ՄԱՂՎԱԼԱ ԳՈՆԱՇՎԻԼԻ

ՄԱՂՎԱԼԱ ԳՈՆԱՇՎԻԼԻԱՔԼՈՐԻ ՏԱՐԻ

Լավ է, որ լույսը բացվում է գոնե:
Լավ է, որ նորից ձյուն տեղաց վերից,
Եվ իմ քաղաքի այրվող աչքերը
Հովացան մի քիչ ծանր վշտերից…

Ձմռանն ու ձյունին պոետներն այնքան երգեր են ձոնել,
Այնքա՜ն գեղեցիկ, այնքա՜ն անթերի,
Որ ամաչում ես պարզապես ասել.
– Երկինքը ճերմակ վարդեր է թափել աղբակույտերին:

Եվ վարդերի մեջ առնետներն այնքան
Հանդարտ են ճեմում,
Օ՜, Աստվա՜ծ չանի, որ գայթեն հանկարծ,
Թե չէ մի անփույթ – անզգույշ մի քայլ –
Ճարպակալումից կպայթե՜ն հանկարծ:

Մահացու խոցված բանաստեղծություն:
Թերսնված կանայք: Պարարտ առնետներ…
Խիղճըս մոռանամ թերևըս նորից –
Փրկության աղերսն Աստըծուն նետեմ:
Ի՞նչ անի սակայն Աստված, ի՞նչ անի,
Քաղաքն է հիվանդ, ամենուր խուճապ,
Ամեն փողոցում հազում է քամին,
Որտեղի՞ց Աստծուն այդքան դեղուճար…

Լույսը բացվում է: Հեռվում ինչ-որ տեղ
Աքլորը ձենը գլուխն է գցել: Իրենն է տարին,
Ինչ ուզի՝ կանի – քաղաքում լինի թե լինի գյուղում –
Ուզի՝ կկանչի իր զիլ ծուղրուղուն,
Ուզի՝ աշխարհը քնած կթողնի մի ամբողջ տարի…

Մենք էլ իր նման աքլորացել ենք –
Մարտի ենք կանչում ամեն կատաղած կարմրակատարի,
Թեթկում աջ ու ձախ, կտցահարում ենք սրան ու նրան,
Երկաթե ձվեր ածող հավերին նայում ենք վերից…

Մեռնելն ինչքա՜ն է հեշտացել, Աստվա՜ծ,
Քարոնի մակույկն ընտելացել է արվարձաններին –
Այնտեղ ավելի մաքուր է ձյունը և շատ է հարմար
Պատանքի համար անտուն ու անտեր այս արձանների…

Ձյունն է մոլեգնում: Եվ հարսնացել է երկինքը կարծես –
Աշխարհի մեղքերն առած սպիտակ իր փեշերի տակ…
Գուցե պատըռվի՞ երկինքն իսկապես,
Եվ քամիների հիվանդ թոքե՞րն էլ ազատի թույնից,
Գուցե դարավոր Քու՞ռն էլ մաքրվի աղտեղությունից…

Լույսը բացվում է… Հեռվում ինչ-որ տեղ
Մատաղի համար աքլոր են մորթել…

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ

Ո՛չ խնձոր, ո՛չ էլ ազնըվամորի,
Ո՛չ էլ մարդկային աղմուկ-աղաղակ…
Ծղրտոց-հաչոց-մլավոցներից
Աչքերն է ճմլում քնատ մի քաղաք…

Լա՜վ նայեք հապա, դուք չե՞ք նկատում,
Թե շունն ինչքա՜ն է տիրոջը նման,
Բա նապաստա՜կը, հապա այս կատու՜ն,
Այս դաշտամու՜կը, բա այս կակադու՜ն –
Ինչքա՜ն են նման տերերին իրենց,

Եվ Աստված գիտի, աչքերում սրանց
Թախի՞ծ է արդյոք, թե՞ երանություն,
Եվ ի՞նչ կա պահված սրտերում ծածուկ,
Աստծուն է հայտնի, միմիայն Աստծուն…

