մաշտոցյան շարականը: Շարականը երաժշտական տեսանկյունից մոնոդիա է, այսինքն` կատարվում է միաձայն: Իմ ստեղծագործական գերխնդիրը ներդաշնակելն էր այն բազմաձայնված տարբերակով` օգտագործելով ոչ ավանդական, ժամանակակից կոմպյուտերային տեխնոլոգիաներ: Յուրաքանչյուր երաժիշտ, ով նման փորձ է կատարում, հասկանում է, որ շատ հեշտ է բազմաձայնման ընթացքում «կորցնել» մեղեդին, այսինքն` կորցնել այն թելը, որը կկապի ունկնդրին երաժշտության բուն էության հետ: Ճշգրիտ ներկայացնելով իմ մեկնության բանաձևը, պետք է նշեմ, որ փորձեցի «միջամտել» մաշտոցյան մոնոդիային` դրա շուրջ ստեղծելով պոլիֆոնիկ աուրա, այնպես, որ չխաթարվի շարականի հոգևոր, զուսպ և նուրբ բնությունը: Այստեղ տեղին է ընդգծել երգչուհի Հասմիկ Բաղդասարյանի բացառիկ կատարում-աղոթքը, որն անանձնական կապ  է ստեղծում ունկնդրի և մաշտոցյան հանճարի միջև:
Այսպիսով` 21-րդ դարում ապրող երաժշտիս հոգևոր հաղորդության փորձառությունը ենթադրում է մերօրյա ունկնդրի հաղորդակցումը 5-րդ դարում ստեղծված մեր ինքնությունը բնորոշող մաշտոցյան երաժշտական բանաձևերի հետ:

Վահան ԱՐԾՐՈՒՆԻ
Կոմպոզիտոր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.