Մանկապատանեկան գրքի շաբաթի բացումը Վայքում

Յուրաքանչյուր տարի Մանկապատանեկան գրքի շաբաթի բացման հանդիսությունը տեղի է ունենում հանրապետության որևէ մարզում: Այս անգամ Շաբաթի ճամփաները տարան Վայոց ձորի մարզ: Մարտի 26-ին Վայք քաղաքի մշակույթի պալատում կայացավ Շաբաթի բացման արարողությունը: Այդ նպատակով այստեղ էր ժամանել գրողների պատվիրակությունը՝ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ: Բացմանը մասնակցում էին Վայքի քաղաքապետ Արագած Սաղաթելյանը, մարզի կրթության ու մշակույթի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Վերջինս ասաց.
– Մենք անսահման ուրախ ենք, որ Վայքում առաջին անգամ հանդիպում ենք ճանաչված գրողների այսպիսի ներկայացուցչական պատվիրակության հետ: Այսօր մեզ համար տոն է, գրքի, գրականության տոն: Կարող եք համոզվել, որ մեր մարզում գիրք-ընթերցող կապը դժվար այս ժամանակներում անգամ երբեք չի ընդհատվել…
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը, ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնելով վայոցձորցիներին, իր ելույթում ընդգծեց ընդհանրապես գրքի, մասնավորապես՝ մանուկներին ու պատանիներին հասցեագրված գրականության առաքելությունը նրանց աշխարհաճանաչության, կրթության ու դաստիարակության գործում: Մեր ժամանակներում ստեղծվում է հրաշալի տարաժանր գրականություն, և մենք՝ բոլորս, համատեղ ջանքերով պարտավոր ենք քարոզչական համապատասխան միջոցներով այդ գրականությունը հասանելի դարձնել նաև երեխաներին, առավել ևս՝ մարզերում ապրող երեխաներին: Ապա ելույթ ունեցան գրողներ Լիպարիտ Սարգսյանը, Երվանդ Պետրոսյանը, Ղուկաս Սիրունյանը, Լյուդվիգ Կարապետյանը, Անուշ Վարդանյանը, Վառլեն Ալեքսանյանը, Սաթենիկ Ղազարյանը, Նորայր Գրիգորյանը (ում հընթացս հանձնվեց ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մրցանակը՝ տարվա լավագույն մանկական գրքի համար), ՀԳՄ անդամ վայոցձորցի բանաստեղծ Վարդգես Խանոյանը: Ներկաները նրանց ջերմորեն ընդունեցին՝ ունկնդրելով յուրաքանչյուրի ողջույնի խոսքն ու հեղինակային առանձին ստեղծագործություններ՝ իրենց իսկ ներկայացմամբ: Հետո գրողներն ընթերցողներին նվիրեցին վերջին տարիներին հրատարակված իրենց գրքերից: ՀԳՄ մանակապատանեկան գրականության բաժանմունքի նախագահ, «Ծիծեռնակ» հանդեսի գլխավոր խմբագիր Անուշ Վարդանյանը հանդեսի հերթական համարի օրինակներ տրամադրեց Վայքի դպրոցներին:
Հաջորդ օրը գրողները Ջերմուկ քաղաքում նույնպես հանդիպում ունեցան ընթերցողների հետ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.