Նայե՛ք, լա՜վ նայեք,
Ուխտազանցության այսպիսի պատկեր
Դուք կարո՞ղ էիք երևակայել –
Մարդուս դարավոր բարեկամնե՜րն են հանվել վաճառքի,
Մի բաժակ օղու կամ ծխախոտի մի տուփի գնով
Քնքշա՜նք են ծախում,
Հավատարմություն ու սե՜ր են ծախում,
Ո՞վ գիտի սակայն, իսկ գուցե մարդիկ
Ուտող բերանից և կտուցից են ազատվել փորձում…

Բանից պարզվում է՝ կենդանիների շուկայում ևս
Նույն (առաջարկի և պահանջարկի) օրենքն է գործում –
Եթե չհաշվենք մի քանի չնչին բացառություններ –
Ոսկե ձկնիկներն, օրինակ, քիչ են,
Սակայն հարգի՛ չեն,
Քանի որ սրանց չորրորդ հրաշքը տաշտակն է կոտրած,
Իսկ ա՜յ, օրինակ, գին ունեն կարգին
Ուսադիրավոր շներն աչալուրջ
Եվ թութակները մրցանակակիր…

Սարսափելի է… Եվ այսուհանդերձ հետաքրքիր է,
Թե իմ սիրելին, երբ ես չլինեմ արդեն ,սիրելի»,
Քանի՞ գրոշով ինձ պիտի ծախի…
Երաժշտություն… Վիսոցկի… Թախիծ…
Սև ագռավներն են թառել սպիտակ ցարասիներին…

ԾԵՐԱՆՈՒՄ ԵՄ ԿԱՐԾԵՍ
Այս ինչ հեշտությամբ են
Արցունքները պոկվում իմ աչքերից,
Կանգնել հայելու դեմ և չգիտեմ,
Ե՞ս եմ մորս նայում, թե՞ մայրս՝ ինձ –
Ծերանում եմ կարծես:

Ցավը պնդաճակատ հյուր է դարձել,
Դիմավորում եմ ես դժկամությամբ թեպետ,
Բայց և դիմանալու հնարներ եմ փնտրում –
Ծերանում եմ կարծես:

Նոր գրքերիս համար
Իմ հին, աղջկական նկարներն եմ ընտրում –
Ծերանում եմ կարծես:

Հանգուցյալներն արգո ճանապարհս կտրում,
Ստիպում են կանգնել և զրուցել,
Պոետական տարիքն իմ անցել է գուցե –
Ծերանում եմ կարծես:

Իմ դեմ լարած բոլոր որոգայթները ձեր
Ներում-մոռանում եմ,
Թող որ անցած լինեն, անգի՛ն բարեկամներ –
Ծերանում եմ կարծես:

Ծերանում եմ, սակայն երեխա եմ դառնում,
Երբ որ մայրս գյուղից հյուր է գալիս,
Մայրս՝ ոտքից գլուխ հոգսերի մեջ, մենակ,
Իմ հոգսերն է ցրում հազար ու մի,
Մայրս՝ տառապանքի զուգսերի մեջ, մենակ,
Իմ մտքերն է քշում հազար ու մի,
Փարվում թոռնիկներին, ծնկներին է առնում,
Գանգուրներն է խառնում հիացմունքով,
Ապա կոշտուկապատ իր ափերով
Տուտուզներին տալիս՝ բակ է ճամփում՝
Ասես ինչ-որ բանից սթափվելով…

Եվ կծիկն է բացում զրույցների,
Եվ ում ասես միայն, որ չենք հիշում,

Սակայն լռում է նա հորս մահվան մասին,
Սևերը ներս արած, ճերմակը՝ դուրս…

Եվ հասկանում եմ ես,
Որ պարտքով է տրվում կյանքը մարդուս,
Պարտք, որ ուզես-չուզես պիտի ետ տաս մի օր,
Հոգիդ՝ Ստեղծողին,
Մարմինըդ՝ Մայր Հողին,
Ինչպես հայրս, ինչպես… ծերանո՜ւմ եմ, մայրի՜կ,
Կյանքս անցա՜վ,
Եվ նոր, նոր եմ միայն հասկանում ես,
Որ այս կյանքից ոչինչ չհասկացա…

Թարգմանությունը՝ Գագիկ Դավթյանի

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.